Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԳԵՎՈՐԳ ԳԱՍՊԱՐՅԱՆ. ՈՒՂՆՈՒԾՈՒԾՈՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆ ՈՒ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ
ԳԵՎՈՐԳ ԳԱՍՊԱՐՅԱՆ. ՈՒՂՆՈՒԾՈՒԾՈՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆ ՈՒ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ

ԳԵՎՈՐԳ ԳԱՍՊԱՐՅԱՆ. ՈՒՂՆՈՒԾՈՒԾՈՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆ ՈՒ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸԳևորգ Կորյունի Գասպարյանը ծնվել է 1989 թվականին Աբովյանում:

1995 թ. սեպտեմբերից ընտանիքով տեղափոխվել և բնակություն է հաստատել Շուշիում:

1996-2002 թթ. հաճախել է Շուշիի Արամ Մանուկյանի անվան դպրոցը, ապա ուսումը շարունակել «Փոքր Մհեր» կրթահամալիրում, որն ավարտելուց հետո ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան:

2011 թվականին երիտասարդ սպան ծառայության է նշանակվում Արցախի պաշտպանության բանակի Մարտունու երրորդ պաշտպանականում:

Գևորգ Գասպարյանը մասնակցել է նաև 2016-ի ապրիլյան պատերազմին, պարգևատրվել մեդալներով և պատվոգրերով:

Երբ սկսվում է սեպտեմբերյան պատերազմը, Գևորգ Գասպարյանը ստորաբաժանման շտաբի պետ էր՝ մայոր զինվորական կոչումով: Արիաբար կռվել է 2020 թվականի 44-օրյա պատերազմում և մարտերից մեկի ժամանակ էլ ծանր վիրավորվել է:

Նոյեմբերի 3-ին Մարտունի քաղաքի պաշտպանության ժամանակ ծնոտի հատվածում վիրավորվում է, սակայն չի նահանջում և գրեթե 2 ժամ շարունակում է մարտը: Զոհերից խուսափելու համար նա անգամ թույլ չի տալիս, որ մոտենան իրեն փրկելու:

Վիրավոր վիճակում առաջին բուժօգնություն է ցուցաբերել վիրավոր զինակից ընկերոջը, սակայն շտապ օգնության մեքենայի մոտ թշնամու դիպուկահարը «գտնում է» քաջ հրամանատարին:

Գևորգին հասցրել են Երևան: Սակայն բժիշկները չեն կարողանում կյանքը փրկել և գիտակցության չգալով, հերոս մայորը փակում է աչքերը: Հուղարկավորվել է «Եռաբլուր» պանթեոնում՝ նոյեմբերի 9-ին:

Գևորգ Գասպարյանը հետմահու պարգևատրվել է Արցախի «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով:

-Գևորգը 2020 թ. սեպտեմբերին արձակուրդում էր,- հիշում է կինը` Մարիամը: Այնքան ուրախ էինք: Ամբողջ օրը մեզ հետ էր: Ընտանիքով շրջում էինք Արցախի տեսարժան վայրերով:

Սակայն մի դիպվածի մասին եմ ուզում պատմել…

 

-Մի օր երեկոյան ծառայությունից հետո մտավ տուն մի քանի հեռախոս ձեռքին ու դիմելով ինձ՝ ասաց.

-Մա՛ր ջան, ո՞րն ես հավանում:

-Գև՛, պետք չէ դեռ, հեռախոսս նորմալ աշխատում է, կարիք չկա փոխելու,- ասացի ես:

-Ես քեզ հարցնում եմ` ո՞րն ես հավանում: Ծննդյանդ տարեդարձին նվեր եմ անում:

-Գև ջան, ծնունդս հունվարին է, դեռ կհասցնես:

-Ես հիմա եմ անում նվերը, ինչ գիտես, թե վաղն ինչ կլինի, հնարավորություն կունենա՞մ, թե՞ չէ, նենց որ, ես էսօրով եմ ապրում ու էսօր էլ անում եմ նվերը:

Ամեն անգամ հեռախոսին նայելիս մտածում եմ՝ գուցե զգում էր, թե ինչ է լինելու, որ այդպես շտապում էր….,- տխուր ձայնով ասում է հերոսի կինը՝ Մարիամը:

Մայրը` տիկին Գյուլնարան, Գևորգի մանկությունից է հիշում մի դրվագ:

… Քանի որ տանը տղամարդ չկար, Գևորգս միշտ ուզում էր օգնել ինձ:

-Մի օր աշխատանքից հոգնած եկա տուն, լույս չկար,- պատմում է մայրը,- այդ տարիներին Շուշիում անջատումներ հաճախակի էին լինում:

-Երեխե՛ք, էս էլի անջատե՞լ են,- հարցրի:

Գևորգը վախվորած մոտեցավ ինձ.

-Մա՛մ, անջատիչ էի ուզում դնել, լույսերն անջատվեցին:

-Գևո՛րգ ջան, լավ բան ես ցանկացել անել, բա որ քեզ վնասեիր, տղա՛ս,- ասացի ես ու գիրկս առա նրան:

-Մի դրվագ էլ պատմեմ: 2020 թ. հոկտեմբերի վերջերն էր, հեռախոսով խոսում էինք, ասաց.

-Մա՛մ, հիշո՞ւմ ես, որ կրթահամալիրում էի սովորում, ինձ նամակ էիր գրել, վերջում էլ` բանաստեղծություն:

-Է՜, Գև՛ ջան, խելքա մնացել, որ հիշեմ,- պատասխանեցի:

-Հիշի, էլի, մա՛մ, հենց հիշես` կզանգես:

– Էդպես էլ չհիշեցի: Վերջերս որդուս իրերի մեջ գտանք այդ նամակը…

 

Որդուս` Գևորգին

 

Հանի՛ր սրտիս ցավը, որդի՛ս,

Ու փրկիր ինձ տառապանքից,

Վանի՛ր ստի դավը, որդի՛ս,

Եվ ազատիր ինձ կապանքից:

Քեզ տվել եմ սերը կյանքի,

Եվ բարությունն աստվածամոր,

Համբերությունը զրկանքի

Ու պապերիդ հավատը խոր:

Կեղծիքների պատը քանդիր,

Կանգնեցրու երկրի սյունը,

Հնչեցրո՛ւ հայի փանդիր,

Որ խլանա վայնասունը:

Թող որ թեկուզ մորդ խաչեն

Հավատների մեր սյան վրա,

Հայաստանդ կճանաչեն

Ու վիրավոր սիրտը նրա:

 

-Գևորգի զոհվելու մասին իմացել եմ դասընկերուհուս ինստագրամյան էջից… Ցավ… կսկիծ… ափսոսանք… Ինձ հետ մի նստարանի նստած, ինձ հետ մեծացած, ինձ հանդիպած ամենաբարի, դաստիարակված ու համեստ մարդը…

Երբ ամուսինս վերադարձավ պատերազմից, անընդհատ պատմում էր Մարտունի երրորդում՝ Շուշին պաշտպանող ստորաբաժանման զինվորների հրամանատարի մասին… Հիացմունքով էր պատմում նրա մասին որպես մարդ-հրամանատարի, որն իր զինվորների համար հզոր թիկունք էր…,- հիշում է դասընկերուհին,- ու շարունակում.

-Երբ մի օր ամուսնուս ցույց տվեցի Գևորգի մասին կատարած գրառումն ու հպարտությամբ սկսեցի պատմել նրա մասին, պարզվեց, որ հենց այն մեծատառով հրամանատարը, որը մինչև վերջ կանգնել է իր զինվորի կողքին, որը մինչև վերջ անառիկ է պահել իրեն վստահված դիրքերն ու հերոսաբար զոհվել հանուն իր Հայրենիքի, Գևորգն է եղել,- պատմում է դասընկերուհին` Անուշը:

Իսկ ծառայակից ընկերը` Սաքոն, այսպես է բնութագրում Գևորգին. «Մարդկային բարձր արժեքներով օժտված անձնավորություն, ընկերասեր, նվիրված թե՛ ընտանիքին, թե՛ ծառայությանը: Չէր սիրում սուտը: Համառության օրինակ է եղել ինձ համար: Եթե որոշում էր, որ ինչ-որ բան պետք է անի, ոչինչ և ոչ ոք չէր կարող կանգնեցնել նրան…

Գևորգի մարտական ընկերները` Սերգեյն ու Արմանն էլ պատմում են, որ Գևորգը երդվյալ, ուղնուծուծով զինվորական էր, համազգեստին նվիրված, որի համար կյանքի վերջին խրամատն անմնացորդ նվիրումն էր, նվիրում, որին հավատարիմ մնաց մինչև վերջ:

-Տարիներ շարունակ ծառայելով այս կամ այն զորամասում և զբաղեցնելով տարբեր պաշտոններ` նրան հաջողվել էր իր շուրջը համախմբել մարդկանց, հաջողվել էր իր տեսակով լավագույն օրինակ հանդիսանալ շատերի համար:

Այստեղ է, որ ժողովուրդն ասում է` կոչումով և տեսակով բարձր: Գևորգ Գասպարյանն այդպիսին էր, և սա փաստում են նրա զինվորներն ու մարտական ընկերները, ովքեր առիթը բաց չթողնելով՝ շտապում են պատմել մայոր Գասպարյանի սխրագործությունների մասին: Եվ չես կարող չնկատել, թե ինչ հպարտությամբ են ընկերները նրա անունը տալիս:

Գևորգը կռվել է գաղափարի հզոր մղումով, որ նահանջի տեղ չկա, ետևում Արցախն է և իր սիրելի Մոնթեաբերդը:

-Երբ հակառակորդն արդեն Մարտունու մատույցներում էր, և կռիվ էր հերոսական քաղաքի համար, Գևորգն իր քաջերով աննկարագրելի քաջագործություններ էր կատարում: Մենք կապի մեջ էինք նրա հետ և լսեցինք, որ նա վիրավորվեց… Վիրավորվելուց հետո անգամ Գևորգը շարունակեց իր մարտը, մեզ հետ կապի դուրս գալուց ասում էր, որ դժվարանում է խոսել, քանի որ վիրավոր է, սակայն այդ վիճակում էլ չդադարեց կռվել: Ցավոք, երկրորդ անգամ մահացու վիրավորվեց: Նա ու նրա նման տղերքը կանխեցին հակառակորդի առաջխաղացումը Մարտունի, և, այո՛, այս պատերազմում էլ աննվաճ ու անառիկ մնաց Մոնթեի քաղաքը,- պատմում է մարտական ընկեր Արման Իվանյանը:

Գևորգ Գասպարյանի ընկերներին կարելի է անվերջ լսել, որովհետև նրանք, իրար հերթ չտալով, պատմում և չեն կարողանում հագեցնել կարոտի ու ափսոսանքի այն ծարավը, որ հավերժ ուղեկցելու է նրանց, չէ որ, ինչպես նրանք են ասում` Գևորգի հայրենասիրության մեջ ուրիշ էր Հայրենիքի և՛ համը, և՛ հոտը:

Մայոր Գասպարյանն իր ծառայության ընթացքում արժանացել է պետական ու գերատեսչական պարգևների: Անշուշտ, կոչումը չէ, որ զարդարում է մարդուն ու նրա անցած ճանապարհը: Բայց սերունդներին իրական հերոսների կերպարներ փոխանցելու համար պարտավոր ենք գնահատել, ու քանի դեռ մեր սիրտն է զարկում, հիշել նրանց: Մի՛շտ հիշել…

 

ՎՈՎԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ