Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵՆՔ ՈՒ ՇՐՋԱՀԱՅԱՑ ԳՈՐԾԵՆՔ
ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵՆՔ ՈՒ ՇՐՋԱՀԱՅԱՑ ԳՈՐԾԵՆՔ

ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵՆՔ ՈՒ ՇՐՋԱՀԱՅԱՑ ԳՈՐԾԵՆՔԶրույց պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ ԳՐԻԳՈՐԻ ԱՅՎԱԶՅԱՆԻ հետ

 

Սկիզբը՝ նախորդ համարում

 

-Ինչո՞վ բացատրել վերջերս ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրումը, որ տարբեր հարթակներում «փոխհրաձգությունների» ակնառու դրսևորումներ է ստանում:

-Բաքվում իսկական հիստերիա առաջացրեց ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարների հանդիպմանը՝ ՀՀ ԶՈՒ-ն նորագույն ռուսական զինատեսակներով վերազինելու մասին համաձայնության մասին տեղեկությունը: Սրա դրսևորումներից մեկը Ալիևի «հայտնի» շրջագայությունն էր օկուպացված տարածքներում, երբ Քարվաճառի Ջերմաջուր կոչված տարածքից հնչեցրեց, թե՝ սահմանի մյուս կողմում գտնվում են իրենց «պատմական հողերը»: Եվ պահանջ դրեց, որ հայկական մարզերը այսուհետ անվանվեն ադրբեջանական տեղանուններով: Խոսեց Զանգեզուրի՝ հայկական Սյունիքի մասին՝ հոխորտալով, թե այսպես կոչված «Արևմտյան Զանգեզուրի միջանցքը» իրենք ուժով են բացելու: Ալիևը նաև թուրքական լրատվամիջոցին տված հարցազրույցում նախ խոստովանեց, որ Ադրբեջանն է սկսել 44-օրյա պատերազմը և ապա պարզապես ծաղրի ենթարկեց Ռուսաստանին՝ ասելով, որ իմաստ չունի Հայաստանին զինելը, քանի որ ռուսական զենքը, ինչպես պատերազմը ցույց տվեց, ոչինչ չարժե, և որ նոր պատերազմի դեպքում այն կհայտնվի Բաքվի «Հաղթանակի պուրակում»:

Ադրբեջանում զայրույթի ալիք բարձրացավ նաև, երբ ՌԴ պետական դրոշի օրվա կապակցությամբ Արցախում բարձրացվեց Ռուսաստանի 50 մետրանոց դրոշը: Սրանից հետո Ադրբեջանի ամբողջ վերնախավը, լրատվադաշտը հիստերիայի մեջ էին. ահա, տեսե՛ք, Ռուսաստանը եկել է ու այլևս չի պատրաստվում հեռանալ: Դրան զուգահեռ՝ տեսնում ենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում շարունակվում են զտումները, և այն կադրերը, որոնք խորհրդային կրթություն են ստացել կամ վերապատրաստվել են ՌԴ-ում, հետզհետե փոխարինվում են Թուրքիայում պատրաստվածներով: Ադրբեջանն արդեն իրեն այնպիսի դիրք ու կշիռ է վերապահում, որ նախագահի մակարդակով մատ է թափ տալիս Ռուսաստանի վրա:

Թվում է, թե մի կողմից մարտավարական առումով Ռուսաստան-Թուրքիա «ջերմ հարաբերությունները» շարունակվում են՝ կապված ռուսական Ս-400-ի մատակարարման հետ, մյուս կողմից՝ Թուրքիայի արտգործնախարարը այսպես կոչված Ղրիմի հարթակի աշխատանքներին է մասնակցում և վերահաստատում Թուրքիայի նախագահի այն թեզը, թե Ղրիմը պատկանում է Ուկրաինային: Հեռանկարում նրանք այդտեղ, անշուշտ, տեսնում են Ղրիմի թաթարական ինքնավարության ստեղծումը և այս տարածքների բռնակցումը Թուրքիային: Սա թուրքական քաղաքականության բնորոշ դրսևորում է:

Վերջին պատերազմի ընթացքում տեսանք Ուկրաինայի մոտեցումը՝ ակնհայտ, միակողմանի աջակցությունը Ադրբեջանին և բոլոր միջոցներով նրան աջակցելու խոստումները: Այս ամենից պետք է եզրակացնենք և հիշենք՝ երբ հայ-ադրբեջանական սահմանն անընդհատ լարված է, երբ շարունակվում են ադրբեջանական սադրանքները, ռազմական ոտնձգությունները, եթե չպատասխանենք, այդ ամենը կարող է շատ ավելի լուրջ բնույթ կրել: Պարզ ասած՝ մեր դիմադրողականությունից է կախված, թե ինչպես կզսպենք Ալիևի ախորժակը: Մենք նաև տեսանք, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը, այցելելով Սյունիք, հստակորեն փոխանցեց ԱՄՆ-ի դիրքորոշումը՝ Արցախի հարցը փակված չէ, քանի դեռ լուծված չէ նրա կարգավիճակի հարցը: Այս ընթացքում նաև Մինսկի խումբն է ակտիվացել: Նրանց կողմից փորձ է արվում բովանդակային բանակցություններ սկսել Արցախի կարգավիճակի խնդրի շուրջ. մնացած հարցերն արդեն բանակցային սեղանին չեն:

Ադրբեջանը փորձում է խնդիրն այնպես ներկայացնել, իբրև թե՝ սա ընդամենը ադրբեջանցի փախստականների վերադարձի հարց է, բայց իրականում կա Արցախի օկուպացված տարածքների ապաշրջափակումը և շատ ու շատ այլ կարևոր հարցեր:

Ադրբեջանը ոգևորվեց այն իրավիճակից, որ ստեղծվել է Աֆղանստանում՝ մտածելով, որ Ռուսաստանի և այլ երկրների հանրության ուշադրությունն այժմ կշեղվի դեպի այս նոր «թատերաբեմը»: Բայց նրանց այստեղ հիասթափություն է սպասում, քանի որ Ռուսաստանը հստակ դիտարկում է թեժ օջախների լարվածությունը, և այս ուղղությունն, անշուշտ, ուշադրությունից դուրս չի թողնի: Հարավային Կովկասի, ուրեմն և Հայաստանի ու Արցախի կայունությունը անմիջականորեն առնչվում է Ռուսաստանի ազգային շահերին:

-Թուրք-թալիբական ռևերանսները և նրանց հետագա ջերմացման հեռանկարը ի՞նչ ազդեցություն կունենան Ռուսաստանի դիրքորոշման վրա:

-Երբ խոսում ենք Աֆղանստանի իրադարձությունների մասին, պետք է դիտարկենք մի քանի հանգամանք: Հիշո՞ւմ եք Իսֆանդիար Վահաբզադեի խայտառակ հայտարարությունը, որով նա պիտակավորեց և վիրավորեց ողջ ռուս ժողովրդին ու Ռուսաստանի նախագահին: Այդ նույն ժամանակ ի՞նչ էր տեղի ունենում ավանդաբար Ռուսաստանի դաշնակից համարվող միջինասիական մի շարք երկրներում: Օրինակ՝ Ղազախստանում, Ղրղըզստանում, Թուրքմենստանում (վերջինս Ռուսաստանի մերձավոր դաշնակիցների շարքում չէ) տեղի են ունեցել հակառուսական ցայտուն դրսևորումեր: Այստեղ մարդկանց ծեծում էին, ստիպում ներողություն խնդրել ռուսերեն խոսելու համար, և դա մեծ արձագանք գտավ Ռուսաստանում: Օրինաչափ հարցադրում առաջացավ. արդյոք այս «դաշնակիցներն» իսկապես դաշնակի՞ց են: Զուգահեռաբար, թուրքական ազդեցությունը այդ հանրապետությունների վրա գնալով մեծանում է: Թուրքական ազդեցությունը այս և հատկապես Ադրբեջանի վրա արդեն պաշտոնապես օրինականացվում է նաև թուրքական ռազմաբազաների տեղակայմամբ և այլն: Նույն խմորումներն են ընթանում նաև Միջին Ասիայում: Եվ երբ Աֆղանստանում սրվեց իրավիճակը, ինչի՞ ականատեսը եղանք. ԱՄՆ-ի զորքերը սրընթաց սկսեցին դուրս բերվել երկրից, կառավարական ռեժիմն ակնթարթորեն անկում ապրեց, և թալիբների վերահսկողությունն անմիջապես հաստատվեց երկրի ամբողջ տարածքով մեկ՝ բացառությամբ որոշ անկլավների: Այստեղ որոշ չափով խաթարվեցին թուրքական պլանները: Ըստ նախնական պայմանավորվածության՝ ամերիկյան զորքերի դուրսբերման հետ Թուրքիան պետք է ավելի մեծ դերակատարում ստանձներ Աֆղանստանի ապագայի հարցում, և թուրքական գործակալներն արդեն սերտ շփումների մեջ էին «Դուշումի»՝ ուզբեկական շարժման հետ: Բայց իրադարձություններն այնքան արագ զարգացան, որ Թուրքիան չհասցրեց ունենալ իր ակնկալվող դերը: Եվ այժմ փորձում է եղածից ինչ-որ օգուտներ քաղել. որոշակի պայմանավորվածությունների գալով թալիբների ղեկավարների հետ, փորձում է կաշառել նրանց, երբ ինքը՝ Թուրքիան, լրջագույն տնտեսական խնդիրներ ունի և չի կարողանա իր խոստումներն ի կատար ածել, և այստեղ մնում է, որ թուրքական «գերհզոր» դիվանագիտությունը՝ «խաբեության մեքենան» գործի: Սա, իհարկե, երկար չի կարող տևել, որովհետև Թուրքիայից շուտով ապացուցողական հիմքեր կպահանջվեն:

Ռուսաստանը այս համայնապատկերում դեռ դիտորդի կարգավիճակում է, փորձում է շփման եզրեր գտնել թալիբական նոր իշխանության ներկայացուցիչների հետ, որ թույլ չտա սրացում Միջին Ասիայում: Հայտնի է, թե ի՜նչ ավտորիտար ռեժիմներ են գործում այս երկրներում, որոնց դիրքերն իրականում շատ թույլ են՝ հակապետական շարժումների, իսլամիստական ահաբեկչական կազմակերպությունների ակտիվության և այլ պատճառներով:

Եթե թալիբները կարողանան Միջին Ասիայում դաշնակիցներ գտնել, համատեղ գործել, ապա այդտեղի ավտորիտար ռեժիմների հիմքը մեծ հավանականությամբ կճոճվի ու փուլ կգա: Սա բնավ չի բխում Ռուսաստանի շահերից, քանի որ վերջինս այդ երկրների հետ բաց սահման ունի, և ահաբեկչիները, թմրադեղերի հոսքերը կներխուժեն Ռուսաստան, որտեղ մի օր էլ չի անցնում, որ Ադրբեջանի տարածքից ներխուժել փորձող ահաբեկչական խմբեր չվնասազերծվեն:

Կար ժամանակ, երբ Պակիստանի, Թուրքիայի հետ Աֆղանստանի, այսպես կոչված, աշխարհիկ ղեկավարությունը իրենից դուրս էր գալիս՝ Ադրբեջանին իրենց աջակցությունը հավաստելով: Արցախա-ադրբեջանական պատերազմներում տեսնում էինք աֆղան վարձկանների մասնակցությունը: Եվ այժմ այդ ռեժիմը բումերանգի օրենքով փլուզվեց: Նույն զուգահեռները կարելի է անցկացնել նաև Ադրբեջանի հետ: Ի՞նչ է այժմ կատարվում Ադրբեջանի ներսում: Վերջին շաբաթների ընթացքում ականատես ենք լինում ժողովրդական հուզումների, ինչը աննախադեպ է նման բռնատիրական երկրի պարագայում: Պատերազմի մասնակիցները չեն կարողանում համապատասխան կարգավիճակ ստանալ: Դառնության զգացումը մտնում է բոլոր ադրբեջանական օջախները, երբ իրենց որդիները ո՛չ արձակուրդ են գալիս, ո՛չ որևէ լուր կա նրանցից: Շատերին կարգավիճակ, նյութական օգնություն չեն ցուցաբերում: Եվ ահա գալիս է Ալիևի ռեժիմից հիասթափության պահը, և այդ դժգոհությունը ձնագնդի պես գնալով մեծանում է: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ալիևն իր հարաբերությունները օր օրի վատացնում է Ռուսաստանի հետ, Իրանում իշխանության եկած նոր ղեկավարությունը զգում է թուրք-ադրբեջանա-իսրայելական տանդեմի մոտալուտ հարձակման վտանգը, պատկերը բնավ հուսադրող չէ Ադրբեջանի համար, որտեղ չեն էլ թաքցնում Հյուսիսային Իրանի անջատողական ուժերին իրենց ակնհայտ աջակցությունը: Իրանն, այսպիսով, նույնպես առերեսվում է դառը իրականության հետ, գիտակցում է, որ հայտնվում է թուրքական օղակի մեջ, հատկապես, որ Ադրբեջանն անթաքույց հավակնում է նաև Սյունիքի օկուպացիային, որը Իրանի միակ ցամաքային ճանապարհն է դեպի հյուսիս՝ շրջանցելով թուրքապատկան տարածքները:

Թե՛ Ադրբեջանում և թե՛ Թուրքիայում ներկայումս ընթացող խորքային զարգացումները հաճախ մեր հասարակության աչքից վրիպում են: Իհարկե, խոսքը մասնագետների մասին չէ, որոնք այս բոլոր գործընթացներին ուշիուշով հետևում են: Ինչպես ռազմաքաղաքական, այնպես էլ աշխարհաքաղաքական առումով տարածաշրջանային բավականաչափ հետաքրքիր զարգացումների ականատեսն ենք այժմ: Տարածաշրջանն այժմ նման է վառոդով լի տակառի, որը կարող է պայթել ցանկացած պահի: Շատ բան է կախված նրանից, թե այս «պղտոր ջրերում» ինչպե՞ս մեզ կդրսևորենք, որ առավելագույնը քաղենք այս իրավիճակից:

-Թուրքիան փորձում է իրեն որպես միատարր պետություն ներկայացնել, բայց, իրականում, այն տարբեր ազգությունների իսկական խառնարան է: Բազում հակասություններ կան նաև այն երկրների հետ, որոնց սուվերեն տարածքն է ներխուժել վերջինս տարբեր պատրվակներով:

-Սրացման փուլ է մտնում նաև Կիպրոսի խնդիրը, որը կապված է ժամանակին չեզոք գոտի համարվող տարածքներում Թուրքիայի կողմից վերաբնակեցման հետ: Միջերկրականում նույնպես Հունաստանի հետ շարունակում են սրվել հարաբերությունները, որոնք ժամանակավորապես հանդարտվել էին 44-օրյա պատրեազմի պատճառով: Ահագնանում է նաև միգրացիոն ճգնաժամը: Իրենց տարածքում թուրքերն սկսել են կոտորել սիրիացի փախստականներին…

-Դառնանք մեր հակամարտությանը. ո՞րն է խնդրի իրատեսական լուծումը: 

-Ինչպես գիտենք, ՌԴ նախագահ Վ. Պուտինը մի քանի անգամ իր հրապարակային խոսքում նշել է՝ այս հակամարտությունը էթնիկ բնույթ է կրում և սկսվել է հայերի հանդեպ Սումգայիթում և Բաքվում իրականացված ջարդերի հետևանքով: Սրանից էլ բխում է նրա մյուս հարցը՝ ինչո՞ւ Հայաստանը չի ճանաչել Արցախի անկախությունը: Ճիշտ է, քանի որ հենց սա է մեր ձեռքի հիմնական հաղթաթուղթը: Եթե հնարավոր էր համատեղ համերաշխ գոյակցությունը, ապա ո՞ւր է այժմ Բաքվի կեսմիլիոնանոց հայությունը: Այս հարցը Ադրբեջանը ոչ մի կերպ չէր կարողանա դիվանագիտական դաշտում սվաղել: Ես միշտ այն թեզի կողմնակիցն եմ եղել, որ լավ ու վատ ազգեր չկան: Կան լավ կամ վատ մարդիկ: Չեմ դատի այն մարդկանց, որ իբր հանդես են գալիս «մեղայական» խոսքով, այսպես կոչված՝ «Խոջալուի» համար: Ցանկություն են հայտնում Բաքվի շեհիդների պուրակում խոնարհվել «զոհերի» շիրիմների առջև: Արդյոք սրանք իսկապես հայե՞ր են, թե՞ ոչ: Բայց պատմությունը նրանք չեն կերտում. պատմությունը կերտում է այն գիտակից մեծամասնությունը, որ մտածում է հաջորդ սերունդների արժանապատիվ ապագայի, հարատև խաղաղության մասին: Այսպիսի մարդիկ կան նաև Ադրբեջանում: Միակողմանի ոչ մի բան, ոչ մի զիջում չի կարող բերել հարատև խաղաղության: Հայաստանը ծնկի իջած չէ, և պատերազմից թուլացած Ադրբեջանն էլ ի վիճակի չէ Հայաստանին ծնկի բերելու: Այնպես որ, ամեն ինչ դեռ առջևում է:

-Իսկ արդյոք թուլացա՞ծ է, պարոն Այվազյան: Անդադար լսում ենք ադրբեջանական բանակին հատկացվող հսկայական գումարների մասին: Թուրքիան բանակցում է թյուրքալեզու պետությունների միություններ, թյուրքական բանակ ստեղծելու հեռանկարների մասին:

-Միջին Ասիայի պետություններն ու Ադրբեջանը թուրքական այդ արկածախնդրությանը մասնակցելու համաձայնություն տվել են: Դե, իսկ թյուրքական բանակի ստեղծումը առաջին հերթին սպառնալիք է Ռուսաստանի համար: Խոսքը վերաբերում է Ռուսաստանի տարածքում մահմեդական ինքնավարություններին: Օրինակ՝ Տուվայի Հանրապետությունը նույնպես թյուրքալեզու ժողովուրդներից է կազմված, բայց այստեղ նրանց ազդեցությունը համեմատաբար փոքր կարող է լինել: Իսկ ինչ վերաբերում է, օրինակ, Թաթարստանին, Հյուսիսային Կովկասի՝ Կաբարդա-Բալկարիա, Կարաչաևո-Չերկեսիա և այլն, ապա այդտեղ թուրքական գործակալները մեծ թիվ են կազմում և ավելի ակտիվ են գործում: Սա խիստ վտանգավոր է նույնիսկ ռուսական պետականության գոյության համար: Իսկ Ադրբեջանը ոչ միայն թուլացած, այլև արնաքամ է: Թուրքիան էլ իր բազում խնդիրներն ունի:

Տեսնում ենք շարունակական սրացումները նաև Վրաստանում՝ բախումները թուրքերի, ադրբեջանցիների և վրացիների միջև: Վերջին բախումների մասին մենք չէինք էլ իմանա, եթե բլոգերները տեսագրություններ չտեղադրեին: Վրաստանի և Ադրբեջանի կառավարությունները շահագրգռված չեն նման բախումների մասին բարձրաձայնելու: Բայց սա չի նշանակում, թե «կաթսայի ջուրը չի եռում»:

Ադրբեջանը խոսում է նոր զենքի գնումների մասին: Բայց սա նախ նշանակում է, որ Ադրբեջանը չի հրաժարվել ռազմական ագրեսիայի իր քաղաքականությունից: ՀՀ ՊՆ պաշտպանության նախարարի մակարդակով արված հայտարարությունները՝ ադրբեջանական զինված ցանկացած սադրանք վճռականորեն կասեցնելու մասին, լայն արձագանք են գտել Ադրբեջանում, մեծ խառնաշփոթ առաջացրել, հատկապես, որ այս խոսքում նշվում էր ռուսական նորագույն զենքերի հանգամանքը: Ասում են. «Հայերը նորից փորձում են իրենց գլուխը բարձրացնել»: Այնպես որ, մի կողմից սա խոսում է այն մասին, որ Ադրբեջանը չի հրաժարվում նոր զենք-զինատեսակի գնումներից և շարունակում է իր ագրսիվ քաղաքականությունը, իսկ մյուս կողմից՝ հաստատում է իմ այն պնդումը, որ այս վերջին պատերազմի ընթացքում ադրբեջանական ռազմական մեքենայի ողնաշարը լրջորեն կոտրվել է:

Այդուհանդերձ, Ադրբեջանն այսօր Իսրայելից 1,5 մլրդ դոլարի զենք է գնում. համալրում իր զինանոցը: Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում ջանք չեն խնայում ամրապնդելու իրենց ներկայությունը: Ֆիզուլիում կառուցվում է օդակայանը, Մռավի լեռներով դեպի Քարվաճառ, որը նրանց աքիլլեսյան գարշապարն է, նոր ճանապարհ է կառուցվում, որի համար փող չեն խնայում: Փորձում են իրենց ռազմական ենթակառուցվածքները բերել-հասցնել Հայաստանի սիրտը: Սեպտեմբերի 3-ին Բերձորում մեկնարկած զորավարժություններում Ալիևը կրկին հանդես է եկել և շարադրել իր ռազմատենչ հռետորաբանությունը: Իհարկե, ցավալիորեն պետք է նշել, որ նա չի ստում, և Ադրբեջանի կողմից նոր ռազմական ագրեսիայի վտանգը, առավել քան երբևէ, իրական է: Եվ այս պարագայում, նվազագույնը, որ պետք է անենք, այն է, որ ցանկացած դեպքում պատրաստ պետք է լինենք իրադարձությունների ցանկացած զարգացման և ոչ մի դեպքում չկորցնենք սթափությունը: Այս ագրեսիայի վտանգն այսօր կախված է մեր զույգ պետականությունների գլխին: Էրդողանի առաջարկը այս համայնապատկերում վերջնագիր է հիշեցնում: Նա մեզ առաջարկում է ճանաչել Խորհրդային Հայաստանի սահմանները, այսինքն՝ հրաժարվել Հայ դատից, ճանաչել Ադրբեջանի, այսպես կոչված, «տարածքային ամբողջականությունը»՝ ներառյալ Արցախը: Սա կնշանակեր մեղք գործել տասնամյակների ընթացքում հանուն հայրենիքի նահատակված մեր բոլոր զինվորների, հրամանատարների, կամավորների հիշատակի առջև:

Այսպիսին է իրավիճակը:

 

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Լուսանկարը՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ