Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՆԱՎԹԻ ԴԵՐԸ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ
ՆԱՎԹԻ ԴԵՐԸ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ

ՆԱՎԹԻ ԴԵՐԸ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄXIX դարի վերջերին եւ XX դարի սկզբին ներքին այրման շարժիչների եւ կաթսայական ագրեգատների լայն կիրառմամբ համաշխարհային տնտեսության մեջ  նավթի օգտագործումը կտրուկ աճեց։ Այս վառելանյութի դերը մեծացավ հատկապես ռազմական գործում, երբ տեխնիկան դարձավ պատերազմների բնորոշ գիծը։

Արդեն Առաջին աշխարհամարտի տարիներին պատերազմող  կողմերի  զինված ուժերում կար 340 հազար ավտոմեքենա, 9000 տանկ, 181 հազար ինքնաթիռ եւ մեծ թվով ռազմանավեր ու ինքնագնաց այլ մեխանիզմներ։ Այդպիսի մեծ քանակությամբ տեխնիկայի գործադրումը պահանջեց հսկայական ծավալի հեղուկ վառելանյութ՝ բենզին, կերոսին, մազութ, քսանյութեր, այլ նավթամթերք:

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին միայն ԱՄՆ-ում եւ Անգլիայում ծախսվեց ավելի քան 25 միլիոն տոննա նավթամթերք, որից 8,8 միլիոնը զինված ուժերի կողմից։ Գերմանիայի կողմից վառելանյութի ծախսումն այդ ընթացքում կազմեց մոտ չորս միլիոն տոննա։

Հենց նավթի որոշիչ հանգամանքներն էին, որ Անգլիայի  արտաքին գործերի նախարար, լորդ Ջ. Քերզոնի համար հիմք դարձան ասելու, թե Առաջին համաշխարհային պատերազմի  տարիներին «դաշնակիցները դեպի հաղթանակ լողանցում  կատարեցին նավթի ալիքների վրա», իսկ գերմանական գեներալ Էրիխ  Լյուդենդորֆը իր հուշագրություններում խոստովանել է, որ Գերմանիայի պարտության գործում մեծ դեր խաղաց հենց նավթի պակասությունը։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին մարտական նոր տեխնիկայի երեւան գալը, ռազմական շինարարության նոր ուղղություններն է՛լ ավելի բարձրացրին նավթամթերքի նկատմամբ պահանջները։

Գերմանիան Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ տարեկան ներմուծում էր 5,2 միլիոն տոննա նավթ, իսկ տեղական արտադրությունը կազմում էր ընդամենը 0,5 միլիոն տոննա։  Ներմուծվող նավթի զգալի մասը գնում էր ռազմավարական պաշարների ստեղծմանը, որը Լեհաստանի վրա հարձակվելու պահին կազմեց 7 միլիոն տոննա։

Ճապոնիան ևս, արդյունահանելով տարեկան ընդամենը 0,5 միլիոն տոննա նավթ, ամբողջովին կախման մեջ էր միջազգային նավթային ընկերություններից։  Պատերազմի նախօրյակին  Ճապոնիան ուներ 5,7 միլիոն տոննա նավթի պաշար, որը  կբավարարեր ընդամենը մեկ տարի։

Տոկիոյում եւ Բեռլինում գիտակցելով, որ պատերազմական պայմաններում նավթի ծովային փոխադրումների վրա հույս դնել չի կարելի, անցան սինթետիկ վառելանյութի արտադրությանը։ 1941 թ. Գերմանիայում այն կազմեց 4,1 միլիոն, իսկ Ճապոնիայում` ընդամենը 165 հազար  տոննա, որը, իհարկե,  չէր կարող բավարարել զինված ուժերի պահանջները։

ԽՍՀՄ-ի վրա հարձակվելու ժամանակ Գերմանիան թեեւ ամբարել էր մոտ ութ միլիոն տոննա նավթի պաշար, բայց արդեն 1941 թ. օգոստոսին գլխավոր շտաբի պետ Վ. Քեյտելի մոտ կայացած խորհրդակցությունում շեշտվում է. «Վառելանյութի հետ կապված  բարդությունը հայտնի է բոլորին… Կարելի է բավարարել միայն  ամենաէական պահանջները։ Շատ վառելանյութ պահանջող որեւէ նոր հարձակում անհնարին է»:

ՆԱՎԹԻ ԴԵՐԸ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄԽորհրդա-գերմանական ռազմաճակատում, պատերազմական գործողությունների ձգձգմանը զուգընթաց, վառելանյութի ապահովման  խնդիրն սկսեց ավելի բարդանալ։

Նավթամթերքի պակասությունը ոչ միայն արգելակում էր ռազմական գործողությունների թափը, այլ նաեւ շատ հաճախ դառնում գլխավոր հարվածի ուղղությունը փոխելու, երբեմն էլ  ծրագրված պլաններից հրաժարման պատճառ։ Օրինակ՝ 1941 թ. օգոստոսին գերմանական ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարությանն ուղղված իր պաշտոնագրում Հիտլերը հրահանգել է. «Հույժ անհրաժեշտ է արագ դուրս գալ այն շրջանները, որտեղից Ռուսաստանը նավթ է ստանում… Մոսկվայի խնդիրը ետին պլան է մղվում»:

Գերմանական հրամանատարության համար առաջնահերթ խնդիր դարձավ Կովկասի ու Մերձավոր Արեւելքի նավթով հարուստ շրջանների զավթումը։

1942 թ. հունվարին, Բեռլինում Ճապոնիայի դեսպան Օսիմոյի հետ ունեցած  զրույցում, Հիտլերը, վստահելով նրան, հայտնել էր, որ. «Որոշել է… նորից նախաձեռնել հարված Կովկասի ուղղությամբ։ Այդ ուղղությունը կարեւորագույնն է։ Պետք է ուղի հարթել դեպի նավթը, դեպի Իրան, դեպի Իրաք»:

Գերմանացիները հույս ունեին այդ ճանապարհով տիրել հիշյալ տարածքների նավթահանքերին։ Սակայն նրանց այդ հույսերը չիրականացան։

Չտիրանալով Կովկասյան ցանկալի նավթին՝ Հիտլերն սկսեց անողոք ձեւով շահագործել օկուպացված երկրների նավթային ռեսուրսները, միաժամանակ փնտրելով վառելանյութի ներմուծման նոր ուղիներ։

Սկսած 1942 թ. հուլիսից մինչեւ պատերազմի ավարտը՝ հեղուկ վառելանյութի պակասությունը, որն զգացին Գերմանիայի զինված ուժերի բոլոր զորատեսակները, գնալով ավելի սրվեց, ու դա նպաստեց վերմախտի զինված ուժերի հարձակողական գործողությունների  թափի ու տեմպերի նվազեցմանը։ Եթե 1941 թ. ամռանը գերմանական զորքերը հարձակվում էին երեք ուղղություններով` մոտ 2500 կմ ճակատով, ապա 1942 թ. ամռանը` մեկ ուղղությամբ` 850 կմ ճակատով, իսկ 1943 թ.` ընդամենը 120 կմ հատվածով։

Հեղուկ վառելանյութի պակասությունն էապես ազդեց նաեւ Ճապոնիայի ռազմական գործողությունների ընթացքի վրա։ Օրինակ՝ նրա  երկրորդ ռազմական նավատորմը նշված պատճառով չկարողացավ մասնակցել Մարինյան կղզիների մոտ տեղի ունեցած ճակատամարտին, իսկ ավիակիրները զորաշարժ կատարելու հնարավորություն չունեցան. դրանք ամբողջովին ոչնչացրին ամերիկյան ռազմանավերը։ Բնորոշ են նաեւ այսպիսի փաստեր։ Ճապոնական նոր ինքնաթիռները, վառելանյութի պակասության պատճառով, առանց փորձարկումների, միանգամից ուղղվում էին օդային մարտերի։  Ճապոնական ավիացիայում «մահապարտների» օգտագործման պատճառներից մեկն  էլ եղավ այն, որ նրանց վառելանյութ էր տրվում միայն մեկ ուղղությամբ թռիչքի համար։

Դրությունը գնալով բարդանում էր։ Բենզինի փոխարեն  ճապոնացիներն սկսեցին լայնորեն օգտագործել մենթոլ, էթանոլ, ացետոն, բութանոլ։ Քսայուղեր պատրաստվում էին տարբեր ճարպանյութերից։ Կարտոֆիլի, շաքարի, բրնձի պետական պաշարները վերամշակում, վերածում էին սպիրտի եւ այն խառնում եղած վառելանյութին։ Բենզինի որակը խիստ վատացավ։

Հեղուկ վառելանյութի եղած պաշարները թե՛ Ճապոնիայում եւ թե՛ Գերմանիայում գնալով բոլորովին սպառվեցին, եւ պատերազմի եզրափակիչ փուլում ստեղծված ճգնաժամային դրությունը հանգեց  ամբողջ ռազմական մեքենայի խափանմանը։

Ֆաշիստական Գերմանիայի ջախջախումից հետո հիտլերյան մի քանի  գեներալներ իրենց պարտության գլխավոր պատճառների շարքում թվում էին նաեւ վառելանյութի պակասությունը։

Հակահիտլերյան դաշնակից երկրների առջեւ ծառացել էին  հեղուկ վառելիքի հետ կապված  բարդություններ։ Ծովային ուղիները վերահսկող եւ աշխարհի տարբեր գոտիներում շատ նավթահանքերի տիրող ԱՄՆ-ը եւ Անգլիան  մինչեւ պատերազմի մեջ ներքաշվելը, անկասկած, առավել լավ դրության մեջ էին, քան Գերմանիան եւ Ճապոնիան։  Սակայն 1939 թ. սեպտեմբերից սկսած ծովով նավթ փոխադրելը խոցելի օղակ դարձավ նրանց համար։ Նավթ փոխադրող ամերիկյան եւ անգլիական նավերը հարձակման էին ենթարկվում գերմանական սուզանավերի կողմից։  Միայն 1941 թ. ընթացքում Անգլիան կորցրեց 221 նավթի լցանավ։

Պատերազմի սկզբում ամերիկյան մամուլը տեղեկացնում էր, թե երկրում ամբարված նավթի պաշարները հնարավորություն կտան ամբողջությամբ ապահովելու թե՛ ԱՄՆ-ի եւ թե՛ դաշնակից բոլոր երկրների զինված ուժերի պահանջները։ Սակայն, պատերազմի տարիներին, ԱՄՆ-ն ի վիճակի եղավ նավթ մատակարարել միայն Անգլիային, այն էլ մեծ դժվարությամբ։ Առավել վատթարը. 1942-43 թթ. ձմռանը` պատերազմի ամենաթունդ շրջանում, նավթի պակասություն զգաց հենց ինքը` ԱՄՆ-ը։ Վատթարացավ բնակարանների ջեռուցումը։ Ավտոմեքենաների համար բենզին սկսեցին տալ քարտերով։ 1943 թ. կեսերին վիճակը որոշակիորեն կայունացավ։

Պատերազմից առաջ ԽՍՀՄ-ը հեղուկ վառելանյութի արտադրության գծով  գրեթե երեք անգամ գերազանցում էր Գերմանիային եւ  փաստորեն չէր առնչվում  ծովով նավթ փոխադրելու բարդության հետ։ Բայց գերմանացիների հարձակման եւ դեպի երկրի խորքը արագ առաջխաղացման հետեւանքով ԽՍՀՄ-ը կորցրեց իր նավթահանքերի  եւ հեղուկ վառելանյութի պաշարների զգալի մասը։  Խորհրդային երկիրն ու նրա բանակը լուրջ փորձության ենթարկվեցին։ Թիկունքն անասելի ծանր պայմաններում անում էր հնարավորը` գործող բանակի բոլոր զորատեսակներն անհրաժեշտ նավթամթերքով ապահովելու համար։

Հայրենական մեծ պատերազմի տարիներին խորհրդային երկրում արտադրվեց 91,3 միլիոն տոննա նավթ, որից 16,3 միլիոնը ծախսեցին զինված ուժերը։

Այսպիսով՝ Առաջին եւ հատկապես Երկրորդ համաշխարհային  պատերազմի տարիներին նավթը որպես հիմնական  վառելանյութ ունեցավ ռազմաստրատեգիական կարեւոր նշանակություն եւ կռվող պետությունների բանակների կողմից օգտագործվեց ավելի մեծ ծավալներով, քան նյութական միջոցների որեւէ այլ տեսակ։

Երկրորդ աշխարհամարտից ի վեր` XX դարի երկրորդ կեսի տեղային լոկալ պատերազմների փորձը ցույց է տալիս, որ զինված ուժերի` այս վառելանյութի սպառման  պահանջները գնալով շարունակում են աճել։ Օրինակ՝ վիետնամական պատերազմի ժամանակ ամերիկյան ցամաքային զորքերի դիվիզիաները  ծախսեցին երեք անգամ ավելի շատ հեղուկ վառելանյութ, քան Երկրորդ  աշխարհամարտի տարիներին։

Ռազմական ոլորտում նավթի նկատմամբ պահանջները ներկայումս էլ աճի միտում ունեն։

Այսօր աշխարհի բանակներում առկա մարտական տեխնիկան, ռազմական փոխադրամիջոցները հնարավոր չէ շարժման մեջ դնել առանց նավթի ու նավթամթերքի։ «Սեւ ոսկու» նշանակությունն աճել է այնքան, որ դրա աղբյուրների ու իրացման շուկաների  տիրապետման համար մեծ տերությունները ռազմաքաղաքական  դավեր են նյութում, զինված բախումների ու պետական հեղաշրջումների առիթներ ստեղծում։

 

ՎՈԼՈԴՅԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ