Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
GBU-28 հակաբունկերային ռումբը
ՀԱԿԱԲՈՒՆԿԵՐԱՅԻՆ ՌՈՒՄԲԵՐ

GBU-28 հակաբունկերային ռումբը

Ներկայումս գնալով մեծանում է այն երկրների թիվը, որոնք ձգտում են միջուկային զենք ստեղծել: Սկզբում Հյուսիսային Կորեան 2005թ. բացահայտ հայտարարեց միջուկային զենքի ստեղծման մասին, իսկ 2006թ. հոկտեմբերի 9-ին փորձարկեց առաջին միջուկային ռումբը: Արևմուտքի կարծիքով, Իրանը ևս ձգտում է ստեղծել միջուկային զենք: Արևմուտքում ծայր առած հակաիրանական տրամադրվածությունը խթանեց մի քանի հատուկ նշանակության ռազմական տեխնիկայի և ռումբերի ստեղծում:

Այս ոլորտում լուրջ քայլեր է ձեռնարկում ռազմական տեխնոլոգիաների բնագավառում առաջատար ԱՄՆ-ը: Վերջինս նման ձեռնարկում իրականացնում էր դեռեւս սառը պատերազմի տարիներին:

Հակամիջուկային պայքարի, մասնավորապես` միջուկային ստորգետնյա կայանների, բունկերների, պահեստների ոչնչացման նպատակով ստեղծվեցին հատուկ նշանակության ռումբեր: Հակաբունկերային ռումբերը դասվում են ստրատեգիական նշանակության ռումբերի շարքը: Դրանք ունեն կիրառության հարուստ պատմություն: 1999թ. Հարավսլավիայում տեղի ունեցող պատերազմի ժամանակ ՆԱՏՕ-ի զորքերը կիրառեցին տարբեր տեսակի հակաբունկերային ռումբեր: Իրաքյան առաջին և երկրորդ պատերազմների ժամանակ ևս կիրառվեցին նմանատիպ ռումբեր: Մասնավորապես` առաջին պատերազմի ժամանակ ԱՄՆ-ը կիրառեց GBU-28 (Guided bomb unit) ռումբը: Այն նոր էր ընդունվել սպառազինություն և առաջին մարտական փորձերի ժամանակ իրեն արդարացրեց` հաջողությամբ ոչնչացնելով մայրաքաղաք Բաղդադից փոքր-ինչ հեռու գտնվող հակառակորդի ռազմական նշանակության ստորգետնյա բունկերը:

GBU-28-ը հագեցած է լազերային ուղղորդման համակարգով, կշռում է 2300 կգ և ունակ է ճեղքել 30 մ հողի շերտը, կամ 6 մ երկաթբետոնե ամրությունը: Հատկանշականն այն է, որ Լիբիայի պատերազմի ժամանակ` 2011թ օգօստոսին, մայրաքաղաք Տրիպոլիի գրավման ընթացքում ՆԱՏՕ-ի ռազմաօդային ուժերը GBU-28 ռումբ են նետել Մ. Քադդաֆիի նստավայրի բունկերային համակարգի վրա:

Հակաբունկերային ռումբերի կարևորությունը օրեցօր մեծանում է: Վերջերս ԱՄՆ-ը շուրջ 400 կառավարվող հակաբունկերային ավիացիոն ռումբ տեղափոխեց Հնդկական օվկիանոսի Դիեգո Գարսիա կղզում գտնվող ռազմակայան, որը մինչ այդ օգտագործվել էր Իրաքին հարվածներ հասցնելու համար: Ամերիկյան փորձագետների խոսքերով` արդեն հիմա ԱՄՆ ռմբակոծիչները պատրաստ են ոչնչացնելու իրանական միջուկային կայանները: Միևնույն ժամանակ, Մերձավոր Արևելքում ԱՄՆ զորքերի հրամանատար գեներալ Դեվիդ Պետրեուսը հայտարարեց, որ այս տարի Իրանը միջուկային զենք չի ստեղծի` մատանշելով Իրանի միջուկային մասնագետների դժվարությունները Նատանզում գտնվող ուրանի հանքերում: Իսկ ԱՄՆ ռազմաօդային ուժերի ղեկավարությունը հայտարարեց, որ 2011թ. նոյեմբերից ԱՄՆ ռազմաօդային ուժերի սպառազինությունը կհամալրվի նոր MOP(Massive Ordance Penetrator) ռումբերով, որոնք նախատեսված են ստորգետնյա միջուկային պահեստները ոչնչացնելու համար:

Դրա ստեղծման աշխատանքներն սկսվել են 2002թ: Ռումբի ներքին բաղադրիչները մշակել են ամերիկյան Northrop Grumman և Lockheed Martin ընկերությունները: Boeing-ը զբաղվել է ռումբի կառուցվածքային և փորձարկման աշխատանքներով: Այս ռումբերից յուրաքանչյուրը ունի GPS կառավարում, կրում է 2.5 տ պայթուցիկ նյութ: Ռումբի երկարությունը 6 մ է, քաշը` 13,6 տ, երկաթբետոնե ամրություններ ներթափանցման խորությունը կազմում է 60,9 մ: Այս ցուցանիշը 10 անգամ գերազանցում է այժմ օգտագործվող GBU-28 ռումբերինը: MOP-ի առաջին փորձարկումները կատարվել են 2007թ և պսակվել հաջողությամբ: Ռումբը արձակվել է Նյու Մեքսիկոյի Ուայթ Սենդս հրաձգարանում գտնվող խորը թունելի վրա և հասել թիրախին: Պայմանագրի համաձայն (գործարքի արժեքը 32 միլիոն դոլար է)` Boeing ընկերությունը 2011թ. նոյեմբերին պետք է ԱՄՆ բանակին փոխանցեր 8 MOP ռումբ, որոնք նախատեսված են հեռահար ռմբակոծիչների համար: Ռումբերի ծանր լինելու պատճառով մի քանի ամերիկյան B-2 Spirit (դասվում են Stealth` անտեսանելի ինքնաթիռների շարքը) հեռահար ռմբակոծիչներ հատուկ փոփոխությունների են ենթարկվել: B-2 ռմբակոծիչների ռմբատարողությունը կազմում է 22տ: Փոփոխություններից հետո վերջիններս ունակ են կրելու մինչև 27տ բեռ: Սա նշանակում է, որ յուրաքանչյուր B-2 ռմբակոծիչ կարող է կրել 2 MOP ռումբ: Այս պահանջը ներկայացված է նաև ամերիկյան նոր հեռանկարային NGB հեռահար ռմբակոծիչին, որը գտնվում է փորձարկման փուլում: Նոր սերնդի ռմբակոծիչը ևս պետք է կրի MOP ռումբեր:

MOP ռումբերը մինչեւ 2012թ. լիովին կընդգրկվեն ԱՄՆ սպառազինության մեջ: Բացի այդ, 2010թ ԱՄՆ ռազմաօդային ուժերի ղեկավարությունը հայտարարեց MOP ռումբերի հիման վրա ստեղծվող նոր` է՛լ ավելի կատարելագործված NGP (Next Generation Penetrator) ռումբերի մասին: Վերջինս շուրջ 2,3 անգամ փոքր է լինելու MOP-ից: Ենթադրվում է, որ NGP ռումբը հիմնված կլինի ռեակտիվ շարժիչի վրա, որը հնարավորություն կտա ռումբին հավաքել մեծ արագություն` առավելագույն ներթափանցման համար:

ՎԱԶԳԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

GBU-28 հակաբունկերային ռումբը