Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀՐԱՄԱՆԱՏԱՐ ՏԻԳՐԱՆՅԱՆԸ
ՀՐԱՄԱՆԱՏԱՐ ՏԻԳՐԱՆՅԱՆԸ

ՀՐԱՄԱՆԱՏԱՐ ՏԻԳՐԱՆՅԱՆԸԱվագ լեյտենանտ Էմին Տիգրանյանը «Տիգրան Մեծ» ռազմամարզական վարժարանում ուսանելուց հետո ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան, որն ավարտելով ծառայության է նշանակվել զինված ուժերում: Մարտական մկրտություն է ստացել 2016 թ. Ապրիլյան պատերազմի օրերին, երբ որպես կուրսանտ ստաժավորում էր անցնում Հադրութում տեղակայված զորամասերից մեկում: 2020 թ. 44-օրյա պատերազմի ժամանակ նրա ղեկավարած ստորաբաժանումը կռվեց ամենաթեժ կետերից մեկում՝ արժանի հակահարված տալով թշնամուն: Պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական ծառայություն» մեդալով:

 

-2020 թվականի սեպտեմբերի 25-ին հերթական հերթափոխն էր, մեկնեցինք մարտական հենակետ: Մեկ-երկու օր տեխնիկայի շարժ էինք նկատում և առավել զգոն իրականացնում ծառայությունը: Պետք է նշեմ, որ նախորդ երկու-երեք ամիսների ընթացքում էլ հակառակորդն ակտիվ էր, երևի պատրաստվում էր, ու այդ ամենը մենք արձանագրում էինք: Սեպտեմբերի 27-ի առավոտյան՝ ժամը 07.07-ին, հերթապահին զեկուցեցի, որ ամեն ինչ նորմալ է, փոս-ճանապարհների հատվածում փոփոխություն չկա: Ամեն օր ստուգում էինք, որ հանկարծ դիվերսիոն խումբ ներթափանցած, տարածքն ականապատած չլինի: Զեկույցն ավարտելուց անմիջապես հետո կրակոցի ձայն լսեցի, նորից կապվեցի հերթապահի հետ, հայտնեցի թարմ տվյալները: Խնդիր ստացա դիտորդների միջոցով պարզել իրավիճակը: Դիտակետին մոտենալիս տեսա մեր ուղղությամբ թռչող ԱՆ-2 տեսակի ինքնաթիռը: Անձնակազմին հրահանգեցի մտնել թաքստոց, և դիրքի ավագ Գագիկ Բաղդասարյանի հետ հրաձգային զենքից կրակ բացեցինք: Մեզ աջակցեցին նաև հարևան հենակետերից, և ինքնաթիռը խփեցինք: Այնուհետև զինծառայողներից մեկի հետ գնացինք մոտակա մարտական դիրքը, մարտական հաշվարկով նախատեսված գործողություններ իրականացրինք մինչև մեր ուժերի վերախմբավորումն ու տեղակայումը՝ ըստ հաշվարկի պահպանությունից պաշտպանության անցնելու ժամանակ: Մեզ համար այդպես սկսվեց պատերազմը…

Մի քանի օր անմիջական մարտի մեջ չէինք մտնում. հրետանին էր գործում, անօդաչուներն էին հարվածում: Վերջապես թշնամուն պատժելու խնդիր ստացանք: Ընդհանուր գործողությունը ղեկավարում էր շտաբի պետ, մայոր Մելքոնյանը: Գործեցինք երկու խմբով, որոնցից մեկի հրամանատարը ես էի: Խնդիրը հետևյալն էր՝ վերցնում ենք թշնամու դիրքը, իմ խումբը պահում է այն, իսկ մյուս խումբը՝ կապիտան Հակոբյանի գլխավորությամբ, հետ է վերադառնում, սպասում նոր հրամանի: Մարտական խնդիրը կատարեցինք գերազանց, առանց զոհերի և վիրավորների: Մարտն ավարտվելուց հետո դիտարկում էի տարածքն ու մտածում՝ կարելի է զարգացնել հաջողությունը, և երկու օր անց նոր խնդիր ստացանք՝ նույն ուղղությամբ ավելի առաջ գնալ, ոչնչացնել թշնամու զրահատեխնիկան: Իմ խումբն առաջանում, դիրքավորվում է՝ ապահովելով աջ և ձախ թևերով մեր մյուս խմբերի անցումը: Երրորդ ջոկատի գրոհը ինչ-ինչ պատճառներով խափանվում է, և հրաման եմ ստանում թևանցում կատարել, շտապել մեր ուժերին օգնության: Տվյալ հատվածում շուրջ երեք ժամ մերձամարտ ենք վարում: Թշնամու մարտական դիրք մտել էինք իրենց նահանջի ճանապարհով, այսինքն՝ թշնամին դուրս գալու տեղ չուներ և ստիպված կռվում էր: Մեր ունեցած տեղեկություններով՝ դիրքում 60-ից ավելի զինվոր ուներ թշնամին: Այդուհանդերձ, մեր մարտական խնդիրը կատարեցինք ամբողջությամբ, գրավեցինք երեք դիրքերը, ոչնչացրինք թշնամու անձնակազմը, մարտական տեխնիկան: Առաջադրանքը կատարել ենք ժամկետային զինծառայողների ուժերով: Պատժիչ գործողություն էր, խնդիր չենք ունեցել այդ դիրքերը պահելու և հետ ենք վերադարձել:

Այդ օրվա մարտը հետաքրքիր ընթացք ունեցավ. իրենց դիրքում առաջանալիս աղվեսափոսերն էի ստուգում, որոնք նախատեսված են հրետակոծության ժամանակ անձնակազմի պատսպարվելու համար, մտածում էի՝ փաստորեն սրանք էլ ունեն, համեմատում եմ մեր դիրքերի կահավորման հետ: Նույն պահին նռնակ են նետում մեր ուղղությամբ, զինվորներին արագ հրում եմ այդ փոսերի մեջ: Կապի միջոցով զեկուցում եմ իրադրությունը: Հարմար դիրքավորվում ենք, հանկարծ չմտածեն, թե փախչում ենք: Նռնականետով կրակում են մեր ուղղությամբ, ու մինչև հիմա զարմացած եմ, թե ինչպես ողջ մնացինք, երբ բեկորային լիցքով կրակեցին 10-15 մետր հեռավորությունից: Իրավիճակն այնպիսին էր, որ առաջ գնայինք, թե հետ, խփելու էին: Դիտակետից թշնամին մեր ամեն մի քայլը տեսնում էր, ուղղորդում կրակը: Կոորդինատները հայտնելուց հետո մեր հրետանին ճշգրիտ կրակով ոչնչացրեց դիտակետը, ու մենք գործի անցանք: Դիրքի հետևում տեխնիկա էր կանգնած, դա էլ ոչնչացրինք: Այդ պահին կարծես վախի մասին մոռացել էինք: Պարզ էր, եթե ես մի քայլ նահանջեմ, զինվորը տասը քայլ է հետ գնալու: Գործով, ոգով, մարտունակությամբ ցույց էի տալիս զինվորներին՝ դուք կարող եք, ու ամեն ինչ ստացվում էր: Ընդհանրապես, ամեն գործողությունից հետո ասում էի՝ մեր հողն է, եկել ենք կռվելու ու պահելու, թաքնվելու կամ փախչելու համար չենք եկել, զոհ էլ ենք տեսնում, վիրավոր էլ, մահից ենք փրկվում, բայց ոչինչ, մեր մարտունակությունը չպիտի ընկնի:

Օրեր անց Վարանդա-Հադրութ խաչմերուկում էինք: Տանկային գրոհ էր սպասվում տվյալ ուղղությամբ: Գումարտակը դիրքավորվել է տարածքում, իրականացվել է հակատանկային և հակահետևակային ականապատում: Մեկ ջոկի ուժերով, մեր հիմնական ուժերից բավական առաջ, ծուղակ ենք կազմել: Թշնամին երկար չսպասեցրեց, «Կամազ» մակնիշի բեռնատար հայտնվեց: Նկատելով մեր դասակի մյուս ջոկի տղաներին, փորձեց շրջվել և փախչել, բայց թույլ չտվեցինք… Ամեն նման գործողությունից հետո մեր տղաների մարտական ոգին ավելի էր ամրապնդվում:

Դժվար էր, պատասխանատվության զգացումն էլ չափազանց մեծ: Հրամանատարական կազմը զինվորի համար օրինակ էր, մեկի բացթողումը նաև մյուսինն էր: Բոլոր սպաներով ձգտում էինք արժանի լինել հրամանատարի բարձր կոչմանը: Վաշտի հրամանատարը վիրավոր էր, հոսպիտալում էր, բուժումը չավարտած, թողել, հետ էր եկել: Իհարկե, դրանից հետո զինվորները կրկնապատկված եռանդով էին կռվում:

Ցավոք, կորուստներ էլ ենք ունեցել: Դիտարկվող տարածքում ականապատման աշխատանքներ պետք է իրականացնեինք: Գումարտակի հրամանատարի հետ քննարկեցինք, որոշեցինք գիշերն իրականացնել աշխատանքները՝ աննկատ մնալու համար: Մայոր Մելքոնյանը բարձրացավ հրամանատարական դիտակետ, ես գնացի անձնակազմի մոտ: 20-25 րոպե անց թշնամու ինքնաթիռը թիրախավորեց հրամանատարական դիտակետը, ռումբի պայթյունից մայոր Մելքոնյանը զոհվեց… 44 օրվա ընթացքում գումարտակում 10 զոհ ենք ունեցել, փառք բոլորի հիշատակին:

Վստահ կարող եմ ասել, որ գումարտակի անձնակազմը գործել է քաջաբար, գիտակցելով, որ պետք է կռվել ու պահել մեզ վստահված տեղամասը: Ու պահեցինք:

Թշնամու գրոհներն անդադար էին, տարբեր ուժգնության: Օրը 4-5 անգամ ուզում էին ճեղքել մեր պաշտպանությունը, դեպի Շուշի առաջացած խմբավորման հետ միավորվել: Այդուհանդերձ, մեր զորամասը ոչ մի դիրք չի տվել, հակառակը, առաջ է գնացել, երեք դիրք գրավել, ավելի բարենպաստ բնագիծ զբաղեցրել: Երեք դեպքում էլ գործողությունն իրականացրել եմ ես: Ցույց ենք տվել, որ մենք կարող ենք գրոհել և հաջողության հասնել: Ամենակարևորն ինձ համար այն է, որ իմ ղեկավարած անձնակազմը զոհ չի ունեցել, կարողացել եմ այնպես անել, որ իմ զինվորը գնա հասնի տուն, դա իմ ծառայության սկզբունքն է: Հպարտ եմ իմ զինվորներով: Մարտական գործողությունները փաստեցին, որ նրանք կռվելու պատրաստ էին առաջին հերթին հոգեբանորեն: Ուրեմն, ժամանակին ճիշտ եմ աշխատել նրանց հետ, վաստակել հարգանք ու վստահություն: Մի զինվոր ունեինք՝ Աբրահամյան Արամը, նույնիսկ երգ էր գրել իմ մասին՝ «Հրամանատար Տիգրանյանը»:

Նոյեմբերի 9-ից հետո ստեղծված իրավիճակը մեծ ցավ էր բոլորիս համար, որովհետև ամեն տեղ մեր մարտական եղբայրների արյունն էր թափված: Առավել ցավալի էր, որ զիջում էինք տարածքներ, ուր թուրքը չի կարողացել հասնել:

Արցախում ամեն ինչ շատ հարազատ է դարձել ինձ: Տարածքները զիջելու օրերին կարծես աչքիս առաջ ֆիլմի ժապավենի պես անցնեին ցեղասպանության հետ կապված տարբեր պատմություններ, երբ մազապուրծ մարդիկ գրքեր, տարբեր մասունքներ էին փրկում: Ամեն դիրքից դուրս գալիս պարտադիր բերում էինք խաչքարերը: Մի դեպք եղավ, երբ հենակետը հանձնելու ժամկետը լրացել էր, իսկ մի խաչքար մերոնք չէին հասցրել հանել: Մեզ վտանգելով՝ գնացինք, խաչքարը բերեցինք, լավ էր, թշնամու շարասյունը դեռ տեղ չէր հասել:

Կյանքը բանակի հետ կապած, նաև պատերազմին մասնակցած շատ հարազատներ ունեմ: Հորաքրոջս տղայի զոհվելու լուրը հայտնողը մինչև հիմա զարմացած է իմ արձագանքից, երբ ասացի՝ դե, կռիվ ա, էդպես էլ ա լինում։ Ամեն պահ յուրաքանչյուրիս կյանքը վտանգի տակ էր, հարազատի, թե անծանոթի մասին դժբախտ լուրը միայն վրեժխնդրության ձգտումն էր բորբոքում, հուսահատությունը, շփոթմունքը բացառվում էր:

Պատերազմը աշխարհայացք փոխեց, վերհանեց ամեն մեկի ուժեղ և թույլ կողմերը: Դպրոցից սովորում ենք հայրենասիրություն, հայրենիքի պաշտպանություն, հիմա էլ կարծես ստուգելու պահն էր՝ ով որքանով է պատրաստ: Ես ապացուցել եմ, որ սերտել եմ կյանքի դասը՝ ինչ մերն է, պետք է պահել թեկուզ կյանքի գնով:

 

ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ

Լուսանկարը՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ