Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՓՈԽԳՆԴԱՊԵՏ ԷԴՎԱՐԴ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՓՈԽԳՆԴԱՊԵՏ ԷԴՎԱՐԴ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

ՓՈԽԳՆԴԱՊԵՏ ԷԴՎԱՐԴ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ-Հայրս, հորեղբայրս, Արցախյան ազատամարտին մեր գերդաստանից շատ տղամարդիկ են մասնակցել: Մեր ընտանիքում զինվորականի ճանապարհով են անցել բոլորը,- ասում է զորամասի հրամանատարի տեղակալ Էդվարդ Եղիազարյանը:

Լսելով հոր և հորեղբոր պատմություններն Ազատամարտի մասին և վաղ մանկությունից դաստիարակվելով հայրենասիրական ոգով, Էդվարդ Եղիազարյանը հստակ գիտեր՝ շուտով իր հերթն է գալու զենք վերցնելու և հայրենի հողը պաշտպանելու։

2006 թ. ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան և ավարտել գերազանց առաջադիմությամբ:  Համազորային ֆակուլտետն ավարտելուց հետո Էդվարդ Եղիազարյանը նշանակվել է տանկային զորամասի  դասակի, ապա վաշտի հրամանատար, ապա ծառայության տեղափոխվել Մատաղիսի զորամաս՝ ստանձնելով զորամասի հրամանատարի տեղակալի պաշտոնը։ Հենց այդ ժամանակ էլ սկսվում է ապրիլյան քառօրյան։

-Կռիվը, որ սկսվեց, հասկացանք, թե ինչի համար ենք մենք պետք Մատաղիսում, թե անձամբ ես ինչ առաքելություն ունեմ ու մնացի այնտեղ։ Քառօրյայի ժամանակ ես նաեւ հասկացա, թե ով եմ ես բանակում, ինչ գործառույթներ պիտի կատարեմ, շատ բան փոխեց քառօրյան իմ մեջ, այն ինձ ավելի կապեց ծառայության հետ,- ասում է փոխգնդապետը:

Էդվարդ Եղիազարյանը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հերթական դասընթացները բարեհաջող ավարտելուց հետո գումարտակի հրամանատար է նշանակվում արդեն հարազատ դարձած զորամասում:

Գումարտակի հրամանատարի պաշտոնն ստանձնելուց մի քանի ամիս  անց սկսվեց Արցախյան վերջին պատերազմը։ Պատերազմի հենց առաջին օրը թշնամին մեծաքանակ զինտեխնիկայով փորձել է ճեղքել սահմանի այն հատվածը, որի պաշտպանությունը վստահված էր փոխգնդապետի հրամանատարությամբ գործող ստորաբաժանմանը, սակայն ոչ մի արդյունքի չի հասել: Փոխգնդապետ Եղիազարյանի հմուտ և գրագետ հրամանատարության շնորհիվ զորքը կարողացել է նրանց հետ շպրտել ելման դիրքեր։

Հաջորդ օրը, վաղ առավոտյան, թշնամին 9-10 զրահատեխնիկայով սկսել է հերթական գրոհը և շնորհիվ ստորաբաժանման վարած գրագետ ու ճիշտ մարտավարության, մեր տղաներն այս անգամ նախ կասեցրել են թշնամու առաջխաղացումը, ապա շեշտակի հակագրոհով ոչնչացրել են նրա տեխնիկան ու մարդուժը:

Հետախուզական դասակի աջակցությամբ փոխգնդապետ Եղիազարյանն իր անձնակազմով մի քանի օր շարունակ թեժ մարտեր է մղել և ջախջախել  հարձակվող թշնամուն։ Այդ ժամանակ էլ կանոնավոր զորքին են միացել կամավորները, համալրվել  է նաև գումարտակի զինանոցը։ Չկարողանալով ճեղքել փոխգնդապետ Եղիազարյանի գլխավորած պաշտպանությունը՝ թշնամին մեծաթիվ կորուստներով նահանջել է։

Մի քանի օր անց, ի վերջո, թշնամուն հաջողվել է ճեղքել Թալիշի պաշտպանությունը, որից հետո ադրբեջանական կողմը շարժվել է դեպի Մատաղիսի թիկունք և թիրախավորել հրետանային ստորաբաժանումներն ու հրամանատարական կետերը։ Այս ժամանակ «նահանջ» հրամանն ստանալուց հետո փոխգնդապետ Եղիազարյանն իր անձնակազմով հետ է քաշվել, դիրքավորվել ու ծանր մարտեր մղել ռազմաճակատի մեկ այլ հատվածում:

-Նորից մարտի մեջ մտանք, լավ ջախջախեցինք հակառակորդին, հետո օգնական ուժերի հետ հարմար դիրքավորվեցինք հանդիպակաց բարձունքում: Հարկավոր էր այդ իշխող բարձունքը պահել, որ չգրոհեն։

ՓՈԽԳՆԴԱՊԵՏ ԷԴՎԱՐԴ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԵվ այսպես մինչև նոյեմբերի ինը. քառասունչորս օր շարունակ հրամանատարն իր անձնակազմով ոչ մի վայրկյան շունչ չի քաշել… Հմուտ ու խիզախ զինվորականի գումարտակը որտեղ որ հայտնվել է՝ իսկական ահուսարսափ է տարածել թշնամու շարքերում։

-Թշնամու հենց առաջին գրոհին մասնակցում էր   տասնհինգ միավոր տեխնիկա: Մեր գերակա խնդիրը դրանց խոցելն ու անձնակազմին ոչնչացնելն էր: Այդ պահին ոչ մի բանի մասին չէի մտածում՝ ո՛չ տուն, ո՛չ ընտանիք, ուշք ու միտքս միայն էդ ելուզակներին ոչնչացնելն էր: Եվ եթե ամեն ինչ ստացվում էր, ավելի էի ոգևորվում, և այդ ոգևորությունը փոխանցվում էր անձնակազմիս: Զինվորներս կռվում էին անվախ, իսկ նրանց քաջությունն էլ ինձ էր ավելի գոտեպնդում,- պատմում է փոխգնդապետը:

Փոխգնդապետի ընտանիքը պատերազմի առաջին ժամերին եղել է անընդհատ հրթիռակոծվող քաղաքում։ Նրա կինը՝ Արմինեն, առանց հուզմունքի չի կարողանում մտաբերել պատերազմի առաջին ժամերը. մանկահասակ՝  ինն ամսական և երկու տարեկան աղջիկների հետ երկնքից թափվող արկերի տարափի տակ…

-Սարսափելի մղձավանջ էր: Մի կերպ ենք դուրս եկել: Միակ բանը, որ հիշում եմ, վազելն էր,- հիշում է նա:

Ընտանիքին բարեհաջող անվտանգ վայր հասցնելով՝ Էդվարդ Եղիազարյանի կրտսեր եղբայրը՝ Տիգրանը, արդեն հետդարձի ճանապարհին  զանգում է կենտրոնական հավաքակայան ու ընտանիքից գաղտնի կամավորագրվում:

-Ցերեկը գնացի զինկոմիսարիատ, եւ արդեն մեծ հոսք կար: Սեպտեմբերի 28-ի առավոտյան հասանք Արցախ։ Մեկ էլ լսեմ՝ մեկը ձայն է տալիս. շրջվեցի, տեսնեմ՝ ախպերս է…Գրկախառնվեցինք: Հուզիչ տեսարան էր…

Եղբայրս ընդհանրապես չէր թաքնվում: Զարմանալի զգացողությամբ կռահում էր, թե որտեղից է գալիս արկը… Հմուտ էր կառավարում զորքը,- ասում է Տիգրանը:

Պատերազմը ինչպես բոլորի, այնպես էլ նրա կյանքում շատ բան փոխեց.

-Այս պատերազմը մեզանից շատ թանկ կյանքեր խլեց:  Հաճախ եմ գնում «Եռաբլուր»՝ ընկերներիս տեսակցության, զրուցում եմ նրանց հետ… «Եռաբլուրն» ինձ համար ուխտատեղի է դարձել,- հուզախառն հպարտությամբ ասում է փոխգնդապետը:

…Փոխգնդապետ Էդվարդ Եղիազարյանը անձնուրաց ծառայության համար դեռ մինչև պատերազմն էր պարգևատրվել «Արիության համար» մեդալով, այժմ էլ ներկայացվել է «Մարտական խաչի»: Նա հավաստում է՝ շարունակելու է ծառայել Հայրենիքին և ջանք ու եռանդ չի խնայելու հայկական բանակն ամրացնելու և հզորացնելու համար: Եվ հենց այս նպատակով էլ այժմ դիմել է ռազմական ակադեմիա՝ նոր գիտելիքներ ձեռք բերելու և մասնագիտական հմտությունները կատարելագործելու համար։

 

ԶԱՐՈՒՀԻ ՌՇՏՈՒՆԻ

Լուսանկարները՝ ՖԵԼԻՔՍ ՇԱԽՏՈՅԱՆԻ