Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«…ԵՍ ՄԻԱՅՆ ՀԱՅԵՐԵՆ ԵՄ ՄՏԱԾՈՒՄ»



«...ԵՍ ՄԻԱՅՆ ՀԱՅԵՐԵՆ ԵՄ ՄՏԱԾՈՒՄ»Կիսով չափ հայ, կիսով՝ ռուս. այսպես է իրեն բնութագրում Հայաստանի զինված ուժերի  ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության բաժնի պետ, արցախյան երկու պատերազմների վետերան, գնդապետ Ստանիսլավ Երյոմինը:

Ստանիսլավ Երյոմինի ծնողները ռուս են, բայց գնդապետն այստեղ  է ծնվել, Հայաստանն էլ իր տունն ու հայրենիքն է համարում.

-Ես դաստիարակվել եմ այստեղ, կնքվել եմ Հայոց եկեղեցում, կինս հայ է, երեխաներս էլ՝ կիսով չափ: Չնայած որոշ ժամանակ Ռուսաստանում եմ ապրել, բայց հիմնականում Հայաստանում եմ բնակվել: Իմ մեջ հայկականը շատ է: Ռուս գրողներից մեկն ասել է՝ որ լեզվով մտածում ես, ուրեմն էդ ազգի ներկայացուցիչն ես: Վերջին ժամանակներում ես միայն հայերեն եմ մտածում,- անկեղծանում է գնդապետը:

Ու հենց սերը հայի ու Հայաստանի հանդեպ 1992 թվականին Ստանիսլավ Երյոմինին բերեց նորաստեղծ Հայոց բանակ: Մինչև այդ, հյուսիսային նավատորմում էր ծառայում:  Երբ հերթական արձակուրդին եկավ Երևան և այցելեց Նուբարաշենի դեռևս նոր կազմավորվող դեսանտագրոհային գնդում ծառայող իր մայրիկին, հաղթանդամ երիտասարդին նկատեց գնդի հրամանատարն ու առաջարկեց համալրել հայկական զինված ուժերի շարքերն  ու  ծառայել Հայաստանի Հանրապետությանը:

-Հրամանատարը մայրիկիցս հետաքրքրվեց՝ ո՞վ է այս երիտասարդը: Մորս պատասխանից հետո ժպտալով նկատեց՝ ի՞նչ է կորցրել Ռուսաստանում: Այնուհետև ինձ հրավիրեց իր աշխատասենյակ և ուղիղ նայելով աչքերիս մեջ՝ ասաց. «Ինչ ուզես՝ կնշանակեմ»…

Ծառայության անցնելուց շատ չանցած՝  Երյոմինին, դեսանտագրոհային գնդի  մի խումբ զինծառայողների հետ, տագնապով ուղարկում են Բերձոր: Եվ այսպես երիտասարդ, դեռևս անփորձ ու ռազմական գործից անտեղյակ Ստանիսլավ Երյոմինը հայ մարտիկների հետ 1992 թվականին ակտիվորեն մասնակցում է Բերձորի ազատագրմանը։ Նրա խոսքով՝ իրենք, փոքրաթիվ խմբով, հակառակորդին այնպիսի ջարդ են տվել, որի մասին բարձրաձայնել են անգամ իրենք՝ ադրբեջանցիները:

«...ԵՍ ՄԻԱՅՆ ՀԱՅԵՐԵՆ ԵՄ ՄՏԱԾՈՒՄ»Պատերազմից հետո սկսվում է Ստանիսլավ Երյոմինի ծառայողական  ուղին: Սկզբում  ծառայում է որպես դասակի հրամանատար, ապա վաշտի, այնուհետև տեղափոխվում սահմանապահ զորքեր: Գրեթե երեք տասնամյակի  ծառայողական հարուստ կենսագրության մեջ գնդապետն առանձնացնում է հատկապես Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում դասախոսական տարիները.

-Եղել եմ ֆակուլտետի պետի տեղակալը, մեծ փորձ եմ ձեռք բերել, դասավանդել եմ «Զորքերի կառավարում» առարկան,- ասում է գնդապետը:

Արցախյան վերջին պատերազմի ընթացքում նա դարձյալ դիրքերում էր:

Առաջնագծում իրավիճակի վատթարացմամբ պայմանավորված, գնդապետ Երյոմինը մեկնում է ռազմաճակատ։ Ասում է՝ «Հարավային թևի ուղղությամբ մարտերը աներեւակայելի թեժ էին, հրամանատարական կազմից շատերը զոհվել էին, զորքի կառավարումը թուլացել էր, բնագծերի պաշտպանությունը նույնպես: Զինվորները հրամանատարների կարիքն ունեին: ԳՇ պետի հրամանով մեկնեցի հարավային ուղղություն…»:

«...ԵՍ ՄԻԱՅՆ ՀԱՅԵՐԵՆ ԵՄ ՄՏԱԾՈՒՄ»Գնդապետի խոսքով՝ իրավիճակը ժամ առ ժամ բարդանում էր, թշնամին  խորանում էր մեր պաշտպանության խորքերը։ Գնդապետ Երյոմինը ստիպված թողնում է հրամանատարական կետն ու մարտական ընկերների՝ Ստեփան Գևորգյանի և Արտակ Ասատրյանի հետ զենքը ձեռքին բնագծում  կասեցնում է հակառակորդի առաջխաղացումը:

Գնդապետը մտաբերում է հակառակորդի հարձակումներից մեկը, երբ թշնամին տանկային գրոհով փորձում էր վերցնել հայկական դիրքը։ Երեք սպաներով և երկու ժամկետային զինծառայողով կռիվ են տվել ու գրոհը կասեցրել: Ցավոք, այդ մարտի  ընթացքում էլ Ստանիսլավ Երյոմինը ծանր վիրավորում է ստանում ԱԹՍ-ի հրթիռի հարվածից:

Այս դաժան պատերազմից գնդապետն ամենակարևոր արձանագրումն է անում՝ հայ զինվորի ոգու, նրա հավատի ու չկոտրվող կամքի, հրոսակների դեմ չընկրկող, չնահանջող  հայ սպայի տեսակի մասին՝ բոլորը հերոսներ են…»:

Հայրենիքին մատուցած անձնուրաց ծառայությունների համար Ստանիսլավ Երյոմինը պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով: Այս վերջին պատերազմի ամենադաժան փորձությունների միջով անցնելուց հետո էլ գնդապետը հավաստում է, որ երբևէ չի զղջացել Հայաստանի Հանրապետությանը ծառայելու, հարազատ դարձած հողի համար կռվելու ու պայքարելու համար։ Հիմա էլ գնդապետը կորցրած առողջությունը վերականգնելու նոր պայքարի մեջ է: Մարտական խնդիրն է՝ օր առաջ շարք վերադառնալ ու զինակից ընկերների հետ բուժել վիրավոր բանակի վերքերը:

 

ԼԱՈՒՐԱ ՄԱՄՅԱՆ

Խորագիր՝ #31 (1402) 11.08.2021 - 17.08.2021, Ազգային բանակ


12/08/2021