Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՐՑԱԽՅԱՆ ԻՐԱՊԱՏՈՒՄՆԵՐ



Սկիզբը՝ նախորդ համարներում

 

ԱՐՑԱԽՅԱՆ ԻՐԱՊԱՏՈՒՄՆԵՐԿանխամտածված էր

 

Ինչպես հաղորդում է «Թուրան» գործակալությունը, ապրիլի 10-ին Ռուսաստանի արտգործնախարար Անդրեյ Կոզիրեւը, ավարտելով այցը Լեռնային Ղարաբաղ, Բաքվում հանդիպեց Ադրբեջանի Գերագույն Խորհրդի նախագահ Յաղուբ Մամեդովի հետ։ Վերջինիս աշխատակազմից ստացված տեղեկությունների համաձայն՝ Կոզիրեւը ժամանել էր ղարաբաղյան հիմնահարցի «ճշգրտված առաջարկությունների» փաթեթով։

Ինչպես հաղորդեցին Անդրեյ Կոզիրեւին ուղեկցող անձինք, ուղղաթիռը, որում ՌԴ նախարարն էր, Շուշիի մատույցներում գնդակոծվել է: Ուղեկցող ռազմական ուղղաթիռը հարկադրված է եղել հրթիռներով ճնշել կրակակետը։ Ռուսաստանի ներկայացուցիչների կարծիքով՝ ուղղաթիռի գնդակոծումը կանխամտածված էր»:

(«Իզվեստիա», 11.04.1992)

 

«Վերջը բանակ կունենա՞նք, թե՞ ոչ»

 

Երեկոյան հասանք Գորիս։ Քաղաքի վրա պտտվում էին երկու ուղղաթիռներ։ Երրորդ, չորրորդ շրջանը։ Քիչ հետո իմացանք, որ տեղափոխում էին 7 ծանր վիրավոր ղարաբաղցիների։ Նյարդավիրաբույժների միջամտության կարիք կար, եւ տեղացի բժիշկները խորհուրդ տվեցին ուղղություն վերցնել դեպի Երեւան։

Մենք՝ մայրաքաղաքի բնակիչներս, Ղարաբաղի հետ կապված ենք դոզավորված տեղեկատվության բարակ թելով։ Իսկ այստեղ՝ Զանգեզուրում, զգացվում է Արցախի շնչառությունը։ Ճանապարհային ցուցանակները համառորեն ցույց են տալիս Ստեփանակերտ տանող ճանապարհը։ Թվում է` այստեղից մինչեւ Ղարաբաղ երկու քայլ է` ընդամենը 5-6 կիլոմետր։

Ֆիդայիներն արագորեն լքում էին հյուրանոցը։ Շուրջը խմբված կանայք լուռ ուղեկցում էին ավտոբուսը։ Տեղը, Կոռնիձորը, Արտավանը, Խնձորեսկը, Դավիթ Բեկն այդ րոպեներին ուժգին գնդակոծվում էին ինքնաձիգներով ու հրետանիով։ «Մենք ի՞նչ, կապանցիների վիճակն ավելի ծանր է,- շպրտեց տղամարդը։- Հրեն, տղերքն օգնության գնացին»։

Կապանն իսկապես հայտնվել է կրակի մեջ։ Ապրիլի 24. զոհվել են Սյունիք գյուղի երկու բնակիչներ։ Ապրիլի 25` զոհվել են շրջկենտրոնի 7 բնակիչներ, այդ թվում` մի կին երեխայի հետ, 10-ը վիրավորվել։ Ապրիլի 26` զոհվել են 10 ֆիդայիներ, նույն գիշերը զոհվել է 1 եւ վիրավորվել 2 կապանցի… Արդեն գնդակոծման գոտում են հայտնվել Եղվարդ, Ագարակ, Ներքին Անդ գյուղերը։ Գորիս-Կապան մայրուղու գործնականում ամբողջ 47 կիլոմետրը գնդակոծվում է։

ԱՐՑԱԽՅԱՆ ԻՐԱՊԱՏՈՒՄՆԵՐՀիվանդանոցի մոտ հավաքվել էին տագնապած մարդիկ։ Հենց նոր Կոռնիձորից բերել էին երկու վիրավորների։ 29-ամյա կինը մահացել էր դեռ ճանապարհին, իսկ նրա ծանր վիրավոր տեգրն ուշքի եկավ միայն վիրահատությունից հետո։ Երիտասարդ մոր մահվան մասին հարազատներին դեռ չէին տեղեկացրել, իսկ նրանք, կանխազգալով դժբախտությունը, բժիշկներից պահանջում էին ամեն գնով հրաշք գործել։ Կանայք արցունք չէին ափսոսում, տղամարդկանց մի մասը լուռ ծխում էր, մյուսը` փնովում նոր ժամանակները։ Նախկին հասարակարգը ոչ ոք չէր գովում, բայց եւ նորի հանդեպ առանձնապես համակրանք ու վստահություն արդեն չկար։

Վաղ առավոտյան մեկնեցինք Տեղ։ Կանայք երեխաների հետ գիշերել էին նկուղներում, բայց, ըստ երեւույթին, անսովորությունից այդպես էլ չէին քնել, քանի որ դուրս գալով ստորերկրյա թագավորությունից, բոլորը մեկի նման վազեցին դեպի իրենց մահճակալները։ Երիտասարդներն ու ծերերը ուղղվեցին շրջխորհրդի կողմը։

«Նախորդ շաբաթներին, պատահում էր, կանանց երեխաների հետ տանում էինք հարեւան գյուղերը, Գորիս,- պատմում է տեղացիներից մեկը,- իսկ հիմա տանելու տեղ չկա։ Մյուսներին էլ մեզ նման գնդակոծում են, եւ, բացի այդ, բենզին չկա։ Պատահում է, որ ամբողջ օրվա ընթացքում ոչ մի մեքենա չի անցնում։ Իսկ Գորիսում միայն հացի հերթեր են։ Շուտով հաց ընդհանրապես չի լինի։ Ալյուրի պաշարը սպառվում է, իսկ դաշտային աշխատանքները սկսել չենք կարող։ Տե՛ս, թուրքերն ինչ խորամանկ քաղաքականություն են վարում` գյուղացիներին հողին մոտիկ չեն թողնում, որոշել են մեզ սովով վախեցնել։ Մի՞թե Երեւանում դա չեն հասկանում։ Մի՞թե կարծում են, թե էս տղերքն իրենց կարաբիններով կարող են դիմանալ թնդանոթների ու տանկերի դեմ»…:

Վերջին ենթադրությունը զրուցակիցս արտաբերեց երկարատեւ դադարից հետո, շրջխորհրդի մատույցներում, որտեղ կանգնած էին նույն այդ «տղերքն» իրենց ինքնաձիգներով։ Մի տասը հոգի էին, ոչ ավելի։ Նոփ-նոր «ԱԿ»-ները փայլփլում էին առավոտվա արեւի տակ, իսկ նրանք նստած էին քնատ ու չարացած, փամփուշտները քիչ էին։ Շրջխորհրդի նախագահը ձեռքսեղմումից հետո ավելացրեց. «Բենզին չկա, ոչ մի տեղ տանել չեմ կարող։ Ընդամենը մեկ դույլ է։ Որպես պաշար ենք թողել։ Ինչ իմանաս, ինչ կարող է լինել։ Պետք է, չէ,՞ շրջկենտրոնին տեղյակ պահել։ Իսկ հրետակոծումը սկսվում է թե չէ` հեռախոսներն անջատվում են»։

Փառք Աստծո, բենզինի պաշար տեսել էինք դեռ Երեւանում։ Իսկ գյուղերում երկար չէինք կանգնում. գյուղացիները հարցերի տարափ էին տեղում, որոնցից կոկորդում կարկամ էր զգացվում։ Դրանք հասցեագրված էին ավելի շուտ պաշտպանության եւ գյուղատնտեսության նախարարներին, քան մեզ,  իսկ երբեմն էլ` ավելի բարձր:

Գյուղերով շրջայցի ընթացքում հաշվեցի ադրբեջանական հինգ կրակակետ։ Պետք է ասել՝ դրանք տեղաբաշխված են խիստ «արդյունավետ»` յուրաքանչյուրից կարելի է գնդակոծել երկու-երեք գյուղ, ինչն էլ անում են։ Իսկ մերո՞նք։

Մերոնք հենց այդ պահին ծավալվում էին միաժամանակ հինգ կետերում։ Զինամթերքը, ճիշտ է, բավական չէր։ Բայց չէ՞ որ հակառակորդն առայժմ չգիտի այդ մասին, իսկ ռազմական գործում հավասարակշռություն պահելը շատ կարեւոր է։ Բարձունքներից մեկի վրա, որտեղից Լաչինը երեւում է, ինչպես ափի մեջ, երկու ժամ մնացինք։ Օգնեցինք ֆիդայիներին ինչ-ինչ բաներ տեղադրել, մեր ծխելիքն ու լուցկիները թողեցինք նրանց (հատկապես երկրորդն այստեղ չի բավարարում)։ Պատահում է՝ սոված էլ են մնում։ Դա այն դեպքում, երբ թուրքերը գնդակոծում են ճանապարհը, եւ գյուղացիները չեն կարողանում ուտելիք հասցնել։ Երբեմն էլ բենզինի պատճառով։

Բայց կարեւորը դա չէ, ասում էին մեզ։ Այստեղ բոլոր խոսակցությունները բանակի մասին են։ Վերջը բանակ կունենա՞նք, թե՞ չէ։ Նույնիսկ զորակոչ չեն անցկացնում։ Գյուղացի պատանյակը զինվորական համազգեստից մի բան է գցել հագն ու կարծում է, թե ծառայությունը սկսվեց։

«Դեռ ինչքա՞ն ենք ինքնագործունեությամբ զբաղվելու,- ասում էր տեղի ջոկատի հրամանատարը, ի դեպ, Գորիսի ինստիտուտի դասախոս։- Ժամանակն անցնում է։ Հասկանում ենք, որ հանրապետությունը պրոբլեմներ շատ ունի, բայց չէ՞ որ պաշտպանությունը ամենակարեւորն է հիմա։ Հրամանատար չկա, փամփուշտ չկա, արկ չկա։ Բա հետո՞։ Գոնե կազմակերպչական միջոցառումներ կարելի է անցկացնել։ Այդ ուղղությամբ ոչ մի ջանք չենք տեսնում»։

Ե՛վ Կոռնիձորում, եւ՛ Քարաշենում (արկերն այստեղ էլ են հասնում) խոսակցությունները միայն բանակի մասին են։ Դժվար էր ենթադրել, որ գյուղացիները, մոռանալով հողի մասին, կխոսեն բանակային գործերից։ Ակնհայտ է, որ միայն իսկական բանակային զորամասերի ներկայությունն այստեղ կարող է կայունացնել վիճակը, միայն այդ դեպքում գյուղացին կարող է դաշտ դուրս գալ։ Իսկ առայժմ նրանք խմբվում էին եւ կարոտով նայում գնդակոծման գոտում մնացած միակ սարքին` տրակտորին։ Այն հանելու արդեն երրորդ փորձը մատնվում է անհաջողության։ Ահա այսպիսի անհույս բան։

Վիգեն Սարգսյան, Գորիս-Երեւան

(«Ռեսպուբլիկա Արմենիա», 01.05.1992)

 

Պատասխան կրակով թշնամին հետ է շպրտվել

 

Կապանում 3 օր է, ինչ հարաբերական անդորր է հաստատվել, սակայն կայունության միտված ոչ մի փոփոխություն նկատելի չէ։ Շրջանի ամբողջ սահմանի երկայնքով Ադրբեջանի տարածքում, հայկական գյուղերի դիմաց, նկատվում են հակառակորդի կենդանի ուժի եւ ռազմական տեխնիկայի կուտակումներ։ Ադրբեջանի զինված կազմավորումները պատրաստվում են երկարատեւ ռազմական գործողությունների. այդ են վկայում նրանց փորած սահմանային խրամատները, սարքավորված եւ լավ ամրացված կրակակետերը։

Ոչ մի օր չի անցնում առանց փոխհրաձգության եւ փոքր ընդհարումների։ Վերջին երկու օրերին ադրբեջանցիները, որպես թիրախ, ընտրել են Սյունիք սովխոզն ու Եղվարդ գյուղը։ Ապրիլի 29-ին Սյունիքի հատվածում փոխհրաձգություն է եղել. զոհեր, բարեբախտաբար, չկան։ Նույն օրը հրետանային 5 համազարկ է հասցվել Եղվարդին. վնասվել է 2 տուն։ Հայկական զինված ստորաբաժանումները սահմանի ամբողջ երկայնքով հակահարված են հասցնում թշնամուն, իսկ մի շարք տեղերում անցնում հակագրոհի` մեկը մյուսի հետեւից լռեցնելով ադրբեջանական բանակի կրակակետերը։ Զոհերն ադրբեջանական բանակում աճում են։

Օրերս Կրասնոսելսկի շրջկենտրոնը գրոհելու անհաջող փորձից հետո ադրբեջանցիները սահմանի այդ հատվածում ակտիվություն չեն ցուցաբերում։ Ինչպես հայտնի դարձավ, այդ մարտի ընթացքում ադրբեջանցիները 2 կիլոմետր խորացել են Հայաստանի տարածք, բայց կասեցվել են, ապա պատասխան կրակով հետ շպրտվել: Զոհեր չկան։

Ինչպես «ՌԱ»-ի թղթակցին տեղեկացրեց Տավուշի շրջխորհրդի նախագահ պարոն Ծատուրյանը, երեկ գիշեր որերորդ անգամ գնդակոծվել են Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր եւ Այգեպար գյուղերը։ Զոհեր չկան։ Շրջանի ղեկավարությանը ոչ մի կերպ չի հաջողվում համաձայնության գալ ադրբեջանցիների կողմից պատանդ վերցված երկու տավուշցիներին վերադարձնելու շուրջ։ Տավուշի շրջանի` սահմանին անմիջապես հարող տարածքը շարունակում են վերահսկել ադրբեջանցիները, որոնք տեղավորվել են դեռեւս խորհրդային բանակի ստորաբաժանումների փորած խրամատներում։ Նրանց այդտեղից դուրս քշել դեռեւս չի հաջողվում…

Հանրապետության սահմանների անվտանգությունն ապահովելուն ուղղված լրացուցիչ միջոցառումներ ձեռնարկելու նպատակով չորեքշաբթի օրը Հայաստանի պաշտպանության նախարարությունում անցկացվեց հանրապետության սահմանային կազմավորումների հրամանատարների խորհրդակցություն, որը վարում էր ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը։

(«Ռեսպուբլիկա Արմենիա», 01.05.1992)

 

Գանձասարը կրակի մեջ

 

Ապրիլի 29-ի ամբողջ օրը մինչեւ ուշ երեկո ադրբեջանական բանակը փորձում էր Շուշիի, Ղայբալուի եւ Ջանհասանի իրենց բազաներից գրոհել Ստեփանակերտը: Գրոհներին ադրբեջանական կողմից մասնակցում էր մինչեւ 700 մարդ եւ առնվազն 10 միավոր զրահատեխնիկա։ Բոլոր գրոհները հետ են մղվել։ Ադրբեջանցիները, այդպես էլ հաջողության չհասնելով, նահանջել են` մարտի դաշտում թողնելով մեկուկես տասնյակ սպանված եւ 15-30 վիրավոր։

Նույն օրը Ստեփանակերտի հյուսիսարեւմտյան ծայրամասերը ենթարկվել են հրթիռահրետակոծման, ինչի հետեւանքով զոհվել է 4, վիրավորվել ԼՂՀ մայրաքաղաքի 23 բնակիչ։ Երեկ առավոտվանից հրետակոծումը վերսկսվել է…

Ապրիլի 29-ի ցերեկը ադրբեջանական Նարեշտար գյուղի կողմից գրոհի է ենթարկվել ԼՂՀ Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղը։ Այստեղ եւս ադրբեջանցիները զոհեր տալով նահանջել են։

Նույն օրը Ադրբեջանի Թարթառի շրջանից բարբարոսական հրետակոծման են ենթարկվել Գանձասարի վանքն ու Մարտակերտի շրջանի Վանք գյուղը…

Թուրքական «Դունյա» թերթը 1992 թ. մարտի 18-ի համարում հաղորդել է, որ Շեդիշեհեր բնակավայրում 237 երիտասարդ թուրքեր դիմել են թուրքական բանակի մոտակա զորամաս` խնդրելով իրենց ուղարկել Լեռնային Ղարաբաղ` ադրբեջանցիների կողմից մարտական գործողություններին մասնակցելու…

(«Ռեսպուբլիկա Արմենիա», 01.05.1992)

 

Շարադրեց Ա.ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆԸ

Խորագիր՝ #30 (1401) 4.08.2021 - 10.08.2021, Ազգային բանակ


05/08/2021