Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀԱՅՐԵՆԻՔՆ ԱՄՈՒՐ ՊԱՀԵԼՈՒ ՎՃՌԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ
ՀԱՅՐԵՆԻՔՆ ԱՄՈՒՐ ՊԱՀԵԼՈՒ ՎՃՌԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ

ՀԱՅՐԵՆԻՔՆ ԱՄՈՒՐ ՊԱՀԵԼՈՒ ՎՃՌԱԿԱՆՈՒԹՅԱՄԲՊատերազմից հետո արդեն երկրորդ  զորակոչն է: Կենտրոնական հավաքակայանում զինվորացող տղերքն են՝  հայրենիքի  նորօրյա պաշտպանները: Իրենց տարածաշրջանին բնորոշ խոսակցականով զրուցում են, համուհոտով կատակներ անում, ծանոթանում, ընդհանուր ընկերներ գտնում:

ՀՀ ԶՈՒ ԳՇ անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Ալբերտ Բաղդասարյանին հետաքրքրում է զորակոչիկների տրամադրվածությունը, ծառայելու պատրաստակամությունը, հարցնում է՝ կա՞ն զորակոչիկներ, որ նպատակադրվել են հետագայում շարունակելու զինվորական ծառայությունը: Եվրոպական համալսարանի տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի ուսանող կապանցի Գառնիկ Գասպարյանը նման մտադրություն ունի.

-Այսօրվա հրամայականն է հայրենիքի պաշտպանի մասնագիտությունը:

ՀԱՅՐԵՆԻՔՆ ԱՄՈՒՐ ՊԱՀԵԼՈՒ ՎՃՌԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ-Մեր դիմաց   չխաղաղվող թշնամին է,- շարունակում է Գառնիկի ընկերը՝ Գոռ Պետրոսյանը։- Ուստի, Հայրենիքի պաշտպանի մասնագիտությունը մեր երկրում միշտ է արդիական: Եղբայրս՝ Նապոլեոնը, որպես կամավոր կռվել է Սյունիքի պաշտպանական հատվածում, հիմա մեր հերթն է, ամեն ինչ կանենք, որ սահմաններն անառիկ մնան:

-Իմ ավագ եղբայրն էլ՝ Արմանը, կռվել է Ջրականում,- զրույցին միանում է  մեկ այլ սյունեցի՝ Աշոտ Հովհաննիսյանը։- Եղբայրս վիրավորվել  է կռվի դաշտում, հորեղբորս որդին՝ Հովհաննեսը, զոհվել … Հովհաննեսը հետախույզ էր, Քարվաճառի, Ջրականի, Հադրութի և Սանասարի մարտական գործողությունների մասնակից, զոհվել է Սանասարի շրջանի Սարինտակ գյուղի մոտակայքում՝ իրենց հրամանատարի անշնչացած մարմինը կրակի միջից հանելիս…Մեր ազգային բանակի շարքերը համալրում եմ մարտական տրամադրվածությամբ, իմ սուրբ պարտքն է  իրենց կիսատ թողած գործը  շարունակելը:

***

ՀԱՅՐԵՆԻՔՆ ԱՄՈՒՐ ՊԱՀԵԼՈՒ ՎՃՌԱԿԱՆՈՒԹՅԱՄԲԶորակոչված տղաներից շատերը մինչ բանակ գալն արդեն իսկ զինվոր են «մկրտվել»՝ սահմանին ապրելով ու սահմանին կանգնելով: Կապանցի Ռադիկ Հարությունյանը պատերազմական օրերին, 18-ը դեռ չլրացած, ազատամարտիկ հոր հետ հայրենի բնօրրանի պաշտպանների կողքին էր.

-Եղբայրս՝ Ռազմիկն էլ այդ ժամանակ Մարտակերտի հատվածում էր կռվում, հիմա էլ ծառայությունը շարունակում է առաջնագծում:

Պատերազմի ժամանակ Ռադիկը մտերիմ ընկերներ է կորցրել՝ Տիրան Պետրոսյան, Յուրի Ալևորյան…

-Իրենք կյանքի գնով պահել են հողը, մենք էլ ենք պարտավոր ամեն գնով պահել:

***

Հավաքակայանի վիճակահանության սենյակում տաշիրցի նորակոչիկներն են:

Համավարակի պատճառով, արդեն մի քանի զորակոչ, առցանց  է տեսարձակվում  նորակոչիկների՝ զորամասը վիճակահանությամբ ընտրելու ընթացքը, և ծնողները իրենց  տարածքային ստորաբաժանումներում առցանց տարբերակով են հետևում այդ գործընթացին:

ՀԱՅՐԵՆԻՔՆ ԱՄՈՒՐ ՊԱՀԵԼՈՒ ՎՃՌԱԿԱՆՈՒԹՅԱՄԲՄեծավանցի Սարգիս Ավետիսյանը մյուս տղաների նման սրտատրոփ ու անհամբեր չի սպասում, թե որտեղ կվիճակվի ծառայել. ինքը եղբոր զորամասում ծառայելու դիմում է գրել (շարքային կազմի պարտադիր զինծառայության մեջ գտնվող եղբայր ունեցող շարքային կազմի պարտադիր զինծառայողն իր ցանկությամբ կարող է  ծառայության նշանակվել եղբոր զորամասում, եթե վերջինիս ծառայության ժամկետը չի գերազանցում 17 ամիսը):

-Երանի ես էլ զինվոր եղբորս՝ Արմենի  հետ միաժամանակ ծառայեի, միասին ավելի հեշտ կհաղթահարեինք բանակային կյանքի դժվարությունները, բայց, դե, հուլիսի սկզբին Արմենը զորացրվում է,- իր սրտի ցանկությունն է բարձրաձայնում Արամ Աղասարյանը Միխայլովկա գյուղից։ -Պատերազմական թոհուբոհով է անցել եղբայրս, ինձ էլ ծառայության մեկնելուց առաջ հազար խորհուրդ է տվել, պատվիրել՝ պատվով ծառայել…

-Տաշիրցի մարզիկ Վահրամ Անտոնյանի մասին էլ անպայման գրեք, մի քանի օրից հայր է դառնում, առաջնեկն է ծնվելու,- առաջարկում են նորաթուխ հայրիկի  համագյուղացի տղաները։- Երկու կարևոր գործ է անում՝ հա՛մ ազգն է պաշտպանում, հա՛մ էլ ազգն է շատացնում, իսկական հերոս է…

Վահրամը ժպտում է, ինքն էլ հումորով «խմբագրում» ընկերների ասածը՝ ոչ  թե  երկու, այլ երեք  կարևոր գործ՝ հա՛մ ազգն եմ պաշտպանում, հա՛մ  ազգն եմ շատացնում, հա՛մ էլ ազգին զինվոր եմ պարգևում. արու զավակ ենք ունենալու…

-Մեր տաշիրցի չեմպիոնին էլ չմոռանաք, ուժային եռամարտի ասպարեզում մեծ հաջողություններ է գրանցել,- հուշում են տղաները:

ՀԱՅՐԵՆԻՔՆ ԱՄՈՒՐ ՊԱՀԵԼՈՒ ՎՃՌԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ-Սամվել Հարությունյան,- ներկայանում է չեմպիոնը,- Տաշիրի Մեծավան գյուղից եմ: Ուժային եռամարտով (պաուերլիֆթինգ) չորս ամսվա պարապած էի, երբ Վրաստանում մասնակցեցի Եվրոպայի առաջնությանը եւ առաջին տեղը գրավեցի, հետո Ուկրաինայի Լուցկ քաղաքում կայացած ուժային եռամարտի պատանիների աշխարհի առաջնությանը դարձյալ առաջին տեղը գրավեցի, մասնակցել եմ նաեւ Լեհաստանի Պաբյանիցե քաղաքում կայացած Եվրոպայի առաջնությանը, Բաթումիում Սեւծովյան  երկրների բաց  խաղարկությանը եւ միշտ գերազանց արդյունքներ ցույց տվել։ 2021 թվականին էլ Հայաստանի առաջնությանը 195 կգ արդյունքով ձգում վարժությունով դարձել  եմ չեմպիոն: Բանակից հետո շարունակելու եմ մարզական կարիերաս, կընդունվեմ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ, իսկ մինչ այդ, ծառայությանս երկու տարիներն են…

-Ծառայելու ենք պատվով-նվիրումով, հայրենիքն ամուր եւ անառիկ պահելու վճռականությամբ,- ասում է կապանցի  Ալեն Գրիգորյանը:

Մեկը մարզիկ է,  մյուսը՝ երաժիշտ, ապագա բժիշկ, տնտեսագետ…

Հիմա զինվոր են, բանակ են գնում, գնում են  գրելու հայրենյաց պաշտպանի սեփական կենսագրությունը…

Հետպատերազմյան երկրորդ զորակոչն է.  խաղաղ ծառայություն ու բարի վերադարձ…

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Լուսանկարները՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ