Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԱՐՑԱԽՅԱՆ ԻՐԱՊԱՏՈՒՄՆԵՐ
ԱՐՑԱԽՅԱՆ ԻՐԱՊԱՏՈՒՄՆԵՐ

ԱՐՑԱԽՅԱՆ ԻՐԱՊԱՏՈՒՄՆԵՐՍկիզբը՝ նախորդ համարներում

 

Ելցինն ակնարկը հասկացավ…

 

«1991 թ. սեպտեմբերի 22-ի առավոտյան ժամը 9:30-ին ռազմական ուղղաթիռներով Ստեփանակերտ ժամանեցին Ռուսաստանի, Ղազախստանի եւ Ադրբեջանի նախագահներ Բ.Ելցինը, Ն.Նազարբաեւը եւ Ա.Մութալիբովը: Շրջգործկոմի շենքի առջեւի հրապարակում Ելցինին ու Նազարբաեւին ողջունելու էին հավաքվել մոտ 100 հազար արցախցիներ:

Մութալիբովը տեսնելով, որ շրջգործկոմի շենքի վրա ծածանվում են Ռուսաստանի, Ղազախստանի եւ Հայաստանի դրոշները, հրաժարվեց ներս մտնել: Ելցինի ու Նազարբաեւի հետ նա ուղղվեց դեպի ռազմական պարետատուն` կուսակցության շրջկոմի նախկին շենքը: Այստեղից շրջգործկոմի շենք` ԼՂՀ ղեկավարության հետ բանակցելու եկան ՌԽՍՖՀ պետքարտուղար Բուրբուլիսն ու ներքին գործերի նախարար Բարաննիկովը: Առաջարկում էին կա՛մ երեք դրոշներն էլ հանել, կա՛մ բանակցել նախկին շրջկոմի շենքում:

ԼՂՀ ղեկավարությունը պահանջեց բանակցել շրջգործկոմի շենքում` առանց դրոշները հանելու: Քիչ հետո Ելցինը շրջկոմի շենքից զանգեց Լեոնարդ Պետրոսյանին ու հրավիրեց բանակցության: «Հարգելի՛ Բորիս Նիկոլաեւիչ,- ասաց Լ.Պետրոսյանը,- դուք Գորբաչովյան-Յանաեւյան Կրեմլում եք, իսկ մենք` ռուսական «Սպիտակ տանը», ի՞նչ խորհուրդ կտաք` գա՞նք Կրեմլ, թե՞ ոչ»:

Ելցինն ակնարկը հասկացավ: «Մենք հիմա կգանք ձեզ մոտ»,- ասաց նա: Քիչ հետո նա եւ Նազարբաեւը եկան շրջգործկոմի շենք եւ բանակցեցին ԼՂՀ ղեկավարության հետ, հանդիպեցին ԼՂՀ ակտիվին, մասնակցեցին հանրահավաքին: Այդ ամբողջ ընթացքում Մութալիբովը շրջկոմի շենքից դուրս չեկավ»:

(Վ.Հարությունյան, «Իրադարձությունները Լեռնային Ղարաբաղում», մաս 4-րդ):

 

Նախագահի ստորագրության «արժեքը»

 

«Սեպտեմբերի 25-ին Շուշիից «Ալազան» հրթիռներով գնդակոծվեց Քարինտակ բնակավայրը: Ժամը 13:45-ին սկսվեց Ստեփանակերտի հրթիռակոծումը. մայրաքաղաքի վրա արձակվեց 7 հրթիռ: Երեկոյան ադրբեջանական 2 քաղաքացիական ուղղաթիռներից նռնակներ նետվեցին Ստեփանակերտի, Քարինտակի եւ Ասկերանի շրջանի Շոշ գյուղերի վրա: Ադրբեջանաբնակ Խոջալուից «Ալազաններով» հրթիռակոծության ենթարկվեց Ասկերան շրջկենտրոնն ու նույն շրջանի Նորագյուղ գյուղը:

Երեկոյան Շուշիից վերսկսվեց Շոշի հրթիռակոծումը, մեկ ժամ անց կրակը տեղափոխվեց Ստեփանակերտի վրա:

Հուժկու գնդակոծության ենթարկվեց Մարտակերտի շրջանի Կիչան գյուղը: Զոհվեց Նիկոլայ Գրիգորյանը:

Ամբողջ օրը զրահամեքենաներով ու «Ալազան» հրթիռներով գնդակոծվեցին Շահումյանի շրջանի Ղարաչինար եւ Մանաշիդ գյուղերը: Զոհվեց 4 մարդ, այդ թվում` 6-ամյա տղա:

Երեկոյան ռազմադաշտային համազգեստով շուրջ 30 օմօնականներ հարձակվեցին Ստեփանակերտի ծայրամասի` Արմենավանի վրա եւ նահանջելիս պատանդ վերցրին 70-ամյա Ծատուր Իսրայելյանին:

… Երկու օր առաջ` սեպտեմբերի 23-ին, ադրբեջանական ու հայկական կողմերը Ժելեզնովոդսկում ստորագրել էին համատեղ կոմյունիկե` «Ռուսաստանի եւ Ղազախստանի նախագահներ Բ.Ելցինի եւ Ն.Նազարբաեւի միջնորդական առաքելության արդյունքների մասին»: Վերջինիս համաձայն` կողմերը պետք է դադարեցնեին կրակը, ազատեին պատանդներին, փախստականների համար վերադառնալու պայմաններ ապահովեին, վերացնեին շրջափակումը:

Ադրբեջանի կողմից կոմյունիկեն ստորագրել էր Ա.Մութալիբովը:

 

Իրադրությունը Մարտունիում մնում է լարված…

1991 թ. հոկտեմբերի 29

 

Երեկոյան ժամը 5-ին Մարտունի քաղաքի ադրբեջանաբնակ ավանից օդ բարձրացավ ուղղաթիռը: Սկսվեց քաղաքի հայկական թաղամասերի գնդակոծումը: Անմիջապես կրակ բացվեց նաեւ Խոջավենդից, որը վերածվել էր օմօնականների որջի:

Հայկական կողմի պատասխան կրակով սպանվեց 3 ու վիրավորվեց 1 ադրբեջանցի: Փոխհրաձգությունը, կարճատեւ ընդմիջումներով, շարունակվեց ամբողջ օրը: Զոհվեց Ճարտարի կենդանաբուծական կայանի պահակ Հրանտ Բաբայանը: Շրջգործկոմի աշխատակից Ռուդիկ Գրիգորյանը վիրավորվեց: Օրվա ընթացքում օմօնականները տվեցին եւս 2 զոհ ու 1 վիրավոր:

Իրադրությունը Մարտունիում մնում է լարված («Զով Արցախա», 1991 թ. նոյեմբեր, հ.9-31)։

 

ԱՐՑԱԽՅԱՆ ԻՐԱՊԱՏՈՒՄՆԵՐԱյնտեղից այլեւս չեն կրակի…

 

«1991 թ. նոյեմբերի 19-ի գիշերը Մարտունին դարձյալ գնդակոծության ենթարկվեց ադրբեջանական Խոջավենդ եւ Ամիրանլար գյուղերից: Հայերի հուժկու պատասխանին օմօնականները չէին սպասում. Մարտունու պաշտպանները ներխուժեցին Խոջավենդ եւ լռեցրին անդադրում հրակնատները: Օմօնականների թվում կան սպանվածներ ու վիրավորներ: Գյուղն այժմ լիովին վերահսկում են Մարտունու բնակիչները:

Նույն օրն առավոտյան Հադրութի շրջանի Դուդուկչի գյուղի մոտ ադրբեջանցի օմօնականները գնդակոծել են «Բելառուս» տրակտորը: Զոհվել են երկու հայ, մեկը ծանր վիրավոր է:

ՕՄՕՆ-ը շարունակում է հայերի «որսը», որպեսզի արդեն եղած պատանդների վրա ավելացնելով, փոխանակի Ադրբեջանի գլխավոր դատախազի ավագ օգնական Ռզաեւի հետ: Ցերեկը նման փորձ եղել է Աղդամում:

Նոյեմբերի 20-ի առավոտից` փոխհրաձգություն Կրկժանում…» («Ռեսպուբլիկա Արմենիա», 21.11.1991):

 

«Արնոտված» խորհրդանիշ

 

«1991 թ. հոկտեմբերի 14-ին Շահումյանի շրջանի Ղարաչինար գյուղում վայրէջք կատարեց «Մի-8» քաղաքացիական ուղղաթիռը: Եթե ուղղաթիռն ինչ-որ բան էր խորհրդանշում շրջափակման մեջ գտնվող Արցախում, ապա միայն` հույս եւ կյանք: Գյուղացիները, միմյանց ձայն տալով, վազելով մոտեցան. ինչ էլ բերած չլիներ ուղղաթիռը՝ զենք, վառելիք եւ ալյուր հաստատ կլիներ: Առանց դրանց Արցախ թռչելն անիմաստ է:

Ուղղաթիռի դռնակն արագ բացվեց: Գյուղացիներն, ասես երազում, լսեցին կրակահերթի ձայնը: Ի՞նչ կատարվեց` ոչ ոք չհասկացավ: Այն տեսան, որ իրենցից 9-ը արդեն տապալված են: Դռնակը նույնքան արագ էլ փակվեց, ուղղաթիռը պոկվեց գետնից ու ծածկվեց տեսադաշտից: Ընկածներից երկուսը զոհվել էին, յոթը` վիրավորվել. խաղաղ բնակիչներն ադրբեջանցի օմօնականների նենգության զոհն էին դարձել:

 

Դանիելյանների ընտանիքը

 

ԼՂՀ Հադրութի շրջանի Տող գյուղում էր ապրում Դանիելյանների ընտանիքը: 69-ամյա Միսակ Դանիելյանն ու կինը` Զարին, ապրում էին որդու` 30-ամյա Սերգեյի ընտանիքի հետ: Սերգեյն ու Մարինեն ունեին երկու որդի` 4-ամյա Կարենն ու 6-ամյա Արմենը:

1991 թ. հոկտեմբերի 17-ի գիշերը, երբ երեխաներն արդեն անկողնում էին, դրսից խուլ ոտնաձայներ լսվեցին: Հանկարծ դռանն ուժգին հարվածեցին, եւ հաջորդ պահին ներս խուժեցին զինվորական համազգեստով, գլխներին կասկա դրած զինված մարդիկ: Նրանք ոչինչ չպահանջեցին ու չասացին` միանգամից սկսեցին սենյակներով անցնել ու կրակել:

Մի քանի րոպե շարունակ հարեւանները լսում էին կատաղի կրակահերթերի ձայներ: Դուրս վազելով` նկատեցին Դանիելյանների տնից հապճեպ հեռացող մոտ 10 զինյալների մի խումբ: Նրանց ականջին հասան թուրքերեն խոսքեր…

Դանիելյանների ընտանիքից փրկվել էր միայն 6-ամյա Արմենը. նա թաքնվել էր վերմակի տակ:

 

Ի՞նչ է «Ալազանը»…

 

Պատմում է ականատես Ն.Կալինկինը.

«Այն պահին, երբ ես մտա Ղարաչինար, հրետակոծումն արդեն 40 րոպե շարունակվում էր, եւ անընդհատ պայթյուններից ականջներս զնգում էին: Հազիվ էի անցել փողոցն, ու մինչեւ տուն 3 մետրից ավելի չէր մնացել, երբ լսվեց սարսափելի ուժեղ ճարճատյուն. դիպչելով պատին` իմ դիմաց պայթեց «Ալազան» հրթիռային կայանքի արկը: Առանցքիս շուրջ պտտվելով` ընկա: Հաջորդ մի քանի վայրկյանի ընթացքում կատարյալ լռության մեջ թափվում էին հարվածային ալիքից փշրված պատուհանների ապակիները: «Ալազանն» «ամենաանվնասն» է այն զինատեսակներից, որոնք ադրբեջանցիներն օգտագործում են գյուղի բնակիչների դեմ, ուստի, կարելի է ասել, որ իմ բախտը հիմնավորապես բերեց: Համարյա 2 ժամ տեւած հրետակոծման ընթացքում գյուղում զոհվեց 4 մարդ, այդ թվում՝ մի կին» («Նովոյե վրեմյա», N43, 1991):

 

… եւ ի՞նչ է «Գրադը»

Պատմում է ականատես Ինեսա Բուրկովան.

«1992 թ. փետրվարի 19-ին սկսվեց մի ահավոր հրետակոծում. Ստեփանակերտի վրա արձակվեց 268 արկ` 7 համազարկ` 40 րոպեն մեկ: Մենք արդեն գլխի էինք ընկել, որ 40 րոպե նրանք ծախսում են վերալիցքավորելու համար: Ադրբեջանցիները նշանառու կրակ էին վարում, խփում էին ըստ քառակուսիների: Սոսկալի զգացում է: Երբ շուրջդ պայթում են այդ արկերը. թվում է, թե կրակե պարկի մեջ ես:

Ես Գերագույն Խորհրդի շենքում էի, երբ դրան դիպան 4 արկեր: 4-րդ ու 5-րդ հարկերը փլվեցին: Ես իջա նկուղ, որտեղ տեղավորված էր ծննդատան բաժանմունքը: Այնտեղ էին մի քանի ծննդկան ու 6 նորածին: Ծննդկանները, բնականաբար, սարսափահար էին, լաց էին լինում, արնոտված վեր էին թռչում, չգիտեին, որ պատին հենվեն: Հատակն ու պատերը դեսուդեն էին գնում: Իսկապես, երբ «Գրադը» շենքի է խփում, այնպիսի զգացում է, ասես՝ առաստաղն ու պատերը հիմա փուլ են գալու վրադ: Ես երկրաշարժ չեմ տեսել, բայց եղել եմ Հայաստանի երկրաշարժի գոտում: Համանման ավերածություններ է առաջացնում «Գրադը»:

Եթե «Ալազան» հրթիռներից մարդիկ թաքնվում էին նկուղներում, ապա չգիտեին, թե որտեղ փրկվեն «Գրադից»: Շատ տներ հիմնահատակ փլվում էին` բնակիչներին թողնելով տակը» («Pro Armenia», N3, 1992):

 

Դաժան վիճակագրություն

 

«1991 թ. նոյեմբերի 21-ից մինչեւ 1994 թ. մայիսին կնքված զինադադարը Ստեփանակերտը համարյա ամեն օր գնդակոծվել է տարբեր զինատեսակներով. «Ալազան» հրթիռներով, համազարկային կրակի «Գրադ» ռեակտիվ համակարգով, տանկերով, տարբեր տրամաչափի հրանոթներով, իսկ հետո նաեւ՝ ավիառումբերով: Ընդհանուր առմամբ, քաղաքի վրա են ընկել «Գրադի» ավելի քան 21000, «Ալազանի» 2700, հրետանային` 1900 արկեր, 180 գնդիկային ավիառումբեր, որոնցից յուրաքանչյուրը լցված է հարյուրավոր նռնակներով, 500 կգ-անոց մոտ 100 ավիառումբեր, այդ թվում՝ 8 վակուումային:

ԼՂՀ մայրաքաղաքի տարածքը 11 քառ. կմ է: Թվաբանական պարզ հաշվարկը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր քառակուսի կիլոմետրի վրա ընկել է ավելի քան 2336 մահաբեր արկ եւ գնդիկային ավիառումբի 163 նռնակ: Նկատի առնենք, որ «Գրադի» արկի` հովհարաձեւ ցրվող բեկորների մահացու ուժը ավելի քան 100 մետր է» (Լեւոն Մելիք-Շահնազարյան, «Ադրբեջանի ռազմական հանցագործությունները ԼՂՀ խաղաղ բնակչության դեմ», Երեւան, «Նաիրի», 1997 թ.):

 

Շարադրեց Ա.ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆԸ