Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀՈՂԸ ԿԱՆՉՈՒՄ Է
ՀՈՂԸ ԿԱՆՉՈՒՄ Է

Ղալդունց Արմենի եւ կնոջ՝ Սուսաննայի ապրած կյանքը կապված է Խնձորեսկի հետ։ Երկուսն էլ ծնվել են Խնձորեսկի քարանձավ-կացարաններում։ Արմենի ծնողները հարս են ուզել Սուսաննային։ Մեծերի խորհրդով՝ «ճիպոտը կտրել են իրենց ճյուղից»։ Հետո տեղափոխվել են Երեւան, սակայն կապը երբեք չի կտրվել ծննդավայրի հետ։ Երբ մոտենում էին կնոջ ծննդաբերության օրերը, երիտասարդ ամուսինները գնում էին Խնձորեսկ, ասելով. «Մեր երեխաները թող ծնվեն մեր ծննդավայրում»։ Եվ երեք որդիները՝ Էդգարը, Վրեժն ու Վարդանը, ծնվեցին Խնձորեսկում եւ իրենց մանկությունն անցկացրին այնտեղ։
Հետո երեք որդիներն էլ պատվով անցկացրին իրենց ծառայությունը եւ վերադարձան հայրենի օջախ։ Հիմա ծնողները հպարտությամբ են ցույց տալիս որդիների պարգեւները՝ անձամբ պաշտպանության բանակի այն օրերի հրամանատար Ս. Օհանյանից։ Ցույց են տալիս ոսկյա շղթան, եւ մայրը ասում է. «Անձամբ Գրադի Ժորան է նվիրել որդուս՝ գրագետ հաշվարկների համար»։
Այսպես ծնողների կենսագրությունը հարստացնում էին որդիները։ Հայրը՝ Արմենը, մինչ հրադադար Մարտունու պաշտպանական դիրքերում էր։ Պարգեւատրվել է «1992-94թթ. մարտական գործողությունների մասնակից» կրծքանշանով։
-Հուզվում եմ, երբ հիշում եմ, թե ինչպես էին Գիշի գյուղի հայ մայրերը այդ դժվարին օրերին մեզ բաժին հանում իրենց ապրուստից, հացից։ Հույս էին տալիս, ոգեւորում մեզ, նոր զորակոչված զինվորներին։
Ղալդունց գերդաստանի կենսագրությունը հարստացնում է նաեւ կինը՝ Սուսաննան, որը ազատագրական պայքարի օրերին ռադիոօպերատոր էր Էրեբունի օդանավակայանում։ Երեսուն տարվա աշխատանքային փորձ ունի։ Ե՛վ երկրաշարժին, ե՛ւ պատերազմական օրերին կապավորի իր մասնագիտությամբ այնքա՜ն օգտակար, կարեւոր հանձնարարություններ է կատարել։
-Հատկապես անմոռաց են հուշերը՝ կապված Լենա մայրիկի հետ,- վերհիշում է Սուսաննան,- Լենա մայրիկի (Սվետլանա Ավագյանի) տունը գտնվում էր Գետաշենի բարձրադիր վայրում։ Ես էի պահպանում կապը նրա հետ շրջափակման ժամանակ, երբ ուղղաթիռները սնունդ, զենք էին փոխադրում, երբ փոխարինող ուժեր էին տեղ հասնում։ Բոլորիս համար գետաշենցի Լենա մայրիկը սիրելի էր, իսկական հայրենիքի նվիրյալ հայուհի։ Անգամ նրանք, ովքեր ոչ մի անգամ նրան չէին տեսել, միայն անունը լսելիս խոնարհվում էին եւ երանությամբ տալիս այդ անունը։
Գետաշենի հայաթափումից հետո Լենա մայրիկը հաստատվեց Մասիսի Խաչպար գյուղում։ Այնտեղ էլ կայացավ մեր հանդիպումը։ Մենք մշտապես հանդիպում էինք, երկար-երկար զրուցում, վերհիշում անցած պատերազմական օրերը։ Օր չէր լինում, որ Լենա մայրիկին հյուր չգային ազատամարտին մասնակցած մեր տղաները։ Ի՜նչ սիրով, ինչ քնքշանքով էր նրանց դիմավորում Լենա մայրիկը։ Աննկարագրելի պահեր էին. համբուրում էին ձեռքերը եւ որդիաբար լսում այդ բարի ու հայրենասեր հայուհու խոսքն ու խրատը։ 2006-ին, երբ կյանքից հեռացավ Լենա մայրիկը, Եռաբլուր՝ վերջին հանգրվան տանող ճանապարհը բազմամարդ էր։ Լուրն առնելուն պես եկել էին Հայաստանի տարբեր մարզերից, եկել էին Արցախից։ Եկել էին շատ շատերը, ովքեր կիսել էին նրա հացը, լսել մայրական խորհուրդները, կապավորի նրա հաղորդած լուրերը, որոնց շնորհիվ պայքարել, գտել էին դեպի կյանք տանող ճանապարհը… Եվ չնայած Լենա մայրիկի աճյունը տանում էին Եռաբլուր, սակայն մտքով բոլորը հասել էին հեռավոր Գետաշեն, որտեղ բարձրադիր իր տանը հար ու հավետ ապրում է, կա մեծ հայուհու ոգին, որը կանչում է տղաներին։ Կանչում է, որ տեր կանգնեն մեր նախնիների հող ու ջրին…

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
մայոր