Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
Ո՞Վ ԿՀԱՇՏԵՑՆԻ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԵՎ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԻՆ

Նոյեմբերի կեսին Թուրքմենստան այցելեց Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեստերվելլեն: Այցն ուշագրավ էր նախևառաջ նրանով, որ գաղտնի էր պահվում. դրա մասին հայտնի դարձավ այն պահին, երբ Վեստերվելլեն արդեն ինքնաթիռում էր: Թուրքմենստանում նա քննարկել է երեք հարց՝ համագործակցության խորացում, իրավիճակը Աֆղանստանում և «Nabucco» գազատարի կառուցման ծրագիրը: Փորձագետների կարծիքով, Վեստերվելլեի գլխավոր խնդիրը Ադրբեջանի և Թուրքմենստանի միջև եղած հակասությունները հարթելն է՝ հանուն «Nabucco» նախագծի իրականացման:

Խնդիրը հետևյալն է: Արևմուտքը և Թուրքմենստանը վճռականորեն են տրամադրված անդրկասպյան գազատար կառուցելու հարցում, իսկ Ռուսաստանն ու Իրանը դեմ են և պահանջում են նախևառաջ լուծել Կասպից ծովի իրավական կարգավիճակի հարցը, պարզ ասած՝ ծովը բաժանել մերձկասպյան պետությունների միջև:

Վերջերս Ռուսաստանի և Թուրքմենստանի շահերի հակասությունը դրսևորվեց հետևյալ կերպ: Նոյեմբերի 16-ին Թուրքմենստանի փոխվարչապետ Բ.Խոջամուհամեդովը, հիմնվելով բրիտանական ընկերությունների հետազոտության վրա, հայտարարեց, որ հանրապետության գազի ու նավթի պաշարները կազմում են ավելի քան 71.21 մլրդ տոննա՝ նախկինում ենթադրվող 44.25 մլրդի փոխարեն: Նոյեմբերի 18-ին ռուսական «Գազպրոմ Էքսպորտ» ընկերության ղեկավար Ալեքսանդր Մեդվեդևը կասկածի տակ առավ այդ տվյալների հավաստիությունը՝ ասելով, որ նման հայտարարություն անելու հիմք չկա: Իսկ հաջորդ օրը Թուրքմենստանի արտգործնախարարությունը հանդես եկավ կոշտ հայտարարությամբ՝ Մեդվեդևի ասածը որակելով որպես «ծայրահեղորեն ոչ կոռեկտ և անհարգալից՝ էներգետիկ ոլորտում համագործակցող գործընկերոջ նկատմամբ»: Թուրքմենստանը «Գազպրոմին» մեղադրեց իր բնական պաշարների իրական ներուժը աղավաղելու և իր անկախ էներգետիկ քաղաքականությունը խոչընդոտելու համար:

Անդրկասպյան գազատարի նախագծի իրականացման ճանապարհին կա նաև երկու այլ խոչընդոտ: Մեկն այն է, որ մինչ Եվրոպան մտածում է Թուրքմենստանի գազը գնելու մասին, Չինաստանը «սուսուփուս» գնում է այն: Նոյեմբերի 22-25-ը Թուրքմենստանի նախագահն այցելեց Չինաստան և կնքեց 14 համաձայնագիր, որոնցից գլխավորի համաձայն՝ Թուրքմենստանը եկող տարի 5 անգամ (!) ավելացնում է Չինաստանին վաճառվող գազի ծավալը՝ հասցնելով տարեկան 30 մլրդ խորանարդ մետրի, իսկ 2015թ. ծրագրվում է այդ թիվը հասցնել 65 մլրդ խմ-ի: Ուշագրավ հանգամանք. թուրքմենական հանքավայրերի շահագործումն ու դեպի Չինաստան գազատարների կառուցումը կատարվում է Չինաստանի տրամադրած վարկերի հաշվին, որոնց դիմաց Թուրքմենստանը Չինաստանին գազը վաճառում է մյուս գնորդների համեմատ ամենաէժան գնով: Բնականաբար հարց է ծագում՝ արդյոք Թուրքմենստանի գազը կհերիքի՞ նաև Եվրոպայի կարիքները բավարարելու համար:

Պատասխանը հետևյալն է՝ երևի կհերիքի, եթե դրան ավելացվի Ադրբեջանի գազը: Բայց Ադրբեջանն էլ վախենում է, որ եթե կառուցվի անդրկասպյան գազատարը, և թուրքմենական գազը հայտնվի Թուրքիայում, ապա այնտեղ լուրջ մրցակից կդառնա ադրբեջանական գազի համար, որը թուրքական շուկա է մատակարարվում Բաքու-Թբիլիսի-Էրզրում խողովակաշարով: Ուստի Ադրբեջանն այնքան էլ շահագրգռված չէ անդրկասպյան գազատարի կառուցմամբ: Ահա հենց այս հակասությունը հարթելու համար էլ, ենթադրվում է, Գերմանիայի արտգործնախարարն այցելել էր Աշխաբադ:

Որոշ վերլուծաբանների կարծիքով, եթե Արևմուտքը հետևողական լինի անդրկասպյան գազամուղը կառուցելու հարցում, ապա տարածաշրջանում իրավիճակը կսրվի: Մեծ է հավանականությունը, որ հակամարտությանը կմիջամտի ԱՄՆ-ը, որն առանց այդ էլ ծրագրում է իր ռազմական ենթակառուցվածքները Աֆղանստանից տեղափոխել Կենտրոնական Ասիա:

Ա. ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ