Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
Ի՞ՆՉ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԵՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ` ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ՄՈՐՆ ԱՆՎՃԱՐ ՎԻՐԱՀԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հարց. Արդեն մեկ տարի է` ԶՈւ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող եմ: Որքան գիտեմ, զինծառայողների ընտանիքի անդամներն օգտվում են անվճար բժշկական սպասարկումից: Մայրս ունի վիրահատության կարիք: Ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնել համապատասխան բժշկական հաստատություն` մորս վիրահատությունն անվճար իրականացնելու համար:
Ա.ՄԻՆԱՍՅԱՆ
ք.Աբովյան

Պատասխան. Սիրելի զինվոր, Դուք իրավացի եք: «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի համաձայն` զինծառայողները եւ նրանց ընտանիքների անդամներն ապահովվում են անվճար որակյալ բժշկական օգնությամբ` համապատասխան գերատեսչական բժշկական հիմնարկներում:

Ծառայության անցկացման վայրում նման բժշկական հիմնարկների բացակայության, ինչպես նաեւ անհետաձգելի դեպքերում զինծառայողներին եւ նրանց ընտանիքների անդամներին անհրաժեշտ բժշկական օգնություն ցույց է տրվում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր կարգի բժշկական հիմնարկներում` համապատասխան մարմինների միջոցների հաշվին` բուժման ծախսերի հետագա փոխհատուցմամբ:

Ձեր մայրիկի վիրահատությունը կազմակերպելու նպատակով ուղեգիր ստանալու համար Դուք կամ Ձեր ընտանիքի որեւէ անդամ պետք է դիմեք ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմաբժշկական վարչություն` կից ներկայացնելով հետեւյալ փաստաթղթերը.

-Տեղեկանք զինկոմիսարիատից կամ զորամասից` Ձեր զինծառայող լինելու հանգամանքի վերաբերյալ,

-Ձեր ծննդյան վկայականի պատճենը,

-մայրիկի անձնագրի պատճենը,

-տեղեկանք բժշկական հաստատությունից կամ Ձեր բնակավայրի պոլիկլինիկայից` Ձեր մայրիկի հիվանդության բնույթի, նրան տրված ախտորոշման, բուժման կամ վիրահատական անհրաժեշտության մասին:

Նշված փաստաթղթերը ներկայացնելուց հետո ԶՈՒ ԳՇ ռազմաբժշկական վարչությունը Ձեր մայրիկին կտրամադրի համապատասխան ուղեգիր` անհրաժեշտ բժշկական սպասարկումն իրականացնելու համար:

Առողջություն ենք ցանկանում Ձեր մայրիկին: