Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԳՆԴԱՊԵՏ ԱՐԹՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆ



ԳՆԴԱՊԵՏ ԱՐԹՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆԳնդապետ Արթուր Սարգսյանի կինը՝ Արմինեն, շուրջ յոթ ամիս խնամքով պահում է ամուսնու իրերն ու փաստաթղթերը և մինչ այսօր չի բացել և ոչ մի պայուսակ: Մեկ առ մեկ ցույց տալով ամուսնու իրերը՝ հուզված ձայնով ասում է.

-Բերված օրվանից չեմ կարողանում դրանք տեղավորել, ձեռքս չի գնում: Արթուրը չէր սիրում, որ իր իրերին դիպչում էին, պատվիրում էր ձեռք չտալ։ Եվ ես այսպես էլ թողել եմ…

Տիկին Արմինեն քսան տարվա համատեղ կյանքի ընթացքում մշտապես ամուսնու կողքին է եղել, շրջել Հայաստանի տարբեր զորամասերով, «ծառայել» նրա հետ.

-Երբ ամուսնացանք, ինքն արդեն Ճամբարակի զորամասում գումարտակի հրամանատար էր: Ու այդ օրվանից սկսվեց մեր դժվարին, միևնույն ժամանակ հետաքրքիր ու բովանդակալից կյանքը:

Մասնագիտությամբ գինեգործ Արթուր Սարգսյանը ժամկետային զինծառայությունն ավարտելուց հետո վճռել էր մնալ զինված ուժերում, դառնալ զինվորական: Հայրենիքի հանդեպ մեծ սերն ու նվիրումը, իր պատասխանատվության ու ամեն ինչում անթերի լինելու հատկանիշները լավագույն նախադրյալներն էին կիրթ ու գրագետ սպա դառնալու համար: …Ընդունվեց Մոսկվայի Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա: Երկու տարի սովորելուց հետո վերադարձավ և նշանակվեց Սիսիանի զորամասի շտաբի պետ:

Հենց այստեղ էլ Արթուր Սարգսյանը դրսևորեց զինվորականի լավագույն հատկանիշներն ու հմտությունները: Երեք տարվա անբասիր ծառայությունից հետո նրան վստահվեց լեգենդար «Սիսական» գնդի հրամանատարությունը:

-Ամուսինս անուրանալի վաստակ ունի Սիսիանի զորամասի մարտունակության բարձրացման գործում, ինչը կհաստատեն թե՛ նրա ծառայակից ընկերները և թե՛ տեղաբնակները,- ասում է հերոս հրամանատարի կինը:

ԳՆԴԱՊԵՏ ԱՐԹՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆ-Արթուրին ճանաչել եմ 2000-ականների սկզբից, իսկ միասին ծառայել ենք 2000-ականների վերջին, երբ ես նշանակվեցի Սիսիանի գնդի հրամանատար: Այդ ժամանակ Արթուրը զորամասի շտաբի պետն էր: Մեր զորամասն այդ տարի բանակում գրավեց առաջին տեղը, և մենք արժանացանք ԶՈՒ փոխանցիկ դրոշին: Սա որևէ զորամասի՝ զինվորական մեծ ընտանիքի համար, թերևս, ամենակարևոր իրադարձությունն է, որին հասնելու համար գիշեր ու զօր քրտնաջան ծառայել է պետք, նվիրվածություն ու պատասխանատվություն է պետք: Եթե չլիներ նա, երևի թե մենք չճանաչվեինք լավագույնը: Իսկական զինվորականի համար անհրաժեշտ բոլոր որակներն ուներ Արթուրը:

Գնդապետ Սարգսյանը բանիմաց, խելացի, պատասխանատու, բոլոր հանձնարարությունները ժամանակին կատարող, պարկեշտ սպա էր։ Նա մեծ ավանդ ունի «Սիսական» գնդի հզորացման գործում: …Նրա զոհվելուց մի երկու շաբաթ էր անցել, երբ զինծառայողներից մեկի մոտ տեսա Արթուրի դեմքով կրծքանշան, խնդրեցի ինձ տալ։ Հիմա դրել եմ իմ աշխատասենյակում և Արթուրի ներկայությունը միշտ զգում եմ…,-հերոսին է ներկայացնում զորքերի միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Տիգրան Փարվանյանը:

Ամեն ինչը և ամենուր ժամանակին հասցնելը, մարտական խնդիրներն անթերի կատարելը գնդապետ Սարգսյանի այցեքարտն էին: Նա նույն ջանասիրությամբ և նվիրումով ծառայեց նաև երրորդ զորամիավորումում:

2014 թ. գնդապետ Սարգսյանը նշանակվեց ՊՆ անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության պետի տեղակալ: Սակայն, ինչպես տիկին Արմինեն է նշում, գրասենյակային աշխատանքը գնդապետ Սարգսյանի համար այդքան էլ հոգեհարազատ չէր.

-Սիրում էր զինվորի հետ աշխատել։ Սիրում էր միշտ շարժման մեջ լինել: Եվ մշտապես զորքի կողքին լինելով հանդերձ՝ Արթուրը հասցնում էր նաև մեր երկու որդիների դաստիարակությամբ զբաղվել:

-Կիրակի օրերը մեզ միշտ տանում էր զորամաս, որ զինվորների հետ շփվենք, զինվորական ծառայության հմայքն ու դժվարությունները տեսնենք: Մեզ աստիճանաբար ընտելացնում էր զինվորական կյանքին,- հիշում է ավագ որդին՝ Սարգիսը:

-Մենք գիտեինք. առաջին տեղում Հայրենիքն է, նրա պաշտպանության գործը, հետո՝ մնացյալը։ Եվ դրանից ելնելով, նույնիսկ եթե մեր հարազատները, մտերիմները առիթներ էին ունենում՝ ծնունդ լինի, կնունք, թե հարսանիք, անպայման պետք է Արթուրի հետ նախօրոք համաձայնեցնեին, որովհետև բոլորն էլ ուզում էին, որ ամուսինս՝ իրենց սիրելի Արթուրը, անպայման ներկա լինի իրենց արարողությանը։

… 2020 թ. հուլիսին գնդապետ Սարգսյանը նշանակվեց Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալի պատասխանատու պաշտոնում:

-Արցախյան նշանակումը, անկեղծ ասած, իմ սրտով չէր. վատ կանխազգացում ունեի, նույնիսկ արտասվել եմ… Բայց պարտավոր էի իր կողքին լինել… Մտածում էի՝ սա էլ զինվորականի անցնելիք ճանապարհի հերթական փորձությունն է, որը պետք է միասին անցնենք…

Այս նույն ժամանակահատվածում՝ օգոստոսի քսանյոթին, Արցախում ծառայության է զորակոչվում Սարգսյանների ավագ որդին:

-Սեպտեմբերի քսանյոթի առավոտյան արթնացա էն մտքով, որ տղայիս ծառայության մեկ ամիսն է լրանում: …Ու հանկարծ ահարկու պայթյուններ… Պատուհանը բացեցի, տեսարանը սարսափելի էր,- հիշում է հերոս հրամանատարի կինը:

Գնդապետ Սարգսյանը զինվորականին վայել սառնասրտությամբ ու հանգստությամբ էլ մեկնեց մարտի դաշտ, եղավ ռազմական գործողությունների ամենաթեժ կետերում, իսկ հոկտեմբերի չորսին Շուշիի մշակույթի տանը ծանր վիրավորում ստանալուց հետո, անտեսելով առողջական վատ վիճակը, կրկին վերադարձավ շարք:

-Արթուրը հետազոտվելու համար Երևան գալու ուղեգիր ուներ, բայց պատռել էր, ասելով՝ 19-20 տարեկան երեխեքը կռվում ու զոհվում են, զորքս ինձ է սպասում, հենակ տվեք՝ գնամ: Ընկերները վկայում են, որ զինվորների մոտ անգամ հենակից չի օգտվել, մի կերպ հասել է առաջնագիծ, անցել իր պարտականությունների կատարմանը,- պատմում է հերոսի կինը:

-Վիրավորում ստանալուց հետո, երբ հետը զրուցեցի, էնպես էր տրամադրված, որ ինձ թույլ չտվեցի ասել՝ միգուցե հոսպիտալ դիմես, միգուցե ապաքինվելու անհրաժեշտություն կա, միգուցե ավելի լուրջ մասնագիտական հետազոտություն անցկացնեն: Ասաց, որ ինքն անելիք ունի. և նա լավ գիտեր իր անելիքն այդ իրավիճակում,- հիշում է  զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի տեղակալ, գնդապետ Արթուր Ադամյանը, որը հերոս հրամանատարի հետ երկուհազարականներից զինվորական ուղի է անցել, շփվել են նաև ընտանիքներով: Պատերազմի ժամանակ էլ ամեն օր ներքին կապով քննարկել են մարտական իրավիճակը, ռազմական գործողությունները:

Վերջին անգամ գնդապետները զրուցել են հոկտեմբերի 25-ին: Պայմանավորվել, որ հաջորդ օրը դարձյալ կապի դուրս գան…

Սակայն հաջորդ օրը գնդապետ Արթուր Սարգսյանը կապի դուրս չի եկել. հոկտեմբերի 25-ի երեկոյան նա զոհվել է թշնամու կործանիչի հարվածից՝ Մարտունու հրամանատարական կետում:

Գնդապետ Արթուր Սարգսյանն իր ծառայության քսաներեք տարիների ընթացքում մեծ ներդրում է ունեցել հայկական զինված ուժերի կայացման և զարգացման գործում, զբաղեցրել պատասխանատու  պաշտոններ…

ՀՀ նախագահի հրամանագրով գնդապետ Արթուր Սարգսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով…

ԶԱՐՈՒՀԻ ՌՇՏՈՒՆԻ

Լուսանկարները՝ ԴԱՎԻԹ ՀԱԿՈԲՅԱՆԻ և ԱՐՇԱԿ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻ

Խորագիր՝ #24 (1395) 23.06.2021 - 29.06.2021, Ճակատագրեր, Նորություններ, Ուշադրության կենտրոնում


24/06/2021