Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԵՍ ԱՊՐԵԼՈՒ ԵՄ
ԵՍ ԱՊՐԵԼՈՒ ԵՄ

Զրույց ազատամարտիկ, «Զոհված եւ հաշմանդամ ազատամարտիկների ժառանգություն» հասարակական կազմակերպության նախագահ ԱՇՈՏ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԻ հետ

-Պարոն Նիկողոսյան, եկեք անկախության, պատերազմի, հաղթանակի ու հայրենասիրության մասին մեր զրույցը սկսենք փոքրիկ նախաբանով՝ որտեղի՞ց սկիզբ առավ Ձեզ ռազմաճակատ բերող ճանապարհը, կարծում եմ՝ հիմա, տարիների հեռվից ավելի հեշտ է պատասխանել այս հարցին։

-Բայազետից։ Բայազետցի Վաղարշակ պապից (հորս քեռին էր)։ 103 տարի ապրեց։ Երբ ես փոքր էի (ու Հայաստանի անկախության մասին երազելը առնվազն ցնորամտություն էր), Վաղարշակ պապս ասում էր՝ մինչեւ Հայաստանի անկախությունը չտեսնեմ, չեմ մեռնելու։ Ու տեսավ։ 103 տարի ապրեց, որ տեսնի։ Մահացավ 1992-ին։ Իմ մանկության ու պատանեկության տարիների ամենակարեւոր մարդը, մեկը, որ բացառիկ ազդեցություն է ունեցել ինձ վրա, Վաղարշակ պապն էր, ուղնուծուծով դաշնակցական, երդվյալ հակակոմունիստ։ Բայազետի կարոտով ապրող հայ։ Ինձ համար նրա կերպարը վերերկրային էր, ասես գրքերից իջած հերոս լիներ՝ ուժեղ, խորհրդավոր, քաջ։ Ես ինձնից անկախ փորձում էի նմանվել նրան։ Կամ գուցե նման էի։ Նա առջեւից գնացող, իր վրա պատասխանատվություն վերցնող տեսակ էր։ Առաջնորդ էր։

-Ինչո՞վ էիք զբաղված, երբ սկսվեց պատերազմը։

-Գերազանց գնահատականներով ավարտել էի բուհը եւ աշխատում էի իմ ծննդավայր Գավառի Կարմիր գյուղում, որպես գյուղապետ։ Ամուսնացել էի, երեխաներ ունեի։ Եթե պիտի հարցնեք, թե ինչպես ծնվեց պատերազմ գնալու որոշումը, եւ ինչպես խաղաղասեր մտավորականից դարձա ռազմատենչ մարտիկ (Դուք այդ հարցը հաճախ եք տալիս ազատամարտիկներին), ասեմ, որ այդ ամենը միանգամից չի լինում։ Առաջին կրակոցներից մինչեւ աչքիդ առաջ հանգչող ընկերդ, արկերից ու ռումբերից բզկտվող արնագույն հողից մինչ հայրենակիցներիդ ողբը գաղթի ճանապարհներին…

-Դուք եղեռնի մասի՞ն եք խոսում։

-Ո՛չ, Արցախյան պատերազմի։ Ես սեփական աչքերով եմ տեսել, թե ինչպես էին մարդիկ հեռանում Շահումյանից։ Աշխարհում ավելի մեծ ողբերգություն չեմ պատկերացնում, մարդիկ վերջին անգամ նայում էին իրենց տներին, ծառերին, հողին… որի վրա իրենց մանկության ոտնահետքերն են, որտեղ իրենց թանկ գերեզմաններն են… Պատերազմի դաշտում գալիս է մի պահ, երբ դու հասկանում ես, որ ոչինչ չգիտես ինքդ քո մասին, որ մի հզոր, գերհզոր ուժի իշխանության տակ ես, ու նա է տնօրինում քո վարքն ու ճակատագիրը։

-Մի առիթով ասացիք՝ հատկանշական է, որ ես Օմարի վրա եմ վիրավորվել։ Ինչո՞ւ է հատկանշական։

-Ես շատ եմ սիրում լեռներ։ Լեռները իմ հոգու տունն են, լեռներում վերանում են բոլոր կասկածները, երկվությունները, փոքրոգությունը, մանրությունը։ Լեռները քեզ մեծացնում են իրենց նման, քեզ բարձրացնում են վեր…

…Դաժան ճակատամարտ էր։ Ես Բոզլուխ-Լեւի ուղղության հրամանատարն էի։ Ուժերը անհավասար էին, մոտավորապես 10-ը հարյուրի դեմ։ Մեզ օգնության շտապող մայրաքաղաքային գունդը ուշացել էր ձնաբքի պատճառով, մենք ստիպված էինք կենաց-մահու կռվով փակել ազերիների ճանապարհը։ Ես գնդակոծության տակ ընկա։ Առաջին գնդակը ողնաշարիս կպավ, երկրորդը՝ ուսիս։ 4 ժամ մնացի մարտադաշտում, որովհետեւ գնդակների տարափի տակ անհնար էր ինձ դուրս բերել մարտի դաշտից։

-Ասում են՝ Դուք Ձեր զինվորներին հրամայել եք թողնել Ձեզ ու փրկել սեփական կյանքը։ Պարզապես ասել եք՝ միեւնույնն է, ես չեմ ապրի, իսկ դուք պետք եք հայրենիքին։

-Հիմա չեմ հիշում, թե բառացի ինչ եմ ասել, հրամայեցի դուրս գալ ռմբակոծության տարածքից, բայց նրանք ասացին՝ հրամանատար, կա՛մ միասին դուրս կգանք մարտադաշտից, կա՛մ միասին կզոհվենք։

-Արցունքոտվելու աստիճան հուզիչ է, վեհացնող, արիացնող… Փոքրիկ ասք է, որոնցով լիքն է մեր պատմությունը։

-Այդպես էլ արեցին, ինձ դուրս բերեցին մարտադաշտից ու, փառք Աստծո, իրենք էլ կենդանի մնացին։

-Ճի՞շտ է, որ Դուք գիտակցության գալով բժշկին ասել եք՝ ես ապրելու եմ։

-Ես գիտակցությունս չէի կորցրել, պարզապես խոսել չէի կարող։ Ու լսում էի, թե ինչպես է բժիշկը կրկնում՝ չի ապրի, այդ վերքերով չի ապրի…

-Պարոն Նիկողոսյան, ես գիտեմ, որ հարցս շատերին դուր չի գալու… Չի՞ եղել պահ, որ զղջաք պատերազմ գնալու համար։

-Եղել են հուսահատության պահեր, ծայրահեղ հուսալքման, բայց զղջում չի եղել։ Երբեք չի եղել։

-Ինչո՞ւ եք հուսալքվել։

-Երբ դու առողջ, ուժեղ տղամարդ ես ու հանկարծ հայտնվում ես հաշմանդամի սայլակի մեջ, հուսահատությունը այնքան էլ զարմանալի չէ։ Ու ամենադժվարը քեզ խղճացող հայացքներին դիմանալն է։ Մանավանդ՝ երբ դու հաղթանակած տուն ես եկել ազատագրական պատերազմից ու հոգուդ մեջ ահռելի ուժ եւ հպարտություն կա, ապրելու կամք ու երկիրդ կառուցելու ցանկություն…

-Ո՞րն եք համարում խաղաղության տարիների ամենամեծ նվաճումը։

-Ազգային բանակի ուժն ու մարտունակությունը։ Ազգային բանակի մարտունակության փաստը միայն սահմանը անառիկ պահելու եւ պատերազմական նվաճումները պաշտպանելու երաշխիք չէ, այն նաեւ (ու առաջին հերթին) հասարակության մարտունակության, հավատի, հաստատակամության, սեփական երկրի հետ իր ճակատագիրը կապելու եւ սեփական տունը կառուցելու գրավական է։ Որքան էլ արժանին մատուցենք զինվորականներին, պիտի փաստենք, որ մեր բանակը ժողովրդի տքնանքի ու հավաքական կամքի արգասիքն է։

-Իսկ ամենամեծ բացթողումը ո՞րն է։

-Մենք պիտի շարունակենք հաղթել։ Մենք ուժեղ էինք, ու թվում էր` մեր մղումը այլեւս անհնար է կասեցնել։ Բայց… Եթե այսօր որեւէ հայ Հայաստանը լքելու վճիռ է կայացնում, այսինքն՝ որոշում է անմասն մնալ հայրենիքը կառուցելու, պաշտպանելու, զորացնելու, հայրենիքի ճակատագրի բաժնեկիցը լինելու պարտավորությունից, ես մտածում եմ, որ մենք կորցնում ենք։ Շատ մեծ բան ենք կորցնում բարոյական դաշտում, ոգու տարածքում։ Իսկ դա ամենավտանգավորն է։

-Ինչո՞ւ որոշեցիք ստեղծել հասարակական կազմակերպություն, եւ ի՞նչ է բովանդակում «Զոհված եւ հաշմանդամ ազատամարտիկների ժառանգություն» անվանումը։

-Մենք հավաքվել ենք մի գաղափարի շուրջ. օգնել, չսպասելով, որ օգնություն խնդրեն։ Օգնել՝ պատվելով։ Երբ մարդը հասնում է մի եզրագծի, որից հետո սկսում է պահանջել, նրա հոգում շատ ծանր բարոյական փոխակերպում է կատարվում։ Ինչ վերաբերում է կազմակերպության «Զոհված եւ հաշմանդամ ազատամարտիկների ժառանգություն» անվանմանը, խոսքը ազատամարտին ամենաթանկ գինը վճարած մարդկանց բարոյական ժառանգությանը տեր լինելու մասին է։ Մենք պարտավոր ենք ապրել ու արարել նաեւ այն մարդկանց փոխարեն, ովքեր իրենց կյանքով ու առողջությամբ փրկագնեցին մեր ապրելու իրավունքը ու այսօր չեն կարող իրականացնել իրենց երազանքները, նպատակները, ծրագրերը։ Այս կյանքն ու խաղաղ հայրենիքը մեզ անհատույց չի տրվել, ինչ-որ մարդիկ վճարել են դրա համար ու դրանով պարտավորեցրել մեզ իրենց չիրականացած երազանքների ժառանգորդը լինելու։

-Պարոն Նիկողոսյան, մենք նշում ենք հաշմանդամների օրը։ Ի՞նչ խորհուրդ ունի օրը Ձեզ համար։

-Մարդու հանդեպ հոգածությունը պետք է կենսակերպ լինի, որ ստիպված չլինենք օգնության կարիք ունեցող մարդկանց մասին հիշել տոնից տոն։ Մենք պիտի ամեն ինչ անենք, որ մարդը ավելի հեշտ տանի իր հաշմանդամությունը, ավելի քիչ առիթ ունենա հիշելու դրա մասին։ Խոցելի մարդկանց հանդեպ վերաբերմունքը հասարակության բարոյականության առաջին չափորոշիչն է։ Ինչ վերաբերում է Արցախյան պատերազմում հաշմված մարդկանց, մենք պիտի այնպես անենք, որ անգամ հաշմանդամի սայլակում կամ ձեռնափայտով՝ նրանք իրենց դյուցազուն զգան։

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ