Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՎԱՔ
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՎԱՔ

ՀՀ զինված ուժերում HARRIS ժամանակակից կրովի ռադիոկայաններով աշխատող անձնակազմի մասնագիտական ունակությունները բարձրացնելու նպատակով օրերս պաշտպանության նախարարությունում կապի և ԱԿՀ վարչության մասնագետների ղեկավարությամբ կազմակերպվել էր ուսումնական հավաք` տարբեր զորատեսակների համապատասխան ներկայացուցիչների ներգրավմամբ: Իրենց զորամասերի ռադիոկենտրոններում տվյալ տեսակի ռադիոկայաններ շահագործող բոլոր մասնակիցների հետ անցկացվեցին տեսական պարապմունքներ և գործնական վարժանքներ: Հատկապես գործնական հատվածին մեծ կարևորություն տրվեց, քանի որ մասնակիցները ստանում էին զորքերում ռադիոկայանների կիրառման նոր, ավելի լայն հնարավորություններ, ծանոթանում էին յուրաքանչյուր կոնկրետ իրավիճակում ժամանակակից տեխնիկան օգտագործելու նրբություններին: Գործնական պարապմունքների ընթացքում մասնակիցները կարողացել են սահմանված կենտրոնների միջև կապ հաստատել գերկարճալիք և կարճալիք ռադիոտիրույթներում, ապահովել գաղտնի կապ, ստեղծել մի քանի բաժանորդներից բաղկացած ռադիոցանց և այլն:

Ինչպես նշեց ուսումնական հավաքի ղեկավար գնդապետ Ս.Աթոյանը, ծրագրով նախատեսված բոլոր խնդիրները կատարվել են, ստուգումներն էլ փաստել են, որ մասնակիցները զգալիորեն ավելացրել են իրենց գիտելիքների պաշարը և կարող են տարբեր բարդության իրավիճակներում լիարժեք կիրառել HARRIS ռադիոկայանը: Նա նաև հավելեց, որ նման հավաքները շարունակական են լինելու` ընդգրկելով ավելի մեծ թվով մասնակիցների: Ընդ որում, իրենք արդեն մասնակիցների խմբերը տարանջատելու առաջարկ են ներկայացրել, որպեսզի առավել «ուժեղներին» ավելի բարդ խնդիրներ առաջադրվեն:

Ա.ԱՂԵԿՅԱՆ