Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱԿԱՐԱՎԱՆՔԻ ԿԱՐՈՏՈՎ



Արշակ Սարուխանյանը ծնվել է 1969թ. Իջեւանի Աչաջուր գյուղում։ Հետո տեղափոխվել են Երեւան։ Երբ սկսվեցին սահմանային բախումները, մեկնեց հայրենի եզերք՝ իր մասնակցությունը բերելով ազատագրական պայքարին։ 1991թ. հուլիսի 9-ին կտրվեց նրա կյանքի թելը, և նա հավերժ մնաց 22 տարեկան։

-Մակարավանքը շատ էր սիրում,- պատմում է Սուսաննա մայրը,- երազանք ուներ. իր պսակադրությունը պետք է լիներ Մակարավանքում։ Սիրած աղջիկ ուներ, որը մինչ օրս էլ այցելում է Եռաբլուր, գալիս է ինձ տեսության։

-Շատ էր կապված Սերոժ պապի հետ,- հիշում է Հեղնար տատը,- Երբ գալիս էր Աչաջուր, մարդիկ մեզ աչքալուսանք էին տալիս. «Սարուխանանց Արշակը եկավ»։ Պապի հետ միշտ լինում էր հանդերում, սարերում։ Մակարավանքի ճանապարհին՝ ձորի մեջ, մի աղբյուր կա, որի ջուրը շատ էր սիրում Արշակս։ Զոհվելուց հետո Սերոժ պապը ութ ամիս ձորից դուրս չեկավ։ Արշակիս հիշատակին հուշաղբյուր կառուցեց ու ինքն էլ գնաց աշխարհից։ Հիմա գյուղում մենակ ես եմ, մի առանձին սենյակ կա, որն Արշակինս է։ Բալիցս մնացած ամեն մի մասունք դեռ պապի ժամանակ հավաքել-դասավորել ենք։ Ժամերով նստում եմ այդ սենյակում, խոսում Արշակիս հետ, հետո իջնում եմ ձորը, խոսում Սերոժ պապի կառուցած հուշաղբյուրի ջրերի հետ…

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
մայոր

Խորագիր՝ #47 (912) 01.12.2011 – 7.12.2011, Հոգևոր-մշակութային


07/12/2011