Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՈԳԱՏԱՐ ԲՈՒԺՔՈՒՅՐԸ



1998թ. հայոց պատմական ազատագրված Կովսական գավառ, (Հորադիզ)։ Գումարտակի հրամանատար Հովսեփ Տերտերյանը գովեստի խոսքեր է ասում բուժքույր Անահիտ Վարդանյանի հասցեին, եւ ես պահ առաջ ուզում եմ հանդիպել, զրուցել հայրենասեր, նվիրյալ հայուհու հետ։

Անահիտը ծնվել է Երեւանում։ 1990-ից եղել է տարբեր ջոկատներում։ 1991-ից Մարտակերտի առաջին գծի շրջիկ բուժքույրն էր։ Մարտերի ժամանակ վիրակապում էր վիրավորներին եւ մնում մարտադաշտում։

-Ներկայիս համարյա բոլոր հրամանատարներին այն օրերին օգնել եմ, վիրակապել։ Մոնթեի ջոկատում էլ եմ եղել։ Երկու անգամ վիրավորվել եմ, բայց կռվի դաշտից դուրս չեմ եկել,- պատմում է Անահիտը, ապա շարունակում,- 1998-ից նշանակվել եմ գումարտակի բուժքույր։ Բացի վիրաբուժական միջամտությունից, ամեն ինչ տեղում կարողանում ենք ճարել, հասցնել զինվորներին։ Շատ հրամանատարներ եմ ունեցել, բայց ուզում եմ առանձնապես նշել Հովսեփի հոգատար վերաբերմունքը զինվորի հանդեպ։ Ես տեսել եմ նրանց հերոսությունը, տառապանքը, չարչարանքը ինչպես պատերազմի, այնպես էլ բանակի ստեղծման տարիներին եւ ուզում եմ ամեն կերպ օգտակար լինել նրանց, մեր բանակին։

…Հանգիստ ու լռակյաց Անահիտը բուժքրոջ պայուսակն առած` ամեն օր շրջում է զորանոցներում ու ստուգում զինվորների առողջական վիճակը։ Բանակաշինության առաջին տարիներն էին, ու շատ գործեր էին անավարտ։ Ու կիսակառույց զորանոցներում հանդիպելով որեւէ հիվանդ զինվորի՝ դեմքին խիստ արտահայտություն տալով ասում էր.

-Ես որ չգամ, դուք երեւի ինձ կմոռանաք…

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
մայոր

Խորագիր՝ #47 (912) 01.12.2011 – 7.12.2011, Հոգևոր-մշակութային


07/12/2011