Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՏԵՐԱԶՄԻ ՁԱՅՆՆ Է…



ՊԱՏԵՐԱԶՄԻ ՁԱՅՆՆ Է...Տեսանյութը, որում պատերազմի ամենաթեժ օրերին հրամանատարական կետից խրոխտ ձայնով հրամաններ է տալիս դաշտային համազգեստով զինվորականը, զորամասի շտաբի պետ, փոխգնդապետ Արթուր Հակոբյանն է:

– Խփե՛ք դրանց, խփե՛ք…,- լսվում է հերոս հրամանատարի ձայնը: Հրամանն է՝ հակառակորդի հարձակումը կասեցնելու, գրոհայիններին ոչնչացնելու, որը կատարվում է վայրկյանների ընթացքում:

Սա թերևս 44-օրյա պատերազմի ամենահիշարժան դրվագներից է, որը անջնջելիորեն դաջվել է բոլորիս հիշողության մեջ:

– Պարո՛ն փոխգնդապետ, հեսա կանեմ, հեսա կանեմ,- կապի մյուս կողմից լսվում է զինվորի ձայնը:

Եվ այս ամենը հակառակորդի թիրախային հրետակոծության պայմաններում։ Ընդ որում, հրամանատարական կետը գործել է «սմերչի» ուղիղ կրակի տակ։

-Խփե՛ք, տղե՛րք,- նորից լսվում է փոխգնդապետի հուժկու ձայնը:

Ի դեպ, հրամանատարական կետում, որտեղից արձակվել են հրամանները, ներկա է եղել նաև «Զինուժ մեդիայի» նկարահանող խումբը, որի շնորհիվ էլ հանրությանը հասանելի եղան սխրանքի ու նվիրումի այս ակնթարթները…

Փոխգնդապետը շտապում էր առաջնագիծ՝ պաշտպանությունն անձամբ համակարգելու, անձամբ աջակցելու իր զինվորներին, անձամբ մասնակցելու հերոսամարտին։ Նա կառավարման կետում մնացողը չէր, պիտի մարտական գործողությունների ամենաբարդ ու ամենադժվարին հատվածում լիներ։ Տեսակով առաջնորդող էր, մահվանն ընդառաջ գնացող…

Փոխգնդապետ Արթուր Հակոբյանը հերոսաբար զոհվեց հոկտեմբերի 5-ի առավոտյան, հարազատ զորամասի մատույցներում հակառակորդի դիվերսիոն խմբերին չեզոքացնելու ժամանակ։

Փոխգնդապետը պատերազմից հետո ամիսներ շարունակ անհետ կորածների ցանկում էր… Վերջերս նրա աճյունը հանձնվեց հայրենի հողին։ Հայաստանի և Արցախի «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետը Գառնիի զինվորական պանթեոնի եռագույն դրոշի ներքո է հանգչում։

ԴԱՎԻԹ ԴԱՎԹՅԱՆ

Խորագիր՝ #23 (1394) 16.06.2021 - 22.06.2021, Ճակատագրեր, Նորություններ, Ուշադրության կենտրոնում


17/06/2021