Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀԻՆ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ
ՀԻՆ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ

ՀԻՆ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸԶրույց պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ, «Ադրբեջանահայերի ասամբլեա» փախստականների ՀԿ նախագահ Գրիգորի Այվազյանի հետ:

 

Սկիզբը՝ նախորդ համարում

 

-Ադրբեջանական քարոզչամեքենան, ինչպես պատերազմի օրերին, այժմ էլ ոչ պակաս ակտիվությամբ «տեղեկատվական գործողություններ» է իրականացնում, ի՞նչ եք նկատել՝ որպես մասնագետ: Հատկապես ի՞նչ հիմքերի վրա է կառուցվում նրանց «տեղեկատվական պատերազմը»:

-Նրանք հիմնականում գործում են Գեբելսյան քարոզչության տրամաբանության մեջ. հարյուր անգամ կրկնված սուտը կարող է գրավել ճշմարտության տեղը, հատկապես, եթե այդ ճշմարտության մասին որևէ մեկը չի հիշատակում: Ուստի, պատմակեղծարարությունը ադրբեջանական քարոզչության առաջին ուղղությունն է: Փորձ է արվում հայերին՝ Հայաստանում և Արցախում, որպես եկվորներ ներկայացնել: Ջանք ու գումար չեն խնայում այս նպատակով: Հակահայկական քարոզչություն տարածելու նպատակով գնում են ռուսաստանյան և արտասահմանյան տարբեր հեռուստաընկերությունների եթերները: Գնում են նաև այդ երկրների հասարակական, անգամ քաղաքական գործիչներին: Սա հատկապես ցայտուն երևաց վերջին պատերազմի ժամանակ, երբ ռուսաստանյան եթերը լիքն էր ադրբեջանամետ քարոզիչներով և Ռուսաստանի այն քաղաքագետներով, որոնք ակնհայտորեն կաշառված էին նրանց կողմից: Նույն պատկերն էր Եվրոպայում և ամբողջ աշխարհում: Ցեղասպանություն գործած «եղբայրական երկրները» բնականաբար պետք է փորձեին ինչ-որ կերպ չեզոքացնել նաև իրենց այս հանցանքը: Դրա օրինակներից մեկն էլ «Խոջալուի ցեղասպանության» կեղծ օրակարգն է՝ գլխիվայր շրջած իրականության հիման վրա հորինված հեքիաթները, որոնք առաջ են քաշում՝ կոծկելու համար Բաքվի և Սումգայիթի կոտորածների փաստը: Մենք այժմ նվաճում ենք համարում, երբ Մեխիկոյում, կամ ԱՄՆ տարբեր նահանգներում մեզ հաջողվում է չեզոքացնել, այսպես կոչված՝ «Խոջալուի ցեղասպանության» ճանաչման ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական փորձը: Այս ուղղությամբ Ադրբեջանն, իհարկե, հետևողական աշխատանք է կատարում, բայց նրանց հաջողությունները, ցավոք, հնարավոր են դառնում միայն մեր անգործության հետևանքով:

-Որո՞նք պետք է լինեն այս քարոզչության վտանգները չեզոքացնող մեր քայլերը:

-Որպեսզի կարողանանք այդ վտանգները չեզոքացնել, նախ պետք է տեսնենք և խոստովանենք մեր բացթողումները: Մենք մինչև այժմ այդ հարցում չափազանց մեծ սխալներ ենք թույլ տվել: Օրինակ՝ Ադրբեջանը հայտարարում է, որ իրենց կողմից վերջերս օկուպացված տարածքները ամայի են, քաղաքները քանդված են, անտերունչ: Որոշ առումով կարելի է համաձայնել այն առումով, որ վերջին 30 տարիների ընթացքում մենք չկարողացանք, ավելի ճիշտ՝ չցանկացանք այդ տարածքները ինտեգրել մեր տնտեսության մեջ, վերաբնակեցնել, ապահովել անվտանգությունը: Պատերազմի ավերածություններից հետո այդտեղ ոչ մի աշխատանք չի տարվել: Իսկ այժմ մեզ եկել ասում են, թե՝ ավերել եք: Այսօր էլ ահա մենք չենք բարձրաձայնում աշխարհով մեկ և բոլոր հարթակներում, որ Ադրբեջանը վերջերս Արցախի օկուպացված քաղաքներում, բնակավայրերում հայկական գերեզմանաքարերով իրենց փողոցներն է կառուցում:

Արցախի տարածքը մինչև պատերազմը ներկայիս Կոսովոյի տարածքի չափ էր: Բայց եթե համեմատենք Կոսովոյի բնակչությունը՝ 2,5 մլն և մինչպատերազմյան Արցախինը՝ առավելագույնը՝ 150000 բնակիչ, որը մի քաղաքի բնակչության թիվ էլ չէր, պարզորոշ երևում է մեր բացթողումը նաև այս հարցում: Ներկայումս Արցախի՝ հայկական վերահսկողության տակ մնացած տարածքի վերաբերյալ նույնպես սխալ քաղաքականություն է տարվում: Տպավորություն է ստեղծվում, որ արցախցիներին ոչ թե Արցախ վերադառնալն են խրախուսում, այլ Հայաստանում ինտեգրվելը: Ժամանակին ես ուշադրություն հրավիրեցի այն փաստին, որ, օրինակ, կալիֆորնիական մի հիմնադրամ՝ «Փյունիկը», Արցախից տեղահանված բնակչությանը Տավուշի և Սյունիքի այն հատվածներում տեղավորելու քարոզչություն էր տանում, որոնք այս օրերին կրկին, այսպես կոչված՝ «վիճելի» տարածքներ են դարձել: Սա այն դեպքում, որ Արցախի նույնիսկ այն հատվածը, որ այսօր Ադրբեջանի վերահսկողության տակ չէ, լիուլի բավարար է այդ 150 հազար մարդկանց բնակեցնելու համար: Մարդիկ պե՛տք է վերադառնան, տիրություն անեն իրենց Հայրենիքին: Ադրբեջանի ուզածն էլ հենց այն է, որ գնացածները չվերադառնան, մնացածներն էլ գաղթեն այդտեղից: Այս ուղղությամբ նրանք հստակ հոգեբանական պատերազմ են վարում:

ՀԻՆ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸԱյժմ խոսում են ադրբեջանական անկլավների մասին. երկուսը Տավուշի մարզում են, որ գտնվում են միջպետական ճանապարհին՝ Բագրատաշենից Իջևան։ Եթե դրանք հայտնվեն Ադրբեջանի վերահսկողության տակ, այդ ճանապարհին կրկին «Բարի գալուստ Ադրբեջան» վահանակներ են դրվելու, ինչպես Սյունիքում եղավ, և ճանապարհը վտանգավոր է դառնալու: Նույնն էլ Արարատի մարզում է՝ Տիգրանաշենի հատվածում, որը մայրուղիով Արարատյան դաշտավայրը կապում է Վայոց ձորի և Սյունիքի մարզերի հետ: Սա ևս ռազմավարական նշանակության ճանապարհ է: Խոսում են սրանց մասին, բայց Արծվաշենի մասին խոսք չկա: Իսկ ի՞նչ վիճակում են այսօր հայտնվել այնտեղից ներգաղթածները, որոնք հիմնականում Սևանի ավազանում են բնակություն հաստատել: Ինչո՞ւ չի խոսվում ԼՂԻՄ-ի նախկին տարածքի՝ Հադրութի շրջանի մասին, որի բնակչությունը՝ ամեն ինչից զրկված, այստեղ է հիմա՝ անտերունչ կարգավիճակում: Մարտակերտի արևելյան շրջանների մասին, Շուշիի մասին: Որպես հակակշիռ՝ այս բոլոր հարցերն այսօր պետք է բանակցային սեղանի վրա լինեին:

Ցավոք, պետք է արձանագրենք, որ այս 30 տարիների ընթացքում չենք ունեցել Արցախի ինքնորոշման, փախստականների խնդրի լուծման հստակ տեսլական:

Քանի որ մենք բաքվեցի հայեր ենք, Ադրբեջանում մեծ ուշադրությամբ են հետևում մեր գործունեությանը, որը նրանց պաշտոնական «իսթեբլիշմենթի» վրա ազդում է՝ ինչպես կարմիր թիկնոցը ցուլի վրա: Նրանք մտածում էին, թե արդեն պատմության գիրկն են ուղարկել Ադրբեջանական ԽՍՀ քաղաքացի հանդիսացող հայերին ու հանկարծ լսում են նրանց ձայնը ու գնահատականը իրենց գործած հանցանքների վերաբերյալ: Եվ ցավով պիտի նշեմ, որ միայն Ադրբեջանի կատաղի աղմուկից հետո է արձագանքը լսվում Հայաստանում:

Պետք է ընդունենք նաև, որ ադրբեջանական պետական քարոզչամեքենայի դեմ հասարակական հիմունքներով պայքարելը պարզապես անհնար է:

Ես կարծում եմ, որ Ադրբեջանը փորձում է կեղծ տեղեկատվություն նետել մեր լրատվական դաշտ, իսկ Հայաստանում, ցավոք սրտի, թե՛ ընդդիմությունը, թե՛ պաշտոնական որոշ լրատվամիջոցներ օգտվում են դրանցից, իբր՝ վնասում են հակառակ կողմին, բայց ստացվում է, որ վնասում են ՀՀ և Արցախի շահերին: Այս պարագայում միայն պետական մոտեցումը կարող է չեզոքացնել նման հարվածները:

-Սոցցանցերը նման անքննադատ տեղեկատվության տարածման համար պարարտ հող են: Գիտենք, որ Ադրբեջանում սահմանափակումներ կան այս առումով՝ հատկապես պատերազմի ընթացքում: Ի՞նչ կարելի է անել մեր դեպքում:

-Իհարկե, տեխնիկապես հնարավոր չէ ամբողջ համացանցային հոսքերը արգելափակել: Բայց պետք է գծել թույլատրելիի սահմանները:

Ադրբեջանը ներսից շատ լավ ճանաչելով, իմանալով նրանց մտածելակերպը՝ կրկին կպնդեմ, որ նրանք իրենց թե՛ դիվանագիտական, թե՛ քարոզչական հաջողություններին հասնում են հիմնականում մեր տեղեկատվության ոչ ճիշտ գործունեության հետևանքով: Ծիծաղելի մի բան ասեմ, Ադրբեջանի համար՝ խայտառակ: Միլի Մեջլիսի պատգամավոր Թուրալ Գյանջալիևի ղեկավարած հասարակական կազմակերպությունը կոչվում է «Ղարաբաղի ադրբեջանական համայնք»: Տրամաբանությունը ո՞րն է, եթե նրանք չեն ճանաչում անկախ Ղարաբաղը, ինչպե՞ս կարող է Ադրբեջանի ներսում ադրբեջանական համայնք լինել: Այսպիսի անհեթեթությունները հսկայական քանակություն են կազմում և ապացուցում են այդ քարոզչության սին լինելը: Նրանց դիվանագիտական և ռազմական հաջողություններն իրականում մեր անբավարար գործունեության ֆոնին են այդպիսին երևում: Եթե մենք հանրագումարի բերենք մեր ունեցած ամբողջ ներուժը և ուղղենք նրանց քարոզչության դեմ, ակներև կդառնան նրանց քարոզչության բոլոր խութերն ու թերությունները:

Շատ կարևոր է իմանալ, որ ադրբեջանական ռազմական մեքենայի ողնաշարը այսօր իրոք ջարդված է: Հավաստիացնում եմ, որ, չնայած համալրումներին, Ադրբեջանն այս պահին նոր լայնամասշտաբ պատերազմի պատրաստ չէ: Մանավանդ, որ երկրի ներսում հասարակական դժգոհություններ, տնտեսական լուրջ խնդիրներ կան: Բացի մոտ 20000 զոհված զինծառայողներից, այդքան էլ խեղված զինվորականներ կան, որոնք այլևս անպիտան են բանակի համար: Եվ այդ մարդկանց ընտանիքները բողոքում են այժմ, որ չեն կարողանում համապատասխան տեղեկանքներ ստանալ՝ իրենց հասանելիք պետական աջակցությունից օգտվելու համար: Վերջերս Բաքվի մերձակա բնակավայրերում ադրբեջանցի մայրերից մեկը՝ Նարդարան ավանից, հարց է բարձրացրել, որ իր որդին երկար ժամանակ հիվանդանոցում է, նրան ըստ պատշաճի չեն սպասարկում: Երբ նա սոցցանցերով հայտարարություն է տարածել, հաջորդ օրը նրան զանգել են հիվանդանոցից և հայտնել, որ որդին մահացել է: Այսպիսի դժգոհությունները շատ-շատ են: Բայց քանի որ այնտեղ ազատ մամուլ չկա, համացանցը բոլորին հասանելի չէ, խնդիրները բարձրաձայնելու փորձերը լռեցվում են արմատական մեթոդներով: Այսպես է կարողանում ադրբեջանական կառավարությունն իր խնդիրները հետևողականորեն կոծկել, քանի որ բռնապետական է:

Այնպես որ՝ Ադրբեջանն իր ներսում էլ մեծ խնդիրներ ունի: Նրանք կփորձեն, և նույնիսկ հնարավոր է՝ այս ամենը վերաճի մեծ պատերազմի, բայց սա կլինի այն դեպքում, եթե մենք համապատասխան դիմակայություն և դիմադրողականություն չցուցաբերենք: Ադրբեջանը արնաքամ է: Եթե նրանց հիմա կանգնեցնենք, կանգ են առնելու, քանի որ իրենք էլ այն վիճակում չեն, որ նոր՝ մեծածավալ պատերազմ ուզենան սկսել: Այդ իսկ պատճառով, ինչպես միշտ, իրենց հիմնական զենքն են կիրառում՝ ահաբեկչությունը, նոր պատերազմի սպառնալիքը:

Ուստի, մենք ոչ թե պետք է ճնշվենք Ադրբեջանի՝ մեր վզին փաթաթվող այդ հոգեբանական ահաբեկչությունից, այլ տեսնենք այս խնդիրները և փորձենք դիմակայել: Հարկ է նշել, որ մենք չենք պարտվել այս պատերազմում: Եթե դիտարկենք զուտ ռազմավարական և ռազմական տեսանկյունից, ադրբեջանական զորքերը, որ մտել են Քարվաճառի և Բերձորի շրջաններ, փաստացի գտնվում են սալի ու մուրճի միջև: Մի կողմից Արցախի չգրավված հատվածն է, մյուս կողմից՝ Հայաստանի Հանրապետության տարածքը: Այնպես որ, եթե այս հանգամանքը հաշվի առնենք, նրանք կարող են հսկայական նոր կորուստներ ունենալ ռազմական գործողություններ սկսելու դեպքում: Կարող են հայտնվել կաթսայի մեջ, և նրանց բանակն այլևս չի կարողանա վերակենդանանալ:

Իհարկե, այս պայմաններում Ադրբեջանը ջանք ու եռանդ չի խնայում, ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում ներքին իրավիճակն ապակայունացնելու, քաոս առաջացնելու համար: Նրանք մեծ ջանքեր են գործադրում տեղեկատվական շփոթ ստեղծելու, մեր ներքաղաքական անկառավարելիության մասին բարձրաձայնելու համար, հայտարարում են, թե Հայաստանը ինքնիշխան պետություն չի կարող լինել, ինչպես ոչ երկիմաստ արտահայտվեց Ալիևը:

Հարկ է նշել, որ մեզ այսօր բոլոր առումներով պակասում է նախաձեռնողականությունը՝ թե՛ քարոզչական և թե՛ ամենատարբեր վտանգները չեզոքացնելու առումով:

Շարունակելի

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ