Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀԵԴԻ ԼԱՄԱՐ. ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻՆ ԵՒ ԳՅՈՒՏԱՐԱՐԸ
ՀԵԴԻ ԼԱՄԱՐ. ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻՆ ԵՎ ԳՅՈՒՏԱՐԱՐԸ

Յուրաքանչյուրին, ով գոնե մեկ անգամ օգտվել է Corel Draw համակարգչային գրաֆիկական ծրագրի ութերորդ տարբերակից, քաջ ծանոթ է այն կնոջ դեմքը, որ պատկերված է ծրագրի տիտղոսաթերթին: Նա իրական մարդ է` դերասանուհի և գյուտարար: Հենց նրա շնորհիվ է, որ մենք հնարավորություն ունեցանք օգտվելու GPS համակարգից և բջջային կապից: Հիմա նրա անունը հանիրավի մոռացված է, սակայն անցած դարի կեսերին նա եղել է աշխարհի ամենահայտնի դերասանուհիներից մեկը:

Գրեթե հարյուր տարի առաջ` 1915 թվականի նոյեմբերի 9-ին, Վիեննայում, բանկատիրոջ և դաշնակահարուհու ընտանիքում ծնվեց Հեդվիգա Եվա Մարիա Կիսլեռը: Դեռևս վաղ տարիքում դրսեւորելով դերասանական տաղանդ` ծնողները աղջկան տարան թատերական դպրոց: Նա սկսեց նկարահանվել կինոյում և արդեն 1930 թվականին իր առաջնելույթը ունեցավ «Աղջիկը գիշերային ակումբում» գերմանական ֆիլմում: Սակայն պատանի Հեդիի այս աշխատանքը հանդիսատեսը չգնահատեց» ըստ արժանվույն: 3 տարի անց նա խաղաց մի դեր, որը ցնցեց գրեթե ողջ Եվրոպան և Ամերիկան, նույնիսկ Հռոմի Պապը անուշադրության չմատնեց այն և որակեց անառակություն:

Բանն այն է, որ 1933 թվականին չեխ ռեժիսոր Գուստավ Մախատը 18- ամյա Հեդիին առաջարկեց նկարահանվել իր նոր «Էքստազ» ֆիլմում: Վենետիկի կինոփառատոնի ժամանակ ֆիլմը ստացավ մրցանակ լավագույն ռեժիսորական աշխատանքի համար, և որոշ իմաստով նորություն էր: Այդ սկանդալային ֆիլմից հետո Հեդիի ծնողները որոշում են, որ արվեստից արդեն կուշտ են, և արագորեն ամուսնացնում են իրենց աղջկան ավստրիացի զենքի գործարանատեր, միլիոնատեր Ֆրից Մանդալի հետ:

Աղջկա համաձայնությունը, իհարկե, ոչ ոք չէր հարցրել: Գործարանատերն ընկերություն էր անում Հիտլերի և Մուսսոլինիի հետ և երեսունից ավելի տարով մեծ էր Հեդիից: Հիտլերը, որպեսզի հանգստացնի իր զինագործին, Գերմանիայում արգելեց «Էքստազ» ֆիլմը: Սիրո՞ւմ էր արդյոք Մանդալը իր գեղեցկուհի կնոջը, դժվար է ասել, նա միայն հպարտանում էր նրանով, ինչպես ազնվազարմ ձիով կամ հազվագյուտ զենքով: Հեդին ատում էր ամուսնուն: Ամուսիններն ապրում էին Զալցբուրգում, մի շքեղ դղյակում, որտեղ ծառաների մի ողջ բազմություն Հեդիի յուրաքանչյուր ցանկությունը կատարում էր ավելի շուտ, քան նա հասցնում էր մտածել դրա մասին: Հպարտ Ֆրիցը բոլոր ընդունելություններին և հանդիպումներին իր հետ էր տանում կնոջը, նույնիսկ եթե դրանք աշխատանքային բնույթ ունեին, տանում էր աշխատանքային գործուղումների իր անձնական ռազմական գործարաններ: Ենթադրելով, որ գեղեցկուհուն տղամարդկանցից և նորաձեւ հագուստից բացի, ոչինչ չի կարող հետաքրքրել, ինժեներները նրա ներկայությամբ հանգիստ զրուցում էին գաղտնի մշակումների և հիտլերյան բանակի սպառազինման համար կառավարվող տորպեդների ստեղծման մասին: Բայց Հեդին ամեն ինչ մտապահում էր, ամեն ինչի մեջ խորամուխ լինում և ուներ արտասովոր ինտելեկտ, ինչը ավելի ուշ ապացուցեց:

Ֆրիցը, վախենալով, որ հանկարծ ինչ-որ մեկը կխլի իրենից իր սեփականությունը` կնոջը, պահանջում էր, որ նա անընդհատ գտնվի հսկողության տակ, և կնոջ համար աղախին կարգեց: Չորս տարի անց Հեդին հասկացավ, որ այլևս ի վիճակի չէ այսպիսի կյանքով ապրելու: Մի անգամ նա աղախնի թեյի մեջ քնաբերի հսկայական քանակ լցրեց, և երբ աղախինը քնեց, նա փոխեց շորերը, համազգեստ հագավ և բարեհաջող դուրս եկավ տնից: Հեդին ուղևորվեց Լոնդոն: Եվ որպեսզի ապրուստ վաստակի, նա երգում էր ռեստորաններում, ինչը, սակայն շատ կարճ տևեց:

Լոնդոնում նրան տեսավ հոլիվուդյան հայտնի «Մետրո-Հոլդվին-Մայեր» ստուդիայի փոխնախագահ Լյուիս Մայերը: Նա շատ լավ հիշում էր գեղեցկուհի Հեդիին դեռեւս սկանդալային ֆիլմից, թեպետ այն ժամանակ մակագրերում նա նշվում էր որպես Հեդվիգա Կիսլեր: Մայերին ձանձրացրել էին էկրանը ողողած ամերիկացի միատեսակ շիկահերները, և նա իսկույն հասկացավ, թե որքան է Հեդին տարբերվում այդ միօրինակության ֆոնի վրա, և հենց ինքը առաջարկեց պայմանագիր կնքել: Որպեսզի կեղծ բարեպաշտ ամերիկացիները դերասանուհու անունը չկապեն սկանդալային ֆիլմի հետ, Մայերը նրան կեղծանուն առաջարկեց: Հեդին սկսեց անվանվել Հեդի Լամար` ի պատիվ համր կինոյի հռչակավոր դերասանուհու` Բարբարա Լամարի:

«Նորմանդիա» հայտնի շոգենավով, Լյուիս Մայերի ուղեկցությամբ, «աշխարհի ամենագեղեցիկ կինը» ուղևորվեց Ամերիկա: Հոլիվուդը նրան բարյացակամ չընդունեց, քանի որ «Էքստազ» ֆիլմի համբավը տարածվել էր նաեւ օվկիանոսից այն կողմ: Ռեժիսորները, որոնք հրավիրում էին նրան նկարահանվելու, շահագործում էին միայն դերասանուհու գեղեցկությունը: Ու թեեւ Հեդին նկարահանվում էր Հոլիվուդի ամենահայտնի դերասանների` Կլարկ Գեյբլի, Ջուդի Գառլենդի, Ջեյմս Ստյուարտի հետ, բայցեւայնպես նրան հանձնում էին գեղեցիկ, սակայն աննշան կանանց դերեր, որոնք ստեղծագործական բավարարվածություն չէին բերում Հեդիին:

Երբ սկսվեց Երկրորդ Համաշխարհային պատերազմը, Հեդին, հիշելով Ֆրից Մանդալի ռազմական գործարաններում տեղի ունեցած խորհրդակցությունները, ուղևորվեց ԱՄՆ գյուտարարների ազգային խորհուրդ, որպեսզի նրանց առաջարկի ժամանակին այդ խորհրդակցություններից մտապահած որոշ գաղափարներ: Սակայն նրան թերահավատորեն վերաբերվեցին, նույնիսկ չլսեցին, այլ խորհուրդ տվեցին կիրառել իր հմայքը պաշտպանական փոխառության բաժնետոմսերի վաճառքի ասպարեզում:

Հեդին այնքան էր ատում ֆաշիզմը, որ սկսեց համբույրներ նվիրել յուրաքանչյուրին, ով 25 հազար դոլարի պաշտպանական բաժնետոմս կգնի: Հեշտ չէր, քանզի բաժնետոմսերը գնում էին ոչ միայն երիտասարդ և հմայիչ տղամարդիկ: Այնուամենայնիվ, Հեդին իր նոր հայրենիքի ռազմական հզորության մեծացման համար հավաքեց 17 մլն դոլար: Նա իր ընկերներից մեկին պատմեց Մանդալի գործարաններում մշակվող ռադիոկառավարվող զենքի` տորպեդների մասին, որոնք հնարավոր չէ որսալ և ոչ էլ փոխել նրանց ուղղությունը: Եվ մինչ տեխնիկները գլուխ էին կոտրում անհաջող փորձերի վրա, Հեդին հասկացավ, թե ինչպես խուսափել խափանումներից: Նա, բնականաբար, ոչինչ չասաց Մանդալին, և խոսեց իր հայտնագործության մասին միայն այն ժամանակ, երբ համոզվեց, որ այն կծառայի ֆաշիզմի դեմ պայքարին:

Այդ օրերին տատանվող հաճախությունների գաղափարը բավականին առաջ էր իր ժամանակից, և միայն 1957 թվականին տեխնիկապես իրագործվեց և դարձավ WI-FI, NGPS համակարգերի և բջջային կապի հիմքը: «Silvania» ընկերությունը առաջինն էր, որ սկսեց զբաղվել այդ հայտնագործությամբ, որը դարձավ 20-րդ դարի ամենանշանակալի իրադարձություններից մեկը: Այնինչ 1940 թվականին, այդ ամենը ոչ ոք նույնիսկ ենթադրել չէր կարող:

Հեդին հայտը ուղարկեց անձամբ գյուտարարների խորհրդի նախագահին` Չարլզ Կետտերինգին, իսկ 1942 թվականի օգոստոսին ստացավ 2.292.389 համարով ԱՄՆ արտոնագիրը «կապի գաղտնի համակարգի» համար: Մինչդեռ պաշտպանության նախարարությունում արհամարհաբար ծաղրեցին «դերասանուհու գծագրերը»` չհասկանալով, թե ինչ հայտնագործություն է իրենց ձեռքում: Տարիներ անց շատերը փորձում էին Հեդիին ներկայացնել Վեհաժողովի Պատվո Մեդալի և IEEE մրցանակի, սակայն դրական արդյունքի չէին հասնում: Եվ միայն 1997 թվականին Հեդի Լամարը վերջապես ստացավ «Electronic Frontier» ֆոնդի մրցանակը: «Ճիշտ ժամանակն է»,- տխուր նկատեց դերասանուհին: Ուշացած շնորհակալությունը այնքան վիրավորական էր, որ նա նույնիսկ չգնաց մրցանակը ստանալու: Դահլիճում ներկա էր նրա որդին` Էնտոնի Լոդերը:

1999 թվականին Լամարը Ֆլորիդայի Օռանժ շրջանի դատարան հայց ներկայացրեց «Corel» ընկերության դեմ` իր նկարը առևտրային նպատակներով օգտագործելու համար: Կանադայի Corel ընկերության նկարիչը` Ջոն Կոռկեռին, մրցույթի համար մշակելով ծրագրի ութերորդ տարբերակի տիտղոսաթերթը, օգտագործել էր Հեդիի դիմանկարը, և Հեդին ստացավ իր առաջին դրամական պարգևը` 250 հազար դոլարի չափով: «Corel» ընկերության կառավարիչները Լամարի հետ հաշտության պայմանագիր կնքեցին. ընկերությունը 5 տարվա ընթացքում օգտագործում է նրա նկարը, իսկ Հեդին կլորիկ գումար է ստանում` որպես փոխհատուցում:

Լամարը նկարահանվել է ավելի քան 30 ֆիլմում և աշխատել է ավելի քան 300 միլիոն դոլար: Հոլիվուդում աստղերի ծառուղում տեղադրվել է դերասանուհու անձնական աստղը` «Արվեստում և կինոյում մեծ ավանդի համար»: 2000 թվականի հունվարի 19-ին Հեդի Լամարը մահացավ Ֆլորիդայի իր տանը` Ալտամոնտե- Սպրինգսում: Իր իսկ կտակի համաձայն` նրա դին հրկիզեցին, իսկ փոշին բարձրից ցրեցին իր հայրենի եզերքի վրայով:

Նոյեմբերի 9-ը` նրա ծննդյան օրը, ԱՄՆ-ում տոնում են գյուտարարի և ռացիոնալիզատորի օրը:

Պատրաստեց ԺԱՆՆԱ ՖՈՒՐՏՈՅԱՆԸ
ենթասպա