Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀՆԻ ՈՒ ՆՈՐԻ ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ
ՀՆԻ ՈՒ ՆՈՐԻ ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ

ՀՆԻ ՈՒ ՆՈՐԻ ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄԵրևանի Դավթաշեն վարչական շրջանի Լեոնիդ Ազգալդյանի անվան թիվ 200 հիմնական դպրոցում օրերս Հայրենիքի պաշտպանության համար զոհված անցյալի և ներկայի հերոսների հիշատակը հավերժացնող միջոցառում էր կազմակերպվել, որ ոգեկոչման ու խոնարհումի մի յուրօրինակ տուրք էր հին ու նոր մեր Հերոսներին: Միջոցառման նպատակը նաև պատմական անցյալի հերոսական դրվագների ներկայացմամբ նոր սերնդի մեջ ռազմահայրենասիրություն և պետական մտածողություն սերմանելն էր:

Խոնարհումի այս տուրքին ներկա էին Երևանի ավագանու և Դավթաշեն վարչական շրջանի աշխատակազմի անդամներ, ԱԺ պատգամավորներ, դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ, Արցախյան հերոսամարտի մասնակիցներ, զոհված զինծառայողների ծնողներ, Երկրապահ կամավորական միության անդամներ:

Դպրոցի աշակերտական կազմը մանկավարժներ՝ Անուշ Գալստյանի, Լուսինե Բաբայանի, Կարինե Գրիգորյանի և Նելլի Պետրոսյանի գլխավորությամբ, ամենայն պատասխանատվությամբ և նվիրումով էր մոտեցել հայրենասիրական մեծ լիցքեր պարունակող և մատաղ սերնդի դաստիարակությանն ուղղված ու ապագային միտված պատգամներ փոխանցող այս միջոցառման կազմակերպման գործին: 1890-ականների հայդուկային պայքարից մինչ մեր օրերը ձգվող ազգային-ազատագրական պայքարի և նրա առանձին գործիչների ու կերպարների ներկայացմամբ ու համադրմամբ փորձ կատարվեց ցույց տալու մեր  ժողովրդի հերոսական անցյալի դրվագները և պատմական անցքերը:

ՀՆԻ ՈՒ ՆՈՐԻ ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄՄիջոցառմանը ներկա Լեոնիդ Ազգալդյանի քույրը՝ Նելլի Ազգալդյանը, նշեց. «Ազգալդյանը մեծ տեղ էր հատկացնում կրթությանը: Նրա համար Հայրենիքի պաշտպանությունը սկսվում էր լավ կրթությունից: Յուրաքանչյուր ոք պետք է ճանաչի Ազգալդյանին և իմանա այն պատմությունը, որ կերտել է նա իր հերոսությամբ»:

Գարեգին Նժդեհի թոռնուհի Գոհարինե Տրդատյանն էլ կարևորեց այն փաստը, որ բոլոր ազգերի հաղթանակները և ձեռքբերումները մշտապես պայմանավորված են եղել ուժեղ, գրագետ և սեփական Հայրենիքը սիրող սերունդների ճիշտ դաստիարակությամբ:

«Լեոնիդ Ազգալդյան» հիմնադրամի ներկայացուցիչ և վերջինիս մարտական ընկեր Վոլոդյա Ավետիսյանն էլ դպրոցի տնօրեն Մարինե Հովհաննիսյանին հանձնեց Պատվոգիր՝ դպրոցում մշտապես ռազմահայրենասիրական դասեր և միջոցռառումներ կազմակերպելու, աճող սերնդի ազգային և բարոյահոգեբանական ոգին մշտապես բարձր պահելու և աշակերտներին հերոսական ոգով դաստիարակելու համար:

ՀՆԻ ՈՒ ՆՈՐԻ ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄՀՀ և ԱՀ Ազգային հերոս Արկադի Տեր-Թադևոսյանի որդին՝ Հայկ Տեր-Թադևոսյանը, և մյուս բանախոսները ևս կարևորեցին պատմական անցյալը երբեք չմոռանալու, անպայմանորեն դասեր քաղելու, անցյալի սխալները չկրկնելու և ճիշտ ճանապարհով առաջ շարժվելու հրամայականները:

«Հնի ու նորի խաչմերուկում» կրկին հանդիպեցին բոլոր հերոսները, որոնց իղձն ու նպատակը, ցանկությունն ու ձգտումը և արված գործերի ակնկալիքը միայն մեկն է եղել՝ տեսնել մեր Հայրենիքը միացյալ ու անկախ…

Իսկապես, Հերոսները կոչումների կարիք չունեն. նրանց կոչում ի վերուստ է տրված: Նրանք մի ամբողջ ժողովրդի համար դարձան օրինակ, մտածողություն և արժեհամակարգ: Դարձան փարոս և լուսատու մի երկրի համար, որը մաքառման, պայքարի մեջ է դեռ…

ՎԱՐԴԱՆ ՔԵՐՈԲՅԱՆ

Լուսանկարները՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ