Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
«ԶԻՆՎՈՐԻՆ ՀԻՇԵԼԻՍ ՍԻՐՏՍ ԹՐԹՌՈՒՄ Է»
«ԶԻՆՎՈՐԻՆ ՀԻՇԵԼԻՍ ՍԻՐՏՍ ԹՐԹՌՈՒՄ Է»

«ԶԻՆՎՈՐԻՆ ՀԻՇԵԼԻՍ ՍԻՐՏՍ ԹՐԹՌՈՒՄ Է»Կյանքից հեռացավ հայ մշակույթի ամենավառ դեմքերից մեկը՝ ՀՀ ժողովրդական արտիստ ՎԻԼԵՆ ԳԱԼՍՏՅԱՆԸ: Վերահրապարակելով այս զրույցը՝ մեկ անգամ ևս հիշենք մեծ մտավորականի, ճշմարիտ արվեստագետի ու իսկական հայի անցած ուղին՝ որպես օրինակ ու ուղեցույց, որպես սեփական գործին անմնացորդ նվիրումի, հայրենապաշտության ու ազգասիրության դաս:

 

Պարոն Գալստյան, նախքան Ձեր ստեղծագործական կյանքի եւ բալետային արվեստի մասին խոսելը, ուզում եմ՝ պատմեք Ձեր ընտանիքի, մանկության հիշողությունների, դեպի մեծ արվեստ Ձեր ճանապարհի մասին։

-Ես երեւանցի եմ, ծնվել-մեծացել եմ Սիլաչի թաղամասում, հորս չեմ տեսել։ Նա ղեկավարել է Հայաստանի շերամապահությունը եւ մետաքսագործությունը, որպես եզակի մասնագետ` զորակոչից ազատվելու թույլտվություն է ունեցել, սակայն չի օգտվել ընձեռված հնարավորությունից եւ կամավոր մեկնել է պատերազմ։ Երբ ես ծնվել եմ, հայրս ճակատում է եղել։ Նա զոհվել է ու հայրական ջերմության, խորհուրդների, պաշտպանության փոխարեն ինձ թողել իր անբասիր անունն ու իր հիշատակով հպարտանալու հնարավորությունը։

… Մենք չորս երեխաներով մնացինք մորս խնամքին։ Մայրս ամեն ինչ անում էր, որ մենք չզգանք հոր բացակայությունը։

Շատ հայ երեխաներ որբացան Արցախյան պատերազմից հետո, շատ կանայք այրիացան, շատ մայրեր կորցրին իրենց որդիներին։ Ես նույնպես զոհվածի զավակ եմ եւ շատ լավ եմ հասկանում, թե ինչքան կարեւոր է շրջապատի ջերմությունը, հարգանքը այն մարդկանց համար, ովքեր ժողովրդի ազատության համար չափազանց մեծ գին են վճարել։ Նրանց համար ամենամեծ վարձատրությունը ժողովրդի սերն է եւ իրենց զոհված հարազատի անունը բարձր ու մեծարված տեսնելը։

Ե՞րբ եւ ինչպե՞ս որոշեցիք, որ պետք է բալետի պարող դառնաք, Ձեր մանկության տարիներին բալետային արվեստն ընդունվա՞ծ էր Հայաստանում, տարածվա՞ծ էր։

-Հայաստանում բալետի դպրոցը հիմնադրվել է 80 տարի առաջ եւ իր կենսագրության ընթացքում ձեւավորել է կայուն ավանդույթներ, միջազգային չափանիշներին համապատասխան բարձր մասնագիտական որակ։ Իմ մանկության տարիներին բալետն ընդունված էր Հայաստանում, կային շատ լավ ուսուցիչներ։ Հայրս երաժշտություն շատ է սիրել։ Նա բանակ մեկնելուց առաջ գերմանական դաշնամուր է առել եւ խնդրել է՝ անպայման ինձ երաժշտական կրթության տալ։ Մայրս հորս կամքը կատարելով` ինձ տարել է երաժշտական դպրոց, որ մասնակցեմ դաշնամուրի բաժնի քննությանը։ Քննության ավարտից հետո մորս ասել են, որ ես ընդունվել եմ բալետի բաժին։ Պարզվել է, որ մայրս շփոթել է հարկերը եւ ինձ դաշնամուրի բաժնի քննասենյակ տանելու փոխարեն, տարել է բալետի բաժին։ Մայրս ասել է, որ ինքը չի ուզում, որ որդին բալետի պարող դառնա, սակայն ուսուցիչները համոզել են` ասելով, որ ես լավ տվյալներ ունեմ եւ կարող եմ մեծ հաջողություններ ունենալ այդ ասպարեզում։

Ես շատ լավ ուսուցիչներ եմ ունեցել, օրինակ` Մաքսիմ Մարտիրոսյանը, որն անցել էր Մոսկվայի Մեծ թատրոնի դպրոցը եւ ղեկավարել էր Մոսկվայի պարարվեստի ուսումնարանը։ Մեր պարարվեստի ուսումնարանը համակողմանի կրթություն էր տալիս, բացի մասնագիտությունից, մենք ուսումնասիրում էինք պարարվեստի մյուս ճյուղերը, երաժշտություն, թատերական արվեստ, այսինքն` մեր գիտակցության մեջ եւ զգացական դաշտում ձեւավորվում էր արվեստի ընդհանրական ընկալում եւ ճաշակ։ Ուսումնարանն ավարտելուց հետո գնացի Թբիլիսի, որ փորձառության դպրոց անցնեմ մեծ արվեստագետ Վախթանգ Չաբակիանիի մոտ։ Թբիլիսիից հետո ես մրցույթով ընդունվեցի Մեծ թատրոն եւ 15 տարի պարեցի Մեծ թատրոնում, սակայն չկտրեցի կապս հայրենիքի հետ։ Մի օր հայրենիքից Մոսկվա եկավ մի մեծ պատվիրակություն` մշակույթի նախարար Կամո Ուդումյանը, կոմպոզիտորների միության նախագահ Էդվարդ Միրզոյանը եւ ուրիշներ, նրանք դիմեցին ԽՍՀՄ մշակույթի նախարար Ֆուրցեւային, որպեսզի վերջինս ինձ հնարավորություն տա համատեղությամբ աշխատելու նաեւ Հայաստանում։ Կամո Ուդումյանն ասել էր, որ Հայաստանը չի կարող զրկվել Վիլեն Գալստյանի պես մասնագետից։ Այդպես էլ եղավ, ես պարում էի ե՛ւ Մեծ թատրոնում, ե՛ւ Հայաստանում։

«ԶԻՆՎՈՐԻՆ ՀԻՇԵԼԻՍ ՍԻՐՏՍ ԹՐԹՌՈՒՄ Է»Դուք տարբեր զրույցների ժամանակ հաճախ եք օգտագործում ազգային բալետ արտահայտությունը։

-Ազգայինն այնքան խորը, միեւնույն ժամանակ, վառ ու ամուր երեւույթ է, որ կարող է դրսեւորվել ցանկացած արվեստում եւ ամենատարբեր ձեւերով։ Ազգայինը խառնվածք է, մեկնաբանություն, մտածելակերպ, ընկալում, հույզի, ապրումի ինքնատիպ կերպավորում։ Ի վերջո, ազգայինը դպրոց է, որ ունի իր ուրույն դիմագիծը, ոճը, ավանդույթները։ Ես ներկայացումներ եմ բեմադրել աշխարհի տարբեր երկրներում, «Գայանե» են պարել վրացիները, ռուսները, արաբները, եւ յուրաքանչյուրը բերել է իր առանձնահատուկ գույնը, կերպը։ Կահիրեում, երբ ցուցադրվում էր իմ բեմադրած «Գայանեն», դահլիճում էին երկրի նախագահ Սադաթը եւ նրա կինը, որը մշակույթի նախարարն էր։ Բեմադրությունը մեծ հաջողություն ունեցավ։ Ավարտից հետո ինձ հրավիրեցին կառավարական օթյակ։ Սադաթը շնորհակալություն հայտնեց եւ բառացի ասաց. «Վերջապես բեմադրվեց մեր ազգային բալետը»։ Ես զարմացա եւ շտապեցի հիշեցնել, որ «Գայանեն» հայկական բալետ է, իսկ Սադաթը բացատրեց. «Գայանեն» արեւելյան մշակույթ է, իսկ Արեւելքը մենք ենք։ Ես ուզում եմ պատասխանել Ձեր հարցին եւ այս օրինակով ցույց տալ ազգայինի կարեւոր դերը բալետում։ Արաբները մեր «Գայանեն» դարձրել էին ազգային բալետ` օծելով այն իրենց ազգային գույներով։

Դուք 30 տարի ղեկավարել եք ազգային բալետը։ Ինչպե՞ս կբնութագրեք բալետի հայկական դպրոցը։

-Բալետի հայկական դպրոցը շատ զորեղ է, եւ դրա վառ ապացույցն այն կադրերն են, որ տալիս է մեր պարարվեստի ուսումնարանը։ Այսօր եվրոպական լավագույն թատրոններում աշխատում են եւ այդ մշակութային օջախների առաջնակարգ մասնագետներից են մեր շրջանավարտները` Տիգրան Մխիթարյանը, Արսեն Մեհրաբյանը, Արման Գրիգորյանը, Դավիթ Կարապետյանը եւ իմ որդին` Դավիթ Գալստյանը, որոնք, բնականաբար, ընդունվել են` շահելով շատ խիստ ու շատ բարձր պահանջներ ներկայացնող մրցույթում։

Իսկ ինչո՞ւ են նրանք արտերկրում աշխատում։

-Բնական է, որ արվեստագետը ցանկանում է դուրս գալ միջազգային ասպարեզ, չափվել մեծերի հետ, ճանաչել համաշխարհային չափանիշները եւ կատարելագործվել։ Ես լիահույս եմ, որ մեր բալետի դպրոցը շարունակելու է իր շնորհակալ գործը, պատրաստելու է լավ մասնագետներ, ժամանակները փոխվելու են, երկիրը զարգանալու է, եւ արտերկրում աշխատող մեր արվեստագետներն անպայման հետ են գալու եւ ծառայելու են սեփական մշակույթին, սեփական ազգին։ Այսինքն` որտեղ էլ ստեղծագործեն, նրանք հայ արվեստագետներ են, ազգային ներուժ են, մերն են։

Ես շատ լավ հիշում եմ Ձեր բեմադրած «Սպարտակը» եւ Ձեզ Սպարտակի դերում, Ձեր «Դոն Կիխոտը», «Ժիզելը»։ Ինչո՞ւ չեք բեմադրում ազգային բովանդակությամբ ներկայացումներ։

-Իսկ «Սասունցի Դավիթը» չե՞ք հիշում։ Ես նաեւ ազգային բովանդակությամբ ներկայացումներ եմ բեմադրել։ Ինձ ընդամենը հարկավոր է «Սպարտակի» պես ոգեղեն ու հզոր երաժշտություն։ Բալետն առանձնահատուկ է հենց այն բանով, որ հավաքական արվեստ է, եւ առանց երաժշտության ոչ մի բեմադրիչ չի կարող ներկայացում բեմադրել։ Ես համոզված եմ, որ այդ երաժշտությունը գրվելու է, եւ անպայման բեմադրվելու է մերօրյա հերոսապատումը։

Հայ ազգային բալետը ո՞ր երկրներում է բեմ բարձրացել եւ ինչպե՞ս է ընդունվել օտարերկրյա հանդիսատեսի կողմից։

-Ես պարել եմ աշխարհի բոլոր երկրներում, հայ ազգային բալետը հիացրել է աշխարհի բոլոր ծագերում։ Ես հասկանում եմ հարցի նպատակը. փորձում եք հասկանալ, թե քննություն բռնո՞ւմ ենք արդյոք միջազգային չափանիշներով։ Հիմա մրցույթներն ու փառատոներն այնքան շատ են ու անորակ, որ կորցրել են իրենց արժեքը, բայց տարիներ առաջ բալետի միջազգային ամենահեղինակավոր մրցույթը կայանում էր Վառնայում, մասնակցում էր 80 երկիր, իմ «Դոն Կիխոտը» հավաքեց առավելագույն միավորները` 12 միավոր, եւ արժանացավ 1-ին մրցանակին։ Ես երկու անգամ ոսկե մեդալ եմ բերել Հայաստան առաջնակարգ միջազգային մրցույթներից։

Առիթ ունեցե՞լ եք շփվելու ազգային բանակի, զորամասերի, զինվորների հետ։

-Շատ անգամ։ Ելույթ ենք ունեցել տարբեր զորամասերում։ Մեր զինվորները շատ լավ հանդիսատեսներ են եւ սիրում են բալետ։ Միշտ էլ մեզ շատ լավ են ընդունել։ Զորամասերից վերադարձել ենք խանդավառված, գոտեպնդված, լիցքավորված, որովհետեւ տեսել ենք բարեկեցիկ, հզոր, մարտունակ բանակ, ամուր, ինքնավստահ, հայրենասեր զինվոր։ Զինվորի աչքերում վախ չկար, երկընտրանք չկար, զինվորը գիտեր` ուր է եկել, ինչու, ինչ պիտի անի…

Մենք շատ լավ սպայակազմ ունենք։ Ե՛վ խորհրդային բանակից եկած զինվորականները, ե՛ւ այսօր սպայի համազգեստ կրող նախկին ազատամարտիկներն իրենց նվիրվածությունը հայրենիքին ու ազգին հավաստել են Արցախյան պատերազմում, երբ կյանք ու արյուն չխնայեցին սեփական երկրի ու ժողովրդի ազատության համար, երբ ապացուցեցին, որ կարող են թեքել ճակատագրի անիվը եւ հաղթանակով պսակել հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարը։ Կարող են հաղթել անհավանական քաջագործությունների ինքնազոհողության եւ ռազմական տաղանդի շնորհիվ։ Հայ սպայականությունը մեր հասարակության ամենակայուն, բարոյապես ամուր, հոգեպես ուժեղ եւ հայրենասեր շերտն է։ Ես վստահ եմ, որ մեր սպաները զինվորների հետ միասին անառիկ են պահելու Հայաստանի սահմանները եւ անշրջելի են դարձնելու Արցախի անկախությունը։

Պարոն Գալստյան, մինչ մենք զրուցում ենք ազգային բալետի խնդիրներից, հայ զինվորները կանգնած են առաջին գծում, թշնամու գնդակի առաջ, սահման են պահում։ Ասելիք ունե՞ք նրանց։

-Սահմանին կանգնած զինվորին հիշելիս սիրտս թրթռում է։ Չգիտեմ` ինչ ասեմ։ Միայն զինվոր բառն այնքան ապրում ունի, ուժ, ոգի, պատմություն։ Ի~նչ ասես կանեմ զինվորի համար, ոչինչ չեմ խնայի։

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ