Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻ ՀԵՐՈՍ ՀԱՅ ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԸ
ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻ ՀԵՐՈՍ ՀԱՅ ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԸ

Անուրանալի են հայ ժողովրդի զավակների մեծ ներդրումը, անձնվիրությունն ու քաջագործությունները Հայրենական մեծ պատերազմի տարիներին։Նրանց շարքերում էին նաև մեր մանկավարժները, որոնք պայքարի աննկուն ու անձնազոհ մարտիկներ դարձան։ Նրանց ճնշող մեծամասնությունը տակավին պատանիներ ու երիտասարդներ էին։ Ավարտելով միջնակարգ դպրոցներն ու համալսարանները՝ նրանք դեռ նոր էին գտնում իրենց տեղը հասարակության մեջ, երբ սկսվեց Երկրորդ աշխարհամարտը… Եվ բազում երազանքներ, ծրագրեր մնացին չիրագործված…

Հայրենական պատերազմին մասնակցած բոլոր հայ մանկավարժներն, առանց բացառության, պարգևատրվել են շքանշաններով ու մեդալներով: Իսկ նրանցից մի քանիսն արժանացել են ամենաբարձր՝ Խորհրդային Միության հերոսի կոչման:

 

ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻ ՀԵՐՈՍ ՀԱՅ ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԸԱշոտ Ամատունին Գյումրիի մանկավարժական ինստիտուտի ուսանող էր, երբ սկսվեց Մեծ Հայրենականը: Մի քանի օր անց նա զորակոչվեց բանակ և ուղարկվեց հետևակային ուսումնարան: Ուսումը դեռ չավարտած` համակուրսեցիների հետ ռազմաճակատ մեկնեց:

Հատկապես ծանր մարտեր էին մղվում Կալաչի շրջանում: Թեժ մարտում Աշոտը վիրավորվեց, բայց չհեռացավ մարտադաշտից: Շուտով զորամասը պաշտպանական դիրքեր գրավեց Ստալինգրադի մատույցներում: Հոկտեմբերին նա երկրորդ անգամ վիրավորվեց և փոխադրվեց Սարատով` բուժման: 1942 թ. Աշոտ Ամատունին ընդունվեց տանկային ուսումնարան: Ավարտելուց հետո 135-րդ տանկային բրիգադի կազմում մասնակցեց Ուկրաինայի և Մոլդովայի ազատագրմանը: Այդ մարտերում ցուցաբերած արիության համար նա ստացավ առաջին մարտական պարգևը`«Կարմիր աստղի» շքանշան:

Դրանից հետո մասնակցել է Լյուբլինի, Մինսկ-Մոզովեցկի, Խոլմի, Սեդլեցի, Պրահայի և այլ քաղաքների ազատագրմանը…

Հերթական պլացդարմը գրավելիս վաշտի հրամանատար Կարպենկոն զոհվում է, և հրամանատարությունը հանձնում են Ա.Ամատունուն: Մարտերը գնալով թեժանում էին: Ամատունու հրամանատարությամբ գործող տանկային ստորաբաժանումը գրոհներով ճեղքում է թշնամու պաշտպանության գիծը և ճանապարհ բացում մյուս զորամասերի համար: Բեռլինի մոտ մղված մարտերից մեկում նա ծանր վիրավորվում է… և հաղթանակի օրը դիմավորում է Վարշավայի արվարձանային հոսպիտալում:

Գերմանաֆաշիստական զորքերի դեմ տանկային մարտերում ցուցաբերած արիության և հերոսության համար ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նախագահության 1945 թ. փետրվարի 27-ի հրամանագրով Աշոտ Ապետի Ամատունուն շնորհվել է Խորհրդային Միության հերոսի բարձր կոչում:

1946 թ. Ա. Ամատունին ընդունվել է զրահատանկային զորքերի ակադեմիա և այն ավարտել կապիտանի կոչումով: Այնուհետև ծառայությունը շարունակել է տանկային գումարտակի հրամանատարի, գնդի շտաբի պետի տեղակալի, գնդի հրամանատարի, դիվիզիայի շտաբի պետի պատասխանատու պաշտոններում:

Ա.Ամատունին եռանդուն աշխատանք է տարել երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակության, բանակի համար երիտասարդ զինվորական կադրեր պատրաստելու ուղղությամբ: Երկար տարիներ եղել է «Մայր Հայաստան» զինվորական թանգարանի տնօրենը:

♦♦♦

ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻ ՀԵՐՈՍ ՀԱՅ ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԸՊատմության ուսուցիչ, ուսմասվար, այնուհետև` տնօրեն, շրջանային ժողկրթբաժնի տեսուչ, Լեռնային Ղարաբաղի ժողկրթության բաժնի պետ Գրիգոր Բաղյանը 1941 թ. փետրվարին կամավոր մեկնեց բանակ: Շուտով նշանակվեց 15-րդ գվարդիական դիվիզիայի 47-րդ գվարդիական գնդի հրամանատարի քաղաքական գծով տեղակալ:

1944 թ. սեպտեմբերին փոխգնդապետ Բաղյանի հրամանատարությամբ գործող հետևակային գունդը մասնակցեց Չեխոսլովակիայի ազատագրմանը: Կարպատյան անտառապատ լեռներում նրա ղեկավարած գունդը առաջ էր շարժվում` ոչնչացնելով թշնամու կենդանի ուժն ու տեխնիկան: Իր վրա վերցնելով մարտի ծանրությունը` գունդն անցավ Օպավա գետը: Գնդի ռազմական գործողությունները հմտորեն ղեկավարելու համար Բաղյանը պարգևատրվեց «Կարմիր դրոշի» և Սուվորովի 2-րդ աստիճանի շքանշաններով:

Կարպատները մարտերով անցնելիս և հատկապես Մորավսկա Օստրավա, Օլոմոուց քաղաքներն ազատագրելիս մղված մարտերում ցուցաբերած վճռականության, քաջության ու խիզախության, մարտերում հրամանատարության մարտական առաջադրանքներն անթերի կատարելու համար ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նախագահության 1945 թ. հունիսի 29-ի հրամանագրով գվարդիայի փոխգնդապետ Գրիգոր Կարապետի Բաղյանին շնորհվեց Խորհրդային Միության հերոսի կոչում: Գրիգոր Բաղյանը պարգևատրվել է նաև «Կարմիր դրոշի» երկու, Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի, «Կարմիր աստղի» և Ալեքսանդր Նևսկու շքանշաններով ու բազմաթիվ մեդալներով:

♦♦♦

ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻ ՀԵՐՈՍ ՀԱՅ ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԸԽորհրդային Միության հերոս Աղվան Բաբայանը Խաչիկ գյուղի յոթնամյա դպրոցում պատմության ուսուցիչ էր։ 1940 թ. հունվարին նա զորակոչվեց բանակ: Աղվանը մարտական առաջին առաջադրանքը ստացավ 1941 թ. հուլիսի 10-ին: Տասնհինգ ավտոմատավորների և երկու գնդացրորդների հետ նա պետք է հետախուզեր թշնամու ստորաբաժանումների դասավորությունը: Առաջադրանքը հստակ կատարվեց, և Բաբայանը պարգևատրվեց «Արիության համար» մեդալով:

1941 թ. սեպտեմբերին մարտում վիրավորվելուց և ապաքինվելուց հետո վերադարձավ ռազմաճակատ` 512-րդ գունդ: Դեսնա գետի ափին մղվող մարտերից մեկում Բաբայանը նորից վիրավորվեց: Եվ երբ շատ այլ վիրավորների հետ գնացքով տեղափոխվում էր հիվանդանոց՝ թշնամու կողմից գերի վերցվեց և տեղափոխվեց Դարնիցայի համակենտրոնացման ճամբար: Բազմաթիվ խոշտանգումներից և մղձավանջային օրերից հետո 1942 թ. հունվարի 8-ի գիշերը, օգտվելով ուժեղ ձնաբքից, մի խումբ համախոհների հետ նրան հաջողվեց փախչել ճամբարից և միանալ յուրայիններին:

Բաբայանը 216-րդ դիվիզիայի 647-րդ հրաձգային գնդի կազմում մասնակցեց Կրասնոդարի, Դոնբասի ազատագրմանը: 1943 թ. օգոստոսին նա նշանակվեց գրոհային ջոկատի հրամանատար: Իր ջոկատի հետ անցնելով երկաթգիծը, կարողացավ հնարամտությամբ և ճարպկությամբ հետախուզել թշնամու տարածքը և տեղեկություններ բերել: Դրա հետ մեկտեղ նա նաև գերի էր վերցրել գերմանացի երկու զինվորի:

Երկու օր անց Ուդաչնի գյուղի մոտ սկսվեց խորհրդային զորքերի գրոհը, որտեղ աչքի ընկավ նաև Բաբայանը և պարգևատրվեց «Կարմիր աստղի» շքանշանով: Այնուհետև մասնակցեց Սևաստոպոլի ազատագրմանը: 1944 թ. մայիսի 2-ին Բաբայանը առաջադրանք ստացավ` իր ջոկատով բարձրանալ Սապուն Գորա լեռը և ուսումնասիրել թշնամու դասավորությունը: Առաջադրանքը հաջողությամբ կատարվեց:Հետո մարտում զոհված հրամանատարի փոխարեն գումարտակի հրամանատարությունը ստանձնեց Բաբայանը: Անցնելով Սևաստոպոլ տանող երկաթգծի ուղղությամբ` գումարտակը գրավեց հակառակորդի ռազմամթերքով բեռնված գնացքը և շարունակեց հարձակումը Խերսոնի ուղղությամբ: Այստեղ գերի վերցվեցին 856 գերմանական զինվոր ու սպա: Այդ անօրինակ սխրագործության համար Աղվան Նահապետի Բաբայանը 1944 թ. արժանացավ Խորհրդային Միության հերոսի կոչման: Ղրիմի ազատագրումից հետո նրանց զորամասը տեղափոխվեց Մերձբալթիկա: Բաբայանը խիզախությամբ աչքի ընկավ նաև Քյոնիգսբերգի համար մղված մարտերում և պարգևատրվեց «Կարմիր դրոշի» և Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշաններով:

Պատերազմից հետո Բաբայանը երկար տարիներ աշխատել է մանկավարժության բնագավառում և պատվով կատարել իր աշխատանքը:

♦♦♦

ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻ ՀԵՐՈՍ ՀԱՅ ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԸԱնդրանիկ Մանուկյանը Բաքվի մանկավարժական ինստիտուտի երկրորդ կուրսում էր, երբ զորակոչվեց բանակ: Երկու տարի ծառայելուց հետո Անդրանիկը պետք է վերադառնար ուսուցչական աշխատանքին, սակայն սկսվեց Մեծ Հայրենականը: Պատերազմի հենց առաջին օրվանից նա առաջնագծում էր: Մարտական գործողության ժամանակ վիրավորվելուց, այնուհետև ապաքինվելուց հետո 1942 թ. ընդունվեց Ուլյանովսկի տանկային ռազմական ուսումնարան: Ավարտելուց հետո լեյտենանտը նշանակում ստացավ 1-ին տանկային բանակի առաջին բրիգադում, որտեղ դասակի հրամանատարից հասավ մինչև բրիգադի հետախուզության պետի պաշտոնին՝ կապիտանի կոչումով։

Անդրանիկ Մանուկյանը մարտերով Կովկասից հասել է Բեռլին: Մասնակցել է Կուրսկ-Օրյոլի աղեղում մղված մարտերին, Ուկրաինայի, Լեհաստանի ազատագրմանը: Նրա հետախույզները բազմաթիվ համարձակ գործողություններ են կատարել թշնամու թիկունքում:

Ճակատային գիծը մոտենում էր Գերմանիայի սահմանին, և անհրաժեշտ էր տեղեկություններ ստանալ հակառակորդի զորքերի, կրակային կետերի, ականանետային դաշտի դասավորության մասին: Մարտական խնդիրը չափազանց պատասխանատու էր և կապված մեծ դժվարությունների հետ: Մանուկյանին հանձնարարված էր ամեն գնով ձեռք բերել հակառակորդի պաշտպանական գծի սխեման: Նա մեծ հնարամտությամբ և համարձակությամբ կատարում էր առաջադրված խնդիրը. մարտական ընկերների հետ ոչնչացրին գերմանական մի խումբ զինվորների և գերի վերցրին թշնամու մեկ սպայի: Սպայի մոտ գտան քարտեզ, որտեղ նշված էին առաջավոր կրակակետերը, ականանետային դաշտը և մի շարք պաշտպանական ամրություններ:

1945 թ. փետրվարի 25-ին գվարդիայի կապիտան Անդրանիկ Ալեքսանդրի Մանուկյանին շնորհվեց Խորհրդային Միության հերոսի բարձր կոչում:

Պատերազմի տարիներին ցուցաբերած սխրանքների համար Մանուկյանը պարգևատրվել է նաև «Կարմիր դրոշի» և «Կարմիր աստղի» երկուական շքանշաններով, իսկ լեհական կառավարությունը նրան պարգևատրել է Գրյունվալդի 3-րդ աստիճանի շքանշանով:

Զորացրվելուց հետո երկար տարիներ աշխատել է Երևանի թիվ 110 միջնակարգ դպրոցում` որպես զինղեկ, միաժամանակ դասավանդել է պատմություն:

ՄԱՐԻՆԱ ՇԱԽԻԿՅԱՆ

ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» ՌՊԹ գիտաշխատող – ֆոնդապահ