Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
«ԹԱՄԱՆՅԱՆ» ԴԻՎԻԶԻԱՅԻ 100-ԱՄՅԱ ԶԻՆՎՈՐԸ
«ԹԱՄԱՆՅԱՆ» ԴԻՎԻԶԻԱՅԻ 100-ԱՄՅԱ ԶԻՆՎՈՐԸ

«ԹԱՄԱՆՅԱՆ» ԴԻՎԻԶԻԱՅԻ 100-ԱՄՅԱ ԶԻՆՎՈՐԸՄեծ Հայրենականի հաղթանակից ուղիղ 76 տարի անց Անդրանիկ պապը կրկին ուսերին է գցում մեդալների առատությունից ծանրացած պիջակը եւ… բոլորին հղում իր մաղթանքը.

-Միայն ու միայն խաղաղություն: Ես զինվոր մարդ եմ, Հայրենական պատերազմի ասպետ եմ: Ես միայն խաղաղություն եմ ուզում,- ասում է 100-ամյա վետերանը, որի առույգությունը ուղղակի զարմացնում է բոլորիս:

1941 թ. սեպտեմբերին ռազմաճակատ մեկնած Անդրանիկը պատերազմի քառուղիներն անցել է որպես հրետանավոր: Իր հրանոթով հասել է մինչև Բեռլին, երեք անգամ վիրավորվել է, ապաքինվելուն պես նորից համալրել է «Թամանյան» դիվիզիայի շարքերը։

Խոսելով պատերազմի ու պարգևների մասին՝ Անդրանիկ պապը խոստովանում է.

-Ինձ համար ամենաթանկն ու արժեքավորը սա է,-ցույց տալով կրծքին ամրացրած մեդալներից մեկը՝ ասում է պապը: -Սա իմ մարտական ընկերոջ՝ ԽՍՀՄ հերոս Հունան Ավետիսյանի անունը կրող մեդալն է։ Հունանը ավագ սերժանտ էր: Իմ մարտական ընկերն էր. նրա հետ շատ աղ ու հաց եմ կերել:

Անդրանիկ պապը մի դիպված է հիշում նաև փառապանծ «Թամանյան» դիվիզիայի լեգենդար հրամանատար Նվեր Սաֆարյանի մասին: Հարմար տեղավորվելով բազկաթոռին՝ չորս տարի շարունակ պատերազմի արհավիրքների միջով անցած Անդրանիկ Գևորգյանը պատմում է.

«ԹԱՄԱՆՅԱՆ» ԴԻՎԻԶԻԱՅԻ 100-ԱՄՅԱ ԶԻՆՎՈՐԸ-Հայրական տնից մինչև Բեռլին եմ հասել: Ամեն օր ու ամեն մի հաղթանակ մեզ մոտեցնում էր մեծ հաղթանակին։ Հաղթանակից մի քանի օր առաջ հանդիպեցինք «Թամանյան» դիվիզիայի հրամանատար, գեներալ-մայոր Նվեր Սաֆարյանին: Հրամանատարը առհասարակ շատ մռայլ ու վերին աստիճանի պահանջկոտ մարդ էր: Նրա դեմքին ոչ մի անգամ ժպիտ չէիր տեսնի: Ապրիլի 30-ին, Նվեր Սաֆարյանի ելույթից հետո, մենք տղերքով պարեցինք մեր ավանդական «Քոչարին»: Հենց այդ օրը, այդ ուրախության պահին, մենք նրա դեմքին առաջին անգամ ժպիտ տեսանք:

Մեծ Հայրենականի ժամանակ երեք անգամ վիրավորված ասպետը մի դրվագ էլ հիշում է իր հետ կապված.

– Արկը ինձ շատ մոտ պայթեց, ու պայթյունի ալիքը ինձ շպրտեց մոտակա դատարկ ջրատարը: Լսում եմ գլխավերևումս կանգնածների խոսակցությունը. «Թող այստեղ մնա, մինչև «պախարոնի» դասակը գա, դիակը տանի»: Աչքերս բացեցի ու ասացի. «Տղե՛րք, ես ողջ եմ, դեմքս է արյունոտ»: Գրպանումս Աղոթագիրք կար, որ մայրս էր տվել: Հենց մորս տված Աղոթագիրքն էլ ինձ փրկեց,- բառերը հատ-հատ արտաբերելով ու դեմքին ժպիտ խաղացնելով,- ասում է «Թամանյան» դիվիզիայի լեգենդար զինվորը:

Ի դեպ, հենց հաղթանակի օրը՝ մայիսի 9-ին, լրացավ Անդրանիկ Գևորգյանի ծննդյան 100-րդ տարեդարձը, ինչի կապակցությամբ վետերանին շնորհավորելու համար նրա տուն այցելեց նաև պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը։

«ԹԱՄԱՆՅԱՆ» ԴԻՎԻԶԻԱՅԻ 100-ԱՄՅԱ ԶԻՆՎՈՐԸՋերմ ու անկաշկանդ զրույցի ընթացքում նախարար Հարությունյանը հետաքրքրվեց մեկ դարի շեմը հաղթահարած վետերանի առողջությամբ, նշեց, որ նրա և Մեծ Հայրենականի մյուս վետերանների սխրանքները օրինակ են թե՛ իր, թե՛ ռազմական բուհերում ուսանող ապագա սպաների համար։

-Եկել եմ, որ շնորհավորեմ Ձեր ծննդյան 100-ամյակը: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հավատացնում եմ, որ մենք կունենանք հաղթանակած բանակ, և մեր ժողովուրդը կապրի անվտանգ,- ասաց գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը՝ Անդրանիկ պապին հանձնելով Մարշալ Հովհաննես Բաղրամյանի արձանիկը։ Իսկ Վետերանների միության հանրապետական խորհրդի նախագահ, գնդապետ Սիմոն Եսայանը նրան պարգևատրեց պատվոգրով և «Պատվավոր վետերան» կրծքանշանով։

ՆԵՐՍԵՍ ԻՎԱՆՅԱՆ

Լուսանկարները՝ ՍԻՓԱՆ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆԻ