Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԽԱՉԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԵՎ ՕԾՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ



ԽԱՉԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԵՎ ՕԾՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՕրերս Բերդ համայնքի մուտքի մոտ տեղի ունեցավ «Անառիկ բերդ» ՌՀԿ-ի նախաձեռնությամբ կյանքի կոչված «ԱՍՏՎԱԾ ՊԱՀԱՊԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՍԱՀՄԱՆԱՊԱՀՆԵՐԻՆ» անունը կրող Սուրբ Խաչի տեղադրման եւ օծման արարողությունը։ Այն դարբնել են Վահե եւ Արսեն Միրզոյանները: Արարողությանը ներկա էին Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը, զորամասերի հրամանատարներ, ուժային և կրթական կառույցների ղեկավարներ, գյուղապետեր, հյուրեր։

Խաչի օծման և օրհնության կարգը կատարեց Տեր Արամ քահանա Միրզոյանը:

Դիմելով միջոցառման մասնակիցներին՝ նա ասաց.

-Խաչն առաջին հերթին սիրո արտահայտությունն է, որովհետև առանց խաչելության սեր չկա: Այսինքն՝ առանց ծառայության, առանց զոհաբերության, առանց նվիրումի սեր չկա: Սերը ծառայություն է, նվիրում և, մեծ հաշվով, զոհաբերություն: Այս խաչը դնելով սահմանագլխին` մենք վերահաստատում ենք այն փաստը, որ այս տարածաշրջանում ապրում են քրիստոնյաներ՝ աշխարհի առաջին քրիստոնյաները: Սա տարածաշրջան է, որն ունի դեմք և դիմագիծ, որն իր սրբությունների, իր տեսակի, նկարագրի համար պատրաստ է նվիրվել, ծառայել, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև զոհաբերվել: Հարկ եղած դեպքում՝ խաչը դառնում է սուր։ Ինչքան էլ մենք այսօր դժվարությունների մեջ ենք և ապրում ենք մեր պատմության ամենադժնդակ ժամանակահատվածը, ամեն դեպքում, հռչակում ենք, որ մեր ճանապարհը պայքարի ու հաղթանակի ճանապարհ է։

ՇՈՒՇԻԿ ՄԵԼԻՔԲԵԿՅԱՆ

զինծառայող

Խորագիր՝ #18 (1389) 12.05.2021 - 18.05.2021, Հոգևոր-մշակութային


13/05/2021