Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՄԵՆԱՀԱՄԵՐԳ՝ ԲԱՐՁՈՒՆՔԻՆ
ՄԵՆԱՀԱՄԵՐԳ՝ ԲԱՐՁՈՒՆՔԻՆ

Թշնամին գրոհում էր մեծ ուժերով։ Տղաները կռվում էին հերոսաբար։ Հասկի նման ընկնում էին թշնամու զինվորները, սակայն ընկածների վրայով գալիս ու գալիս էին նորերը։
-Զինամթերքը սպառվում է, ինչո՞ւ են ուշացնում,- անհանգիստ հետ էր նայում հրամանատարը։
-Տղանե՛ր, պահեք-խնայեք վերջին գնդակները, իսկ մինչ այդ փորձենք համերգ տալ մեր «եղբայր ժողովրդի» զավակների համար,- ասաց Ջեմման (որը լավ տիրապետում է ադրբեջաներենին, իսկ երգելը… երգում է ոնց Զեյնաբ խանումը) եւ եղնիկի նման սուրաց դեպի բարձունքը։ Ադրբեջաներեն ողջունելով «կարդաշներին»՝ նա սկսեց երգել։ Կրակոցները դադարեցին։ Երեւի երգը զինվորներին հիշեցրեց սեր ու տուն, կյանք ու կարոտ։ Մենահամերգը տեւեց տասը-տասնհինգ րոպե, երբ հրամանատարը կանչեց.
-Ջեմմա, զինամթերքը տեղ հասավ, իջիր։
Ջեմման առանց շտապելու վերջացրեց երգը եւ նույն արագությամբ սուրաց դիրքերը՝ չսպասելով «եղբայր ժողովրդի» զավակների ծափողջույններին։ Մարտը նորից շարունակվեց, բայց հակառակ կողմից չկար նախկին ոգեւորությունը։ Կյանքը քաղցրացել էր։ Կրակում էին առանց գլուխները բարձրացնելու։
-Ահա այս բարձունքին կայացավ իմ մենահամերգը,- Ջեմման ցույց տվեց կողքի բարձունքը։
Բարձունքը ողողվել էր աշնան արեւի շողերով։ Թշնամու դիրքերից նույնպես նկատելի էր այն։

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
մայոր