Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՌԱՋՆԱԳԾՈՒՄ ԲՈԼՈՐԸ ԵՂԲԱՅՐՆԵՐ ԵՆ



Հենակետեր գնալու մեր ցանկությունը մտածմունքի մեջ գցեց հրամանատարի տեղակալ փոխգնդապետ Գուրգեն Գրիգորյանին.

-Թե մի ժամ շուտ եկած լինեիք, թրթուրավոր տեխնիկայով կգնայինք։ ԼՏԲ-ն գնաց, թարմ հաց տարավ, իսկ մեքենայով դժվար է, շատ տեղերում մեկ մետրից ավելի ձյուն կա, մառախուղն էլ իր հերթին է խանգարում:

Բայց հենց վատ եղանակին սահման պահող զինվորներին հանդիպելու մեր ցանկությունը դժվար էր մերժել։ Հրամանատարի տեղակալ փոխգնդապետ Արմեն Վարդանյանն էլ որոշեց ընկերակցել մեզ։ Մարտական հերթապահություն կատարող գումարտակի հրամանատար մայոր Ռուբեն Վարդանյանի (նա նույնպես խոստացավ միանալ մեզ) խորհրդով ուղեւորվեցինք N հենակետ։

Տեղ հասանք դժվարությամբ։ Մայոր Ռուբեն Վարդանյանը զեկուցեց գումարտակի զբաղեցրած տարածքում իրավիճակի մասին, հետո առաջ եկավ հենակետի պատասխանատու լեյտենանտ Վարդան Հարութունյանը։ Երբ հարցրինք իրավիճակի մասին, մայոր Ռ. Վարդանյանն ասաց.

-Կրակոցները դարձել են սովորական։ Առաջնագծի հրամանատարական կետում տարբեր հենակետերից ստանում ենք հաղորդումները եւ փոխանցում զորամասի հրամանատարությանը։ Ձգտում եմ օրական հինգ-վեց հենակետերում լինել ու անձամբ տեսնել, թե ինչպես է կատարվում առաջադրանքը, ինչ վիճակ է հենակետերում։

Մայոր Ռ. Վարդանյանի հետ եկել էր նաեւ գումարտակի բուժկետի պետ-բուժակ ենթասպա Ծովիկ Արսենյանը։ Նա արդեն տասնյոթ տարի նույն գործն է անում. անցնելով դիրքից դիրք` զինվորներին անհրաժեշտ բուժօգնություն է ցույց տալիս։

-Ո՞նց են մեր տղաները,- հարցրի նրան։

-Ընդհանուր պատկերը լավ է, թեթեւակի մրսածության դեպքեր կան, բայց լուրջ հիվանդ չունենք։ Ամեն ինչի համար դեղեր ունեմ։

ԴԻՏՈՐԴՆԵՐԸ

Գետնատնակի առջեւի դիտորդը շարքային Մուշեղ Հարությունյանն է՝ Եղեգնաձորից։ Նա ասաց, որ ծնողազուրկ է, հունիսի սկզբին է բանակ զորակոչվել եւ առաջին անգամ է ընդգրկվում մարտական հերթապահության մեջ։ Մուշեղը բանակ է եկել Երեւանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետի էկոլոգիական քիմիա բաժինն ավարտելուց հետո։

Դիտակետերից մեկում շարքային Վարդան Եղոյանն է։ Նա ասաց, որ թեեւ մառախուղը խանգարում է դիտարկմանը, բայց հակառակորդի կողմից որեւէ ձայն չի լսել, շարժ չի նկատել։

Վարդանն Արարատի մարզի Վանաշեն գյուղից է, սովորում է Սեւանի Վազգենյան հոգեւոր դպրոցում։

-Ծառայությունից հետո կշարունակեմ ուսումս,- ասաց Վարդանը։

Հաջորդ դիտակետում ծնունդով աշտարակցի շարքային Արթուր Բաբայանն է կանգնած։

-Սա իմ վերջին մարտական հերթապահությունն է, հենց վերադարձա զորամաս, կզորացրվեմ,- ասաց նա։

ՀԵՆԱԿԵՏՈՒՄ

Հենակետում հանդիպեցինք շարքայիններ Նարեկ Քոչարյանին, Վահագան Կոստանյանին, Հակոբ Վարդանյանին, Գեւորգ Գեւորգյանին։ Բոլորն էլ ծառայության զգալի փորձ ունեցող, բանիմաց տղաներ էին։ Նարեկը, որ Արարատի մարզի Այգեձոր գյուղից է, սովորում է ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի կիրառական քիմիա բաժնում, Վահագնը Կապանից է, դպրոցն ավարտել է Ռուսաստանում, վերադարձել է հայրենիք, ընդունվել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ ու զորակոչվել ազգային բանակ։

-Այսօր լրացավ ծառայությանս մեկ տարին,- ասաց նա։

Ջրվեժցի Հակոբ Վարդանյանն էլ, պարզվեց, Եվրոպական ակադեմիայի միջազգային հարաբերությունների բաժնի ուսանող է։ Գեւորգը նույնպես դպրոցն ավարտել է Ռուսաստանում, եւ նա նույնպես այս հերթափոխից հետո զորացրվելու է։

ԿԵՆՑԱՂԸ

Գետնատնակը մաքուր է, անկողինները՝ հարդարված, նավթի վառարանը լավ տաքացնում է։

– Ստեփանակերտում հատուկ վառարաններ պատրաստող եւ փայտյա բրիկետներ արտադրող ձեռնարկություն կա, բերել փորձարկել ենք, արդյունավետությունը բարձր է, շատ էլ հոտ չի արձակում, եթե հաջողվի, եկող տարի բոլոր գետնատնակներում այդ վառարաններից կտեղադրենք,- ասում է փոխգնդապետ Գ. Գրիգորյանը:

Նա երկար ժամանակ ծառայել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում։ Առաջնագծի պատասխանատու է նշանակվել մեկուկես տարի առաջ, ձգտում է հենակետը դարձնել անվտանգ, ավելի բարելավել կենցաղային պայմանները:

Հատկացված տեղում խնամքով դասավորված է զենք-զինամթերքը: Կա նաեւ փաստատախտակ, իրավական անկյուն, տեղեկություններ հակառակորդի մասին, սեղանին դրված է «Հայ զինվորի» հավաքանին, ամսագրեր, կանոնագրքեր, շախմատ։

Ճաշարանում նույնպես մաքուր է։ Զինվորների հետ թեյ խմեցինք։ Նրանք մեզ հյուրասիրեցին թխվածքաբլիթներ, կոնֆետ, նաեւ սուրճ խմեցինք։ Մթերքի պահարանում ամեն ինչ կա՝ յուղ, պանիր, երշիկ, պահածոներ, խտացրած կաթ, ձու, շաքարավազ, հյութեր, թթու։ Հացը բերվում է միանգամից երկու օրվա համար։ Կարեւորն այն է, որ այստեղ՝ լեռներում, սահմանագծին, մարդկանց հարաբերությունները շատ պարզ են. բարձրաստիճան սպաները շարքային զինվորներին վերաբերվում են որպես կրտսեր եղբոր, հասկանում են, որ թշնամուն դիմակայելու համար պետք է միմյանց թեւ ու թիկունք լինել…

ՖԻԶՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆԸ

-Ուզում եք տեսնել, թե ո՞նց ենք մարզվում,- ասաց հենակտի պատասխանատու լեյտենանտ Վարդան Հարությունյանը եւ տղաների հետ մինչեւ գոտկատեղը մերկանալով՝ սկսեց ձգումները։ 25-երորդից հետո լեյտենանտը պտտաձողը զիջեց զինվորներին։ 10-ից պակաս ձգվող չեղավ:

-Այստեղ` բարձրլեռնային պայմաններում, ավելի հեշտ է, զինվորներն առավոտյան մինչեւ 20 անգամ ձգվում են,- ասաց լեյտենանտ Վ. Հարությունյանը։

Այնուհետեւ սկսվեց մարմնի շփումը ձյունով։ Այդ ժամանակ մենք չգիտեինք, որ քիչ հետո մեկ այլ հենակետում հանդիպելու ենք լեյտենանտի հարազատ եղբորը։

ՄՅՈՒՍ ՀԵՆԱԿԵՏՈՒՄ

Շտապում ենք, որ մինչ մթնելը հաջորդ հենակետ հասնենք։ Փոխգնդապետ Գ. Գրիգորյանն ուզում է մեզ ավելի չոր տեղ տանել, որովհետեւ մառախուղը թանձրանում է, եւ առաջընթացը լեռներում ավելի է դժվարանում։

Հենակետին հասնելու համար նաեւ դիտորդ շարքային Մհեր Եղիազարյանը պետք է բարձրացնի արգելափակոցը։ Տեսնելով հրամանատարի տեղակալին` նա արագ զեկուցում է եւ ճանապարհ տալիս։ Հենակետում էլ իրավիճակի եւ անձնակազմի գործունեության մասին է զեկուցում վաշտի հրամանատար Գեւորգ Հակոբյանը։

-Շատ լավ սպա է, պարտաճանաչ, պահանջկոտ, աշխատասեր,- վերջինիս մասին արտահայտվում է փոխգնդապետ Արմեն Վարդանյանը։

Հենակետի պատասխանատուն դասակի հրամանատար լեյտենանտ Վահան Հարությունյանն է` նախորդ հենակետի պատասխանատու Վարդան Հարությունյանի եղբայրը։

-Զույգեր ենք, ծնվել ենք 1989թ., սովորել մայրաքաղաքի N110 միջնակարգ դպրոցում, այնուհետեւ՝ Տիգրան Մեծ վարժարանում։ 2006թ. ընդունվել եւ 2010թ. ավարտել ենք Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը եւ արդեն մեկ տարուց ավելի է, ինչ այստեղ ենք։

-Էլի եղբայր ունե՞ք։

-Երեք եղբայր ենք, մեր մեծը Հովհաննեսն է, բանակից հետո ընդունվել է մենեջմենթի համալսարան, դեռ ուսանում է։

Խրամատով առաջ ենք գնում եւ հանդիպում դիտորդ շարքային Վասպուր Ադամյանին։ Մյուս դիտորդը շարքային Նարեկ Զաքարյանն է։

Գետնատնակում զրուցում ենք հանգստացողների հետ։ Սերժանտ Հայկ Հարությունյանը, շարքայիններ Եգոր Յուզբաշյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Սարգիս Պողոսյանը, Սպարտակ Գալստյանը նշում են, որ գոհ են տեղի պայմաններից էլ, իրենց նկատմամբ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքից էլ։

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ
Լուս.` ՀՈՎՀ. ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
փոխգնդապետ

Խորագիր՝ #46 (911) 24.11.2011 – 30.11.2011, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


30/11/2011