Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՐԵՆԻՔԻՑ ԹԱՆԿ ՈՉԻՆՉ ՉԿԱ…



ՀԱՅՐԵՆԻՔԻՑ ԹԱՆԿ ՈՉԻՆՉ ՉԿԱ...Պատերազմի երկրորդ օրը Արցախի հարավային սահմանագոտում էինք։ Հրետանավորներին հանդիպելուց ու նրանց գործողությունները լուսաբանելուց հետո շարժվեցինք առաջ՝ առաջնագծում թշնամու հետ մարտի բռնված տղաների մոտ։ Փոխգնդապետ Հակոբյանը հրամանատարական կետից վարում էր մարտը, ուղղորդում հրետանու կրակն ու ապահովում վիրավորների տարհանումը մարտի դաշտից:

Փորձելով չխանգարել փոխգնդապետին՝ տեսախցիկով ֆիքսում էինք լարված իրավիճակն ու հետաքրքրվում տղաների մարտական ոգով: Հենց այդտեղ էլ՝ հրամանատարական կետի մոտ, հանդիպեցինք մեր հաջորդ հերոսին:

-Անո՞ւնդ:

-Աբրահամ Խաչոյան:

-Որտեղի՞ց ես:

-Մասիվից:

Մեր հարց ու պատասխանը, սակայն, շատ կարճ տևեց… Այդ պահին մեր գլխավերևով սուրացող ականն ընդհատեց մեր զրույցը: Աբրահամը միայն հասցրեց գոռալ. «Պառկե՛ք» և փորձեց ինձ պաշտպանել հարվածից…

Այսպես էլ ծնկած դիրքով ու մեկս մյուսին փորձելով հանգստացնել՝ անվնաս անցկացրինք առաջին, իսկ մեկ վայրկյան անց նաև երկրորդ արկի պայթյունը…

Պատերազմից շուրջ կես տարի է անցել: Այդ ամբողջ ընթացքում մերթընդմերթ մտովի վերադառնում էի պատերազմի ընթացքում Արցախի տարբեր սահմանագոտիներում մեր նկարահանող խմբին հանդիպած տղաներին:

ՀԱՅՐԵՆԻՔԻՑ ԹԱՆԿ ՈՉԻՆՉ ՉԿԱ...Մեծ էր ուրախությունս, երբ իմացա, որ Աբրահամը ողջ ու առողջ է և շարունակում է ծառայությունը զորամասերից մեկում:

-Հիշո՞ւմ ես՝ ինչպե՞ս էիր ինձ պաշտպանում,- ժպիտով հարցնում եմ Աբրահամին:

-Ախր, այդ պահին դուք էլ ինձ էիք պաշտպանում, է՜,- ասում է իր ծանոթ, համեստ ժպիտով,- եթե այդ արկերը խրամատի հետևի մասում պայթեին, չէի կարողանալու…

Հիշողությունների հետ կապված մեր զրույցը մեզ մտովի տեղափոխեց այն օրը, երբ Աբրահամի ու դասակի մյուս զինվորների հետ պայթյուններից պատսպարվեցինք հրամանատարական կետում, որի վրա րոպեներ անց սկսեցին թափվել հակառակորդի արկերը։

-Ախր, այնպիսի բանի միջով ենք անցել, որ… մեզնից շատերը չկարողացան անցնել….- ասում է Աբրահամն ու խոստովանում:- Առաջինը մտքիս են գալիս զոհված ընկերներս, սակայն չեմ մոռանում նաև այնպիսի հերոսական պահեր, որպիսիք ֆիլմերում անգամ չեմ տեսել։ Օրինակ՝ հակատանկային «ֆագոտի» միջոցով մեր տղաները ուղղաթիռ են խփել, ավտոմատով անօդաչու սարք ենք խփել…

Իսկ ես երբեք չեմ մոռանա պայքարելու այն կամքն ու պատրաստակամությունը, որ անգամ այդ դժվար պահերին չէին լքում Աբրահամին: Ասում էր.

-Եկել, հասել են մեր հողը, իհարկե, պետք է հետ բերենք, պետք է ավելի առաջ գնանք:

Հիմա արդեն վերհիշելով պատերազմական այդ օրերն ու ցույց տալով իր պարանոցի փայտյա խաչը՝ Աբրահամը խոստովանում է.

-Խաչն է պահել-պահպանել մեզ…

Ծոցագրպանից հանում է Աստվածամոր նկարը, որի հետ չի բաժանվում մինչ օրս…

ՀԱՅՐԵՆԻՔԻՑ ԹԱՆԿ ՈՉԻՆՉ ՉԿԱ...-Պատերազմի երևի երրորդ օրն է զինվորներից մեկը ինձ տվել: Ու այն ինձ պահպանում է: Այս խաչն ու նկարը միշտ հետս են եղել… 550 հոգով գնացել էինք պաշտպանության, մոտ 5-8 րոպե «Գրադ» մարտկոց էր աշխատում մեր ուղղությամբ, ու բարեբախտաբար ոչ մի զոհ չունեցանք:

Բոլոր զինվորների ծնողների նման Աբրահամի մայրը՝ տիկին Քրիստինեն էլ 44 օր ու գիշեր քուն ու հանգիստ չի ունեցել… Անվերջ ու անդադար դիտում էր տեսանյութը, աղոթում բոլոր զինվորների համար ու անթաքույց հպարտանում իր զավակով.

-Բոլորն ունեին այդ տեսանյութը, բայց ինձ ցույց չէին տալիս: Հետո զանգեցին, ասացին. «Նայի՛ր այս տեսանյութը, բայց քեզ ձի՛գ պահիր»: Հնարավոր չէ բացատրել, թե ինչ ապրեցի. առաջին պահին մեծ հպարտություն զգացի, թե ինչեր է անում որդիս, բայց անմիջապես էլ մտածեցի՝ ինչերի՜ միջով է անցնում …

Ի դեպ, Աբրահամի ու թշնամու հետ կռիվ տվող մյուս տղաներին օգնության ձեռք մեկնելու համար այդ օրերին Արցախ էր մեկնել նաև տիկին Քրիստինեի ավագ որդին՝ Մարատը։ Հավաքել է բակի տղաներին ու օրեր անց միասին կանգնել են Աբրահամի կողքին:

Հիշելով այդ օրը՝ տիկին Քրիստինեն ասում է. «Աշխատավայրում Մարատս եկավ ինձ մնաս-բարով անելու: Ես դուրս եկա իր ետևից, որ տեսնեմ՝ ի՞նչ է կատարվում, ինչո՞ւ է հանկարծ որոշել գնալ, քանի որ տանը չէինք խոսել այդ մասին: Տեսա, որ ընկերները հերթով գալիս են, ասացի՝ «Էս ո՞ւր»: Պատասխանեցին. «Մենք էլ ենք գնում, մենակ Մարատը չի…»:

Թերթելով պատերազմի օրերին արված լուսանկարները՝ Աբրահամն ասում է, որ երբեք չի մոռանա մարտի դաշտում միասնության ու մարտական ընկերության անմեկնելի զգացումը, որն ամենից նեղ պահին ուժ ու կորով էր հաղորդում իրենց: Հետո ձեռքը վերցնելով լուսանկարները՝ ասում է. «Ինչ անեինք, իրար հետ էինք անում: Ուտում էինք՝ իրար հետ, քաղցած էինք մնում՝ իրար հետ, կռվում էինք՝ իրար հետ…»:

Ինչ վերաբերում է հետագա ծառայությանն ու ծրագրերին՝ Աբրահամը անվարան ասում է, որ պատերազմ տեսած ու մարտական ընկեր կորցրած ամեն մի զինվոր տված երդում ունի: Երբ էլ ծագի անհրաժեշտությունը, ոչինչ ունակ չի լինելու իրենց ետ պահելու տված խոստումից.

-Անկասկած, ես փոքր եմ եղել, մեծերը եկել, կանգնել են իմ կողքին ու կատարել այն, ինչ պետք է անեին: Նույնն էլ ես պետք է անեմ: Որովհետև տունը պետք է պահել, հայրենիքը պետք է պահել: Թե՛ ընտանիքը, թե՛ ապագա սերունդը, որ դեռ չկա, ծնվելու, մեծանալու է մայր հողի վրա: Հայրենիքից թանկ ոչինչ չկա…

 

ՆԵՐՍԵՍ ԻՎԱՆՅԱՆ

Լուս.՝ ՖԵԼԻՔՍ ՇԱԽՏՈՅԱՆԻ

ԱՐՇԱԿ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻ

Խորագիր՝ #15 (1386) 21.04.2021 - 27.04.2021, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


22/04/2021