Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
«ԱՓ ՄԸ ՄՈԽԻՐ, ՀԱՅՐԵՆԻ ՏՈՒՆ...»
«ԱՓ ՄԸ ՄՈԽԻՐ, ՀԱՅՐԵՆԻ ՏՈՒՆ…»

«ԱՓ ՄԸ ՄՈԽԻՐ, ՀԱՅՐԵՆԻ ՏՈՒՆ...»(Հատվածներ ՀՐԱՆՏ ԹԱՄՐԱԶՅԱՆԻ «Սիամանթո» մենագրությունից)

 

…Արվեստը պետք է բխի ժողովրդի կյանքից և ծառայի ժողովրդին. 1880-ական թվականներին ընդգծված այդ նշանաբանը, որի պաշտպաններն էին Արփիարյանը, Զոհրապը և ուրիշներ, մի առանձին կարևորություն, գրեթե ճակատագրական նշանակություն է ձեռք բերում 20-րդ դարի սկզբին։ Այդ նշանաբանը մի նոր ուժով և նպատակասլացությամբ շարունակում ու զարգացնում է Սիամանթոն։

…Սիամանթոյի «Ասպետին երգը» ուժեղ ու դրամատիկ մի ստեղծագործություն է, ցավի և ուժի ազդեցիկ մի նկարագիր։ Սիամանթոն ստեղծում է ասպետի՝ հայ քաջորդու ռոմանտիկական կերպարը։ Երկը մի կողմից վերականգնում է արյունոտ օրերի պատմությունը, մյուս կողմից արտահայտում երկրի զավակի մտորումները հայրենիքի բախտի մասին։ Սուրում է ասպետը հայրենի դաշտերով, ծննդավայրով, ավերված քաղաքներով ու գյուղերով, եղբայրական գերեզմանների միջով, սուրում է դեպի նպատակը՝ վառելու հույսի ջահերը, միանալու երկրի ըմբոստներին։ Անցնում է հայրենի դրախտային ափերով, ծմակներով՝ արյունելով մանկության հիշատակները, բայց զսպում է կարոտը։ Անցնում է գերեզմանների ու սպիտակ շիրիմների, այրված քաղաքների մոխիրների մոտով, բայց զսպում է վիշտը, խեղդում սերը, արցունքը, որովհետև՝

 

…ինծի համար, կարելի չէ, քեզի կըսեմ, երիվար,

Հայրենիքիս մահացումը մահվան մեջ

          անգամ մըն ալ սևեռել։

 

«Ասպետին երգը» մի կողմից բացում է տառապանքի պատմության էջերը, մյուս կողմից՝ ներբողում ապրելու, կռվելու, հողը փրկելու գաղափարը։ Հրաժարվել լացից, անօգուտ արցունքներից, հին հառաչանքից…

 

Որդիները տառապանքին, որ թշնամության այս

          դարուն հետ,

Արյունին մեջ են ծնած, և անոր մեջ զայրացած և

          արյունո՜վ կուզեն մեռնիլ։

 

«Ասպետին երգը» հնչեցնում է «արդարությամբ բեռնավոր» սերունդների ուժի և ըմբոստության նվագները, դառնում է կյանքի համար մղվող պայքարի հերոսական հրավեր…

Մի շարք բանաստեղծություններում Սիամանթոն ստեղծում է բանաստեղծի ու հերոսի, բանաստեղծի ու ռազմիկի՝ տառապանքների եղբայրների հանդիպման ռոմանտիկական շքեղ պատկերը։ Ահա մի տեսիլ՝ տոգորված տխուր մտորումներով։ Բանաստեղծը մենակ է իր մտքերի հետ («Ես երգելով կուզեմ մեռնիլ»)։ Նա մտորում է հայրենիքի բախտի մասին. «Եվ փորձության ու տառապանքի նժարով հայրենիքի բախտը կը կշռեի»… կեսգիշերի մեջ՝ սպասումի ու հույսի երազներով։ Միայնակ բանաստեղծը այդպես է և ցերեկվա պայծառ լույսերի մեջ, որովհետև շրջակա աշխարհը, օտար հողն ու երկինքը նրան ոչինչ չեն ասում, նրա միտքը սևեռված է մի կետի՝ հայրենիքին։ Տեսիլը փոխվում է, բանաստեղծի անդորրը և մտքի խաղաղ ընթացքը տեղի է տալիս ուժի և գեղեցկության առաջ, բանաստեղծը հայրենանվեր ռազմիկի հետ է։

 

Երիտասարդ էր։ Աչվըներուն կայծը երկնքի

          աստղերեն էր որ կծորեր,

Եվ հասակին ձևերը մարմարներու

          զորություններեն էր կերտված…

Մտածումը մարդկային արդարության էջերեն

          հստակորեն ջահավառյալ…

Ճակտին վրա իրենց ցավի և բարության ծաղկըներն

          ունեին։

 

Բանաստեղծը և զինվորը…  Ժողովրդի միտքն ու ուժը, խոհն ու կամքը, զգացումն ու նպատակը.- այս հատկանիշներով են դեմառդեմ կանգնում բանաստեղծն ու զինվորը, մտքի նահատակն ու ռազմի նահատակը, ավելի ճիշտ՝ մտքի հերոսն ու ճակատամարտի հերոսը։ Ինչպիսի՜ նուրբ համեմատություններով է Սիամանթոն կերտում բանաստեղծին ու զինվորին՝ քով քովի՝ նույն խոհերով ու ժպիտներով, բայց տարբեր կերտվածքով. մեկը դժգույն է՝ ինչպես առավոտյան անհետացող երազ, մյուսը՝ կիսաստվածի արյունոտ սրտի նմանող ծանրախոհ գլխով, մեկը՝ մեղմագին մտորումներով, մյուսը՝ աստղերից քաղած երկնային կայծն աչքերում։ Երկուսն էլ հայրենիքի ճակատագրի խորհրդանիշը փնտրելիս…

 

Ժամերով լռին էր։ Լռին էի։ Հիշատակի

          հեծեծանքներ մեր աչքերը թրջեցին…

Եվ լամբարիս կապույտ լույսը, սեղանիս վրան, այլևս

          արյուններու նման վար կթորար…

Տժգունեցա ես՝ ինչպես երազ մը որ առավոտին

          երևումեն կանհետի…

Բայց ինք՝ հերոսատիպ և հպարտ, ձեռքս ձեռքին մեջ՝

          ոտքի՝ ինծի ըսավ…

 

Նրանք հասկանում են իրար, զգում են միմյանց, ցավը նրանց զգայուն է դարձրել ու նուրբ, ցավը միացրել է ժողովրդի զավակներին, դարձրել գերզգայուն…Նրանց երկուսի աչքի առաջ վառվում են հայրենի հեռաստանները և երբեմնակի ճառագայթում է փրկության հույսը։

Թախիծով, տխրությամբ համակված բանաստեղծությունը ստանում է նոր շեշտ, վշտից է ծնվում հերոսականը։ Զինվորը բանաստեղծին բերում է հավատքի ու հրաժեշտի պողպատակուռ խոսքը.

 

Այս իրիկուն՝ հավատքի ու հրաժեշտի իրիկունս է,

          ընկե՛ր,

Երիվարս թամբած եմ արդեն՝ և կյանքի ու կռիվի

          տենդեն՝ դուռիդ առջևը կվրնջե…

Եվ տե՛ս, հասակես վար անբիծ սուրս մերկ է,

          մերկությամբը գերմարդկային վճիռներուն։

Ճակատդ շրթունքիս մոտեցո՛ւր… հավատքի և

          հրաժեշտի իրիկունս է,  ընկե՛ր։

 

Բանաստեղծը կրկին կանգնած է ժողովրդական կամքի առաջ։ Գունեղ ու արտահայտիչ է հնչում զինվորի խոսքը, պատգամը իր հոգու թարգմանին, մարգարեին, եղբորը.

 

Եվ դուն սա՛ մաքրափայլ թերթերուդ վրան, ցեղին

          ցավը և ցեղին ուժը բանաստեղծե,

Ապագա սերունդներուն և մեր անցյալին

          տխրությունն ի նվեր.

Ես որբ մըն եմ և ըմբոստ մը, մնա՜ս բարյավ,

          կորուսյալներս փնտռելո՜ւ կերթամ…

Քու երգերեդ երգ մը տո՛ւր ինձ, երգ մը, ես երգելո՜վ

          կուզեմ մեռնիլ…

 

«Ես երգելով կուզեմ մեռնիլ».- այսպես է կռվի գնում զինվորը՝ մահից առաջ պահանջելով «ցեղի ուժի» ու ցավի երգ…

 

 

***

 

«ԱՓ ՄԸ ՄՈԽԻՐ, ՀԱՅՐԵՆԻ ՏՈՒՆ...»Սիամանթոն կանգնած էր ստեղծագործական նոր ճանապարհի վրա, ապրում էր նոր սիրով ու երազներով։ Բայց շատ շուտով մթագնում է հայոց երկինքը, համաշխարհային պատերազմի նախօրյակին երիտթուրքերի եռանդուն գործունեությունը տագնապալի դրություն է ստեղծում երկրում, քաղաքական մթնոլորտը դառնում է սպառնալի։ Սկսվում է համաշխարհային պատերազմը, թուրքական կառավարությունը զորահավաքի է կանչում նաև 20-ից 45 տարեկան հայերին։ Բարեկամները ձեռք են մեկնում Սիամանթոյին՝ թուրքական զորակոչից նրան ազատելու համար…

Այդ տագնապալի օրերին բանաստեղծը հեշտությամբ կարող էր ազատել իր անձը, բայց, ինչպես մյուս նշանավոր մտավորականներն ու գրողները, մնում է ժողովրդի հետ։ Սիամանթոյի քաղաքացիական ազնիվ նկարագիրը ամբողջացնելու համար ավելորդ չէ բերել մի խոսուն փաստ. Շվեյցարիայում լսելով հայերի տագնապալի վիճակի մասին, նա վերադառնում է Կ.Պոլիս՝ բաժանելու հայրենի ժողովրդի ճակատագիրը։ Այդ մասին է խոսում Ավ.Իսահակյանի հուշը, որ գրի է առել գրականագետ Արամ Ինճիկյանը. «Մի անգամ Վարպետը խոր կսկիծով վերապրելով Սիամանթոյի, Զոհրապի, Վարուժանի և մյուս ընկերների ահավոր կորուստը, ափսոսանքով հիշեց, որ 1914 թ. Ժնևում Սիամանթոն չլսեց իր խորհուրդը՝ չվերադառնալ Պոլիս։

-Պիտի երթամ, իմիններս հոն են…

-Գնաց, ընկավ գազանի բերանը,- մի տխուր դադարից հետո ավելացրեց Վարպետը»։

…Թուրքական կառավարությունը, միանալով Գերմանիայի հետ, գաղտագողի մշակում էր ոճրագործ պլաններ։ Երիտասարդ թուրքերի որոգայթներում մոլորված հայ մտավորականներն ու ամբողջ ժողովուրդը դեռևս չէին հասկանում հայերի զորակոչի հետին իմաստը։ Թուրքերը փաստորեն Հայաստանը մաքրում էին մարտունակ ուժերից՝ լիովին զինաթափ անելով ժողովրդին։ Գերմանացիները հայ քաղաքական կուսակցությունների առաջ ճակատագրական խնդիր էին դրել՝ ընդունել գերմանական կողմնորոշում, միանալ Ռուսաստանի դեմ մղվող  պատերազմին։ Հայաստանը գտնվում էր երկու կրակի արանքում, նա չէր կարող անել անկարելին. ժողովուրդը չէր կարող դեմ գնալ Ռուսաստանին, որի ժողովրդի հետ հոգեպես կապված էր և որի տիրապետության տակ էր գտնվում Արևելյան Հայաստանը։ Ամեն տեսակ վճիռ նրան կարող էր կանգնեցնել համազգային աղետի առաջ։

Թուրքական պետական արյունարբու գործիչները՝ Էնվերը, Թալեաթը և այլք, գործի դնելով իրենց հրեշավոր ծրագիրը, ամբողջ ազգության ոչնչացումը համարում էին կենսական անհրաժեշտություն Թուրքիայի համար, լկտի անկեղծությամբ արդարացնում հայկական ջարդերը։ Ահա նրանց մտքերը. «Հայերը պատճառն են իրենց կրած բոլոր չարիքներուն», «Մենք կկռվենք մեր ազգային գոյության համար», «Մենք իրավունք ունեինք դիմելու այն բոլոր միջոցներուն, որոնք կրնային մեր նպատակները իրագործել», «Մենք ժամանակ չունինք անմեղը մեղավորեն զատելու»։ Գերմանական թղթակցի հետ ունեցած զրույցի ժամանակ Թալեաթը, որի ստվերի տակ աղոտանում են միջնադարյան բոլոր ինկվիզիտորները, զարմանալի խաղաղ սադիզմով ասում է. «Մեր երեսին կուտան, թե մենք տարբերություն չենք դներ անմեղ և հանցավոր հայերու միջև, այդ բանը բացարձակ կերպով անկարելի էր, որովհետև այսօրվան անմեղները թերևս վաղվան հանցավորները պիտի ըլլան»։ Նույն անկեղծությամբ և անսքող ամբարտավանությամբ Թալեաթը հպարտանում էր Հայկական հարցի թալեաթյան լուծման համար. «Երեք ամսվա մեջ լուծելու համար Հայկական հարցը, ավելի գործ տեսա, քան Աբդուլ Համիդը՝ 30 տարվա մեջ»։

Այսպես էր բուն իրողությունը, նույնիսկ թուրքական արյունարբու գործիչների, երիտթուրքերի պարագլուխների վկայությամբ։

Բազմաթիվ փաստեր հաստատում են, որ երկար տարիներ երիտթուրքերը հրահրում էին պանթուրքիզմի գաղափարները՝ ատելություն սերմանելով Թուրքիայում ապրող ժողովուրդների նկատմամբ։ Ոգևորված օսմանյան մեծ իմպերիայի գաղափարով, նրանք ծրագրել էին մահմեդական հավատի ժողովուրդներին ձուլել, իսկ քրիստոնյա ժողովուրդներին՝ ֆիզիկապես բնաջնջել։ Երիտասարդ թուրքերը՝ թուրքական արյունարբու բուրժուազիայի շահերի արտահայտիչները, երազում էին իրենց իմպերիայի սահմանները հասցնել մինչև Վոլգա, գրավել ամբողջ Կովկասը, Ղրիմը։ Դեռ պատերազմից առաջ նրանք ձգտում էին իրենց նպատակներին ծառայեցնել Կովկասի մահմեդական ժողովուրդներին, իսկ երկրի ներսում, օգտագործելով ամեն առիթ, հրի ու սրի էին քաշում փոքր ժողովուրդներին։ 1913-1914 թթ. արյունալի ջարդերի նախօրյակին նրանք առաջարկում էին հայերին՝ կամավորական շարժում կազմակերպել ընդդեմ Ռուսաստանի՝ հայերի ջարդը երկկողմանի դարձնելու նպատակով։ Մի խոսքով՝ նրանք ծրագրել էին ոչնչացնել ոչ միայն արևմտյան հատվածի հայերին, այլ նաև Արարատի մյուս կողմում գտնվող ռուսահայությանը։ Այդ խնդրում Թուրքիայի անմիջական խորհրդատուն ու դաշնակիցն էր Գերմանիան։ Այսպես, օրինակ, գերմանական միլիտարիզմի գաղափարախոս Ռորբախը իր զեկուցումներում ու հոդվածներում այն միտքն էր զարգացնում, թե Թուրքիայի համար շահավետ է հայերի աստիճանական ոչնչացումը։

Եվ այսպես, ռազմական ներքին համաձայնությամբ Թուրքիան ու Գերմանիան «որոշում»  են Հայկական հարցը՝ միջոց ընտրելով մասսայական ջարդերն ու արտաքսումը։ Հասունացող դեպքերը դառնում էին աղետալի։ Գալիս էին այն օրերը, որոնց մասին Սիամանթոն խոր ներքնատեսությամբ զգուշացնում էր.

 

Աճապարեցե՛ք , ձեզի՜ եմ, որովհետև բոլոր կյանքերը

          պիտի ջախջախվին,

Բոլոր ամոլները պիտի այրիանան ու բոլոր այրիները

          պիտի մահանան,

Բոլոր նորածինները իրենց խանձարուրներուն

          արյունոտ ծալքերուն տակեն,

Իրենց կյանքին անգիտակ աչվըները մահվան մեջը

          պիտի բանան…   

 

Արդարանում էր Սիամանթոյի խոսքն ընդդեմ իմպերիալիստական մեծ տերությունների նենգ քաղաքականության.

 

Կրակեցեք մինչև որ՝ ծովուն վրա քնացող

          ռազմանավերն օտար

Արդարության անդնդախոր իրենց քունեն թերևս

          րոպե մը արթննան։

 

«ԱՓ ՄԸ ՄՈԽԻՐ, ՀԱՅՐԵՆԻ ՏՈՒՆ...»Արդարանում էր Սիամանթոյի ներքնատեսությունը։ 1915 թ. ապրիլին, եվրոպական տերությունների պաղ հայացքի տակ, թուրքական ու գերմանական միլիտարիստները սկսում են հայ ժողովրդի բնաջնջումը։ Նորից ժողովուրդը բռնում է օտարության ուղիները, շիկացած անապատներում ձգվում են հայ որբերի, ծերունիների, կանանց անվերջ շարքերը։ Թուրքական կառավարությունն ամենից առաջ, իհարկե, որոշում է գլխատել ժողովրդին, այսինքն՝ սրի քաշել մտավորականությանը։ Ապրիլի 24-ի եղեռնի գիշերը բանտարկվում են 210 մտավորականներ, որոնց թվում Սիամանթոն, Վարուժանը, Զոհրապը, Կոմիտասը, Ռուբեն Սևակը, Թլկատինցին, Օտյանը, Երուխանը, Զարդարյանը, Տիգրան Չեոկյուրյանը, Մելքոն Կյուրճյանը, աքսորվում են հայ երգը, խոսքը, միտքը, աքսորվում են մայրը, զավակը, ավերվում է օջախը, արևադարձային տաքություն է բարձրանում «հրդեհի տրված ազնվական քաղաքներեն», աշխարհի քարտեզից հանվում է հինավուրց մի հայրենիք, իմպերիալիստական քաղաքականությանը կուլ է գնում պատմության քառուղիներում մաքառած, հոգևոր անհուն գանձերի տեր մի ժողովուրդ, անապատի կիզող արևի տակ թառամում և ընկնում են սովահար մանուկները, թուրքական և քրդական վայրենի հրոսակները թուրքական կառավարության հրահանգով բնաջնջում են անպաշտպան մարդկանց։ Հայ բանաստեղծը, որ աշխարհին ծագեծագ խաղաղություն էր ցանկանում, տեսնում է ժողովրդի զավակների ցիրուցան շարքերը՝ բռնած արևելք, արևմուտք, հյուսիս ու հարավ… Եվ սակայն նմանը չունեցող այս աղետի պահին անգամ, մահվան սարսափն աչքերում, հայ մայրը անապատի ավազների վրա երեխաներին սովորեցնում է հայ գիրը, մեսրոպյան տառերը… Ինչպիսի՜ ողբերգություն, և դրա հետ միասին՝ կենսական ի՜նչ մեծ ուժ այն ժողովրդի մեջ, որն, այնուամենայնիվ, ներքին հավատով էր նայում ապագային, ցանկանում էր ապրել և ապրեց…

Հայ մտավորականներին տեղափոխում են Անկարայի կուսակալության Այաշ գյուղաքաղաք, մյուս մասին՝ Չանկըրը քաղաք։ 1915 թ. մայիսի մեկին Սիամանթոն արդեն Այաշի բանտում էր…

Ականատեսները թողել են ցնցող հուշեր Այաշի բանտարկյալների ճակատագրի մասին։ Նրանց մի մասը գազանաբար հոշոտվում է Ուրֆա-Տիգրանակերտ ճանապարհին։ Այաշում մնացած բանտարկյալները բաժանվում են երկու մասի. մի խումբը, որոնց թվում Սիամանթոն, 1200 հոգանոց քարավանի հետ, ըստ երևույթին, օգոստոսի վերջին, գազանաբար հոշոտվում է Անկարա քաղաքից 4-5 ժամ հեռավորություն ունեցող մի ձորի մեջ, մի մասը՝ 27 աքսորական, չարչարանքի է ենթարկվում Այաշից մի քանի ժամ հեռավորության վրա գտնվող Գապլը պելի լեռան ստորոտում։ Թուրքական ոստիկանները միացած տեղի կույր ու մոլեռանդ ամբոխի հետ՝ բառիս բուն իմաստով չարչարում են մեռնող մարդկանց, հոշոտում մարմինները, սվիններով քրքրում վիրավորներին։ Մահամերձները մահ էին խնդրում ոճրագործներից, իսկ թուրք խուժանը, բանտերից բաց թողնված չարագործները, շրջապատի թուրք գյուղացիների մի մասը կացիններով, քարերով, երկաթե ձողերով, բրիչներով դեռ տանջում էին զոհերին։ «Սրբազան ջիհաթին» մասնակցում էին մոլեռանդ գյուղացիները, հանցագործները, ոստիկանները, եվրոպական կրթություն ստացած մինիստրներն ու մտածողները։

Իջնում է գիշերը. վայրի գազանները շարունակում են թուրքական բարբարոսների, նախապատմական վայրենիների արյան խրախճանքը։ Իսկ առավոտը թուրք մարդասպանները Այաշի գյուղերում և Անկարայի փողոցներում քայլում էին՝ զարդարված եվրոպական տարազներով, հայ նահատակների զգեստներով։ Չարչարանքի ու մահվան տեսիլներ, արյան ու ավերումի գիշերներ, կոտորածի ու «հանգստի» երեկոներ.- ահա արևմտահայ ժողովրդի պատմությունը՝ քաղաքակրթության դարաշրջանում, նրա տառապանքների վերջին էջերը, որոնք զարմանալի ներքնատեսությամբ կանխագուշակել էր Սիամանթոն և վաղօրոք իր ցավատանջ երևակայությամբ ստեղծել գալիք աղետների, իր և ամբողջ ժողովրդի տառապանքի ու բախտի ճշմարտացի պատկերը։

Ճակատագրի դաժան խաղով Սիամանթոյի հոգեհանգստի երգերը զարմանալի նման դուրս եկան իր իսկ օրհասի, իր ժողովրդի կործանման պատկերներին։

Սիամանթոյի երգերը դարձան իր եղերական բախտի հուշարձանը, նրա ստեղծագործությունը մինչև այսօր պահպանում է նաև իր ճանաչողական նշանակությունը, մնում է ազգային տառապանքի, արյան ու չարչարանքի օրերի գեղարվեստական խորունկ պատմությունը, մեր մոտիկ անցյալի անողոք ճշմարտության անխարդախ հայելին։

 

Շարունակելի

 

Մահվան տեսիլք

 

Կոտորա՜ծ, կոտորա՜ծ, կոտորա՜ծ…

Քաղաքներուն մեջ և քաղաքներեն դո՜ւրս.

Եվ բարբարոսներն արյուններով կդառնան

Մեռելներուն ու ոգեվարներուն վրայեն,

Ագռավներու բազմություններ կանցնին վերերեն

Արյունոտ բերաններով ու գինովի քրքիջներով…

Ցամաքահով մը կիսամեռները զայրույթով կխղդե,

Ու պառավներու անձայն կարավաններ

Շտապով կփախչին լայն ճամփաներեն…

Գիշերին մեջեն արյուններուն ալիքը կբարձրանա

Ծառերուն հետ շատրվաններ ուրվագծելով,

Ու ամեն կողմե սոսկումով կսուրան հալածված՝

Նախիրները հրդեհվող ցորյաններուն մեջեն…

Փողոցներուն մեջ մորթված սերունդներ կտեսնեմ,

Եվ ամբոխներ անպատմելի սրածութենե դարձող,

Արևադարձային տաքություն մը կբարձրանա

Հրդեհի տրված ազնվական քաղաքներեն…

Ու մարմարի ծանրությունով իջնող ձյունին տակ

Ավերակներուն և մեռելներուն մենությունը կմսի,

Օ՜, մտի՛կ ըրեք սա սայլերուն ճռնչյունն ահավոր,

Իրենց վրա դիզված դիակներուն տակ,

Ու սգավոր մարդերուն աղոթքներն արցունքոտ,

Որ կածանե մը դեպի համայնափոսերը կերկարին.

Մտիկ ըրե՜ք հոգեվարքներուն ձայները վերջին

Հովին հարվածներուն մեջ, որ ծառերը կջարդե,

Օ՜, մի՛ մոտենաք, մի՛ մոտենաք, մի՛ մոտենաք,

Չըլլա որ մոտենաք գերեզմաննոցներուն և ծովուն,

Կարմիր ջուրերուն վրա նավեր կնշմարեմ հեռուն,

Մեռելներու կուտակումներ անոնց մեջ կան,

Ու ցավեն գալարվող ալիքներուն վրա

Գանգեր ու սրունքներ ինծի կերևան…

 

Մտիկ ըրե՜ք, մտիկ ըրե՜ք, մտիկ ըրե՜ք

Փոթորիկին գոչը ծովուն ալիքներուն մեջ,

Կոտորա՜ծ, կոտորա՜ծ, կոտորա՜ծ…

Մտիկ ըրե՜ք, մտիկ ըրե՜ք, մտիկ ըրե՜ք

Մահաձայն ոռնումը զարհուրյալ շուներուն,

Հովիտներեն ու գերեզմաններեն ինծի հասնող,

Օ՜, պատուհանները փակեցեք ու աչքերնիդ ալ,

Կոտորա՜ծ, կոտորա՜ծ, կոտորա՜ծ…