Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ, ՍԻՐԵԼԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ



Որդիս՝ Տարոն Ազատյանը, բանակ գնաց ԵրՃՇՊՀ-ի ճարտարապետության բաժինը գերազանց առաջադիմությամբ ավարտելուց հետո։ Անկեղծորեն ասած, ես մի քիչ մտահոգ էի. ինչպե՞ս կհարմարվի նա բանակային կյանքին։ Ախր, նա գրչի, մատիտի ու քանոնի մարդ է, սիրահարված է իր մասնագիտությանը, ապրում է դրանով։ Թեեւ երեխա ժամանակ, ինչպես բոլոր տղաները, ուզում էր զինվորական դառնալ, զենք-խաղալիքները չէինք կարողանում ձեռքից առնել։ Իրական բանակը սակայն խաղ չէ, այստեղ նրան լուրջ փորձություն է սպասում՝ կամքի, դիմացկունության, նոր որակների դրսեւորման։ Կկարողանա՞ արդյոք։

Ահա այս մտահոգություններով ես նրան բանակ ճամփեցի։

Ծառայությունն սկսեց Բաղրամյանի անվան ուսումնական կենտրոնում։ Այստեղ են ասել, որ լավ սկիզբը հետագա բոլոր հաջողությունների հիմքն է։ Տարոնիս վաշտի հրամանատարը Արթուր Կյուրեղյանն էր. մի համեստ, պարկեշտ, բանիմաց ու պատրաստված զինվորական։ Իմացա, որ նա իր հրամանատարության տակ գտնվող կուրսանտների հետ ծանոթությունն սկսել է այսպիսի խոսքերով. «Ես ձեր ավագ ընկերն ու եղբայրն եմ»։ Ուսումնական կենտրոնում ծառայելու հինգ ամիսների ընթացքում այդ հրաշալի զինվորականը իր ենթականերին ապացուցեց, որ ինքն այդ խոսքերը հենց այնպես չի ասել։ Ամառվա շոգին, բարկ արեւի տակ երբեք ստվեր չի փնտրել, այլ եղել է զինվորի հետ ու նրա կողքին…

Տարոնս հիմա արդեն զորքերում է ծառայում։ Եվ եթե նրա համար հիմա ծառայությունը հեշտ է, եւ գնդի հրամանատարությունն էլ գոհ է նրանից, ապա իր առաջին հրամանատար պարոն Կյուրեղյանի շնորհիվ է։ Նա զորքեր է ուղարկել ոչ թե մի տղայի, այլ իսկական զինվորի։

Ես իմ մայրական երախտագիտության խոսքն եմ հղում այդ սպային։ Եվ թող օրհնյալ լինեն այն ծնողները, որ այդպիսի հոգատար ու լավ որդի են դաստիարակել։ Մեր բանակը առաջին հերթին հենց նման հրամանատարների տեղը պետք է լինի։ Նրանք մեր բանակի այս խաղաղ օրերի հերոսներն են, որովհետեւ նրանք զինվորական՝ հրամանատար լինելուց զատ, նախեւառաջ մարդ են, հոգի ունեն, խիղճ ու զգացմունք եւ հայրենիքի իսկական զինվորներ են պատրաստում։ Հրամանատարը պետք է գիտակցի, որ այսօրվա իր կրթած զինվորը, ենթական մեր հայրենիքի վաղվա ոչ միայն պաշտպանն է, այլեւ քաղաքացին, մտավորականը, ուսուցիչն ու ինժեները, գրողն ու ճարտարապետը, ընտանիքի հայրն ու ամուսինը։

Հոգալով զինվորի մասին, դուք հոգում եք ձեր հայրենիքի մասին։ Չէ՞ որ զինվորը հենց ինքը հայրենիքն է, որ կա։

Շնորհակալություն, սիրելի հրամանատար, հարգարժան Արթուր Կյուրեղյան։

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ
ք. Երեւան

Խորագիր՝ #46 (911) 24.11.2011 – 30.11.2011, Բանակ և հասարակություն


30/11/2011