Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՎԱԳ ԼԵՅՏԵՆԱՆՏ ՌԱՖԻԿ ՕՐԴՈՅԱՆ



ԱՎԱԳ ԼԵՅՏԵՆԱՆՏ ՌԱՖԻԿ ՕՐԴՈՅԱՆՌաֆիկ Օրդոյանը մեր զինված ուժերի ամենապատրաստված և խելացի սպաներից էր…

Ավարտելով դպրոցը գերազանց առաջադիմությամբ՝ Ռաֆիկը 2012 թ. ընդունվում է Պոլիտեխնիկական համալսարան, որտեղից էլ զորակոչվում է բանակ։ Ծառայության 6-րդ ամսում դիմում է գրում և ընդունվում Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարան, որտեղ 4 տարի ուսանելուց հետո՝ որպես լեյտենանտ, ծառայության է նշանակվում որպես հակաօդային պաշտպանության ԱՍԱ ՕԿ համալիրի հաշվարկի հրամանատար։

Հայրը՝ Գևորգ Օրդոյանը, պատմում է, որ երբ Ռաֆիկը որոշել է դառնալ զինվորական, ինքը ողջունել է որդու որոշումը՝ ասելով. «Աստված քեզ հետ, տղա՛ս: Դու արդեն հասուն, խելացի տղա ես, և ինքդ ես քո ճակատագիրը տնօրինողը: Մեր ազգի մեջ զինվորականներ չկան, դու կլինես առաջինը»։

… 2019 թ. սեպտեմբերին Ռաֆիկը խոցեց իր առաջին անօդաչու թռչող սարքը, պարգևատրվեց «Մարտական ծառայության համար» մեդալով։ Իսկ մի քանի ամիս անց՝ 2020 թ. ապրիլին, արդեն Վարանդայի շրջանում, նա կրկնեց սխրանքը, ինչի համար Արցախի նախագահ Բակո Սահակյանի կողմից պարգևատրվեց «Արիության համար» մեդալով։

Բանիմաց երիտասարդ սպան ջանադրաբար զարգացնում ու ամրապնդում էր իր մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները՝ համոզված լինելով, որ ճիշտ մասնագիտություն է ընտրել։

– Երբ մի օր ոգևորությամբ ու հպարտությամբ խոսում էր իր զենքի մասին, ես ասացի. «Տղա՛ս, Աստված տա՝ խաղաղաություն լինի, և էդ զենքը երբեք չկրակի», նա ասաց. «Մա՛մ ջան, եթե հանկարծ փորձեն անցնեն, գիտես, չէ՞, թե ես էս զենքով ինչ կանեմ…»,- պատմում է տիկին Անահիտը։

-Ծառայության տարիներին Ռաֆիկն ամեն ինչ անում էր, որ ընտանիքի անդամները չզգան իր բացակայությունը: Անխտիր բոլորին հիշում ու զանգում էր: Փոքրիկ գրքույկ ուներ, երբ զանգում էր, օրն ու ժամը նշում էր, որ հանկարծ մեկին չմոռանա,- հիշում քույրը՝ Ռուզաննան:

-Առանձնապես չէր սիրում, երբ իր գործած որևէ սխրանքի մասին պատեհ առիթով հիշատակում էինք: Ասում էր՝ ինչ եմ արել, որ: Ասում էր՝ ավելի հզոր գործեր արած տղերք կան, իմ արածն ինչ է նրանց արածի համեմատ. աշխատեք էդ մասին քիչ խոսել:

…Եղբայրս իր մասնագիտական հմտությունների ամբողջ զինանոցը ի ցույց դրեց նաև վերջին պատերազմի ժամանակ։ Նա, ինչպես և խոստացել էր, Հայրենիքի օդը պաշտպանեց մինչև վերջին շունչը։ Քառասունչորս օրվա ընթացքում Ռաֆիկը խոցել է թշնամու 22 անօդաչու թռչող սարք։

Մի օր երբ լսեցի, որ 20 ժամվա ընթացքում խոցել է 5 անօդաչու, շատ մտահոգվեցի՝ եթե մի ուղղությամբ էդքան անօդաչու է թռչում, ուրեմն վիճակը լավ չէ,- պատմում է եղբայրը՝ Դավիթը:

Եվ, իսկապես, մարտերը թեժ էին, տղաներն էլ հերոսաբար պայքարում էին. 44 օր շարունակ հավատարիմ իր երդմանը՝ ավագ լեյտենանտ Օրդոյանն անձնվիրաբար կռվեց իր ծառայակից ընկերների հետ և հերոսաբար զոհվեց նոյեմբերի 9-ին…

…Ավագ եղբոր ապրած կյանքով ու սխրանքով ոգեշնչված՝ զինվորականի ուղին է բռնել նաև կրտսեր եղբայրը։ Սամվելը ևս ավիացիոն համալսարանի կուրսանտ է՝ ապագա կապավոր։ Անկեղծանում է. Ռաֆիկի զոհվելուց հետո գեթ մեկ վայրկյան չի մտածել զինվորական դառնալու ճանապարհից հետ կանգնելու մասին:

-Պետք է շարունակեմ եղբորս գործը՝ պաշտպանել Հայրենիքն այնպես, ինչպես եղբայրս էր պաշտպանում: Նրա հերոսական կերպարն ինձ ուժ է տալիս ու պարտավորեցնում։

Ռաֆիկի ծառայակից ընկերները վկայում են, որ նա զորամասում հայտնի էր իր անվրեպ կրակոցներով:

-Երբ «համար 1» էին հայտարարում, բոլորս դուրս էինք գալիս, որ նայեինք, թե ոնց ա կրակում Ռաֆոն՝ համոզված, որ հաստատ խփելու ա թիրախին: Մի անգամ, չէինք լսել, որ «համար 1» են տվել, տեսանք, որ խփեցին, ասեցի. «Տղերք, հաստատ Ռաֆոն ա»։ Զանգեցի, հարցրի՝ Ռա՛ֆ, դու կրակեցիր, ասեց՝ հա՛, ասեցի՝ կպել ա,- պատմում է ծառայակից ընկերը՝ Արա Աբովյանը:

-Մեր զորամասի ամբողջ անձնակազմը հպարտ էր, որ Ռաֆիկ Օրդոյանի պես սպա ու մարդ կա զորամասում: Նա հերոս էր նաև մինչև պատերազմը: Գոնե ինձ համար նա այդպիսին էր,- անկեղծանում է մյուս ընկերը՝ Արման Յավրյանը:

Ռաֆիկը ծրագրել էր 2021-ին ամուսնանալ, հարսնացուին վաղուց էր ընտրել: 5 տարի ընկերություն անելուց հետո Ալինա Ադիլխանյանը և Ռաֆիկ Օրդոյանը նշանադրվել էին։ Ալինան պատմում է, որ թեև Ռաֆիկը երկար ժամանակով էր բացակայում և հիմնականում Արցախում էր լինում, բայց ինքը երբեք ուշադրության, սիրո պակաս չի զգացել.

– Արձակուրդներն էնքան բուռն էին անցնում, որ մի ամսում մենք մեկ տարվա բացը լրացնում էինք: Էնքան սեր ու քնքշանք կար…,- կարոտով, հուզումնալից ձայնով ասում է Ալինան։

-Ռաֆիկը շատ էր կապված երեխաներիս հետ։ Ավագ որդիս՝ Հայկը, Ռաֆիկի ամենասիրելին էր։ Քեռու զոհվելուց հետո Հայկս շատ է տանջվում… Այնքան կարոտով էր սպասում Ռաֆիկին… Կրտսեր եղբոր անունը ինքը կնքեց Ռաֆիկ: Հայկս ասում էր. «Հիսուս պապիկին կխնդրենք, որ մեր պուճուր ապերը մեր քեռիի դեմքը ունենա»,-պատմում է Ռուզաննան։

…Չնայած անդառնալի կորուստներին, մեր պայծառ ու քաջարի նոր սերունդը չի կոտրվել ու չի կոտրվելու։ Աստված մեզ Հայրենիք է պարգևել, և մեր տղաները, մեր զինվորները աչքի լույսի պես պահելու են Հայոց աշխարհը։ Նրանք անկոտրում շարունակելու են ավագների գործը, որ մենք ի վերջո հասնենք բաղձալի հաղթական հանգրվանին…

 

ԶԱՐՈՒՀԻ ՌՇՏՈՒՆԻ

Լուսանկարները՝  ՖԵԼԻՔՍ ՇԱԽՏՈՅԱՆԻ

Խորագիր՝ #14 (1385) 14.04.2021 - 20.04.2021, Ճակատագրեր


15/04/2021