Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱՐՏԿՈՑԸ ԳՈՐԾՈՒՄ ԷՐ ԱՆՎՐԵՊ



ՄԱՐՏԿՈՑԸ ԳՈՐԾՈՒՄ ԷՐ ԱՆՎՐԵՊՀայոց Արվական գյուղը դարերի պատմություն ունի։ Մեծ Հայքի Սյունիք աշխարհի այս բնակավայրում է մանկության ու պատանեկության տարիներն անցկացրել Համլետ Հովհաննիսյանը, որը հետո դարձավ հայրենիքի զինվոր ու մարտիրոսվեց Արցախյան վերջին ավերիչ պատերազմի վերջին օրը՝ 2020 թ. նոյեմբերի 9-ին։

Ծնվել է 1993 թ. հոկտեմբերի 7-ին ՀՀ Արթիկ քաղաքում։ 1997 թվականին Հաննիբալ Հովհաննիսյան և Վարդիթեր Հակոբյան ամուսիններն իրենց 2 որդիների՝ մեկամյա Արմենի ու Համլետի հետ տեղափոխվեցին Արցախի Քաշաթաղի շրջանի Արվական գյուղ, որը գտնվում է Հոչանց գետի աջափնյա բարձրադիր ձորակներում։ Այն ազատագրվեց 1993 թ. մարտ-ապրիլ ամիսներին։ Արցախյան ազատամարտի ժամանակ այն վերածվել էր թշնամական ռազմական հենակետի, որտեղ թուրքերն ունեին շտաբ։ 93-ի գարնանը ներկա էի՝ ինչպես Մասիսի ջոկատի տղաները քշեցին թուրքերին այստեղից։ Մեկ տարի անց վերստին հայացավ Արվականը, և շուտով գյուղում սկսեց գործել դպրոցը։ Հաննիբալն այստեղ եկավ որպես պատմության ուսուցիչ։ Հետագայում դարձավ դպրոցի տնօրենը, ղեկավարեց գյուղական համայնքը և հայրենասիրությամբ դաստիարակեց որդիներին։ Եվ պատահական չէ, որ որդիները՝ Համլետն ու Արմենը, ընտրեցին զինվորականի ճանապարհը։ Չնայած փոքր թվով աշակերտ ուներ Արվականի դպրոցը, տեղակայված էր ոչ բարվոք վիճակ ունեցող շենքում, այնուամենայնիվ, ուներ լավ ուսուցիչներ, ու շրջանավարտները դառնում էին բուհերի ուսանողներ։ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան ընդունվեցին Հաննիբալի որդիները։ Համլետն այստեղ սովորեց 2009-2013 թվականներին։ Ավարտելով ռազմական բուհը՝ ծառայության անցավ որպես հրետանային մարտկոցի հրամանատար։ 2016 թ. կապիտան Համլետ Հովհաննիսյանը 122մմ ականանետային դասակի իր մարտկոցով մասնակից եղավ Ապրիլյան քառօրյային, հետագա մարտական գործողություններին պարգևատրվեց պատվոգրով։ Ծառայությանը զուգահեռ շարունակում էր ուսումն Արցախի պետական համալսարանում՝ իրավագիտության բաժնի մագիստրատուրայում: Եվ 2020 թ. ստացավ մագիստրոսի որակավորում։ Նույն թվականին Հ. Հովհաննիսյանի հրամանատարությամբ գործող ականանետային մարտկոցը ճանաչվել էր լավագույնը։

Արցախյան վերջին պատերազմի առաջին օրվանից կապիտան Համլետ Հովհաննիսյանի մարտկոցը գործեց անվրեպ՝ մեծ կորուստներ պատճառելով թշնամուն։  Հեշտ չէր այս պատերազմում պահել կրակակետը ու կռվել հերոսաբար։ Պատերազմի  չորրորդ օրը պարգևատրվել է «Արիության համար» մեդալով ու շարունակել խոցել թշնամու ռազմական հենակետերը, տեխնիկան։ Նույն օրերին Արցախի հարավային սահմանում էր իր զինվորների հետ մարտնչում Համլետի եղբայրը՝ ինժեներասակրավորական վաշտի հրամանատար, կապիտան Արմեն Հովհաննիսյանը։ Այսօր էլ Արմենը շարունակում է ծառայությունը Հայոց բանակում՝ բարձր պահելով եղբոր հիշատակը։

 

ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ

Խորագիր՝ #14 (1385) 14.04.2021 - 20.04.2021, Ճակատագրեր


15/04/2021