Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԹԵ ԻՆՉՊԵՍ ԱՂՔԱՏԸ ԿՈՐՑՐԵՑ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ ՈՒ ՆՈՐԻՑ ԳՏԱՎ



Մի մեծահարուստ ուներ մեծ ու ընդարձակ տուն՝ կից մի շինական աղքատի տան։ Մի օր անկողնում պառկած՝ վշտանում էր եւ ննջել չէր կարողանում՝ ինչքեր ձեռք բերելու խորամանկության եւ առավել ագահության համար։ Եվ լսում էր, որ աղքատը, թոնրի մոտ նստած, իր որդիների հետ ուրախանում էր, իսկ գիշերվա մնացած մասն անուշ քնով անցնում, առավոտյան էլ կինը հազիվ էր զարթնեցնում, որպեսզի վեր կենա եւ գործի գնա։ Մեծահարուստը, այս լսելով եւ նախանձելով նրա ուրախությանը, մտածեց նրան իր տրտմությանն ու տառապանքներին հաղորդակից դարձնել։ Գիշերը վեր կենալով եւ աղքատի տան դուռը բացելով՝ դռնից դրամով լի քսակ կախեց, ինչն առավոտյան աղքատը գտնելով, չէր կամենում սովորական ձեւով դրամ վաստակելու գնալ, վախենալով, թե միգուցե մեկը գողանա այդ դրամը։ Եվ մտքում վարանում էր, որ դրացիները կամ կինը չիմանան դրամը գտնելու մասին։

Ապա դրամը դրեց խոտի տակ, որտեղ ննջում էր, եւ պատճառաբանելով, թե հիվանդ է, պառկեց դրամի վրա, մինչեւ որ դրամի ինչ անելը որոշի։

Եվ երբ բազում օրեր այսպիսի վշտի մեջ էր, չէր ուրախանում եւ դադարել էր երգելուց, գիշերը նրա մոտ եկավ մեծահարուստը եւ նրա մասին հարցրեց։ Կինը պատասխանեց.

-Հիվանդացել է։

-Ես իսկույն նրան կբժշկեմ,- ասաց մեծահարուստը։

Եվ գալով նրա մոտ՝ ծածուկ նրան ասաց. «Վերադարձրո՛ւ իմ դրամը, որ վերցրել ես այսինչ տեղից, ապա թե ոչ՝ քեզ կախել կտամ»։

Աղքատն էլ, վախենալով, վերադարձրեց դրամը եւ նախկին ուրախությունը ձեռք բերեց։

Խորագիր՝ #46 (911) 24.11.2011 – 30.11.2011, Հոգևոր-մշակութային


30/11/2011