Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՕՏԱՐԱՄՈԼՈՒԹՅՈՒՆԸ` ՄԵՐ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՃԱՌ» ՀՈԴՎԱԾԻ ԱՌԻԹՈՎ



Ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը «Հայ զինվորի» 2011թ. թիվ 45-ում տպագրված իր հոդվածում քննարկում է 1920թ. աշնանը թուրք-հայկական պատերազմում հայկական բանակի պարտության պատճառները: Նրա համոզմամբ, հայկական բանակի պարտության հիմնական պատճառը հայ սպաների մեծ մասի օտարամոլությունն էր, քանի որ «Նրանք Հայաստանի Հանրապետությունը համարում էին ժամանակավոր մի երևույթ, որ պիտի վերանար Ռուսաստանի ազդեցությամբ»:

Հոդվածագիրը գտնում է, որ այդ ամենի պատճառը սպաների մեծ մասի ռուսական կրթությունն էր, նրանք չէին տիրապետում հայերենին և արհամարհաբար էին վերաբերվում հայերեն խոսող հայ զինծառայողներին: Նրանց մի մասն էլ վարձկաններ էին` «հաջողության զինվորներ»: Ա. Հովհաննիսյանի համոզմամբ, դրանք էլ պատճառ դարձան հայկական բանակի քայքայման:

Ռազմական փորձագետը նշում է, որ 1920թ. թուրք-հայկական պատերազմի նախօրյակին հայկական բանակի թվակազմը 25-ից 40 հազար էր, իսկ հարձակվող թուրքականինը` 50 հազար: Սրանից հետևում է, որ երկու կողմերն էլ ունեին գրեթե հավասար ուժեր:

Հոդվածում անընդհատ շեշտվում է հայ սպայության մեծ մասի օտարամոլությունը, նրանց ձգտումը դեպի Ռուսաստան, ցարին անընդհատ հիշատակելը և այլն:

Փորձենք պարզաբանել մի քանի հարցեր, որոնց հետ մենք համաձայն չենք:

Նախ, հիշատակելով հայկական բանակի թվաքանակը (մինչև 40 հազար), Ա. Հովհաննիսյանն այն տպավորությունն է ստեղծում, թե այդ քանակությունը տեղակայված էր միայն մեկ` թուրքական հնարավոր հարձակման ուղղությամբ: Ցանկանում ենք մի ուղղում մտցնել: Հիշատակված զորքը կենտրոնացված չէր մեկ ուղղությամբ, այլ հանրապետության տարբեր գավառներում (ինչպես հիմա է): Այսինքն, թուրքական 50 հազարանոց բանակի դեմ հայկական հրամանատարությունը չէր կարող կենտրոնացնել 25-ից 40 հազարի հասնող զորք: Ուստի իրականությանը չի համապատասխանում հոդվածագրի այն պնդումը, թե 1920 թ. աշնանը ուժերի «նման հարաբերակցությունը միանգամայն նորմալ է` մարտական գործողություններ վարելու համար»:

Հայկական զորքի մի մասը պաշտպանական մարտեր էր մղում հանրապետության տարբեր գավառներում: Նման կարևոր ուղղություններից էր Սյունիքը, որտեղ հայկական զորքը մարտնչում էր թուրք-բոլշևիկյան զորամասերի դեմ: Հայկական զորքի մի մասը տեղակայված էր Նախիջևանի ուղղությամբ: Որոշ քանակությամբ զորամասեր գտնվում էին հայ-վրացական սահմանի վրա: Այստեղից կարելի է եզրակացնել, որ թուրքական հարձակման նախօրյակին հնարավոր չէր վերը նշված քանակությամբ զորք ուղղել հակառակորդի դեմ:

Հարկ ենք համարում նշել, որ Հայաստանի Հանրապետությունը գտնվում էր սոցիալ-տնտեսական ծանր կացության մեջ, այն չի եղել «գրեթե կուշտ», ինչպես պնդում է հոդվածագիրը: Բացի այդ, երկրի ներսում գործել է թուրք-բոլշևիկյան «հինգերորդ շարասյունը», որն ամեն ինչ արել է բանակի մարտունակությունը թուլացնելու և բանակը քայքայելու համար: Դրա վառ վկայությունն էր 1920թ. մայիսին բոլշևիկների հրահրած խռովությունը: Ահա այս խնդրի վրա պետք է կենտրոնանար հոդվածագիրը, սա էր բանակի մարտական ոգու քայքայման հիմնական պատճառներից մեկը (այսօր էլ «հինգերորդ շարասյան» դերն իրենց վրա են վերցրել զանազան աղանդները): Բացի այդ, երկրում գործում էին թուրքերի կողմից ֆինանսավորվող թաթարական (ադրբեջանական) ավազակախմբերը: Նրանց դեմ հիմնականում կռվում էին հայկական բանակի տարբեր ստորաբաժանումները:

Հոդվածագիրը վկայակոչում է 1918 թ. մայիսյան հերոսամարտերը, երբ հայկական բանակը գտնվելով ավելի ծանր վիճակում, կարողացավ դիմակայել հակառակորդին: Մի՞թե այդ նույն բանակը չէին ղեկավարում «ստրկամիտ ու ստորաքարշ ղեկավարներն ու հոգեվաճառ հրամանատարները (սա հոդվածագրի բնորոշումն է): Այդ ինչպե՞ս պատահեց, որ այդ «օտարամոլ» սպաները հաջողությամբ ղեկավարեցին մարտական ստորաբաժանումները, իսկ երկու տարի անց չցանկացան կռվել: Մի՞թե երկու տարում օտարամոլությունն այդքան խորացավ: Եվ սա այն դեպքում, երբ այդ հրամանատարներից մի քանիսի անունով կան հայկական կառավարական պարգևներ, նրանց անունով են կոչվում փողոցներ և այլն: Ես նկատի ունեմ գեներալներ Թովմաս Նազարբեկյանին, Մովսես Սիլիկյանին, Դրոյին: Հիշենք նաև, որ Արցախյան ազատամարտին մասնակցել են զգալի թվով ռուսախոս հայ սպաներ, ինչը, սակայն, չի խանգարել, որ նրանք ամենայն պատասխանատվությամբ իրականացնեն իրենց վրա դրված պարտականությունները և վայելեն ամբողջ հայության սերն ու հարգանքը: Նրանցից շատերը այժմ զբաղեցնում են հրամանատարական բարձր պաշտոններ:

Իսկ ինչպե՞ս վերաբերվել հայախոս բոլշևիկ Ավիս (Ավետիս) Նուրիջանյանին, որը մի քանի այլ կուսակցական ընկերների հետ միասին կազմակերպեց հայ և ռուս սպայության աքսորը Ռուսաստանի համակենտրոնացման ճամբարներ` 1920թ. վերջին և 1921թ. սկզբին: Այսինքն` միայն հայերենին տիրապետելը պարտադիր չէ հայրենասեր լինելու համար: Մեր բանակում եղել են ռուսական կրթությամբ զինվորականներ, ինչպես, օրինակ, Դրոն, Գարեգին Նժդեհը և ուրիշներ: Մինչդեռ այդ հանգամանքը երբեք նրանց չի «խանգարել» հայրենասեր լինել և անմնացորդ նվիրվել Հայրենիքի պաշտպանությանը:

Հոդվածագրին խորհուրդ կտայինք հիմնահարցը դիտարկել համալիր` հանրապետությունում ստեղծված սոցիալ-տնտեսական և քաղաքական համատեքստում և հապշտապ եզրակացություններ չանել և վիրավորական արտահայտություններ չօգտագործել: Բանավեճում չի կարելի նման որակումներ թույլ տալ (կարծում եմ` սա այն դեպքն է, երբ «Հայ զինվորի» խմբագրությունը ինքը պետք է միջամտեր հեղինակային տեքստին):

Հետաքրքիր մի փաստ: 1920թ. ապրիլին թուրքական գլխավոր շտաբի հետախուզական զեկուցագրի համաձայն` թուրքական բանակը Հայաստանի դեմ մարտական գործողություն սկսելու դեպքում չէր կարող միայնակ հասնել հաջողության, ուստի խորհուրդ է տրվում հրամանատարությանը հարձակումն իրականացնել Վրաստանի կամ Ադրբեջանի հետ միասին, քանի որ հայկական բանակի մարտունակությունը բարձր է: Եվ այդ դաշնակիցը գտնվեց` հանձինս բոլշևիկների, որոնք Թուրքիայի հետ միասին իրականացրին Հայաստանի բաժանումը:

ՌՈՒԲԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ
պատմաբան

Խմբ.կողմից – Պատրաստ ենք տպագրել այլ տեսակետներ ևս:

Խորագիր՝ #46 (911) 24.11.2011 – 30.11.2011, Պատմության էջերից


30/11/2011