Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
HUMMER-Ի ԱՐԺԱՆԻ ՓՈԽԱՐԻՆՈՂԸ
HUMMER-Ի ԱՐԺԱՆԻ ՓՈԽԱՐԻՆՈՂԸ

Դեռ հինգ տարի առաջ ԱՄՆ բանակի ներկայացուցիչները հայտարարեցին, որ ցանկանում են փոխարինել բանակում գտնվող Humvee (ռազմական արտաճանապարհային մեքենա Hummer) մեքենաները, նոր` ավելի կատարելագործված և էկոլոգիապես մաքուր մեքենաներով: Սկսվեցին նոր ռազմական մեքենայի ստեղծման աշխատանքները: Եվ այժմ հանրահայտ Hummer-ն ունի իր արժանի փոխարինողը, որը կոչվում է L-ATV:

Մասնագետների խոսքով` L-ATV նոր սերնդի ռազմական մեքենա է, և նրան սպասում է ավելի փառահեղ ապագա, քան ուներ Hummer-ը: Նոր մեքենան ստեղծվել է Oshkosh Defense ընկերության ինժեներների կողմից: Այս դաժանատեսք ամենագնացը միայն արտաքինից է կոպիտ երևում, իրականում այն բառացիորեն լի է հզորությամբ և զինված է ժամանակակից տեխնոլոգիաներով:

Առաջին և, երևի թե, ամենակարևոր առավելությունը այս մեքենայի հիբրիդային շարժիչի համակարգն է (այն էկոլոգիապես մաքուր է), որն իր մեջ ներառում է Էլեկտրական ներքին այրման շարժիչներ, որոնք աշխատում են դիզելային վառելիքով: Հաջորդ առավելությունը մեքենայի յուրահատուկ կառուցվածքն է, որը թույլ է տալիս հանել կամ ավելացնել հավելյալ դետալներ մեքենայի վրա: Բացի այդ, այն ավելի զրահապատ է, քան Hummer-ը: Oshkosh ընկերության մասնագետների խոսքով` մանրակրկիտ աշխատանք է կատարվել մեքենայի կախոցները է՛լ ավելի կատարելագործելու համար, որպեսզի այն կարողանա հաղթահարել արտաճանապարհային գրեթե բոլոր խոչընդոտները: Այդ նպատակով ստեղծվել են TAK-i4 կախոցները, որոնք կիրառվում են բացառապես այս մեքենայի վրա: Փորձարկումների արդյունքում մեքենայի համար խնդիրներ չեն առաջացել թե՛ լեռնային քարքարոտ տարածքները հաղթահարելիս եւ թե՛ ճահճուտներն ու ջրառատ վայրերը անցնելիս: Բոլոր դեպքերում էլ մեքենան կատարել է իր առջև դրված առաջադրանքները:

Ներսից L-ATV զինված է համակարգիչներով: Ինչպես նշվեց՝ մեքենան ունակ է կրել տարբեր տիպի հավելյալ դետալներ կամ ռազմական կիրառության համար անհրաժեշտ տարբեր միջոցներ (օրինակ` գնդացիր, հակատանկային հրթիռներ և այլն): Հատուկ այս մեքենայի համար փոփոխությունների են ենթարկվել նաև գնդացրի մի քանի տեսակներ: Դրանք հարմարեցվել են մեքենայի համակարգչային պահանջներին: Էկրանի օգնությամբ մեքենայում գտնվող օպերատորը կարող է ներսից ղեկավարել գնդացիրը: Սակայն մասնագետները այսքանով չեն բավարարվել և այդ սարքը փոխարինել են սաղավարտով: Այսինքն` սաղավարտի օգնությամբ, գլխի շարժումներով օպերատորը կարող է ղեկավարել գնդացիրը, ինչպես նաև հրթիռները: Նշենք, որ թիրախաորսման և ղեկավարման սաղավարտային այս համակարգը կիրառում են նաև AH-64D Apache Longbow ուղղաթիռները:

L-ATV մի քանի մեքենա արդեն անցնում է փորձարկում բանակի ստորաբաժանումներում: Զինվորների խոսքով` այն շատ հեշտ է ղեկավարվում, յուրաքանչյուր զինվոր, որ ունի վարորդական իրավունք և տիրապետում է համակարգչին, կարող է հեշտությամբ ղեկավարել մեքենան: L-ATV-ն ունակ է տեղաշարժվել յուրաքանչյուր տեղանքում և օգտակար լինել ամենատարբեր ռազմական գործողությունների ժամանակ:

ՎԱԶԳԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ