Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԱՐԺԵՔԸ...
ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԱՐԺԵՔԸ…

ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԱՐԺԵՔԸ...Օրերս Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցավ Արցախի պաշտպանության համար մղված մարտերում հերոսաբար զոհված  խաղաղապահների հիշատակի ոգեկոչման արարողությունը, ինչից հետո զորամասի հրամանատարի նախաձեռնությամբ, հանդիսավորապես, հետմահու պետական պարգևներ հանձնվեցին բրիգադի բոլոր այն մարտիկներին, որոնք առանց վարանելու կամավորագրվել ու մեկնել էին Արցախ՝ պաշտպանելու  Հայրենիքը:

Գաղտնիք չէ, որ մեր  խաղաղապահները  ՀՀ զինված ուժերի վարկն ու հեղինակությունը բարձր են պահում միջազգային խաղարարար առաքելություններ իրականացնելիս: Իսկ վերջին պատերազմի ժամանակ խաղաղապահ բրիգադի մարտիկներից շատերը մեկնեցին ռազմաճակատ, կռվեցին ամենավտանգավոր հատվածներում՝ Հադրութում՝ Ազոխի ու Դրախտիկի, Մարտունիում՝ Կարմիր Շուկա, Ճարտար գյուղերի մատույցներում, «Եղնիկներում» ու Քարվաճառում։

Որպես մեր Հայրենիքի պաշտպանության երաշխավոր մի կառույց՝ խաղաղապահ բրիգադը միշտ փորձել է մարտական պատրաստության գործընթացում առավելագույնս պատրաստել ենթակա ստորաբաժանումներին՝ իրենց խնդրի լիարժեք կատարման համար։

Խաղաղության մասին առավել ճիշտ ու պատկերավոր կարող է խոսել և բնութագրում տալ այն անձը, որը լինելով մարտի դաշտում, իրապես տեսել և զգացել է պատերազմի դաժան կողմերը՝ մեկը բեկորներն իր մարմնի մեջ զգալով, մյուսը բարձր պայթյուններից տևական ժամանակ լսողությունը կորցնելով, երրորդն էլ աչքի առաջ ընկերոջը կորցնելուց հետո:

-Եվ երբ կարճատև խաղաղություն է հաստատվում, և բացված կապույտ երկնքի ներքո կարողանում ես լիաթոք շունչ քաշել, սկսում ես գիտակցել ու հասկանալ խաղաղության գինը,- ասում է խաղաղապահ բրիգադի հրամանատար, գեներալ-մայոր Արտակ Տոնոյանը։

ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԱՐԺԵՔԸ...Սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ժամանակ, խաղաղապահ բրիգադն արել է ամեն հնարավորն ու անհնարինը։ Խաղաղապահ բրիգադի զինծառայող, ջոկի հրամանատար Անդրանիկ Դավթյանը ասում է, որ  ինքնաբացահայտման հարթակ է պատերազմը: Եղել են զինվորներ, որ չեն էլ պատկերացրել, թե կկարողանան այդպես հերոսաբար կռվել… Սակայն, նրանք արել են նույնիսկ անհնարինը:

Խաղաղապահ բրիգադի յուրաքանչյուր զինվոր առաջինը հիշում է պատերազմի ժամանակ զոհված հերոսներին: Ասում են, թե ինչքան էլ պատմեն, խոսեն, միևնույն է, չեն կարողանա իրապես նկարագրել այն, ինչ արել են մարտի դաշտում։ Մեր  զինվորն ու սպան քաջ գիտակցել են, թե ով է մեր թշնամին, ուստի, զգոնությունը երբևէ չեն թուլացրել:

-Երբ տագնապ հայտարարվեց, շտապեցի տուն, վերցրի առաջին անհրաժեշտության իրերս, գնացի զորամաս ու մեկնեցի ռազմաճակատ,- պատմում է ականանետային հաշվարկի հրամանատար Արարատ Մելքոնյանը, որը պատերազմի օրերին Հադրութում վիրավորում էր ստացել շրջափակման մեջ հայտնվելու ժամանակ։

Արարատը վստահեցնում է, որ հայ զինվորն ու սպան, նույնիսկ սեփական կյանքի գնով, կատարել են իրենց առջև դրված խնդիրը:

Խաչիկ Այվազյանը, որը սեպտեմբերի 28-ին պիտի նշեր ընտանիքի կազմավորման 1-ամյակը, թողնելով ընտանիքը, 10 օրական աղջկան, շտապեց ռազմաճակատ՝ միանալու այն տղաներին, որոնց նպատակներն ու գաղափարները խաչվում են միևնույն, այն է՝ Հայրենիքի պաշտպանության, խաղաղության հաստատման կետում։ Խաչիկի անձնական կյանքում, հիշողության մեջ, արժեհամակարգում ևս փոփոխություններ են եղել. վերաիմաստավորվել է կյանքը, եռապատկվել է պատասխանատվությունը Հայրենիքի, հերոս տղաների ու նրանց ընտանիքների առջև։ 12 տարի ծառայելով զինված ուժերում՝ Խաչիկը ամեն օր քրտնաջան աշխատել է՝ գիտակցելով Հայրենիքի պաշտպանի կարևոր առաքելությունը։

Զորամասի հրամանատար, գեներալ-մայոր Արտակ Տոնոյանը ասում է.

-Այժմ, երբ մեզանից յուրաքանչյուրը գիտի խաղաղության արժեքը, այսօր,  առավել քան երբևէ, իր գործողությունների ակունքում պիտի ունենա Հայրենիքը  շենացնելու, հզորացնելու ձգտումը՝ հանուն Հայաստանի Հանրապետության լուսավոր ու պայծառ ապագայի, հանուն վաղվա հզոր Հայաստանի։

ՄԵՐԻ ՄԱՆՈՒԿՅԱՆ

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի

4-րդ կուրսի ուսանողուհի