Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄՇՏԱՊԵՍ ԲԱՆԱԿԻ ԿՈՂՔԻՆ



ՄՇՏԱՊԵՍ ԲԱՆԱԿԻ ԿՈՂՔԻՆՄարտի 30-ին  ՀՀ վետերանների միավորման խորհրդի նիստում ամփոփվեցին  տարածքային, քաղաքային  վետերանական կազմակերպությունների 2020 թ. կատարած աշխատանքները:

Մինչ այդ, «Կորոնավիրուսային հիվանդության տարածման  կանխարգելումը Հայաստանի Հանրապետությունում» թեմայով հանդես եկավ առողջապահության նախարարության հիվանդությունների  վերահսկման  եւ կանխարգելման  ազգային կենտրոնից հրավիրված բժիշկ-մասնագետ Շողիկ Ավետիսյանը:

ՀՀ վետերանների միավորման խորհրդի նախագահ, գնդապետ Սիմոն Եսայանի նախաձեռնությամբ կազմակերպվել էր նաեւ  հանդիպում «Ինտեգրացիա և զարգացում» հասարակական կազմակերպության նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող,  քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանի հետ: Քաղաքական վերլուծաբանը հանգամանալից ներկայացրեց հայ-ռուսական հարաբերությունների արդի վիճակը, խոսեց զարգացման հեռանկարների մասին, տարածաշրջանային վերջին զարգացումների համատեքստում մատնանշեց ժամանակի սպառնալիքներն ու մարտահրավերները, կարեւորեց նոր իրողություններին դիմակայելու գործում Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների խորացումը:

Նիստի վերջում, հանրագումարի բերելով վետերանական կազմակերպությունների  կատարած աշխատանքը, ամփոփիչ զեկույցով հանդես եկավ միավորման խորհրդի նախագահ, գնդապետ Սիմոն Եսայանը:

Գնդապետն իր խոսքում մասնավորապես նշեց, որ վետերանական կազմակերպությունները իրենց առջև դրված կարևորագույն, առաջնահերթ  խնդիրներից մեկն էլ համարում են նախազորակոչային ու զորակոչային տարիքի երիտասարդության և հասարակության տարբեր շերտերի հետ տարվող ռազմահայրենասիրական դաստիարակությունը: Այդ նպատակով պարբերաբար կազմակերպվում են այցելություններ, հանդիպումներ, զրույց-զեկուցումներ դպրոցներում, զորամասերում:

44-օրյա պատերազմի օրերին օգնության նպատակով բացված  հիմնադրամներին իրենց համեստ լուման են ներդրել նաեւ վետերանական կազմակերպությունները եւ անհատներ:

Պատերազմի, թիկունքի, զինծառայության եւ աշխատանքի վետերանները մեր փառավոր անցյալի, մեր հաղթանակների ու նվաճումների կենդանի վկաներն են, ավագ խորհրդատուները,  նրանք այսօր էլ  նվիրումով եւ անսպառ եռանդով շարունակում են իրենց ակտիվ գործունեությունը. «Հոգով ու սրտով, ստեղծելով եւ աջակցելով, մենք մշտապես հայ զինվորի ու սպայի կողքին ենք, մեր հայոց բանակի կողքին»,- ասաց գնդապետը:

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Լուսանկարը՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #13 (1384) 7.04.2021 - 13.04.2021, Բանակ և հասարակություն


08/04/2021