Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԼՈՒՅՍԻ ՄԱՐՏԻԿԸ. ՆԱՐԵԿ ՍԱՐԿԱՎԱԳ ՊԵՏՐՈՍՅԱՆ
ԼՈՒՅՍԻ ՄԱՐՏԻԿԸ. ՆԱՐԵԿ ՍԱՐԿԱՎԱԳ ՊԵՏՐՈՍՅԱՆ

ԼՈՒՅՍԻ ՄԱՐՏԻԿԸ. ՆԱՐԵԿ ՍԱՐԿԱՎԱԳ ՊԵՏՐՈՍՅԱՆ«Ով լսելու ականջ ունի, թող լսի…»: (Մարկ.Դ.9) Նա, ով սիրտ ունի, իր հոգում կամփոփի Նարեկ սարկավագի կենդանի պատգամը, որ իր ապրած ամբողջ կյանքի օրինակն է…

 

…Նվիրյալ, չափից դուրս աշխատասեր, անսահման բարի, անվերջ հոգատար, սկզբունքային, զինվորի ցավով ու հոգսերով ապրող, քաջարի, մահին հաղթած, մերօրյա Ղևոնդ երեց… Այս բնորոշումները 44-օրյա պատերազմում նահատակված Նարեկ սարկավագ Պետրոսյանին ճանաչած մարդկանց շուրթերից հնչում են մե՜ծ սիրով, բնականորեն, անկեղծորեն, քանի որ բոլորի սիրելի հոգևոր սպասավորը իրոք այս բոլոր հատկանիշների ոչ միայն ջատագովը, այլև նախանձախնդիր կրողն էր, հավատարիմ որդին Աստծու, որի լույսին, բոլորի համոզմամբ, 33-ամյա բաժանումից հետո գնաց վերամիավորվելու… «Լույս էիր, լույս դարձար»… նրա ֆեյսբուքյան էջում ողջերից էլ ողջ սարկավագի տարեդարձը մարտի 25-ին շնորհավորող ընկերներից շատերն են գրառել: Նրա հարազատները, մտերիմները, ընկերները Նարեկի վաղաժամ կորստի կապակցությամբ ոչ թե հուսահատություն են ապրում, այլ անհուն կարոտ՝ նրա խոսքին, նրա ներկայությանը, մարդկային ջերմությանը, նրա խորհուրդներին ու ոչ երկրային, անսահման սիրուն: Կարոտ մի ընկերոջ հանդեպ, որը շատերի համար հոգևոր ուղենիշ էր դարձել…

Մարտի 25-ին ՀՀ ԶՈՒ առաջնորդի օգնական, գնդերեց Նարեկ սարկավագ Պետրոսյանը կդառնար 33 տարեկան: Նրա հիշատակին նվիրված մի քանի արարողություններ տեղի ունեցան այդ օրը:

ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը Նարեկ սարկավագի կնոջը՝ Մարիամ Բզնունուն հանձնեց հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ խիզախության և անձնական արիության համար հետմահու ստացած պարգևը՝ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանը: Իսկ օրվա երկրորդ կեսին Երևանի «Նարեկացի» արվեստի միությունում կայացավ նրան նվիրված հուշ-ցերեկույթը, որի ընթացքում Նարեկի մասին իրենց սրտի խոսքն ասացին նրա մտերիմները՝ հոգևոր, մարտական ընկերները: Ցուցադրվեց նրան նվիրված «Արցախի հերոս գնդերեցը» վավերագրական ֆիլմը:

Նարեկ սարկավագի երկրային կյանքն ավարտվեց 44-օրյա պատերազմի երեսունհինգերորդ օրը՝ հոկտեմբերի 29-ին: Նա կրկին շտապում էր առաջնագիծ՝ Մարտունու պաշտպանական դիրքերից մեկը՝ զինվորներին օգնություն հասցնելու:

Պատերազմի ողջ ընթացքում ընդամենը երկու անգամ թողեց մարտադաշտը, եկավ Երևան, այն էլ՝ կրկին որոշ կազմակերպչական հարցեր լուծելու: Նարեկ սարկավագն այսօր հանգչում է «Եռաբլուրում»՝ իր սիրասուն զինվորների կողքին: «Իր ողջ գիտակից կյանքում Նարեկը պատվեց եռագույն դրոշը, և այսուհետ եռագույնն է պատվելու Նարեկին»,- «Եռաբլուրում», ոգեկոչման արարողությունից հետո ասաց ՀՀ ԶՈՒ Հոգևոր առաջնորդ, Տեր Մովսես վարդապետ Սարգսյանը:

ԼՈՒՅՍԻ ՄԱՐՏԻԿԸ. ՆԱՐԵԿ ՍԱՐԿԱՎԱԳ ՊԵՏՐՈՍՅԱՆՆարեկ սարկավագ Պետրոսյանը Արցախի Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղում է ծնվել: 4 տարեկան էր, երբ սկսվեց 1-ին Արցախյան պատերազմը: Կորցրեց ազատամարտիկ հորը: Նախնական կրթությունն ստացել է Շուշիում, ավագ դպրոց է հաճախել Էջմիածնում: 2004-2010 թթ. սովորել է Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում, որն ավարտել է գերազանցությամբ: Նախնական շրջանում ծառայության է անցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնում: Այնուհետև նշանակվել է ՀՀ ԶՈՒ գնդերեց՝ ծառայության մեկնելով հայրենի Արցախ: Իր հոգևոր զարգացման առաջին քայլերն արեց Շուշիի Հովհաննես Մկրտիչ (Կանաչ Ժամ) եկեղեցում: Այստեղ էլ նրա նվիրյալ տեսակը ճանաչեց ու գնահատեց Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը: Նա հետագայում երիտասարդ սարկավագին առաջարկեց ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդի՝ իր օգնականի պաշտոնը:

ՀՀ ԶՈՒ հոգևոր փոխառաջնորդ Ենովք քահանա Եսայանը հուզմունքով ու ժպիտով է հիշում. «Նարեկի հանդեպ բոլորիս վստահությունն այնքան մեծ էր, որ եթե անգամ գործուղման մեջ էինք լինում, կապի հնարավորություն չկար, լիովին վստահ էինք, որ նա ցանկացած իրավիճակում ամենաճիշտ լուծումը կգտնի»:

Շրջելով դիրքերով՝ հարցուփորձ էր անում՝ ինչի՞ կարիք կա: Երբեմն զանգում, այնպիսի բաներ էր ուզում, որ միայն նրանից կլսեիր. «Հազար հատ խաչ, դիրքերից մեկի համար երկու մոնիտոր, հնարավորինս շատ լիցքավորման մարտկոցներ…»:

Հերթական օգնությունը Մարտունու դիրքեր տեղափոխելիս էլ ԱԹՍ-ն թիրախավորեց նրա մեքենան… Լուսադեմին՝ 3-ի 4-ի կողմերն էր, անհամբեր էր. կարող էին մինչև առավոտ սպասել, բայց ցանկացել էր րոպե առաջ տղաներին հասնել: Շտապում էր, միշտ շտապում էր, ասես զգում էր, որ իր երկրային ուղին երկար չէ…

ՀՀ ԶՈՒ մեր նոր հոգևոր առաջնորդը՝ Տեր Մովսես վարդապետ Սարգսյանը, օրերս կարգադրեց մեծացնել Նարեկի լուսանկարը և փակցնել նրա աշխատասենյակի պատին: Ասաց. «Որ ով էլ իր փոխարեն գա, Նարեկի օրինակն ունենա աչքի առաջ…»: Երբ ասում էինք. «Նարե՛կ ջան, բավական է, տուն գնա, վաղը թարմ ուժերով կգաս, կշարունակես», պատասխանում էր. «Չէ՛, չեմ կարողանա հանգիստ քնել: Պիտի վերջացնեմ»: Հետաքրքիր մի օրինաչափություն եմ նկատել,- շարունակում է Տեր Ենովքը,- մարդու ենթագիտակցության մեջ երևի կա, որ իր ժամանակն սպառվում է: Զոհված շատ սպա գործընկերներ ունեմ, որոնք անընդհատ կրկնում էին. «Ժամանակ չկա: Այսինչ բանը պետք է արագ անել»: Հիմա եմ անդրադառնում՝ մեր Նարեկն էլ այդ «շտապողներից» էր:

Անչափ զգայուն էր հոգևորի, եկեղեցու նշանակության վերաբերյալ: Ինչպես մեր բոլոր նվիրյալ հոգևորականների, այնպես էլ նրա համար, խաչն ու սուրը միասնություն էին: Մեր համեստ ու բարի Նարեկը շատ էր բորբոքվում, անհանդուրժող էր դառնում, երբ որևէ ծնող չէր ուզում որդուն բանակ ուղարկել: Նա իր օրինակով էր ապացուցում, որ Հայրենիքը բարձր է ամեն ինչից, և սրանք միայն խոսքեր չեն:

Նարեկ սարկավագի մասին պատմելիս ժպիտը չի իջնում Տեր Ենովքի դեմքից.

«Նաև շատ ուրախ մարդ էր, կյանքով լեցուն: Ինքն էր միշտ նախաձեռնողը. «Ժամանակ գտնենք, մի օր գնանք, նստենք մի տեղ, խորոված անենք»: Քարվաճառում, լեռների ներքո՝ Թարթառ գետի ափին գեղեցիկ, կանաչ բացատը նրա ամենասիրած վայրն էր: Իր մեքենայում ամեն ինչ ուներ: Ինձ ասում էր. «Ժամանակ չկորցնենք: Ես ամեն ինչ արդեն պատրաստել եմ…»: Էլի ժամանակից էր խոսում… Հրաշալի երգում էր… Քրիստոնյա մարդը ուրախ մարդն է: Եթե ճիշտ ես ապրում, ուրեմն ուրախ ես: Մեր եկեղեցու հայրերից մեկն ասում է, թե՝ ողբում են անդարձ կորածի համար: Իսկ մենք Նարեկին կորցնելով վերագտանք…Նարեկն իր կյանքը տվեց հանուն Հայրենիքի: Աստծու սիրելի զավակը գնաց Իր մոտ: Ցորենի հատիկն ընկավ հողի մեջ: Ամեն մեկի վերաբերյալ չես կարող այս բանն ասել: Նրա գործը տվել է իր պտուղները, այսօր էլ է տալիս ու վաղն էլ կտա:

Մի դեպք եմ հիշում, որ կարծես թե կենցաղային է, բայց նրա տեսակը բնորոշող: Իր մեքենայով գնում էինք, երբ ետևից եկող մեքենայի վարորդը ձայնային ազդանշան տվեց: Ասացի. «Նարե՛կ, ճանապարհ տուր, այս մարդը ճանապարհ է ուզում»: Ասաց. «Չէ՛, այս հատվածում առավելագույն թույլատրված արագությունը 70 կմ/ժ-ն է: Նա ուզում է օրենք խախտել»: Ասացի՝ «Թող խախտի, ինքը չի՞ խախտողը»: Ասաց. «Չէ՛, ինչո՞ւ թողնեմ, որ խախտում անի»:

…Նարեկ սարկավագ Պետրոսյանը մասնակցել էր նաև Ապրիլյան քառօրյային: Այդ օրերին Մարտակերտի ու Թալիշի մարտական հենակետերում քաջալերում էր զինվորականներին: Մեր պատմության դասերն էր հիշեցնում. «Ձեզնից ո՞ր մեկը ամեն անգամ ապրիլի 24-ին չի զայրացել, թե՝ ինչո՞ւ չեն կռվել մեր նախնիները: Ես էլ եմ ամեն անգամ զայրացել… Հիմա ոչ պակաս օրհասական օրեր են, քան Ավարայրն ու Սարդարապատը: Իմացե՛ք, որ ապագայում դուք կենդանի լեգենդներ եք լինելու, այս ամենի մասին գրվելու է…»:

2020 թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի առաջին իսկ օրերից, կրկին առանց երկմտանքի, Նարեկը շտապել էր Արցախ՝ առաջնագիծ: 11 օր Հադրութի մարտական հենակետերում զենքը ձեռքին էր: Այնուհետև գնում էր տարբեր ուղղություններով, քաջալերում զինվորականներին, կամավորականներին. «Որքան էլ ինքներս միայնակ փորձենք ինչ-որ մի բան անել, չի ստացվելու, քանի որ մարդը, անգամ ամենաարդարն էլ, ինչպես գիտենք Աստվածաշնչից, չի կարող ամեն ինչ արդար ու օրինակելի անել: Բայց երբ նա դիմում է Աստծուն, փորձում է ամբողջ կյանքը Աստծո հետ անցկացնել, տիեզերքը, հավիտենականությունը պարուրող Աստված՝ Հիսուս Քրիստոս, դառնում է մեր կյանքի ընկերը»:

ԼՈՒՅՍԻ ՄԱՐՏԻԿԸ. ՆԱՐԵԿ ՍԱՐԿԱՎԱԳ ՊԵՏՐՈՍՅԱՆՆարեկը տեսակով զինվոր էր, մարտիկ: Պատերազմի ժամանակ զինվորական համազգեստ էր կրում: Կրծքին Աշոտ Երկաթի պահապան սուրբ խաչն էր, ձեռքի խաչով օրհնում էր մարտիկներին: Սիրում էր կրկնել. «Քաջ հովիվն իր անձը դնում է իր ոչխարների համար»: Միայն խոսքեր չէին դրանք…»:

Ահա և Նարեկ սարկավագ Պետրոսյանի մտերիմ ընկեր, ՊԲ ավագ գնդերեց Գոռ սարկավագ Գյուրջյանի մտածումներն ու հուշերը.

«Հոկտեմբերի 29-ին, երբ Նարեկն ստացավ նոր՝ երկնաքաղաքացու անձնագիր, և այնտեղ գրվեց նրա նոր հասցեն, այդ օրվանից երկար մտորումներ ունեցա, թե արդյոք ո՞րն է այս կյանքում կարևոր՝ ապրե՞լը, թե՞ մեռնելը, ո՞րն է ավելի հեշտ: Նարեկ սարկավագն ու մեր մյուս նահատակները ինձ բերեցին այն համոզման, որ ո՛չ ապրելը, ո՛չ մեռնելը չեն ամենահեշտը, դժվարը և կամ ամենակարևորը: Ամենակարևորը սիրո կյանք ապրելն է, իսկ մեռնելն ու ապրելը հարցեր են, որ պետք է Աստված որոշի: Մեր խնդիրը նվիրառատ ու սիրառատ կյանք ապրելն է, ինչպիսին Նարեկ սարկավագինն էր: Երկրորդ համոզումը, որ ունեմ Նարեկի շնորհիվ, այն է, որ նա անցյալ չի կարող դառնալ, նա ներկա է մեր մեջ, իր կնոջ ու դստեր մեջ, և եթե մենք Քրիստոսի խոսքերի համաձայն՝ ականջ ունենանք, ապա կարող ենք անընդհատ լսել Նարեկին, եթե աչք ունենանք, անընդհատ կարող եք տեսնել նրան, և կարևորը՝ շարունակել նրա գործը: Քրիստոս ասում է. «Եթե իմանայիք, թե ես ուր եմ գնում, ապա չէիք տխրի, որովհետև ես իմ Հոր մոտ եմ գնում: Այս նույնը վստահաբար կիրառելի է նաև Նարեկ սարկավագի համար: Վստահ համոզումով կարող եմ ասել, որ նա հիմա վայելում է Քրիստոսի անմիջական ներկայությունը: Շնորհավոր ծնունդդ, սիրելի՛ ընկեր»:

Մարիամ Բզնունին՝ Նարեկ սարկավագի կինը, Նարեկի մասին մտածելիս առաջինը նրա նվիրումն ու հոգատարությունն է հիշում: Կնոջը միշտ ասել է՝ «Մարիամս, դու իմ պաշտոնը գիտես, առաքելությունս գիտես: Պետք է հիմա աշխատանքը մանրակրկիտ ու հանգամանորեն անեմ, որ մեր կառույցը զինված ուժերում էլ ամրանա: Որ մեր զինվորների կողքին ավելի շատ լինենք: 18-19 տարեկան են, ո՛չ ամուսնացած են, ո՛չ երեխա ունեն: Ես ամուսնացած եմ, բալիկ ունեմ»: «Թե՛ Ապրիլյանում, թե՛ այս պատերազմում նրա մտածումն իր զինվորն էր: «Եկել են երկու տարով, անպաշտպան են»: Անընդհատ կապի մեջ էր գնդերեցների հետ: Զանգում էր, տեղեկանում՝ ինչ խնդիրներ կան: Հատուկ հարցաթերթիկ էր մշակել գնդերեցների համար, որում բոլոր հարցերը քննվում էին՝ ոչ որպես ամփոփ շարադրանք միայն»:

Նարեկ սարկավագը հատուկ պաշտոն ուներ ու կարող էր չգնալ մարտադաշտ: Բայց այժմ էլ ուրիշ հիմնավորում ուներ. «Ես չեմ կարող միայն թղթաբանությամբ զբաղվել, Մարիամս, երբ պատերազմ է»: «Նրա ամենակարևոր գործն ու հոգսը պատերազմի օրերին դարձել էր զինվորների մկրտության կազմակերպումը,- ասում է Մարիամը:- Նա շատ լավ հասկանում էր պահի վճռական լինելը, որ կյանքն ու մահը այնտեղ ակնթարթի հարց էին. պետք է բոլոր զինվորները մկրտված լինեն…»:

ՊԲ ավագ գնդերեց Գոռ սարկավագ Գյուրջյանն է հիշում՝ Նարեկ սարկավագի ընկերը ոչ միայն կյանքում, այլև մարտի դաշտում.

«Ապրիլյան պատերազմի ժամանակ ծառայում էի Մատաղիսում, իսկ նա՝ պաշտպանության նախարարությունում: Պատերազմի առաջին իսկ օրվանից եկավ Արցախ: Ասաց՝ քո կողքին պետք է լինեմ: Պատճառաբանությունն էր. «Ես չեմ կարող իմ ընկերոջը մարտի դաշտում մենակ թողնել»: Միասին տարբեր դիրքերով տարբեր ուղղություններով շրջում էինք, ծառայություն մատուցում:

…Ես այս ընթացքում ծառայություն էի իրականացնում ՊԲ-ում՝ որպես ավագ գնդերեց: Եվ Նարեկ սարկավագը նորից նույն պատճառաբանությամբ՝ «Ձեզ հո մենակ չե՞մ թողնելու ռազմի դաշտում»: Էլի առաջին իսկ օրվանից շտապեց Արցախ: Միշտ ասում էր Ավետարանական խոսքը. երբ գայլը գալիս, հարձակվում է հոտի վրա, խիզախ հովիվն իր հոտի կողքին է լինում: Իրեն համարում էր զինվորների հովիվ: Առաջին օրվանից շրջում էինք զորամասերով, դիրքերով: Ժամերով նստում զրուցում էր զինվորների հետ. պատմում էին իրենց դժվարությունները, հետո ինքն էր խոսում, իր հանդարտ ձայնով նրանց էր փոխանցում կարևոր գաղափարներ: Անընդհատ պայքարի կոչ էր անում, որպեսզի ցեղասպանություն այլևս չլինի: Ու միշտ ասում էր. «Ես ձեր կողքին եմ»:

Հյուսիսից հարավ շրջել ենք բոլոր դիրքերով: Հատկապես կարևոր էր կամավորների հետ տարվող աշխատանքը, վիրավորներին էր գոտեպնդում, աղոթում նրանց համար:

Մի դիրքից մյուսը գնալիս, ճանապարհին մեր խոսակցությունների թեման բանակում մեր ծառայության բարեփոխումներն էին: Տեղում տեսնում էինք, թե ինչ թերություններ կան, ու որոշումներ էինք կայացնում:

Փորձում էր զինվորների կենցաղային բոլոր խնդիրները լուծել: Ամեն առավոտ լույսը դեռ չբացված՝ ասում էր. «Թեյ դնենք տղաների համար»: Զինվորներին խոստացել էր խորոված: Մոտակայքից սագեր էր որսացել: Անտրտունջ, ամբողջ գիշեր ջրի սուղ պայմաններում մաքրեց այդ հինգ սագերը: Առավոտյան 7:00-ից մինչև ցերեկվա 14:00-ը մարմանդ կրակի վրա խորովեց, որ ծուխը չերևա, թշնամին չնկատի: Վերջին օրերին էլ երկու հավ էր մորթել, եփել, բերել դիրքապահ զինվորների համար»:

Խաչիկ դպիր Վարդանյանն էլ իր հիշողություններն է պատմում: Նա այս պատերազմում վիրավորվել է, բուժման փուլում է.

«Մի օր հետ պիտի դառնայինք Ստեփանակերտ. Ջրականի խաչմերուկից մինչև Հադրութ քայլելով գնացինք: Ճանապարհին սարսափելի ծարավ էի: Անցնում էինք նռան այգիների կողքով: Ասացի. «Նարե՛կ, կանգնի՛ր մի նուռ քաղենք. շատ ծարավ եմ»: «Չէ՛»,- ասաց շատ կտրուկ: «Խնդրում եմ, ծարավից մեռնում եմ, էլ չեմ դիմանում. մի հատ քաղեմ»: «Չէ՛, Ստեփանակերտ կհասնենք, ինչքան կուզես, նուռ կճարեմ քեզ համար: Հակառակորդը այսքան խփում է այս մարդկանց այգիներին, վնասում: Մենք էլ մտնենք նո՞ւռ գողանանք»: Այդ օրը շատ նեղացա, բայց հիմա շատ շնորհակալ եմ իր տված դասի համար: Դիրքերում մեզ հրացան չէին տվել. զենքով կռվելը մեր խնդիրը չէր: Հետո ես ինձ համար մի հրացան ճարեցի: Նրան ասացի. «Դու էլ պետք է մոտդ հրացան ունենաս», պատասխանեց: «Ինձ պետք չէ: Ես պատրաստ եմ նաև զոհվելու…»: Նա կռվի դաշտում էր, բայց խաղաղության զինվոր էր, լույսի զինվոր էր…»:

Տեր Վարազդատ քահանա Նաջարյանը ՌՈ գնդերեցն է: Պատերազմի օրերին Նարեկի հետ Արցախում է եղել.

«Նարեկ սարկավագին բնութագրելիս մի բառ է գալիս մտքիս՝ «տարօրինակ»: Ինչո՞ւ հենց «տարօրինակ», որովհետև անզուգական էր. նա ո՛չ երկրի վրա էր, ո՛չ էլ երկնքում: Մի առանձնահատուկ էակ էր, որ միջանկյալ ինչ-որ ոլորտներում էր ապրում՝ երկրի ու երկնքի միջև: Հետո, իհարկե, բոլորիս համար պարզ դարձավ, որ նա Աստծունն էր ու պետք է շուտ գնար: Եթե «նվիրյալ» բառը հնարավոր է մեկնել ու բացատրել, ապա դա Նարեկ սարկավագն է հաստատապես: Պատերազմում բոլոր գնդերեցներին իր օրինակով պարտադրում էր «Քաջ հովվի» կեցվածքը:

Երբ Հադրութի դիրքերում նրան փորձում էի համոզել, որ ռիսկի չդիմի այնտեղ անընդհատ մնալով, պատախանում էր. «Եթե վտանգ է սպառնում իմ զինվորներին, ուրեմն, բնական է, որ սպառնա նաև ինձ»: Առաջին 11 օրը անդադար Հադրութի առաջնագծում էր: Մի մութ երեկո, Ստեփանակերտի փողոցներից մեկում, հոգևորականներով կանգնած էինք, երբ մի զինվորական մոտեցավ, անգամ դեմքը չտեսանք: Ասաց. «Խնդրում եմ, եթե կարող եք, թե՛ զինվորական և թե՛ հոգևոր պաշտոնյաներին տեղեկացրե՛ք՝ մի հոգևորական կա Հադրութի առաջնագծում, որ արժանի է ամենաբարձր պարգևների»: Պարզ էր, թե ում մասին է խոսքը:

Նարեկի ցանկացած խոսք գործ էր: Նա գիտեր, որ ամեն մի վայրկյանը կարող էր շրջադարձային լինել նաև իր կյանքի համար: Մի անգամ ասացի. «Նարեկ, չե՞ս վախենում մահվանից»: Պատասխանեց. «Հավատա, Տե՛ր Հայր, ես արդեն մահին հաղթել եմ իմ մեջ: Մահն ինձ համար այլևս արժեք չունի, քանի որ Քրիստոսի համար զոհվելը շահ է»: Եվ նա նահատակվեց հանուն իր դավանած արժեքների: Նարեկ սարկավագը հիրավի մեր ժամանակների Ղևոնդ Երեցն է: Գնդերեցը երկու համազգեստ ունի՝ հոգևորականի սև սքեմի տակ զինվորականի համազգեստն է: Անհրաժեշտության դեպքում նա իր Հայրենիքի զինվորն է, իսկ խաղաղ ժամանակ հոգու զինվորն է՝ սպասարկելու իր հոտի հոգևոր կարիքները: Նարեկ սարկավագն այս երկուսի ներդաշնակ միաձուլումն էր»:

«Նարեկացի» արվեստի միությունում Նարեկ սարկավագի տարեդարձի կապակցությամբ օրհնության խոսք և աղոթք բարձրացրած ՀՀ ԶՈՒ Հոգևոր առաջնորդ Տեր Մովսես վարդապետ Սարգսյանը նույնպես վկայեց. «Նարեկը յուրահատուկ հոգևորական էր: Ուզում եմ այսօր խոսել ոչ թե այն մասին, թե ինչպես Նարեկ սարկավագը զոհվեց, այլ թե ինչպես էր ապրում… Նա վաղուց իր մեջ հաղթահարել էր մահվան տագնապը, և նրա մեջ ամուր էր այն համոզումը, որ մեկ վայրկյան անգամ չի ընկրկելու, եթե իր զոհաբերության ժամանակը գա: Սիրելինե՛ր, մեր նահատակներն ապացուցել են մի բան, որ բոլորս շատ հաճախ ասում ենք. «Սիրում ենք Հայրենիքը, սիրում ենք ընկերներին, մեր ընտանիքը»: Բայց Նարեկն ու մեր մյուս նահատակները դա գործնականում ապացուցեցին: Նարեկ սարկավագի ծննդյան տոնախմբությունն ունի իր պատգամը: Նա ի վերուստ հստակ ցուցում ուներ և վերջին օրերին անընդհատ ասում էր. «Մենք պետք է ամեն ինչ անենք, որ շտկենք մեր երկրում առկա բոլոր թերությունները, անկախ նրանից՝ աշխարհական ենք, զինվորական, թե հոգևորական»: Այսօրվա պատգամն այդ է, որ պիտի շարունակենք մեր նահատակների գործը, և նրանց հիշելիս միայն կորստի ցավը չէ, որ մեզ պիտի առաջնորդի, այլ այն պատասխանատվությունը, որ նրանք կտակել են մեզ»:

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ