Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՌՈՒՍԱՍՏԱՆ

ՌԴ-ի ռազմավարական կարևորություն ունեցող շրջանները. Արկտիկա, Ղրիմ և Հեռավոր Արևելք

Ռուսաստանի ազգային գվարդիայի առջև դրված առաջնահերթ խնդիրը անվտանգության ապահովումն է ռազմավարական կարևորություն ունեցող տարածաշրջաններում։ Դրանք են՝ Արկտիկան, Ղրիմը և Հեռավոր Արևելքը։ Այս մասին հայտարարել է Ռոսգվարդիայի հրամանատար, բանակի գեներալ Վիկտոր Զոլոտովը։ Ռոսգվարդիայի խնդիրներից է նաեւ ահաբեկչության և զենքի ապօրինի շրջանառության դեմ պայքարը։

ՌԴ ատոմային սուզանավերը Արկտիկայում դուրս են եկել սառույցի տակից

Մարտի 26-ին պատմության մեջ առաջին անգամ ՌԴ ռազմածովային նավատորմի 3 ատոմային հրթիռակիրներ, Արկտիկայում ջարդելով 1.5 մ հաստությամբ սառույցի շերտը, միասնական մտահղացմամբ ու պլանի համաձայն, 300 մ շառավղով շրջանում դուրս են եկել մակերևույթ։ Սուզանավերից մեկը կատարել է տորպեդի արձակում։

Սուզանավերը մասնակցում էին «Ումկա-21» արկտիկական արշավին, որը ղեկավարում էր ՌԴ ՌԾՈՒ գլխավոր հրամանատարությունը։ ՌԴ նախագահ Վ. Պուտինի խոսքով. «Արշավը հաստատեց ռուսական զենքի մարտական մեծ հնարավորությունները և հուսալիությունը արտակարգ իրավիճակներում շահագործվելիս»։

Արշավին մասնակցում էին 600 զինծառայող և քաղաքացիական անձնակազմ, սպառազինության մոտ 200 նմուշ, ռազմական և հատուկ տեխնիկա։ Արշավի շրջանում օդի միջին ջերմաստիճանը կազմել է -25-ից -30 աստիճան ըստ Ցելսիուսի, քամու արագությունը՝ 32 մ/վ։

Ի դեպ, նավթի համաշխարհային պաշարների 13 %-ը (շուրջ 90 մլրդ բարել), բնական գազի պաշարների 1/3-ը Արկտիկայում է։

Առաջիկա 10 տարիներին համաշխարհային պատերազմ չի լինի

Այս կարծիքին է ՌԴ պաշտպանության նախարարի խորհրդական Անդրեյ Իլնիցկին։ Ըստ նրա՝ Արևմուտքը խուսափում է Ռուսաստանի հետ ուղղակի բախումից, սակայն Ռուսաստանի դեմ վարում է հիբրիդային-տեղեկատվական նոր տեսակի պատերազմ, որի թիրախը ռուսաստանցիների ինքնագիտակցությունն է։ Դրա հետևանքները կարող են տեսանելի լինել միայն մեկ սերունդ հետո, երբ արդեն անհնար կլինի վերականգնել նախկին վիճակը։

 

ԹՈՒՐՔԻԱ

Թուրքիան՝ Աֆղանստանի վերաբերյալ հարցերի քննարկման հարթակ

Մարտի 27-ին Ստամբուլում հանդիպել են Աֆղանստանի գծով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Զալմայ Խալիլզադը և Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալինը։ Նրանք քննարկել են Աֆղանստանի հարցերով Ստամբուլում կայանալիք կոնֆերանսի կազմակերպման հարցեր։ Հանդիպմանը մասնակցել է նաև Թուրքիայում ԱՄՆ դեսպան Դևիդ Սատերֆիլդը։

ԱՄՆ-ը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա

Մարտի 26-ին ԱՄՆ-ի պետքարտուղար Էնտոնի Բլինկենը Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուի հետ զրույցում հերթական անգամ կոչ է արել Թուրքիային հրաժարվել ռուսական արտադրության «Ս-400» ՀՕՊ համալիրներից, որոնք ԱՄՆ-ը համարում է սպառնալիք իր անվտանգությանը։ «Մենք մեկ անգամ ևս ասացինք նրանց, որ Թուրքիան արդեն գնել է Ս-400-ներ, և որ հարցը փակված է»,- հանդիպումից հետո թուրք լրագրողներին ասել է Չավուշօղլուն։

Ուկրաինան փորձարկել է թուրքական «Բայրաքթարները»

Մարտի 27-ին Ուկրաինայի ԶՈՒ-ի ստորաբաժանումները Սև ծովում, Խերսոնի շրջանի ափի մոտ, անցկացրել են զորավարժություն, որի ժամանակ օգտագործվել են թուրքական արտադրության «Բայրաքթար-TB2» տեսակի անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ)։ Ավելի վաղ, 2020 թ. դեկտեմբերի 14-ին, Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Թուրքիայի հետ կնքել է ուկրաինական բանակի համար հարվածային ԱԹՍ-ների արտադրության պայմանագիր։

 

ԱԴՐԲԵՋԱՆ

Թուրքական նկրտումներ

«Արդեն այսօր թուրք կապալառուներն Ադրբեջանում ավարտել են 15 մլրդ դոլար ընդհանուր արժեքով 436 նախագծերի իրականացում։  Ղարաբաղի վերականգնման գործընթացում գերակա խնդիրներն են տարածքի մաքրումը ականներից և տնտեսական գործունեության համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ու հաստատությունների ստեղծումը»,- ասել է թուրք-ադրբեջանական գործարար խորհրդի նախագահ Սելջուկ Ակատը։

Թուրքական ընկերություններն արդեն իսկ ձեռնամուխ են եղել այդ տարածքներում ավտոմայրուղու և օդանավակայանի շինարարությանը, իսկ Թուրքիայի պետական բանկը հայտարարել է, որ այնտեղ բացելու է իր մասնաճյուղը։

Կովկասից մինչև Մերձավոր Արևելք. ովքե՞ր են շահագրգռված «Մեղրիի միջանցքով»

Պլեխանովի անվան Ռուսաստանյան տնտեսական համալսարանի քաղաքագիտության և սոցիոլոգիայի ամբիոնի դոցենտ, «Ռուսաստանի սպաներ» փորձագիտական խորհրդի անդամ Ալեքսանդր Պերենջիևի կարծիքով՝ եթե հաջողությամբ իրագործվի «Մեղրիի միջանցք» նախագիծը, ապա դա հնարավորություն կտա մեծացնելու «Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցք» ռուս-ադրբեջանա-իրանական մակրոտարածաշրջանային նախագծի արդյունավետությունը և այն «ավելի գրավիչ կդարձնի Կովկասի (ներառյալ նույնիսկ Վրաստանը) և Մերձավոր Արևելքի բոլոր պետությունների համար։

Այդ նախագիծը կնպաստի Ռուսաստանի և Թուրքիայի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական համագործակցությանը և, իհարկե, Ադրբեջանի Հանրապետության ներքին տնտեսական զարգացմանը,- ասել է Պերենջիևը։

 

ԻՐԱՆ

Ամերիկուհին մատնել է գեներալ Սուլեյմանիի սպանության մասնակիցներին

Իրաքի ամերիկյան ռազմակայաններից մեկում թարգմանչուհի, ԱՄՆ-ի քաղաքացի Մարիամ Թոմպսոնը լիբանանյան շիական «Հըզբոլլահ» շարժմանն է փոխանցել տվյալներ, թե ովքեր են մասնակցել 2020 թ. հունվարի 3-ին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ-Կուդս» հատուկ նշանակության ուժերի հրամանատար Քասեմ Սուլեյմանիի սպանությանը։ Թոմպսոնը դա արել է գիտակցաբար՝ սիրահարված լինելով ահաբեկիչներից մեկին։

2020 թ. փետրվարի 27-ին ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն նրան ձերբակալել է, սակայն Թոմպսոնն արդեն հասցրել էր մատնել առնվազն 10 գաղտնի գործակալի։ Կնոջը սպառնում է ցմահ բանտարկություն։

Իրանի պատասխանը Իսրայելին

Մարտի 26-ին Իրանը հրթիռային հարված է հասցրել Արաբական ծովում գտնվող իսրայելական «Իքս-թի Մենեջմենթ» ընկերությանը պատկանող նավին, որը Տանզանիայից ուղեւորվում էր Հնդկաստան։ Նավի ստացած վնասը չի խանգարել շարունակելու ճանապարհը։

Վերջին երկու տարվա ընթացքում Իսրայելը պայթեցրել է իրանական մեկ տասնյակից ավելի նավեր, որոնք իրանական նավթը տեղափոխում էին Սիրիա։

 

ՎՐԱՍՏԱՆ

Վրաստանը մտահոգված է Աբխազիայի և Հարավային Օսիայի ռազմականացման տեմպերի աճով

Մարտի 27-ին առանց արդյունքի ավարտվեց Վրաստանի և Ռուսաստանի միջև Ժնևյան քննարկումների հերթական՝ 52-րդ փուլը։ Ժնևյան քննարկումների ձևաչափը ստեղծվել է 2008 թ. ռուս-վրացական պատերազմից հետո։ Հանդիպումներին մասնակցում են Վրաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի պատվիրակությունները և Աբխազիայի, Հարավային Օսիայի, Եվրամիության, ՄԱԿ-ի ու ԵԱՀԿ-ի ներկայացուցիչները։ Այսօր դա Վրաստանի և Ռուսաստանի միջև քաղաքական երկխոսության միակ ձևաչափն է։

Հանդիպման ժամանակ վրացական կողմը պահանջել է անվերապահորեն ազատել Վրաստանի բոլոր այն քաղաքացիներին, որոնք ապօրինի պահվում են Սուխումում և Ցխինվալում։ Բացի այդ, խոսվել է Աբխազիայում և Հարավային Օսիայում կանոնավոր անցկացվող զորավարժությունների մասին, որոնք մտահոգում են Վրաստանին։

Ա. ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ