Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ԲՈԼՈՐ ԶՈՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ



«Զինուժ մեդիայի» հատուկ թղթակից Զավեն Մաթևոսյանի հարցերին պատասխանում է ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության ՕՎ պետ, գեներալ-մայոր ԷԴՎԱՐԴ ԱՍՐՅԱՆԸ

 

ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ԲՈԼՈՐ ԶՈՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ-Պարոն գեներալ-մայոր, անցած տարվա մեծամասշտաբ պատերազմից հետո սրանք զինված ուժերի առաջին լայնածավալ զորավարժություններն են…

-Այս զորավարժությունները նախատեսված են 2021 թ. ուսումնական տարվա առաջին կիսամյակի պլանով: Քանի որ բանակը աճող, զարգացող կառույց է, ուստի ցանկացած զորավարժություն նախօրոք պլանավորվում է, նախօրոք իրականացվում են նախապատրաստական ծանրակշիռ ու լուրջ պլանային աշխատանքներ, ինչից հետո նոր միայն անցնում ենք զորավարժությունների իրականացման փուլին: Մեր զորավարժություններն, անշուշտ, կապ ունեն տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակի հետ:

-Տարբեր զորավարժարաններում «Զինուժի» նկարահանող խմբերը ներկա եղան անցկացվող զորավարժություններին, իհարկե, արձանագրեցին ոչ բոլոր զորատեսակների գործողությունները: Ի՞նչ զորատեսակներ էին ընդգրկված այս զորավարժություններում:

-Սրանք մարտավարական, մարտավարամասնագիտական համատեղ զորավարժություններ են, այսինքն՝ այս զորավարժությունների հիմքը կազմում են համազորային զորամասերն ու ստորաբաժանումները: Ի դեպ, նաև առանձին մարտավարամասնագիտական զորավարժություններ պլանավորել և անցկացվել են հրթիռային զորքերի, հրետանու մասնակցությամբ: Պլանավորված են նաեւ  զորավարժություններ հակաօդային միջոցների, ավիացիոն ուժերի հետ՝ հատուկ նշանակության ստորաբաժանումների ընդգրկումով:

-Այսինքն՝ զորավարժությունները համատեղ են, բայց ոչ զորատեսակների միաժամանակյա գործողություններով: Ասել է թե՝ սա զորավարժությունների շարք է:

-Այո՛, զորավարժությունների շարք, որն իրենից ներկայացնում է ինչպես համազորային, այնպես էլ փոխգործակցող զորատեսակի ուժերի և միջոցների գործողություններ՝ ստեղծված օպերատիվ մարտավարական իրավիճակում:

-Պարոն գեներալ, ի՞նչ տվեցին զորավարժությունները, ի՞նչ արդյունքներ արձանագրվեցին  զորավարժությունների ընթացքում:

-Դեռևս մարտի 16-ին ես ներկայացրի զորավարժությունների նպատակները, այսինքն՝ զորավարժության պլանավորման փուլում ղեկավարությունն իր առջև դնում է համապատասխան նպատակներ, որոնք են՝ հատկապես բարդ իրավիճակներում և պայմաններում զինված ուժերի զորատեսակների և ստորաբաժանումների ունակությունների կատարելագործումը, ներդաշնակ գործողությունները, ինչպես նաև զինված ուժերի օպերատիվ-մարտավարական օղակի մարմինների կարողությունների ստուգումը զորքերի կառավարման գործում՝ հաստիքային ուժերի և միջոցների փոխգործակցության հարցերի ճշգրտումով: Վերլուծությունների արդյունքներով՝ զորավարժությունների մասնակցած զորքը ցուցաբերել է լավ արդյունքներ:

-Կարևոր է նշել նաև, որ բոլոր զորատեսակները զորավարժություններին մասնակցել են մարտական կրակի կիրառմամբ:

-Զորավարժություններ անցկացվել են նաև առանց մարտական հրաձգության: Սակայն զորավարժությունների գերակշիռ մասը անցկացվել է մարտական կրակի կիրառմամբ: Ցանկանում եմ նշել, որ անցկացվել է նաև զորավարժություն մարտական արձակումով համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի մասնակցությամբ:

Խորագիր՝ #11 (1382) 24.03.2021 - 30.03.2021, Ազգային բանակ


25/03/2021