Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԾԱՌ ՋՐՈՂ ՏՂԱՆ. ԿԱՐՈ ՊՈՂՈՍՅԱՆ
ԾԱՌ ՋՐՈՂ ՏՂԱՆ. ԿԱՐՈ ՊՈՂՈՍՅԱՆ

ԾԱՌ ՋՐՈՂ ՏՂԱՆ. ԿԱՐՈ ՊՈՂՈՍՅԱՆԿրտսեր սերժանտ Կարո Պողոսյանի այս լուսանկարը կռվի ամենաթեժ օրերին արագ տարածվեց համացանցով եւ հայ զինվորականի ամուր, բայց և խաղաղասեր տեսակի խորհրդանիշներից մեկը դարձավ: Այս պարզ գործողության՝ խրամատում բուսած ծառի շիվը ջրելու մեջ այնքան գորովանք կար, սեր՝ սեփական հողի, դրանում սկիզբ առնող կյանքի հանդեպ, որ շատ շատերի պես ինձ համար էլ այն դարձավ մի գեղեցիկ, հուսադրող պատմություն այն օրերին, երբ պատերազմը սկսել էր իր դժնդակ դեմքը ցույց տալ… Կարոն շատերիս կողմից սիրվեց ու հիշվեց՝ որպես «ծառ ջրող տղա»:

 

Իհարկե, շատ էի ուզում, որ «ծառ ջրող տղան», որի մասին դեռ ոչինչ հայտնի չէր, ողջ-առողջ տուն վերադառնար, հարցազրույց վերցնեի ու պատմեի նրա մասին: Ավելի ուշ՝ պատերազմից հետո, համացանցում կրկին Կարոյի լուսանկարը տեսա. այս անգամ նա հենակներով էր: Թե ինչու այսքան ձգձգվեց հարցազրույցս, պատմում են Կարոյի բազմաթիվ վնասվածքները, որոնց մեծ մասը մինչև մեր հանդիպման օրը հաղթահարել էր ու դեռ հիմա էլ շարունակում է հաղթահարել գերմարդկային ճիգերով…

Հեռախոսով Կարոյի ձայնը խուլ է լսվում. հետվիրահատական այս փուլում դեռ ցավազրկողների կարիք է ունենում, բայց հարցիս՝ «Ո՞նց ես զգում», լսում եմ առույգ պատասխանը՝ «Հոյակա՛պ»:

…Նրա հիվանդասենյակն եմ մտնում, ինչպես ասում են՝ «կամքս բուռս հավաքած»: Կարոյի մայրիկն է դիմավորում՝ տիկին Շուշանը: Նրա հետ հեռախոսով ենք զրուցել, փորձել գտնել հարմար պահը: Մեր երկրի հյուսիսում՝ Աշոցքի շրջանի Մեծ Սեպասար գյուղում են բնակվում: Կարոն վերջերս նորից հիվանդանոց է եկել՝ վիրահատական հերթական փուլն անցնելու: Բժիշկները հեռացնում են երկաթյա շյուղերը, որոնցով ամրացրել են ոտքի ու ձեռքի կոտրված հատվածները: Բացի կոտրվածքներից, խոր այրվածքներ է ստացել: 5-ամսյա բուժման առաջին փուլերում նաև պլաստիկ վիրահատությունների մի ամբողջ շարք է տարել:

Մոտենում եմ նրան, մի քանի բառ փոխանակում և չեմ նկատում վնասվածքները, որոնցից միայն սպիներն են մնացել: Զրուցակիցս առողջ է եւ դեռ հաջողում է գլխով անցած-գնացածը հումորի ու կատակի տալ: Երբեմն-երբեմն ճակատից հոսող քրտինքի կաթիլներն են միայն մատնում, որ ցավեր ունի: Իսկ կանաչ, ժպտուն աչքերի խորքում թախիծ է…

Արդեն հինգ տարի է, ինչ սահմանապահ զորքերում է ծառայում: Պատերազմի առաջին օրվանից նրա ստորաբաժանումը Հորադիզի թևում է դիրքավորվել՝ Արաքսի ափին: Առաջին օրերին, երբ հարաբերական հանգիստ է եղել, խրամատներ են փորել, պատրաստվել առաջիկա մարտերին: Հենց այդ օրերին է արվել լուսանկարը: -Նստած ջուր էի խմում խրամատում, տեսա այդ ծառի շիվը, որ աճել էր խրամատի մեջ, ու ջրում էի, երբ ընկերս նկարեց: Ասացի՝ «Ցույց տուր»: Ասաց. «Չէ՜, իսկը կինոյի նկար է. քեզ ցույց չեմ տա: Պատերազմից հետո՝ մի լավ խաշ պատիվ կտաս…»: Նա ինձնից շուտ վիրավորվեց, ես՝ քիչ ավելի ուշ: Հիվանդանոցում իմացա, որ այդ նկարը համացանցով տարածվել է…

Հոկտեմբերի 1-ից հակառակորդի կողմից մեր ուղղությամբ որոշակի շարժ նկատվեց: Թշնամին սկսում էր տարբեր տեսակի ծանր զրահատեխնիկայով առաջ գալ՝ մեկը հարյուրի դիմաց… Չնայած խիստ անհամամասն էր մեր զենք-զինամթերքը, բայց հաջողում էինք տանկեր, ՀՄՄ-ներ խփել: Մի օր համեմատաբար լավ էր, մի օր՝ շատ վատ: Պատերազմում լավ օր չկա: Դե, իսկ ամենավատը… Եղել են օրեր, երբ մինչև 4 զոհ ենք ունեցել: Ամենասարսափելին այն է, երբ կողքիդ արկ է պայթում, բարձրացած փոշու մեջ չես տեսնում ու սիրտ չես անում ընկերոջդ անունը կանչել. բա որ չպատասխանի՞: Այդ օրը մեքենայով քիչ հետ էինք գալիս մեր նախկին բնագծից, որպեսզի բարենպաստ դիրքեր զբաղեցնենք: Ցերեկվա ժամը երկուսի-երեքի կողմերն էր: «Բայրաքթարով» խփեցին մեր մեքենային… Երբեք չեմ մոռանա այդ օրը… տեսնում էի, որ ընկերներս այրվում են, ու ոչնչով չէի կարողանում օգնել. ինքս էլ այրվում էի: … 22-ից միայն երեքս ողջ մնացինք՝ ես, մեր վարորդ Սամվելն ու ընկերս՝ Արմանը: Արմանի ուսն էր փշրված, այստեղ էր. նոր է դուրս գրվել: Սամվելն էլ շատ լուրջ այրվածքներ ուներ: Փորձեց ինձ դուրս բերել այրվող մեքենայից, բայց չկարողացավ: Ես ուժերս լարեցի ու մի կերպ ինձ դուրս նետեցի: Սամվելն իր այրված ձեռքերով իմ հագից հանեց համազգեստս, քաշելով հեռացրեց բռնկված մեքենայից, որ ամեն պահի կարող էր պայթել:

… Ձեռքի բաց կոտրվածք, ոտքի փակ կոտրվածք, մեջքի, ուսերի, պարանոցի այրվածքներ… Վիրավորվել է հոկտեմբերի 19-ին: Առաջին բուժօգնություն են ցույց տվել զորամասի բժիշկները, իսկ 20-ին արդեն Երևանում էր՝ Այրվածքաբանական հիվանդանոցում: «Բոլոր բժիշկներիցս, ամբողջ բուժանձնակազմից անչափ գոհ եմ ու շնորհակալ. ինձ նոր կյանք տվեցին: Երբ տեսա պլաստիկ օպերացիայի արդյունքները, զարմացա՝ ոսկերչական գործ են արել»:

-Լավ ես պրծել,- ասում եմ՝ ուրախ հնչերանգ տալով ձայնիս:

-Հա, էն աշխարհ գնացի, տեսան՝ լավ ուղևոր չեմ, հետ ուղարկեցին,- հումորի է տալիս Կարոն ու շարունակում:- Այրվածքաբանական հիվանդանոցում, մեզ՝ վիրավորներիս հոգեբաններ էին այցելում: Նրանք շուտ հասկացան՝ իմ հարցում անելիք չունեն: Վախ, անքնություն, մղձավանջներ չեմ ունեցել: Միայն երազում երբեմն տղերքն են գալիս, խոսում ենք…

ԾԱՌ ՋՐՈՂ ՏՂԱՆ. ԿԱՐՈ ՊՈՂՈՍՅԱՆՀասկանում եմ, որ տղերքի պահն ամենացավոտն է, բայց հարցնում եմ.

-Ի՞նչ եք խոսում…

-Մաման ավելի ճիշտ կիմանա,- պատասխանում է ժպիտով,- քնիս մեջ եմ խոսում:

Տիկին Շուշանն օգնության է հասնում.

-Երբեմն խոսում է գիշերով. մոտիկ եմ գալիս, տեսնում՝ քնած է: Հիմնականում մի բան է ասում՝ «Տղե՛րք, եկեք տուն գնանք. իրար հետ ենք եկել, իրար հետ էլ պիտի ետ գնանք»:

-Արջի ընկերություն արեցի,- տխուր արձագանքում է Կարոն,- միասին գնացինք, ես մենակ ետ եկա… Միայն ծառայության ընկերներ չէինք… Իմ գյուղի տղաներից էին, հորեղբորս որդիները, հորաքրոջս որդին, երկու մոտ ընկերներս, մեր մյուս լավ ընկերները, մեր հրաշալի հրամանատարը՝ մայոր Տիգրան Համբարյանը…,-   Հեռախոսով «թերթում է» զոհված ծառայակիցների լուսանկարները,- Ջիվանի հետ ընտանիքներով էինք շատ մոտ: Հորաքրոջս տղան ինձնից մի տարով էր փոքր, երկու տարեկան աղջիկ ունի…

Թերթում է՝ 19 ջահել տղաների լուսե նկարներ…

-Հիմա դեռ ի վիճակի չեմ ամեն մեկի մասին պատմելու, բայց մի օր կպատմեմ. բոլորն էլ հզոր տղերք էին, իրենց կյանքը չխնայեցին մեր հող ու ջրի համար… Խրամատից բոլորս միասին էինք դուրս գալիս կռվի: Վախ, բնական է, կար. ամեն անգամ մահվանն ընդառաջ էինք գնում, բայց միասին ուժեղ էինք, հետ ընկնող չկար…

Տիկին Շուշանն է հիշում.

-Մինչ այդ, Կարոս երեք օրը մեկ զանգում էր: Ասում էր՝ «Հանգիստ է, նորմալ է ամեն ինչ: Մյուս անգամ դիրքերից իջնեմ՝ էլի կզանգեմ: Դուք ձեզ լա՛վ նայեք»: Գոհ էինք, որ ձայնն ենք լսում, համոզվում, որ ողջ է: Իսկ այդ օրերին սիրտս անհանգիստ էր: Երեք օր զանգ չկար: Ուզում էի լացել, բայց զսպում էի ինձ: Այդ գիշեր չէինք կարողանում քնել: 3:30 էր, երբ հանկարծ լսեցի, որ դրսի դուռը բացվեց: Փոքր աղջիկս էր ամուսնու հետ: «Կարոն թեթև վիրավոր է,- ասաց,- առավոտը Երևանում կլինի»: Երևանի ճանապարհին Կարոս ճանապարհին մի պահ ուշքի է եկել, բուժքույրը հարցրել էր. «Կարո՛ ջան, կարո՞ղ է՝ մամայիդ համարը հիշես, զանգենք, տեղեկացնենք»: Ասել է. «Հիշում եմ, բայց հենց մամայինը չեմ ասի»:

Վաղ առավոտյան հասանք Երևան, հիվանդանոցում իմացանք, որ այրվածքներն են շատ: Երբ մտա հիվանդասենյակ, սկզբում չհասկացա, ուր պետք է նայեմ: Տեսա անկողինը՝ վերևը տղայիս անուն-ազգանունն էր գրված: Հարցրի՝ «Ո՞ւր է Կարոս»: Ամբողջ մարմինը վիրակապերով փաթաթված էր: Ոտնաթաթերից ճանաչեցի, որ նա է: Երբ ձայնս լսեց, շրջվեց դեպի ինձ. «Մա՛մ, էս ինչպե՞ս ես Արցախ հասել»: Հորեղբորս թոռան հետ էի. բժշկականի ուսանող է: Ասաց. «Կարո՛ ջան, Արցախում չես, Երևանում ես: Քեզ արագ ոտքի կհանեն: Հիմա էլ իմ հերթն է գնալու»: Որպես բժիշկ նա էլ կամավոր մեկնեց Արցախ: Նրա հայրն էլ, որ պահեստազորի սպա է, սիրտը ստենդավորված, կամավոր գնաց:

-Վերակենդանացման բաժանմունքում,- շարունակում է Կարոն,- երբ անկողնուս կողքով ինչ-որ մեկն անցնում էր, ամբողջ մարմնովս ցավ էր անցնում: Մի օր բժշկուհին եկավ, սկսեց սոնոգրաֆիայի սարքով ներքին օրգաններս զննել: Չգիտեմ, որ օրգանս էր ուզում տեսնել, որ լավ չէր երեւում: Այրված մեջքս սարսափելի ցավում էր: Տանջեց, տանջեց, դե, իսկ ես ծպտուն չէի հանում. ի՞նչ ասեմ՝ մարդն իր գործն է անում: Բայց մի պահ զգացի, որ էլ չեմ դիմանում: Երբ հերթական անգամ ուժեղ սեղմեց սարքը ու ուշադիր նայում էր էկրանին, ասացի. «Բժշկուհի՛ ջան, միայն թե չասես, թե հղի եմ. էս ցավերին էլ չեմ դիմանա»: Հանկարծակիի եկավ, ու մինչ ինքը ծիծաղում, ներողություն էր խնդրում, ես մի քիչ շունչ քաշեցի:

Հերթական վիրահատությունից հետո, ձեռքիս երկու մատներն էին կտրել, նոր էի նարկոզից դուրս եկել: Բժիշկը եկավ ինձ տեսնելու: Տխուր դեմքով մոտեցավ անկողնուս. «Կարո՛ ջան, ստիպված էինք երկու մատներիդ վերջին ֆալանգները կտրել, բայց որ պետք լինի, մի քիչ էլ ենք կտրելու…»: Ձեռքս մոտեցրի ինձ, վիրակապի տակից տեսա, որ մի քիչ կարճացել են մատներս, հանգիստ ասացի. «Հա՛, կտրի»: Նայեց դեմքիս, չկարողացավ ծիծաղը զսպել. «Չէ՜, դու մի քիչ գիժ ես»: Ասացի. «Դե, հա, բա ի՞նչ ասեմ: Եթե լացեմ, մատներս կբերես, տեղը կդնե՞ս: Միանգամից կտրեիր, էլ ավելորդ վիրահատության կարիք չէր լինի»:

-Վա՜յ, տղերք ջան, ինչքա՜ն լավն եք, ինչքան ուժեղ, առողջ,- ասում եմ Կարոյին՝ հիշելով նաև մեր բոլոր այն հերոս տղաներին, որոնց հետ առիթ եմ ունեցել զրուցելու պատերազմից հետո ու հիացել նրանց ոգու արիությամբ:

-Մինչև ոտքիս երկաթները հանելը ավելի առողջ էի,- ժպտում է Կարոն,- հանգիստ քայլում էի արդեն: Ոչինչ, վերքերս լավանան, ավելի լավ կքայլեմ: Եթե սրտից թույլ չեք, կարող եմ մեջքիս լուսանկարները ցույց տալ: Դե, արդեն ոչինչ, պլաստիկ վիրահատություններից հետո են արված:

-Սրտից թույլ եմ, իհարկե, բայց ուզում եմ տեսնել. արդեն էնքա՜ն բան եմ տեսել…

-Մեջքս հնարավոր չէր լավ ուսումնասիրել,- ասում է,- բայց ձեռքերիս այրված հատվածներում «սպիտակ ֆոսֆոր» են հայտնաբերել: Սարքը պարզ ցույց էր տալիս: Ես արդեն հիվանդանոցում էի, երբ «սպիտակ ֆոսֆորի» կիրառման հայտնի դեպքը եղավ: Մտածում եմ՝ հնարավոր է՝ թշնամին իր խոշոր տրամաչափի զինատեսակներով էլ էր «սպիտակ ֆոսֆորի» որոշակի չափաքանակ կիրառում:

-Կարո՛ ջան, ի՞նչ ես անելու լավանալուց հետո:

-Եթե առողջությունս ներեց, ու հրամանատարությունը համաձայնեց, նորից կշարունակեմ ծառայությունս: Աստված չանի՝ թող չլինի նոր պատերազմ, բայց, եթե լինի, մենք միշտ էլ պատրաստ ենք: Չենք խնայի մեր առողջությունը, մեր կյանքը: Գիտեմ, շատ տղերք կան ինձ պես: Ով կանգնած է եղել հայրենիքի պաշտպանության համար, միշտ էլ կկանգնի…

-Ամուսնացած չե՞ս,- հարցնում եմ:

-Չէ, դեռ չեմ հասցրել:

-Իսկ հարսնացո՞ւ, սիրած աղջի՞կ:

-Չէ… Երբ պատերազմի դաշտում էինք, շատ «հարսնացուներ» ունեինք: Աղջիկներից նամակներ, երկտողեր էինք ստանում՝ «Կգաս՝ կամուսնանք»: Հիմա ինչ-որ մոռացել են մեզ,- ժպիտով, բայց մի քիչ թախծոտ է խոսում:

– Վստահ եմ՝ մեր հարցազրույցը կարդալուց հետո հարսնացուները հերթ կկանգնեն,- ասում եմ կեսկատակ-կեսլուրջ: Բայց շատ եմ ուզում, որ հենց էդպես էլ լինի…

– Մի անգամ Կարոն դեռ այրվածքաբանական հիվանդանոցում էր,- ասում է տիկին Շուշանը,- զանգեցին ընդունարանից, ասացին, որ մի աղջիկ է եկել տեսակցության. ծաղկամանով ծառ է բերել: Այդ ժամանակ դեռ տեսակցել չէր կարելի: Ասացինք, դե, եթե բերել է, թող թողնի ընդունարանում, կվերցնենք:

-Հետո էլ չեկա՞վ այդ աղջիկը:

-Չէ, ո՛չ տեսել եմ, ո՛չ նույնիսկ անունը գիտեմ,- ասում է Կարոն,- բայց կուզեի տեսնել, իմանալ՝ ինչո՞ւ էր որոշել հենց այդպիսի նվեր անել:

-Ճիշտն ասած՝ ես էլ էի ուզում ծաղկամանով ծառի շիվ նվեր բերել: Բայց մտածեցի՝ հետո դժվար կլինի տուն տանելը:

-Դուրս գրվելիս կբերես,- ժպիտով ասում է տիկին Շուշանը: Կարոն ծառերի, ծաղիկների հանդեպ միշտ էլ սեր է ունեցել: Մեր տանը մի իսկական մեծ «կանաչ գոտի» ունի. ինքն է տնկում, խնամում ծաղիկները…

-Շատ կուզենամ՝ խաղաղություն լինի,- շարունակում է Կարոն,- ու ես իմ բույսերով զբաղվեմ: Հնարավոր է՝ ջերմոց սարքեմ…

…Կարոն մեր այն հերոս տղաներից է, որոնց նայելիս սիրտդ ճմլվում է, բայց ոչ թե խղճահարությունից՝ նրանց կրած բոլոր ցավերի ու դժվարությունների համար, այլ հպարտությունից, որ չնայած այդ ամենին, նրանք ավելի առողջ են, քան գործնականում առողջ շատ ու շատ ուրիշ երիտասարդներ: Այսպիսի տղերքը միայն հաղթանակով պետք է հետ գային, քանի որ հաղթանակը հենց նրանց կսազեր: Նրանք ո՛չ պարտված են, ո՛չ հուսալքված և ո՛չ էլ չարացած: Ամենալավ աղջիկները պետք է գտնեն նրանց, որ նոր հերոսներ, հայրենիքի նոր պաշտպաններ ծնվեն Հայոց աշխարհում…

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ