Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻՐԱՆ

Նոր ռազմածովային ռազմակայան Իրանում

Մարտի 15-ին Իրանում բացվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նոր ռազմածովային ռազմակայանը՝ «Հրթիռային քաղաքը»։ Ռազմակայանի սպառազինության մեջ ընդգրկված են մեծ քանակությամբ թևավոր, բալիստիկ հրթիռներ և տարբեր հեռահարության հրթիռային համալիրներ։ Հաղորդվում է, որ բոլոր սարքավորումները մշակել են իրանցի գիտնականները։

 

ՌՈՒՍԱՍՏԱՆ

«ՄիԳ-35Ս»-երը մատակարարվում են զորքեր

Մարտ ամսին Ռուսաստանի Դաշնության օդատիեզերական ուժերը նախատեսված ժամկետից ավելի շուտ ստացան «ՄիԳ-35Ս» բազմագործառնական կործանիչներ։ «ՄիԳ-35Ս»-ը նորագույն ավիացիոն համալիր է, որը ստեղծվել է 5-րդ սերնդի կործանիչների տեխնոլոգիաներով։ Նախատեսված է ինչպես օդային, այնպես էլ վերգետնյա ու վերջրյա թիրախների խոցման համար։ Առավելություններից են ռադիոտեղորոշման նվազ նկատելիությունը, ակտիվ փուլավորված ալեհավաքային ցանցով ռադիոտեղորոշման կայանի առկայությունը, սաղավարտի վրայի նշանացուցման համակարգը, մեծացված քարշի ուժով նոր շարժիչները, հեղուկանավի դեր կատարելու հնարավորությունը։ Նոր ինքնաթիռն ունակ է կիրառելու բոլոր տեսակի կառավարելի, ոչ կառավարելի հրթիռներ և նորագույն կառավարելի ռումբեր։

Ապագա պատերազմների բնույթը

Ապագայում պատերազմները կվերածվեն հակառակորդ պետությունների միջև մրցակցության՝ թե ով կարտադրի ավելի մեծ քանակի և ավելի որակյալ ռազմական ռոբոտատեխնիկա. այս կարծիքին է ՌԴ արտաքին պաշտպանական քաղաքականության գծով խորհրդի նախագահության անդամ, ապագայաբան Եվգենի Կուզնեցովը։ Ըստ նրա՝ եթե նախկինում բանակային ռոբոտները ԱՄՆ-ի նման հարուստ երկրների մենաշնորհն էին, ապա այժմ Թուրքիան և Իսրայելը ավիացիոն դրոնները դարձրել են զանգվածային արտադրատեսակ, որն էապես ազդում է մարտական գործողությունների արդյունքի վրա, ինչպես ցույց տվեց Արցախյան երկրորդ պատերազմը։ Օդային ռոբոտներին կհաջորդեն ցամաքային և ծովային ռազմական ռոբոտները։ Պատերազմը կվերածվի տնտեսությունների մրցակցության. ով ավելի շատ և ավելի որակյալ ռոբոտներ արտադրի, նա էլ ավելի մեծ հաջողությամբ խնդիրներ կլուծի մարտադաշտում։

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Մոսկվայի պայմանագրի 100-ամյակի առթիվ

Մարտի 16-ին լրացավ ՌՍՖՍՀ-ի և Թուրքիայի միջև կնքված՝ բարեկամության ու եղբայրության մասին Մոսկվայի պայմանագրի 100-ամյակը։ Այս առթիվ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ այդ տարեթիվը «վկայում է, որ ռուս-թուրքական գործընկերության նշանակալիությունը երկուստեք գիտակցվում է»։ Մոսկվան նաև պատրաստակամություն է հայտնել բոլոր ուղղություններով խորացնելու փոխգործակցությունը Անկարայի հետ, մասնավորապես՝ ընդլայնելու առևտրատնտեսական և ներդրումային համագործակցությունը, էներգետիկայի, արդյունաբերության և ենթակառուցվածքների ոլորտներում հեռանկարային նախագծերի իրականացումը։

 

ԱԴՐԲԵՋԱՆ

Արմատական փոփոխություններ Ադրբեջանի տնտեսության մեջ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի տնտեսության գլխավոր խնդիրը համարում է Լեռնային Ղարաբաղում զանգվածային վերականգնողական աշխատանքների ֆինանսավորումը։ Այդ նպատակով հիմնովին փոխվել է Ադրբեջանի տնտեսության կառուցվածքը. պետությունը խթանում է մասնավոր ձեռներեցությունը, արտոնություններ սահմանում ներդրումների համար և վերացնում մենաշնորհները։ «Սկսվել է թափանցիկության, ազնվության և մենաշնորհների վերացման դարաշրջանը»,- ասել է Ալիևը։

 

ԹՈՒՐՔԻԱ

Սիրիայում Թուրքիայի գործողություններն անհանգստացնում են Ռուսաստանին

Մարտի 15-ին Թուրքիայի զինված ուժերը ինժեներական աշխատանքներ են կատարել սիրիական Ռաքքա նահանգում, որն ուղեկցվել է ռազմական տեխնիկայի տեղափոխմամբ։ Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ, փոխծովակալ Ալեքսանդր Կարպովն այդ առթիվ հայտարարել է, որ Թուրքիայի զինվորականների գործողությունները խախտում են ստատուս-քվոն և հարուցում Ռուսաստանի անհանգստությունը։

Թուրքիան ստեղծում է իր կործանիչը

Թուրքիայի՝ Ռուսաստանից «Ս-400» «Տրիումֆ» ԶՀՀ-ների գնումից հետո ԱՄՆ-ը արգելել է Թուրքիային վաճառել 5-րդ սերնդի «Ֆ-35» կործանիչներ։ Ի պատասխան՝ Թուրքիան սկսել է իր կործանիչը ստեղծելու աշխատանքները։ Թուրքական կործանիչը ստացել է «Թըրքիշ ֆայթըր իքս» անվանումը։

 

ՎՐԱՍՏԱՆ

Վրաստանի ու ՆԱՏՕ-ի համատեղ զորավարժություններ

Անցած շաբաթ ՆԱՏՕ-ն եւ Վրաստանը համատեղ զորավարժություններ անցկացրին Սև ծովում։ Դրանց նպատակը ռազմածովային ստորաբաժանումների համատեղելիության մակարդակի բարձրացումն էր։ ՆԱՏՕ-ի կողմից զորավարժությանը մասնակցում էին Թուրքիայի, Ռումինիայի և Բուլղարիայի ռազմանավերը։

Ավելի վաղ՝ 2020 թ. դեկտեմբերին, Վրաստանի խորհրդարանն ընդունել է բանաձև, ըստ որի՝ «Վրաստանի արտաքին քաղաքականության՝ այլընտրանք չունեցող գերակայությունը անդամակցությունն է Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությանը»։

ԱՐՍԵՆ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ