Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՍՐՏԻ ՉԱՓ ՈՒ ՍՐՏԻ ՄԵՋ...
ՍՐՏԻ ՉԱՓ ՈՒ ՍՐՏԻ ՄԵՋ…

ՍՐՏԻ ՉԱՓ ՈՒ ՍՐՏԻ ՄԵՋ...Հայոց հողում զորակոչ է, զորակոչ՝ պատերազմից հետո: Կենտրոնական հավաքակայանում ենք, զինվորացող տղաներից շատերը պատերազմի մասնակից հարազատ-բարեկամներ ունեն, ընկերներ:

-Հայրս 90-ականների Արցախյան ազատամարտի մասնակից է, ավագ եղբայրս էլ՝ այս պատերազմի, «Եղնիկներում» է ծառայում, դեռ չգիտի, որ ես էլ եմ արդեն համալրել հայոց բանակի շարքերը,- ասում է վանաձորցի Արծվին Նազարյանը:

-Իմ եղբայրն էլ է «Եղնիկներում», Արցախի հերոս, գնդապետ Կարեն Ջալավյանի հրամանատարությամբ է կռվել, չորս ամսից զորացրվելու է,- զրույցին միանում է Տիգրան Իխտիարյանը:

Տիգրանը Վայքից է: Ապագա արաբագետը սպորտի բնագավառում նկատելի հաջողություններ ունի. «Street Workout»-ի 2018 թ. Հայաստանի առաջնության չեմպիոն է, նրա անունը գրանցված է նաեւ ՀՀ «Դյուցազնագրքում»՝ Գինեսի ռեկորդների գրքի հայկական տարբերակում (բռունցքներով գետնին հենված՝ 100 անգամ կատարել է հրում դեպի վեր վարժությունը 55 վայրկյանում):

– Մինչ բանակ զորակոչվելս այցելեցինք եղբորս ծառայավայր, վաղուց իրար չէինք տեսել: Երկար զրուցեցինք տարբեր թեմաներից, խորհուրդներ տվեց, ու ամենակարեւորը՝ ծառայել այն գիտակցումով, որ ծառայում ես հանուն մեր քաջ ու հերոս տղաների կյանքի գնով է՛լ ավելի սրբացած հողի:

-Ուր էլ գնամ՝ Հայրենիքիս մի մասն է,- ապա ավելացնում է Մոնթեի խոսքերը. «Սիրիր Հայրենիքդ այնպես, որ թշնամիդ վախենա այդ սիրուց»:

-Պատվով ծառայելու ենք,- վստահեցնում է օձունցի Յուրա Թամազյանը։- Մենք իրավունք չունենք վհատվելու, հուսահատվելու:

-Մեր պատմության որ էջն էլ թերթեք, անընդհատ պատերազմներ են, գոյապայքար: 90-ականների ինքնապաշտպանական կռիվներին իմ հարազատներից շատերն են մասնակցել, կռվել են «Այգեձոր» ջոկատի կազմում: Տուն-տեղ չկա, որ պատերազմի ցավի միջով անցած չլինի, կորուստ չունենա. 1992 թ. օգոստոսին արկի պայթյունից զոհվել են տատիկս, հորաքույրս եւ հորեղբայրս, երեքն էլ նույն օրը,- պատմում է լուսավանցի Խաչատուր Կիզողյանը: Խաչատուրը Ռուսաստանից ամռանն է վերադարձել.

-Տասը տարի է՝ Ռուսաստանում ենք ապրում՝ Օդինցովոյում, բայց ի սկզբանե որոշել էի՝ Հայաստանում եմ ծառայելու, իմ ծննդավայրում: Դարերի ընթացքում ինչե՜րի միջով է անցել մեր Հայրենիքը, որքա՜ն է սեղմվել, փոքրացել…Փոքրացել, դարձել է սրտի չափ, բայց միշտ սրտիդ մեջ՝ աշխարհի որ անկյունում էլ որ լինես…

♦♦♦

Հավաքակայանի սպասասրահում ՀՀ ԶՈՒ հոգեւոր առաջնորդության գնդերեց Հարություն սարկավագ Մարտիրոսյանը զրուցում է զինվորների հետ, խորհուրդներ տալիս, հորդորում միմյանց հանդեպ հանդուրժող եւ ներողամիտ լինել. «Տարբեր բնավորության տղաներ կլինեն, տարբեր մտածելակերպով, իրար թևութիկունք եղեք, համերաշխ ու միակուռ: Ձեզնից ամեն մեկի նվիրված ծառայությամբ մեր բանակն ավելի է ամրանում, երկիրը դառնում անառիկ»:

Հայոց հողում զորակոչը շարունակվում է:

Մեր քաջազուն որդիներն են պահում ու պաշտպանում սրտի չափ հայրենիքը, ու ամեն զինվոր այդ սրտի մի զարկն է…

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Լուսանկարները՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ