Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԿՅԱՆՔԻ ՊԱՀԱՊԱՆՆԵՐԸ. ԲՈՒԺԱԿՆԵՐ
ԿՅԱՆՔԻ ՊԱՀԱՊԱՆՆԵՐԸ. ԲՈՒԺԱԿՆԵՐ

ԿՅԱՆՔԻ ՊԱՀԱՊԱՆՆԵՐԸ. ԲՈՒԺԱԿՆԵՐԶրուցակիցներս դաշտային հոսպիտալի բուժակներից մի քանիսն են՝ մեր «սպիտակ» բանակի այն մարտիկները, որոնց արած գործը վեր է ամեն գնահատանքից: Նրանք պատերազմի օրերին, հաճախ կրակահերթերի տեղատարափի տակ, մինչև դաշտային հոսպիտալի բժիշկներին հանձնելը, վիրավորներին դուրս էին բերում մարտի դաշտից, առաջին բուժօգնություն ցույց տալիս: Ռազմադաշտի ամենաթեժ ուղղություններից մեկում՝ Իշխանաձորում բացազատված հոսպիտալում, այնուհետև՝ Կուբաթլուում, իսկ պատերազմի վերջին օրերին Խնձորեսկի մերձակայքում իրենց, կարելի է ասել, ամենամարդասիրական առաքելությունն են կատարել: Երբեմն առանձին-առանձին, երբեմն էլ կողք կողքի, իրար օգնելով են գործել մահվան ու կյանքի սահմանագծին ռազմիկների կյանքի ու առողջության համար պայքարելիս: Եղել է այնպես, որ մեկ օրում մոտ 20 անգամ շտապել են փրկելու վիրավորներին, տարհանելու վտանգավոր գոտիներից:

…Տղաներին հանդիպեցի Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում: Խաղաղ ժամանակ այստեղ է տեղակայվում նրանց բժշկական գումարտակը: Զրույցն սկսվեց տարհանման ջոկի բուժակ, սերժանտ Նարեկ Մկրտչյանի հետ: Շուտով հոսպիտալի բակում մեզ մոտեցան նրա մարտական ընկերները՝ բուժակներ Հովհաննես Անտոնյանը, Մհեր Մհերյանը, Էդգար Ծռնվերանցը:

Նարեկն սկսում է պատմել իր բաժին պատերազմի մասին: Տեսքից շատ երիտասարդ է: Իր «արկածների» մասին հումորով է խոսում: Աչքերն անընդհատ ժպտում են, բայց դրանց մեջ ավեր ու ցավ տեսած մարդու թախիծի դրոշմ կա: Ծնունդով Մասիսից է: 2014 թ. ընդունվել է Խաղաղապահ ուժերի բժշկական դասակ՝ որպես բուժակ: 2019 թ. հոկտեմբերին մեկնել է ԱՄՆ՝ «Մարտական բուժակի» դասընթացների:

– Դասընթացները՝ դասընթաց,- ասում է,- բայց այն, ինչ տեսանք այս պատերազմի ընթացքում, ոչ մի դասընթացով նախատեսված չէր… Սեպտեմբերի 27-ին «տագնապի» ազդանշանով եկանք հոսպիտալ, շարժական հոսպիտալը հավաքեցինք ու դուրս եկանք: 28-ին հասանք Իշխանաձոր: Մտածում էինք՝ վրաններ կբացենք, բայց երբ տեսանք մեր գլխավերևում անընդհատ պտտվող ԱԹՍ-ները, հասկացանք, որ այդպես անմիջապես թիրախ ենք դառնալու: Իշխանաձորի ամբուլատորիայի շենքը ամբողջությամբ մեր տրամադրության տակ էր: Վիրահատարանը, տեսակավորման և վերակենդանացման սրահները պատրաստեցինք, ու… «կինոն սկսվեց»,- ժպտում է Նարեկը:- Առաջին երկու օրը դեռ Ջրականի հոսպիտալն ընդունում էր վիրավորների զգալի մասին: Չէինք պատկերացնում, թե օրեր անց, երբ այդ հոսպիտալն այլևս չէր գործելու, ինչպիսի ծանրաբեռնվածությամբ էինք աշխատելու… Օրը մինչև 100-130 վիրավոր էինք ընդունում:

-Ի՞նչն էր ձեզ ուժ տալիս այդ օրերին,- հարցնում եմ Նարեկին:

ԿՅԱՆՔԻ ՊԱՀԱՊԱՆՆԵՐԸ. ԲՈՒԺԱԿՆԵՐ-Երևի առաջին հերթին այն, որ հայրենակիցներիդ կյանքն ես փրկում: Ասենք՝ մոտակայքում ռումբ պայթեց. հո վիրավորին չե՞ս թողնի, փախչես: Անկախ քեզնից, ավելի դիմացկուն, ավելի հանդարտ ես դառնում: Բուժակ էինք, բայց վիրահատության էլ էինք մասնակցում, վերակենդանացման սենյակում էինք օգնում: Փոքրիկ վիրահատություններ էինք անում միջանցքներում. բեկորներ էինք հեռացնում, երբ վիրահատարանում տեղ չէր լինում:

…18-19 տարեկան զինվորներ էինք բերում, որ, ասես, հեքիաթից դուրս եկած հերոսներ լինեին: Իրենք էին մեզ ոգևորում, ուժ տալիս: Մի ձեռքը կորցրած զինվորն ասում էր. «Խնդրում եմ, ձեռքս կարեք, գնամ, կռվե՛մ»: Մի կերպ էինք պահում. «Ա՛յ տղա ջան, սպասիր, ո՞ւր ես գնալու էսպես»:

Զարմանալի վիրավորման դեպքեր էին լինում: Դավթաշենցի մի ժամկետային զինծառայողի բերեցինք. կրակել էին գլխին, փամփուշտը մտել էր մաշկի տակ՝ քունքից քիչ հետ, խրվել-մնացել էր, ու` ոչ մի լուրջ վնասվածք: Հրաշք էր. շապիկով էր ծնվել տղան: Զննում էի վիրավորումը և ուրախությունից ծիծաղում՝ «Այ թե հաստագլուխն ես, հա՜…»:

Ծանր դեպքերից մեկն եմ հատկապես հիշում, որ բարեբախտաբար լավ ավարտ ունեցավ: Բեկորը խրվել էր զինծառայողի գլխի կիսագնդերի միջև, բայց գիտակցությունը տեղն էր: Ամբողջ հետդարձի ճանապարհին ամուր բռնել էի նրա գլուխը, սեղմել ինձ, որ մեքենայի թափահարումներից հանկարծ բեկորը չտեղաշարժվի, չվնասի կարևոր կենտրոնները: Բերեցի, հասցրի, ողջ մնաց տղան: Մանրամասները չեմ ուզում հիշել ու չեմ էլ պատմի, բայց սա հրաշքով փրկվելու դեպքերից էր…

Երեսունհինգամյա մի աժդահա զինվորականի էին բերել հոսպիտալ, երկու ոտքն էր կորցրել: Շատ ծանրամարմին էր. մի քանի հոգով չէինք կարողանում նրան դուրս բերել մեքենայից, որ տեղավորենք պատգարակի վրա: Զարմանալի էր նրա կամքի ուժը, ողջ մնալու գերբնական կամքը: Տեսավ, որ դժվարանում ենք, այդքան արյուն կորցնելուց հետո ձգվեց ու իր ձեռքերի օգնությամբ իր մարմինը բարձրացրեց, տեղավորեց պատգարակին: Չորս հոգով պատգարակը մի կերպ տեղափոխեցինք վիրահատարան…

Մեր անձնակազմը, վարորդներից սկսած և բժիշկներով վերջացրած, յուրահատուկ մարդիկ են: Հիմնականում երկու վարորդի՝ Լևոնի ու Սերգեյի հետ էինք ելքերի դուրս գալիս: Արհեստավարժ վարորդներ, հերոս տղերք են: Լևոնի հետ կապված շատ հետաքրքիր պատմություններ կան, մյուսներն էլ կվկայեն: 20-25 տարեկան դավթաշենցի տղա է: Ամուսնացած է, բայց դեռ երեխա չունի: Ելքերի ժամանակ միշտ մեզնից առաջ էր ընկնում: Մի անգամ Լևոնը մեր բուժակներից Մհերյան Մհերի հետ գնացել էր ելքի, մեկ էլ տեսնենք՝ Մհերն է մեքենան վարելով վիրավորներին բերում: Անհանգստացանք. «Ի՞նչ է եղել, հո մեր վարորդին չե՞ն խփել: Մեկ էլ տեսնենք՝ Մհերի ետևից «Ուրալով» Լևոնն է գալիս: Ճանապարհին հանդիպել էին «Ուրալի» վիրավոր վարորդին ու էլի մի վիրավորի: Նրանց տեղավորել էին ջիփի մեջ, իսկ Լևոնն էլ «Ուրալն» էր վարելով բերել, որ ադրբեջանցիներին չմնա:

Առաջին օրերին անընդհատ անձրևում էր, ճանապարհի փոշին կպչուն ցեխ էր դառնում, մեքենան հաճախ խրվում, մնում էր հատկապես Ջրական տանող ճանապարհին: Մի անգամ, վեց վիրավորներ մեքենայի մեջ, գիշերով հետ էի գալիս, երբ թաղվեցինք-մնացինք ցեխի մեջ: Լավ էր՝ Հովիկին հանդիպեցի: Նա իր վիրավորներին տարավ-հասցրեց, հետո եկավ իմ վիրավորներին տարավ: Մեզ ավելի ուշ մեծ մեքենայով քաշեցին, հանեցին Լևոնի՝ չգիտեմ որտեղից ճարած-բերած ճոպանով:

Նարեկը ցույց է տալիս Իշխանաձորում դադարի հազվագյուտ պահերն արտացոլող լուսանկարներից մի քանիսը:

Այնպես ենք ժպտում, կարծես՝ էդ մենք չենք կամ հանգստի գոտում ենք,- շարունակում է:- Ամենադժվար պահերին հումորն էր փրկում: Իշխանաձորից արդեն տեղափոխվել էինք Սանասար: Առաջին օրն էր, հանգիստ էր. երկու ժամ ելք չէինք ունեցել: Մեկ էլ շատ անսպասելի երկու ինքնաթիռ ցածր, երևի գետնից ընդամենը 5 մետր բարձրության վրա, մեծ արագությամբ անցան մեր գլխավերևով: Մեր բուժակներից Մանուկյան Արտյոմի աչքն այդ պահին «կպել էր». պատի տակ ննջում էր: Մյուս բուժակը՝ Մովսիսյան Գագոն, գոռաց. «Տղե՛րք, ինքնաթիռներ են: Ի՞նչ իմանանք՝ մերն են, նրանցն են: Սկսեցինք այսուայն կողմ փախչել, թաքստոց փնտրել: Արտյոմը սարսափելի աղմուկից վեր թռավ, քնաթաթախ դեռ չէր կողմնորոշել՝ ինչ է կատարվում, գլխով ուժգին զարկվեց պատին: Ինքնաթիռների այս անսպասելի հարձակումից պապանձվել էինք, բայց, երբ հասկացանք, որ մեր ինքնաթիռներն են, ո՜նց էինք ծիծաղում Արտյոմի՝ «անհաջող» վեր թռչելու վրա…

Մի օր, երբ արդեն Սանասարում էինք, կապ տվեցին, որ Ջրականում վատ է վիճակը: Ես Լևոնի, Հովհաննեսը մի ուրիշ վարորդի՝ Գևորգի հետ էր ելքի դուրս եկել: Ճանապարհին մեր մեքենայի անիվը ծակվեց, կանգնեցրինք, որ անիվը փոխենք: Սանասարի և Ջրականի արանքում մի տեղանքում էինք, որ Կարենավան է կոչվում: Հրետակոծման տակ թաքստոցում մեր վարորդներն սկսեցին անիվով զբաղվել: Ամեն րոպեն թանկ էր: Հովիկն ասաց. «Վարորդները թող քո մեքենայով զբաղվեն, իսկ մենք արի ժամանակ չկորցնենք. ես կվարեմ մյուս մեքենան, գնանք, դուրս բերենք տղերքին»: Այդ ուղղությամբ տասնհինգ վիրավորի մասին էին հայտնել: Գնացինք, ու… հասանք «դժոխքի» դարպասներին, ավելի ուշ այդպես անվանեցինք այս տեղանքը,- իր պատմության այս մասը Նարեկը ծիծաղով ու հումորին տալով է պատմում, իսկ ես արդեն հստակ տեսնում եմ «դժոխքի» դարպասները:- Այդ տեղանքում մերոնց հրանոթներն էին. թշնամին տեղերն իմացել ու սարսափելի հրետակոծության տակ էր վերցրել: Մեր հսկա «Ուազով» մտել էինք ճիշտ հրետակոծության էպիկենտրոն: Չորսբոլորը ռումբ է, որ պայթում էր: Իհարկե, այդ օրերին մտքումդ միշտ աղոթքն էր, բայց այստեղ արդեն սկսեցի Աստծուց նաև մեղքերի թողություն խնդրել, որ զոհվելուց հետո գոնե դրախտ ընկնենք, գոնե էն կյանքում մի լավ բան լինի,- պատմության դրամատիզմին հակառակ՝ հումորով ու իր հանդարտ ժպիտով հիշում է Նարեկը: -Աստծուց էր, որ մեր մեքենան անվնաս մնաց: Երբ տեղ հասանք, մեր կռվող տղաներից միայն մի քանի հոգի էր ոտքի վրա մնացել, նրանք էլ հրազենով էին մարտ վարում: Մյուսները վիրավոր էին: Նրանց արագ տեղավորեցինք մեքենայում: Տեղում անհնար էր նրանց օգնություն ցուցաբերելը. վայրկյան առաջ պետք է դուրս գայինք «դժոխքի» դարպասներից: Մեր Հովիկը, բացի լավ բուժակ լինելուց, նաև հրաշալի վարորդ է: Սարեր-ձորերով արագությամբ «թռցնում էր» մեր «Ուազը»: Փորձում էի կատակել. «Հովո՛ ջան, կա՛մ թշնամին կխոցի մեր մեքենան, կա՛մ ականի վրա կպայթենք, կա՛մ էլ դու մեզ էն աշխարհ կտանես: Այդ նեղ դրության մեջ մեկ էլ վիրավորներից մեկը ձայն տվեց՝ «Նարե՜կ». նայեցի ձայնի կողմը՝ դեմքը շատ ծանոթ էր, բայց տեղը չբերեցի: Ասաց. «Զինվոր ժամանակ միասին ենք ծառայել»: Ծիծաղեցի` «Ա՛յ ընկեր, հենց էս նեղ վիճակո՞ւմ պիտի հանդիպեինք»: Կամավոր էր եկել. երկու ոտքից վիրավոր էր, բայց վնասվածքները լուրջ չէին. ոտք չէինք կորցնելու…

Ճանապարհին խոսակցություններ էինք լսում, որ թշնամին արդեն Իշխանաձոր է մտել: Կանգ առնելը վտանգավոր էր. արագ հասանք Իշխանաձոր ու երեք ժամից ստիպված եղանք դուրս գալ. տեղեկությունը ճիշտ էր… Երբ հեռանում էինք, ճանապարհին անընդհատ մեր զինվորականներին էինք հանդիպում: Գրեթե մեքենայի տակ էին գցում իրենց, զգուշացնում. «Հանկարծ ուղիղ ու ձախ չգնաք: Միայն աջ կգնաք, այլապես շրջափակման մեջ կընկնեք»:

Երրորդ օրն էր, ինչ Ջրականում էինք: Ես գնացել էի, որ վիրավորների բերեմ, մի 15 րոպե հետո մեր բուժակ Ասատուրյան Մանուկը եկավ. տեղեկություն էինք ստացել վիրավորների մասին, բայց չէր հաստատվել: Սպասում էինք, որ եթե վիրավորներ լինեն, հետներս տանենք: Մեկ էլ այն զգացինք, որ թշնամու ինքնաթիռներ են բարձրանում: Ռմբահարման սարսափելի ձայնը լսեցինք միայն: Մեզ թաքստոց նետեցինք… Ինքնաթիռներին զուգահեռ նաև հարվածային ԱԹՍ-ներ էին պտտվում: Երբ ԱԹՍ-ն պարզապես թռչում էր, ճանճի տզզոցի էր նման, իսկ երբ պիտի պայթեր, ձայնն ուժեղանում էր. անգամ երկու կիլոմետրի վրա էլ կլսեիր: Ասում էինք՝ «մահը մոտենում է»: Այդ օրն էլ խաբեցինք մահին:

Հետո եկանք Սանասար, այնուհետև՝ Խնձորեսկ: Խնձորեսկում հիմնականում հանդարտ էր: Միայն մի անգամ կարգին վախեցա: Գնացել էինք Խնձորեսկի ու Սանասարի արանքում գտնվող անցագրային կետ: Գիշեր էր: Հետախուզական ԱԹՍ-ն սկսեց պտտվել մեր գլխավերևում: Սրանց բզզոցը կամաց է. միայն լռության մեջ է լավ լսվում: Կոորդինատները հաղորդում են հրետանուն, վերջինս էլ սկսում է հարվածել: Մի քանի րոպե անց սկսվեց… Ինչով ասես հարվածում էին՝ է՛լ «Սմերչով», է՛լ հարվածային ԱԹՍ-ներով, է՛լ հրետանիով: Մտել էի խրամատը: Պայթյուններից չորսբոլորը ցրվող հողը ինձ ոտքով-գլխով ծածկել էր, կենդանի թաղել: Մի բեռնատար էր կանգնած անցագրային կետի մոտ` արկերով լեփ-լեցուն բեռնված: Անիվն իջել էր: Անձնակազմը սպասում էր լուսաբացին, որ անիվը փոխեն, առաջ շարժվեն: Այսպես հողի տակ թաղված՝ մտքումս խնդրում էի՝ «Աստվա՛ծ ջան, միայն թե բեռնատարին չկպնի». մի կիլոմետրի վրա ամեն ինչ հօդս էր ցնդելու: Գլխումս մի միտք էր պտտվում. երկու օր հետո՝ նոյեմբերի 1-ին, նշանածիս ծննդյան օրն է: Ծննդյան շնորհավորանքի փոխարեն «սև թուղթ» չստանա՞: Ու…չկպավ:

-Նշանա՞ծ ունես…

-Այո՛, Միլենայի հետ 2020-ի ամռանն էինք նշանվել: Ծանոթացանք, երկու ամիս հանդիպեցինք, ԱՄՆ՝ յոթամսյա դասընթացների մեկնեցի: Համավարակի պատճառով դեռ մի ամիս էլ ավելի մնացի: Վերադարձա, մի քանի ամիս էլ հանդիպեցինք, նշանվեցինք, ու… պատերազմը մեջտեղ ընկավ: Երեք ամիս էլ դրա պատճառով իրար երես չտեսանք: Էսպես իրար սպասելով էլ մնացինք,- էլի իր վարակիչ ծիծաղով խոսքը համեմելով շարունակում է Նարեկը:- Մի անգամ զանգել էի նշանածիս, երբ մեր հրետանին հանկարծ սկսեց աշխատել: Մի լավ գմփոց լսվեց, Միլենան անմիջապես իրար անցավ. «Ի՞նչ էր, ի՞նչ եղավ, ասա՛»: «Բան չկա, մեքենայի դուռը մի քիչ ուժեղ փակեցի»:

Պատերազմի ընթացքում մի օր միայն անակնկալ եկել եմ, շնորհավորել ծնունդը, հաջորդ օրը ետ գնացել: Չգիտեր, որ գալու եմ. ճանապարհից զանգում էի, մեքենայի ձայնը լսում, հարցնում էր՝ «Ո՞ւր ես», ասում էի՝ «Վիրավոր եմ տանում հոսպիտալ»: Մինչդեռ, արդեն Հայաստանում էի: Երբ իրենց փողոցում էի, էլի զանգեցի: Տրամադրությունը վատ էր. տորթն էլ հակառակի պես չէր ստացվել: Ասացի. «Լա՛վ, ոչի՛նչ, հիմա կբարձրացնեմ տրամադրությունդ»: Բայց էլի գլխի չընկավ: Ուղիղ կեսգիշերին փուչիկներով, տորթի մոմերը վառած, շամպայնով մտա իրենց տուն. «Ի՞նչ ես մռութներդ կախել: Չգիտե՞ս, դժոխքից էլ լինի, կգամ մոտդ, միայն թե չտխրես…»:

Այդ պահին բուժակ, ավագ սերժանտ Անտոնյան Հովհաննեսը, որի մասին Նարեկն արդեն որոշ բաներ պատմել էր, մոտեցավ, միացավ մեր զրույցին…

Շարունակելի

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ