Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ, ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿ



ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ, ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿՓետրվարի 25-ը հայ ժողովրդի պանծալի զավակ, զորավար Անդրանիկ Օզանյանի ծննդյան օրն է։ Կան մարդիկ, կան հերոսներ, որոնք դուրս են ժամանակի չափումներից, քանզի նրանք պատկանում են բոլոր ժամանակներին։ Նրանք դուրս են գալիս ժողովրդի ծոցից, դառնում նրա էության անբաժանելի, անքակտելի մասը՝ անկախ քաղաքական, հասարակական իրավիճակներից, վայրիվերումներից։ Ժողովրդի ընկալմամբ՝ Անդրանիկը շատ ավելին է, քան ժողովրդական հերոսը, ու ինչպես ընդունված է ասել՝ ֆիդայապետը։ Հայ ժողովուրդը նրան դասում է սրբերի շարքը։ Սա՛ է ամենամեծ գնահատականը ԱՆՀԱՏԻ։

Մեր պատմության ոգի, անպարտելի զորավար, արդարության զինվոր, ազգի փրկիչ… Հայ ժողովուրդն ու օտարազգիները պատվելիության ու մեծարանքի հար և նման բազմաթիվ ջերմ ու սրտագին արտահայտություններ, բանաստեղծություններ ու երգեր են ձոնել նրան նաև կենդանության օրոք։ Անգամ համեմատել են Մասիսի հետ։ Արևմտահայ գրականագետ, գրաքննադատ Արշակ Չոպանյանը, դեռևս դարասկզբին զորավար Անդրանիկին համեմատելով մեծն Վարդան Մամիկոնյանի հետ, ասել է. «Վարդանն ուներ զորք, իսկ Անդրանիկն այն չուներ։ Ուղղակի նրա հմայքն ու քաջությունն էր ազգի ցավով տառապողներին համախմբում իր շուրջ։ Նա հայոց կենդանության սուրն է»։

Հայոց պատմությունը պետք ուներ նման մեծ անհատի, և նա ծնվեց հենց ժամանակի հրամայականով՝ դառնալով նրա արդար պայքարի ոգու շունչը։ Նրա անունը ակնածանքով, մինչև անգամ սրբորեն են արտասանել բուլղարները, ռուսները, հույները, ասորիները, քրդերն ու եզդիները։

Պատմությունն ամեն օր է կերտում մեծ հայորդու, զորավարի կերպարը։ Զորավար Անդրանիկը մահկանացուից վերածվել է առասպելական հերոսի և այլևս ապրում է առասպելաբանության տիրույթում, ինչպես մեր էպոսի հերոսները։ Եվ պատահական չէ, որ համաձայն օտարազգի ականատեսի պատմածի, երբ ինքը տեսել է Անդրանիկի կրծքի վրա ի ծնե դաջված խաչի նշանը, աչքերն արցունքոտվել են։ Եվ զորավարն ասել է, որ ինքն այդ խաչով է ծնվել, և դա իր պահապանն է, ու ոչ ոք չի կարող իրեն վնասել կամ սպանել։ Ով իմանա, գուցե հենց այդ պահապան խաչն է, որ ստիպել է օտարներին Անդրանիկին վերաբերվելու իբրև առասպելական հերոսի։ Բայց Անդրանիկը, մեծ հաշվով, մեր պապերի ժամանակակիցն էր, հասակակիցը։ Նա մարդ էր՝ միս ու արյունից, որ ապրեց, պայքարեց ու տառապեց հանուն իր ազգի փրկության՝ հայրենիքին ի պահ տալով իր միակ հարստությունը՝ հանուն արդարության փայլատակած սուրը։

Խորագիր՝ #8 (1379) 03 ՄԱՐՏԻ 2021 - 09 ՄԱՐՏԻ 2021, Պատմության էջերից


04/03/2021