Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶՈՐԱՄԱՍԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԱՌԱՋԻՆ ՆՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԻՆ



ԶՈՐԱՄԱՍԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԱՌԱՋԻՆ ՆՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԻՆԶորամասերում նորակոչիկներին պատշաճ կերպով դիմավորելու աշխատանքները մեկնարկել են զորակոչից դեռևս շաբաթներ առաջ։ Գեներալ-մայոր Ժիրայր Պողոսյանի հրամանատարությամբ գործող զորամիավորման ենթակա զորամասերում ամեն ինչ պատրաստ է նորակոչիկներին հավուր պատշաճի ընդունելու համար: Զորանոցները կահավորված են, լսարանները հագեցած ուսումնամեթոդական պաստառներով ու դիդակտիկ նյութերով:

– Այստեղ ամեն ինչ նոր է, նորովի,- ասում է մարտական պատրաստության բաժնի պետ, փոխգնդապետ Պետրոսյանը և մեզ ուղեկցում այն լսարանը, որտեղ հավաքվել են նորակոչիկների  անմիջական հրամանատարները, ասել է թե՝ հենց նրանք, որոնց շնորհիվ են  նորակոչիկները բանակի մասին առաջին պատկերացումները ստանալու։ Մեր ներկայությամբ փոխգնդապետը սպաներին ներկայացնում է նորակոչիկների դիմավորման կարգը, ծրագրով նախատեսված առաջնային պարապմունքները։

-Նորակոչիկները զորամասի դռներից ներս մտնելիս , առաջինը կտեսնեն անմահ հերոսներին նվիրված վահանակը։ Արցախի հարավային շրջաններում ծավալված թեժ մարտերին հերոսացել են թե՛ ժամկետային զինծառայողներ, թե՛ սպաներ։ Ովքեր վերադարձել են մարտի դաշտից, թրծելու են նորակոչիկներին՝ իրենց գիտելիքներով ու փորձառությամբ, պատերազմական փորձառությամբ նաև,- վստահեցնում է փոխգնդապետ Պետրոսյանը ։

ԶՈՐԱՄԱՍԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԱՌԱՋԻՆ ՆՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԻՆԼեյտենանտ Գալուստ Պետրոսյանը 44 օրն էլ պատերազմի մեջ է եղել՝ Ջրականից մինչև Ներքին Խնձորեսկ։ Ռազմադաշտում իր մկրտությունը ստացած լեյտենանտը ներկայացնում է «մարտական ընկերոջը»՝ այն հրանոթը, որով կռվել է թշնամու դեմ։

– «Ընկերս» իրեն գերազանց դրսևորեց մարտի դաշտում: Թեև «վիրավոր», սակայն կռվեց մինչև վերջ: Վերանորոգումը հիմնականում  ավարտված է: Մի քանի աննշան շտկումներ, և նա շարք կվերադառնա՝ հավուր պատշաճի ներկայանալով նորակոչիկներին: Հենց իմ հրետանու վրա եմ նորակոչիկներին սովորեցնելու հրետանավորի մասնագիտական գաղտնիքները,- գորովանքով շոյելով հրանոթի փողը, ասում է մարտկոցի ավագ սպան:

– Այս պատերազմը փոխեց ամեն ինչ: Նորակոչիկներին  շատ բան ունենք  պատմելու ու սովորեցնելու։ Այսօր մոտեցումները ուսման գործընթացին նույնպես էականորեն փոխվել են,- զինակից ընկերոջ խոսքն է շարունակում մարտկոցի հրամանատար, կապիտան Հարություն Հարությունյանը:

ԶՈՐԱՄԱՍԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԱՌԱՋԻՆ ՆՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԻՆԶորամիավորման մեկ այլ զորամասում,  օրվա կարգացուցակով իրականացվող պարապմունքներից զատ, կարևորագույն խնդիրներից մեկը նույնն է՝ պատշաճ պատրաստվել ու դիմավորել նորակոչիկներին։

-Զորամասի անձնակազմը պատրաստ է ընդունելու նորակոչիկներին, որոնց ուսուցմամբ զբաղվելու են կարգապահությամբ, մարտական բարձր պատրաստությամբ աչքի ընկած հմուտ սպաներ, սերժանտներ: Համոզված եմ՝ նրանք նախատեսված ժամանակահատվածում կկարողանան նորակոչիկներին վարժեցնել զինվորական գործին,- վստահեցնում է հրամանատարի ԲՀԱ գծով տեղակալ, փոխգնդապետ Արթուր Մարտիրոսյանը:

ԶԱՎԵՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Խորագիր՝ #7 (1378) 24.02.2021 - 02.03.2021, Ազգային բանակ, Նորություններ, Ուշադրության կենտրոնում


25/02/2021