Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԱՆՆԱՀԱՆՋ ՎԱՇՏԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ
ԱՆՆԱՀԱՆՋ ՎԱՇՏԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ

ԱՆՆԱՀԱՆՋ ՎԱՇՏԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸՊատերազմի օրերին ավագ լեյտենանտ Մարգար Սարիբեկյանի ղեկավարած վաշտի սխրանքներին տարբեր լրատվամիջոցներ անդրադարձան: Մարտերում առյուծացած տղերքն ու հրամանատարը իրենց կատարած հերոսությունների մասին համեստորեն լռում են, փոխարենը խոսում են մարտական ընկերները, խոսում է անգամ թշնամին. զոհվածների մարմինների փոխանակման ժամանակ հակառակորդի գնդապետը խոստովանել էր, որ ընդհանուր ճակատի այս տեղանքն իրենց համար ամենավտանգավորներից էր. մարդկային զգալի կորուստներ էին ունեցել՝ հանդիպելով համառ դիմադրության:

Արցախի հյուսիսարևելյան այս հատվածը, որի պահպանությունը վստահված էր Մարգարի քաջերին, այսօր էլ  անառիկ է, այսօր էլ այնտեղ հայկական դրոշն է ծածանվում:

44-օրյա մարտերում ցուցաբերած բացառիկ քաջության համար օրերս վաշտի անձնակազմը խրախուսվեց պետական բարձր պարգեւներով՝ 15 զինծառայող արժանացավ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի, 9-ը ՝ «Արիության», մյուսներն էլ՝ «Մարտական ծառայության» մեդալների: Վաշտի հրամանատար, ավագ լեյտենանտ Մարգար Սարիբեկյանն էլ արժանացավ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի:

♦♦♦

Սեպտեմբերի 27-ի լուսաբացը տագնապով բացվեց. սահմանագծի ամբողջ երկայնքով թշնամին լայնածավալ հարձակման էր անցել՝ գործի դնելով իր ամբողջ զինանոցը:

Մարգարի ղեկավարած ստորաբաժանումը, հրամանատարից առաջադրանք  ստանալով, բարձրացավ դիրքեր:

Վաշտի ժամկետայիններից ինը վերջին զորակոչից էին, մեկ ամսից էլ քիչ ծառայած, բայց այդ կարճ ժամանակահատվածում, շնորհիվ իրենց հրամանատարի հետեւողական աշխատանքի, թե՚ կրակայինից, թե՚ ֆիզիկապես այնչափ գերազանց էին պատրաստված, որ չէիր տարբերի հներից:

Վաշտը կռիվների կիզակետում հայտնվեց պատերազմի հենց առաջին օրվանից:

Առաջին օրը հակառակորդի հինգ տանկ եւ հատուկ նշանակության մի քանի հարյուր հոգանոց ստորաբաժանումը փորձեց ճեղքել ճակատի այդ բարդ հատվածը, բայց հանդիպեց անընկճելի դիմադրության: Սեպտեմբերի 29-ին թշնամին տանկային գրոհ ձեռնարկեց, երեք տանկ գրեթե հասան խրամատին, բայց ականանետային դիպուկ կրակով կանխվեց առաջխաղացումը:

«Սմերչ», «Գրադ», «ՏՈՍ»…., թշնամին ինչ զինատեսակից ասես չէր կրակում:

ԱՆՆԱՀԱՆՋ ՎԱՇՏԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸՄարգարը իր զինվորներին հրահանգավորել էր չխմբվել մի տեղ. հակառակորդի կողմից չթիրախավորվելու համար միմյանցից հնարավորինս հեռու գտնվել: Ամեն ջանք գործադրում էր, որ զինվորների համար անվտանգ լինի:

– Չի եղել մի զինատեսակ, որ իմ հատվածում թշնամին չկիրառեր, «Սմերչի» արկը մեր կողքին պայթում էր, վիրավոր անգամ չէինք ունենում: Ամեն հարձակումից հետո էլ մանրակրկիտ վերլուծում էինք կռվի ժամանակ ունեցած մեր բացթողումներն ու առավելությունները, շտկում նկատված թերությունները,- ասում է Մարգարը:

Հոկտեմբերի 13-ի կռիվն ամենածանրերից էր, դեռ նախորդ օրվա երեկոյան թշնամու կուտակումներ էին նկատվում: Վաղ առավոտից հակառակորդի ծանր հրետանին գործի անցավ:

– Ժամը յոթը չկար, երբ նկատեցի, որ աջակողմյան հատվածից մոտ 60 հոգանոց խումբ փորձում է առաջանալ, ներթափանցել մեր թիկունք: Հրամայեցի կրակ բացել այդ ուղղությամբ… Հետո մոտեցանք խմբին ու վնասազերծեցինք… Տեղ-տեղ 10-15 մետր հեռավորության վրա մերձամարտ էր ընթանում: Մի այլ խումբ էլ դիմացից էր փորձում հարձակվել. դրանց էլ շարքից հանեցինք:

Կռիվներում եփված-թրծված երիտասարդ սպան կռահել էր թշնամու մտադրությունը. որոշել էին եւ՚ թիկունքից, եւ՚ ճակատից հարձակվելով՝ ծուղակի մեջ գցել, գրավել դիրքերն ու շարժվել առաջ: Սակայն Մարգարի գրագետ մարտավարության շնորհիվ նրանց պլանները տապալվեցին:

– Այդ օրը միայն 150 միավոր զենք վերցրինք: Վեց անգամ 200 հոգանոց հատուկ նշանակության զորք է հարձակվել մեզ վրա, բայց ոչ մի անգամ չի կարողացել ճեղքել մեր հատվածը, ձախողվել են նաեւ տանկային գրոհները,-հիշում է ավագ լեյտենանտը:

Եղան պահեր, երբ թվում էր, թե թշնամու տասնապատիկ գերազանցող ուժի եւ զինտեխնիկայի դեմ պայքարելը խենթությանը հավասարազոր է, ուժերի անհավասար հարաբերակցության մեջ հակառակորդի հաղթանակն ինքնին կանխորոշված, բայց ոչ Մարգարի եւ իր վաշտի համար. նրանք անվարան, առանց մեկ վայրկյան իսկ երկմտելու նետվում էին մարտի:

Ովքեր գիտեին, թե ինչ տարածքում են այդ մարտերն ընթացել եւ ինչ ուժգնությամբ, ապշում էին, որ տղերքը ոչ միայն ողջ են մնացել, այլ անգամ հաղթել…

Մոբի տղաներից մեկը մի օր հարցնում է Մարգարին՝ եթե նահանջելու հրաման տաս, ո՞ր ուղղությունով պիտի շարժվենք:

-Նահանջելու հրաման չեմ տալու, կռվելու ենք մինչեւ վերջ, մինչեւ վերջին շունչը… Ես նահանջել բառը հանել եմ եւ՚ իմ բառապաշարից, եւ՚ իմ մտքից:

Մարգարի զինվորները, նրանց վաշտին միացած կամավորականները կռվում էին անձնուրաց, ինքնամոռաց նվիրումով՝ հրամանատարի օրինակով, հստակ գիտակցելով, որ անգամ մեկ միլիմետր նահանջը հավասարազոր է, որ թշնամուն ավելի մոտեցնես մեր շեներին, մեր օջախներին…

Ու կռվում էին երգելով, կռվում էին հումոր անելով.

-Կամանդիր, կռիվն ավարտվի, կթողնես, չէ՞, հեռախոս պահեմ, թրաշ պահեմ:

– Կամանդիր, հարսանիքիս քավորը կլինե՞ս…

– Դուք միայն ողջ մնացեք, ձեր ցավը տանեմ, ամեն ինչ էլ թողնելու եմ ձեր սրտով:

Սակայն, ցավոք, պատերազմն առանց կորուստների չի լինում…

Ավագ լեյտենանտ Արման Բեկնազարյան, կրտսեր սերժանտ Կարեն Եսայան, կրտսեր սերժանտ Արթուր Վերանյան… կյանքն այդքան սիրող տղերքը կյանքը տվեցին Հայրենիքին…

Զինակից ընկերների մահը կոտրել էր վաշտի զինվորներին, հրամանատարն ինքն էլ, որ դողում էր ամեն զինվորի կյանքի համար, ամեն զինվորի հարազատի սրտացավությամբ էր ընդունում, շատ ծանր հոգեվիճակում էր, բայց նաեւ, որպես զինվորական, հասկանում էր, որ դիմադրող ոգին չպիտի թուլանա: Զրուցեց իր ժամկետայինների հետ, բացատրեց, որ որքան էլ դժվար լինի, չպիտի հուսաբեկվեն. «Վրեժ պիտի լուծենք պատասխան տալով…»:

Հրամանատարի խոսքն ասես գերբնական ազդեցություն ունեցավ, հազարապատկեցին ուժերը, ու ամեն օր պատասխանն էին տալիս՝ ցավոտ, անողոք…

– Մեր հրամանատարի խոսքն ազդեցիկ էր, ամեն մարտի գնալիս միշտ մեջբերում էր Նժդեհի խոսքերը «Ավելի լավ է մեռնել այն բանի համար, որի համար արժե ապրել, կամ ապրել այն բանի համար, որի համար արժե մեռնել»: Ինքն իր պահվածքով բոլորիս համար օրինակ էր,- նշում է վաշտի օրերս զորացրված տղաներից մեկը՝ Արման Սիմոնյանը.- երբ զինվորը տեսնում է, որ հրամանատարը մինչև վերջ կանգնում է իր խրամատում, զինվորը երբեք չի լքի խրամատը, ամուր, անսասան կկանգնի մինչև վերջ:

Մարտական գործողությունների ժամանակ Մարգարը չորս անգամ վիրավորվել է, բայց դիրքերից չի իջել: Մարգարի վիրավոր զինվորները հոսպիտալից հետ էին վերադառնում՝ հրաժարվելով մայրական խնամքից՝ շտապում մարտադաշտ, ասելով՝ մենակ չեմ թողնի ընկերներիս, հրամանատարիս թիկունք պիտի լինեմ…

-Հերոսներ են իմ զինվորները, իրական հերոսներ,- հպարտությունը չի թաքցնում ավագ լեյտենանտը,- մահն ամեն պահ աչքի առաջ կռվել են թուրքի դեմ: Մեկ-մեկ  ասում են, թե՝ ավտոմատի կռիվ չէր, բայց ցանկացած հրետակոծությունից հետո թշնամին հարձակվում էր, էնքան էլ շատ էին՝ թիվ-հաշիվ չկար, գալիս էին խմբերով, բայց զինվորներս ահ չունեին, քաջաբար մարտնչում էին, ո՜նց էին կռվում՝արդյունավետ ու վարպետորեն գործածելով ամեն զինատեսակ. «Պեկան» շպրտում էին, դիպուկահարի զենքն էին վերցնում, «Ակայով» մաղում… Կարծես կինո լիներ…

– Մենք մեզ պարտված չենք համարում,-զրույցի վերջում շեշտում է Մարգար Սարիբեկյանը,- մեր ստորաբաժանման պաշտպանությանը հանձնված տարածքից ոչ մի թիզ հետ չենք քաշվել, չենք նահանջել: Դիրքը, որտեղ մենք կռվել ենք, մինչեւ վերջ էլ անառիկ ենք պահել, ու այսօր էլ այնտեղ իմ ու վաշտի տղաների ձեռքով դրված Եռագույնն է ծածանվում…

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ