Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՍՈՒՐԲ ՍՏԵՓԱՆՈՍ ՆԱԽԱՎԿԱ
ՍՈՒՐԲ ՍՏԵՓԱՆՈՍ ՆԱԽԱՎԿԱ

Վարքագրական աղբյուրների համաձայն` Ստեփանոսը սերում էր Հուդայի թագավորական զարմից, Քրիստոս Աստծո ցեղակիցն ու օրինապահ ծնողների զավակ էր: Հիսուսի մահվան դատավճռի կայացման ժամանակ, դեռ պատանի լինելով, Կայիափա քահանայապետի ծառան էր: Երբ Տիրոջը տուն են տանում, Ստեփանոսն իր գլխի վարշամակը փռում է Երկնավոր Վարդապետի ոտքերի տակ եւ մոտենում նրան` ցույց տալով իր անդավաճան ու անկեղծ սերը: Բայց դա զայրացնում է քահանայապետին, եւ նա Ստեփանոսին վռնդում է: Պատանին ականատես է լինում Տիրոջ մահվանն ու թաղմանը, բայց Աստվածորդու հրաշափառ հարությամբ վերստին ուրախություն ապրում առաքյալների հետ: Ըստ Ս. Գրիգոր Տաթեւացու` սուրբը գնում է առաքյալների մոտ` մկրտվելով Պետրոս եւ Հովհաննես առաքյալների ձեռամբ: Մկրտության պահին ջրի վրա երեւում է մի լուսապսակ, որն էլ գալիս հանգչում է սրբի վրա: Այս զարմանահրաշ դեպքից հետո նրան տալիս են «Ստեփանոս» անունը, որ նշանակում է պսակավոր:
Գործք Առաքելոցից գիտենք, որ Հիսուս Քրիստոսի Համբարձումից եւ հատկապես Հոգեգալստից հետո առաքյալները զարդարվում են Ս. Հոգու շնորհներով, ցրվում են աշխարհով մեկ` քարոզելով եւ տարածելով Աստծո կենդանի խոսքը: Նրանք քարոզում են Բարի Լուրը` ցույց տալով, որ մարմնացյալ Բանն Աստված է աշխարհի փրկիչը, եւ որ առանց նրան հավատալու ադամորդիներս զրկվում ենք հավիտենական կյանքից: Առաքյալները նաեւ սեղաններն էին սպասարկում եւ կարիքավորներին նպաստներ բաշխում: Հիսուսին հավատացողների բանակն օրեցօր ավելանում էր: Քանի որ առաքյալներն ի վիճակի չէին հոգալու բոլորի կարիքները, իրենց հետեւորդներին պատվիրում են, որ բարի համբավ ունեցող 7 մարդու ընտրեն` սեղաններն սպասարկելու համար: Ըստ Ղուկաս Ավետարանչի` հավատացյալ ժողովուրդն ընտրում է նաեւ Ստեփանոսին, որ «հավատով եւ Ս. Հոգով լցված մի մարդ էր» (Գործք Զ 5): Առաքյալները Քրիստոսից ստացած իշխանությամբ ձեռնադրում են նրանց: Իսկ Ս. Ստեփանոսն Աստծուց տրված շնորհներով եւ զորությամբ հրաշքներ էր գործում: Ժողովարանից շատերն էին վիճում նրա հետ, բայց ոչ ոք չէր կարողանում դեմ կանգնել այն իմաստությանն ու Հոգուն, որով նա խոսում էր: Ուստի չարակամները հրապուրում են որոշ մարդկանց, որպեսզի ասեն, թե Ստեփանոսը հայհոյում է Աստծուն եւ Մովսես մարգարեին: Եվ գրգռելով ժողովրդին, քահանաներին եւ օրենսգետներին` նրան ատյան են տանում: Սրբին զրպարտում են, իսկ ատյանում նստածները տեսնում են, որ Նախասարկավագի երեսը հրեշտակի երեսի նման է: Ս. Ստեփանոսն ատյանում արտասանած իր պաշտպանական ճառով ապացուցում է ներկաներին, որ Հիսուս է խոստացյալ Մեսիան, իսկ հրեաներին հանդիմանում է իրենց խստասրտության համար: Նրան քաղաքից դուրս են հանում քարկոծելու` իրենց զգեստները դնելով Սավուղ անունով մի երիտասարդի ոտքերի առջեւ: (Սավուղը ոչ այլ ոք է, եթե ոչ Պողոս առաքյալը, ով սկզբում հալածում էր քրիստոնյաներին: Սակայն նա էլ Աստծո ողորմությամբ ճանաչեց ճշմարիտ Աստծուն` Հիսուս Քրիստոսին` հետագայում դառնալով Ավետարանի ամենաեռանդուն քարոզիչը):
Անգամ այդ օրհասական պահին երանելի սուրբը Հիսուսի նման աղոթում էր իրեն քարկոծողների համար` խնդրելով Բարձրյալից, որ Աստված իր սպանությունը նրանց մեղք չհամարի: Ստեփանոսը, ավանդելով հոգին, դարձավ Քրիստոսի համար նահատակված առաջին վկան ու մարտիրոսը եւ այդ պատճառով կոչվեց ՆԱԽԱՎԿԱ:
Ըստ ավանդության` Պողոս առաքյալի ուսուցիչ Գամաղիելը եւ նրա եղբայր Նիկոդեմոսը, ով Հիսուսի ծածուկ աշակերտներից էր, վերցնում են սրբի մարմինը եւ թաղում իրենց ագարակում: Շատ չանցած՝ սուրբ Ստեփանոսի նշխարները հայտնաբերում է Ղուկիանոս անունով մի երեց, եւ Երուսաղեմի Հովհան Հայրապետը դրանք դնում է Ս. Սիոնի մեջ: 5-րդ դարում Հուլիանե իշխանուհին Երուսաղեմում հայտնաբերում է սրբի տապանակն ու տանում Կ. Պոլիս: Հետագայում այդ տապանակն ու նշխարները բերվում են Վենետիկ` ամփոփվելով տեղի Ս. Գեւորգ կղզու մայր եկեղեցում:
Հայ Առաքելական Եկեղեցին քրիստոնեական մյուս եկեղեցիների նման սրբացրել է Ստեփանոս Նախավկային, եւ ամեն տարի դեկտեմբերի վերջին տասնօրյակում (այս տարի` դեկտեմբերի 25-ին) սահմանել է սրբի անմահ հիշատակի ոգեկոչման օր:

ՏԻԳՐԱՆ սարկավագ ԲԱՂՈՒՄՅԱՆ
Վազգեն Սարգսյանի անվան ՌԻ հոգեւոր սպասավոր