Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԽՃԱՆԿԱՐ ԲԱՆԱԿԱՅԻՆ ԳՈՒՅՆԵՐՈՎ



ԽՃԱՆԿԱՐ ԲԱՆԱԿԱՅԻՆ ԳՈՒՅՆԵՐՈՎԴրոշը

Նկատած կլինեք, զորամասի վարչական շենք մտնելիս մեզ մարտական զգաստությամբ դիմավորում է զորամասի դրոշը։ Գիշեր-ցերեկ նրա կողքին կանգնած է զինվորը՝ դրոշի խորը, խոհուն լռությունն առած իր մեջ, մեկը մեկին շարունակող… Դրոշը նույնն է, իսկ զինվորները բնականաբար տարբեր են, հսկում են հերթափոխով… Սակայն ինձ միշտ թվացել է՝ նույն զինվորն է՝ որ զորամասում էլ լինի… Նույն լարվածությունը, նույն զգոնությունն ու զգաստությունը, հպարտության նույն բարձր խորհուրդը ամբողջ կեցվածքում։ Նա այն զինվորն է, որ զորամասային առօրյայում չարաճճի է, աշխույժ, գուցե նաեւ հրամանատարի խստությանն արժանացած։ Սակայն այստեղ, դրոշի կողքին նա անճանաչելի է… Ի՞նչ մոգական ուժ ունի իր մեջ դրոշը, այդ ալ կարմիր կերպասը, որ ահա անհուն երկյուղածության մեջ իրեն է գամել զինվորին։ Այդ դրոշը ինքը գունդն է, գնդի պատվո վավերագիրը։ Եթե չլինի դրոշը՝ չի լինի գունդը։ Ուրեմն, զինվորը դրոշի մոտ կանգնած հսկում է գնդի պատիվը, գնդի գոյությունը։

Տեսե՞լ եք ճակատամարտի ժամանակ ընկնող դրոշի հետ ինչպես է ընկնում մարտնչող զորքի ոգին, եւ ամեն զինվորի համակում պարտության նսեմ շունչը։ Եվ հակառակը՝ ծածանվող դրոշը հուր ու սխրանք է սերմանում զինվորի սրտում, արբեցնում նրան հաղթանակի ներշնչումով։

Դրոշը ամենատիրական խորհրդանիշն է. պետական դրոշն իր մեջ խտացնում է երկիրը, գնդի դրոշը՝ իր գունդը, մարտական ակումբի դրոշը արտահայտիչն է ակումբի ոգու եւ պատվի… Եվ այդպես շարունակ… Պատմում են, խմբապետ Չոլոն, տեսնելով մի կարմիր դրոշ, երկյուղածությամբ ծնկի է իջել, համբուրել, կարծել է՝ իր կուսակցության՝ դաշնակցության դրոշն է։ Կողքից մեկը հուշել է, թե դա բոլշեւիկների դրոշն է։ Խեղճ մարդը, ասում են, շաբաթներ շարունակ շրթունքները լվանում էր, նրան թվում էր՝ աղտեղությունից բերանի չորս բոլորը ուռել էր։

Գնդի դրոշը՝ կողքին զինվորը՝ դրոշի խորը, խոհուն լռությունն առած իր մեջ։ Եկեք հավատալով հավատանք, որ այս զինվորը, այս հմայքն ու խորհրդատվությունը կա՛, ապրում է բոլոր հայ զինվորների մեջ։ Ու հավելենք նաեւ, որ այս անքննելի պահերի համար, դրոշից առածի ու դրոշին տվածի համար արժե, որ մարդ զինվոր դառնա։

 

Սահմանը

Ինչքա՜ն սահմաններ կան գծված երկրագնդի վրա, ինչքա՜ն հովիտներ, լեռներ, անտառներ ու գետեր կոչվում են սահմանային՝ մնալով գրեթե անմատչելի թշնամական կողմերի համար… Երկրագնդի քարտեզի վրա դաջված սահմանների ամեն մի գիծ ու ելեւէջ իր մեջ թաքցնում է մարդկային աներեւակայելի ողբերգություններ, պետական-իշխանական որոգայթներ, դաշնակիցների դավեր ու սխրանքներ… Խնդրի լուծումը չգտնող ուսանողի նման պատմության ձեռքը հազար անգամ ջնջել է այդ գծերն ու քաշել նորերը՝ ըստ ժամանակի նոր թելադրանքի…

Բոլոր դարերի մեջ մեր հայրենիքի սահմանները մեծ մասամբ ձգվել են հայոց լեզվի ալիքների ծփանքով. որտեղ որ ալիքները թուլացել-մարել են, այնտեղ էլ վերջացել է Հայաստանը… Այդ սահմաններից այն կողմ չի եղել Հայաստան, եւ մեզ պետք էլ չի եղել օտարի տարածքը։ Մեր հայրերը հասկացել են, որ օտարի տարածքը հայրենիք չի դառնա, թեկուզ հազարամյակ էլ անցնի։

Եթե մենք երեւակայական մի ճանապարհորդություն կատարենք հին աշխարհով հույն Քսենոփոնի ու Ստրաբոնի, ինչպես նաեւ ասորի ու արաբ պատմիչ-աշխարհագետների հետ, ապա կտեսնենք հայոց լեզվի քաղցրահունչ ծփանքը այդ աշխարհի մեջ՝ Անատոլիայից մինչեւ Սիրիական դռները, Աղվանքից մինչեւ Պոնտական ափերը… Դա քաղցր անցյալ է, որից չենք կառչի, որը, սակայն, չենք էլ մոռանա բնավ…

Հիմա այդ երբեմնի սրաթռիչ սահմանները սեղմվել են ներս՝ դեպի ընդերք քաշված լճի ջրերի նման գոյացնելով այն փոքր, զուլալ հայելին, որ ունենք, այն Հայաստանը, որի չորս բոլորը կանգնած է Հայ զինվորը…

Մենք խոսում ենք հայերիս մեծագույն ողբերգության՝ ցեղասպանության մասին եւ չենք նշում, որ 1915-23 թվականներին մեր երկիրը կորցրեց ոչ միայն պարզապես հայրենական եզերքներ, միլիոն ու կես հայություն, մշակութային վիթխարի կոթողներ, այլեւ, այդ ամենով հանդերձ, կորցրեց Արեւմտյան գրական հայերենն ու բազմաթիվ բարբառները սնուցող հողը, այսինքն՝ նրանց կենսական-արարչական արմատները… Նրանք արմատախիլ եղան իրենց բնաշխարհից, բեկոր-բեկոր շպրտվեցին աշխարհով մեկ՝ մի կերպ գոյատեւելու կամ ձուլվել-վերանալու սպառնալիքին հանձնված… Մեր լեզուն փաստորեն կորցրեց իր վսեմական ճախրանքի անգին ելեւէջներ, անկրկնելի բարձրություններ, միայն իրեն հատուկ գույներ ու երանգներ…

Մենք կորցրինք լեզվական տարածքներ՝ իմացական ահռելի աշխարհներ, որոնք ձեւավորվել էին դարերի մեջ՝ ամփոփելով իրենց զրնգուն տիրույթներում անփոխարինելի գույներ…

Ուրեմն, եզրակացնենք, որ մեր զինվորը հսկել-պահելով հայրենի սահմանները՝ իր հոր ու մոր, իր հող ու ջրի հետ պահում է իր լեզուն, Հայաստանի գանձերի գանձը, պահում-պահպանում է հայերենի թովչալի խայտանքը մանուկների լեզվին, նրա ճախրը մտավորականների մտքի խառնարանում, նրա խաղացկուն, դարձդարձիկ նազանքները բարբառների մեջ, ժողովրդի բերանում…

 

ԽՃԱՆԿԱՐ ԲԱՆԱԿԱՅԻՆ ԳՈՒՅՆԵՐՈՎԶենքը

Զենքը զինվորի ձեռքի, նրա ճարպկության, ուժի ու երեւակայության շարունակությունն է։ Զինվորն ու զենքը ամենաիսկական ընկերներն են՝ մեկը մյուսի աջակցությանը կարոտ… Մի չգրված պայման կա նրանց միջեւ միմյանց չվիրավորելու, միմյանց հետ զգույշ եւ արժանապատվորեն վարվելու մասին… Զենքը զենք է դառնում, երբ նրա հետ է զինվորը, այլապես նա մի մետաղի կտոր է կամ զանգված…

Տարիներ առաջ «Սիսական» գնդում ծանոթացա մի զինվորի՝ փոքրամարմին պատանու հետ՝ վճիտ աչքերով, չխոսկան… Ինչ-որ հանգամանքում հայտնվել էր թշնամու օղակում ու կարողացել էր ոչ միայն անվնաս դուրս պրծնել, այլեւ հետը ավար էր բերել մի գնդացիր… Ես տեսա, թե այդ հրաշալի տղան ինչպիսի երկյուղածությամբ էր վերաբերվում զենքին, նաեւ՝ ինչպիսի հպարտությամբ, ինչպիսի պատասխանատվությամբ, գորովով ու սիրով… Դա տղամարդու եւ զինվորի իր կարեւոր վկայությունն էր, որ ամեն մեկին չի տրվում։ Տղան թաքուն, առանց ցույց տալու շրջապատին, հրճվում էր իր առանձնահատուկ վիճակով։ Բայց այդ հրճվանքը փոխանցվում էր ընկերներին… Ամենքը տղայի արարքի մեջ երեւակայում էին նույնիսկ հերոսանալու հնարավոր ու նվիրական հույս։

Հրամանատարությունը նկատել էր տղայի անհուն կապվածությունն իր նոր ընկերոջը եւ թույլ էր տվել մի քանի օր՝ գիշեր-ցերեկ լինել միասին, իրարից անբաժան…

 

Զենքի, սիրո, կյանքի հրճվանքի ու վաղանցիկության մասին

Հին աշխարհի երեւելի մատյաններից մեկը՝ Քսենոփոնի «Կյուրոպեդիան» ընթերցելիս հանդիպեցի մեզ՝ հայերիս վերաբերող մի քանի ուշագրավ փաստի։ Ուշագրավ նրանով, որ հարազատ ու հնչեղ են նաեւ այսօր՝ 2500 տարի անց եւ ապա նրանով, որ օտարի կողմից նկատվել են հայերիս բնորոշ իրողությունները։ Եվ կրկին ու կրկին համոզվում ես, որ վեհ արարքները համաժամանակյա են, միշտ էլ՝ կյանքը կյանք դարձնող, մարդուն՝ մարդ… Թերությունները դարձյալ մարդկային են, որոնց սաղարթները եթե աճում են մեր առօրյայի մեջ, ապա արմատները մխրճված են խոր հնադարում։

Արդ հիշատակեմ պատմությունը. պարսից գահաժառանգ Կյուրոսը հպատակեցնում է հարեւան ազգերին, հարկատու դարձնում նրանց եւ ապա շուռ գալիս Հայաստանի կողմը, քանի որ հայոց Երվանդ թագավորը հրաժարվել էր հարկ վճարելուց։ Կյուրոսի հսկայական բանակի դեմ հայերի դիմադրությունն ընկնում է, եւ պարսիկները գերի են վերցնում թագավորին ու ամբողջ արքունիքը։

Կյուրոսը ցանկանում է խստագույնս պատժել անհնազանդ հայ արքային, որն իր անհնազանդությունը մեկնաբանում է այսպես. «Ես ազատության էի ձգտում, քանզի լավ էի հասկանում, որ ինքս ազատ լինեմ եւ որդիներիս ազատություն թողնեմ»։

Ճիշտ է, մեր արքան չի հաշվարկել իր հնարավորությունները, թե արդյո՞ք կարող է տանել սեփական արարքի ծանրությունը, առաջնորդվել է զգայական մղումով,-մի արատ, որ բոլոր դարերում գրեթե ուղեկցել է մեզ,- այնուամենայնիվ, հետագա սերունդները ստացան արքայի թողած ժառանգությունը՝ ազատատենչությունը։

Դառնանք պատմությանը։ Հունական փիլիսոփայությամբ ծնված ու դաստիարակված Կյուրոսին դուր է գալիս հայ թագավորի ազատատենչությունը, սակայն նվաճողի դիրքերից քննելիս, նրա անհնազանդությունը համարում է աններելի… Փոքրի, թույլի ճշմարտությունն անընդունելի է եղել ստրկատիրական կոչվող հին աշխարհում, անընդունելի է նաեւ մեր՝ այսպես կոչված ժողովրդավարական արժեքների ծաղկուն ժամանակներում։

Հայերս սա լավ գիտենք։ Ի՞նչ է Հայկական հարցը։ Մենք ասում ենք` աշխարհին` սա մեր ձեռքն է, սա մեր գլուխը, սա՝ սիրտը, ու դեռ ապացույցներ ենք բերում, որ մերն է։ Իսկ աշխարհը ե՛ւ կա, ե՛ւ չկա՝ նայած հանգամանքների դասավորության։

Կյուրոսը գերեվարված արքունիքում տեսնում է արքայազն Տիգրանին (ոչ Տիգրան Մեծին), որի հետ ուսանել եւ դաստիարակվել էր։ Նրանք կատարվածի շուրջ փիլիսոփայական զրույցի են բռնվում, եւ Մեծն նվաճողը մեծահոգաբար կյանք է շնորհում գերյալ արքային ու արքունիքին՝ պայմանով, որ Արմենիան կրկին դառնա պարսից հարկատուն… Կյուրոսի արարքն ընդունվում է խոնարհ շնորհակալությամբ…

Փիլիսոփայական զրույցի վերջում Կյուրոսը հարցնում է Տիգրանին.

-Դո՛ւ, Տիգրա՛ն, ասա՛ ինձ, ինչքա՞ն կվճարես կնոջդ ետ ստանալու համար։

Տիգրանը, որը նոր էր ամուսնացել եւ շատ էր սիրում կնոջը, ասում է.

-Ես, ով Կյուրոս, նույնիսկ իմ կյանքը կտամ, որպեսզի նա երբեք ստրուկ չդառնա։

-Ուրեմն դու,- ասում է Կյուրոսը,- տար կնոջդ, ես չեմ համարում, որ նա գերի է …

Այստեղ իհարկե կարեւորագույնը դրվագի ավարտն է։ Կյուրոսի մոտից գնալուց հետո թագավորը, որդիները, նրանց կանայք հափշտակված խոսում են, մեկը Կյուրոսի իմաստնության մասին, մյուսը՝ արիության, մյուսը՝ հեզության, իսկ մեկ ուրիշն էլ՝ նրա գեղեցկության եւ հասակի մասին։

Այնժամ Տիգրանը հարցնում է իր կնոջը. «Իսկ քեզ, ով Արմենուհի, Կյուրոսը նույնպե՞ս գեղեցիկ թվաց»։

Հետեւում է ցնցող պատասխանը.

-Զեւսը վկա, ես նրան չէի նայում։

-Հապա ո՞ւմ էիր նայում,- հարցնում է Տիգրանը։

-Ես նայում էի նրան, ով ասաց, թե իր կյանքը կտա, որ ես ստրուկ չլինեմ։

Արմենուհին՝ հայուհին, չի նայել իր դիմաց կանգնած օտար տղամարդուն, այն էլ՝ հաղթած, աշխարհակալ տղամարդուն։ Սա գրական հորինվածք չէ, կյանքից ուղղակիորեն առնված նյութ է։ Մենք կարող ենք այս իշխանուհուն այսօր տեսնել մեր մեջ, նա հո չի՞ մնացել անցյալում՝ մեզ թողնելով լոկ հիացմունք կնոջ անօրինակ վարքի հանդեպ։

Առանց բարձրագոչ թվալու կարող ենք ասել, որ այսպիսի վարքով է սերը մնում երկրի վրա, դառնում հիմքը կյանքի, նաեւ՝ ամրությունը հայրենիքի։ Ի՞նչ են դրա առաջ վտանգը, փորձությունը, թշնամին։ Ոչինչ։

Դեռատի իշխանուհին տարբեր ժամանակներում եղել է ու կա հայոց մեջ, որովհետեւ եղել է ու կա Տիգրանը, այն տղամարդը, որը պատրաստ է եղել զոհելու սեփական կյանքը` կնոջը գերությունից փրկելու համար, իսկ կինը սերն է, ինքը՝ կյանքը, մայրը եւ Հայրենիքը։

«Կյուրոպեդիայի» երրորդ գլխում, նշված դեպքերի ընթացքում հանդիպում ենք մի փաստի, որը շշմեցնում է իր ցավալի ճշմարտացիությամբ։ Կյուրոսի մեկնելու պահին ընդառաջ է գալիս Հայոց թագավորի կինը՝ իր դուստրերի եւ կրտսեր որդու հետ եւ այլ ընծաների հետ բերում է նաեւ ոսկին, որը նախապես Կյուրոսը չէր վերցրել։ Նա Հայոց տիկնոջը ասում է այսպես. «Ո՜վ թագուհի, վերցրու քո բերած փողերը եւ գնա ու այլեւս մի տուր դրանք արմենին, որ նա գետնի մեջ թաղի…»:

Տեսեք, օտարը այն հեռավոր ժամանակներում դեռեւս նկատել է մեր՝ գետնի տակ գանձ թաքցնելու, նույնն է թե՝ անձեռնմխելիորեն կուտակելու արատը, որը դժբախտաբար կենսունակ է նաեւ այսօր՝ երբեմն մոլեգնության հասնող չափերով, կյանքի իրական հրճվանքը կորցնելու, նյութին գերվելու ունայն գնով…

Կյուրոսը շարունակում է խոսքը հետեւյալ կերպ.

«…Այդ դրամով որդուդ զարդարիր ամենագեղեցիկ ձեւով եւ նրան ուղարկիր զորքի մեջ, իսկ մնացածով քեզ, ամուսնուդ, դստրերիդ ու որդիներիդ համար գնիր այնպիսի բաներ, որոնցով զարդարվելով` ձեր կյանքը կանցկացնեք առավել գեղեցիկ եւ ուրախ»։

Ուրեմն, ըստ հին աշխարհի իմաստնության, պետք է հարստությունը առաջին հերթին ծառայի զինվելուն, զորական կյանքով ապրելուն եւ ապա միայն՝ աշխարհիկ կյանքին ու թշնամուց փրկվելու, սեփական ապահով կյանք ունենալու վայելքներին…

Մի՞թե այդ իմաստնությունն արդիական չէ նաեւ այսօր, երբ անկախ երկիր ենք եւ ունենք բանակ, կա՞ արդյոք այլ ձեւ ապրելու եւ ծառայելու, քան զորեղ լինելը…

«Իսկ հողում,- ասում է Կյուրոսը,- բավական կլինի, որ մեր մարմինները թաղվեն, երբ մեզնից որեւէ մեկը վախճանվի»։

Հրաշալի է ասված, թեպետ պարզագույն ճշմարտություն է մարդու եւ հողի, այսինքն՝ անցավորի ու հավերժականի դաշինքի մասին։ Անխախտ օրենք է, որ շատ հաճախ մոռանում է մարդը, սակայն չի մոռանում հողը երբեք…

ՂՈՒԿԱՍ ՍԻՐՈՒՆՅԱՆ

Խորագիր՝ #6 (1377) 17.02.2021 - 23.02.2021, Բանակ և հասարակություն, Նորություններ, Ուշադրության կենտրոնում


18/02/2021